Հայ կնոջ տարին՝ առիթ հայ կնոջ

պատմական կերպարի ու

դիրքի ներկայացման



ՎԱՐՈՒԺ ՄՈՎՍԻՍԵԱՆ
2010 թւականը Մեծի Տանն Կիլիկիոյ գահակալ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի կողմից հռչակւեց Հայ կնոջ տարի, որը համընկնում է ՀՕՄ-ի (Հայ օգնութեան միութիւն) 100-ամեակին։ Հռչակագրում ամենուրեք հանդիպում ենք մի շարք կարեւոր խոհերի եւ դիմագրաւելիք հրամայականների, որոնց մի մասը շօշափւեց ու արձագանգ գտաւ համահայկական չափանիշով գործող ՀՕՄ-ի եւ կանանց այլ կառոյցների կողմից կազմակերպւած միջոցառումների, հանդէսների, ցուցահանդէսների եւ այլ աշխատանքների մէջ։
Այս ուղղութեամբ գնահատելի էին նաեւ Իրանի երեք թեմերում աշխատող կանանց ու մշակութային միութիւնների նախաձեռնութիւնները։Անձամբ նւաստս սպասում էի աւելի մնայուն արժէք ներկայացնող, մեր մշակութային, քաղաքական ու հասարակական աւանդը առաւել հարստացնող ծանրակշիռ, բազմաբնոյթ ու բովանդակալից ծրագրերի՝ հրատարակութիւններ, կոթողային աշխատանքներ, որոնք աւելիով կը ներկայացնէին հայ կնոջ պատմական կերպարն ու դիրքը՝ որպէս ուղենիշ ու փարոս՝ ներկայ սերունդների համար։
Այդ շարքում յատկապէս հայ կնոջ տարւայ ընթացքում պատշաճ անդրադարձ չի կատարւել ժամանակակից հայ քաղաքական-միջազգային յարաբերութիւնների ոլորտում որպէս յառաջապահ ներկայացող Դիանա Աբգարի մասին։ Դիւանագիտական ներկայացուցչութեան պաշտօնը վարած կանանցից եթէ չասենք առաջինը, առաջիններից է եղել հայազգի Դիանա Աբգարը, Հայաստանի Առաջին Հանրապետութեան (1918-1920) լիազօր ներկայացուցիչը, որը դիպլոմատիկ բարդ աշխատանք էր իրականացնում հեռաւոր Ճապոնիայում *) ։
Այնինչ, հակառակ այս իրողութեան, համաշխարհային պատմութիւնն ուսումնասիրելիս, Խորհրդային Միութեան պատմութեան հատորեակում նշւած է, որ 1923 թւականին Յունաստանում Խորհրդային Միութեան դեսպանն է առաջին կին դեսպանը՝ պատմութեան ընթացքում, որին վստահւել է նման պետական լուրջ պատասխանատւութիւն։
Այդ պատմագրութեան մէջ, խորհրդային ոճին յարիր, փառաբանւում ու գովաբանւում են երկրի կարգերն ու կանանց մեծ ձեռքբերումը՝ կոմունիստական համակարգում։ Ի զարմանս մեզ՝ սոյն գրքի հայերէն թարգմանութիւնը ներկայում դասաւանդւում է Հայաստանի բուհերում։ Խորհրդային այլամերժ կարգերը հասկացանք, իսկ հայ վերականգնւած պետութեանը նման սխալ անթոյլատրելի է։
Ոչ մի ուսումնական ձեռնարկ, ոչ մի ուղղւածութիւն, այն պարագայում, երբ Հայաստանի գիտական կենտրոններում աշխատում են պրոֆեսոր-գիտաշխատող կոչումը կրող հարիւրաւոր անձինք եւ գոյութիւն ունեն պետական արխիւատան անհերքելի փաստերը՝ Հայաստանի Առաջին Հանրապետութեան դիւանագիտական ներկայացուցչութիւնների մասին։
70 տարիների ուրացումը եւ վերջին 20 տարիների կասկածեալ բացթողումը ոչնչով չեն արժեզրկում հայ կնոջ ձիրքն ու ընդունակութիւնը եւ Դիանա Աբգարների ու նմանօրինակ կանանց դերակատարութիւնը՝ հայ կեանքում։ Արդ, նկատի ունենալով առիթը, Հայաստանում կուտակւած ուսումնագիտական փորձն ու կարողութիւնները, պետական արխիւատան փաստերը, սերունդների կրթիչ օրինակը, Դիանա Աբգարի վառ յիշատակի առջեւ մեր երախտիքն ու յարգանքը՝ իւրաքանչիւրիս պարտականութիւնն է աւելի լուրջ եւ զգօն մօտեցում ցուցաբերել։
Այս ուղղութեամբ աւելի խոշոր դեր է վերապահւած կանանց միութիւններին, առանձնաբար թէ հաւաքական ճիգերով ու նախաձեռնութեամբ, նրան ձօնելու վայելուչ ուսումնասիրական ձեռնարկ, փաստա-վաւերագրական տեսաժապաւէն, գրքի հրատարակութիւն, հեռուստաեթեր կամ գողտրիկ յուշերեկոյի կազմակերպումը։ Համոզւած եմ՝ նման բացթողումները, մեզ երբեք չեն ներւելու։
____________________________________

*) 1920 թ. ՀՀ կառավարութիւնը պետական խոշոր տնտեսական նախագծերի շարքում ծրագրում էր Իրանի Ջուլֆայից տարանցիկ էլեկտրական երկաթգծի անցկացումը մինչեւ Սեւ ծով, դրանով Պարսից ծոցը միանալու էր Սեւ ծովին: Սոյն աշխատանքը, ըստ երեւոյթին, իրականացնելու էր ճապոնական «Միտսոբիշի» ընկերութիւնը:

«ԱԼԻՔ»

0 Պատգամ: