Saturday, December 11, 2010

«Ղարաբաղ. Խորը բանավէճ»

«Ղարաբաղ. Խորը բանավէճ»




Դեկտեմբեր 11, 2010թ. 19:05
Բրիտանական LINKS հասարակական կազմակերպութիւնը հրապարակել է Ղարաբաղեան հակամարտութեան և հակամարտութեան կարգաւորման առնչութեամբ Հայաստանեան քաղաքական կուսակցութիւնների դիրքորոշման վերաբերեալ ուսումնասիրութիւն: LINKS- ի աշխատանքը Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան և նրա կարգաւորման շուրջ Եւրամիութեան օժանդակութեամբ իրականացւած «Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան խաղաղ կարգաւորման Եւրոպական գործընկերութեան» մասն է կազմում:
Ուսումնասիրութիւնը հիմնւած է այս տարի տեղի ունեցած քսաներեք հայաստանեան քաղաքական գործիչների հետ հարցազրոյցների վրայ: Ուսումնասիրութեան շրջանակում մեկնարկում է «Ղարաբաղ. Խորը Բանավէճ» ծրագիրը, որի ընթացքում կազմակերպուիւնը կնպաստի Ղարաբաղեան հիմնախնդրի քննարկման համար հնարաւորուիւնների ստեղծմանը տարածաշրջանում և դրանից դուրս:
Ադրբեջանական քաղաքական կուսակցութիւնների տեսակէտը արտայայտող ուսումնասիրութեան երկրորդ մասը կհրապարակւի դեկտեմբերի վերջին: Նմանատիպ ուսումնասիրութիւն է նախատեսւում նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան քաղաքական գործիչների հետ 2011թ. փետրւարին, ինչպէս նաև Լեռնային Ղարաբաղից տեղահանւած ադրբեջանցիների տեսակէտների վերաբերեալ:
Հրապարակման ներածական խօսքում LINKS-ի գործադիր տնօրէն Դեննիս Սամմութն ասում է, որ ուսումնասիրութիւնը «ուրւագծում է քաղաքական կուսակցութիւնների յայտարարագրւած տեսակէտները: Այն ընթերցողին օգնում է հասկանալ ներքին քաղաքական համատեքստը, որի ներքոյ տեղի են ունենում Ղարաբաղեան հարցով բանակցութիւնները: Չնայած նրան, որ ոչ Ադրբեջանը և ոչ էլ Հայաստանը կատարեալ ժողովրդավարական երկրներ չեն, երկու երկրների ղեկավարները չեն կարող անտեսել այս խնդրի շուրջ հասարակութեան սոցիալապէս ակտիւ հատւածի կարծիքները, որը, բոլորի համոզմամբ, կենսական նշանակութեան խնդիր է երկու երկրներում էլ»:
Ուսումնասիրութեանը օժանդակող հայաստանեան գործընկեր Յովհաննէս Նիկողոսեանը մեկնաբանում է. «Ես գտնում եմ, որ այս ծրագիրը կարևորագոյն ներդրում է ԵԱՀԿ Մինսկի Խմբի կողմից կառավարւող խաղաղ կարգաւորման գործընթացի համար, քանի որ տրամադրում է ընթացիկ բանակցային գործընթացի վերաբերեալ քաղաքական կուսակցութիւնների դիրքորոշման գնահատումը: Իհարկէ, «չկառավարողների ձայնը» հակամարտութեան երեք կողմերում էլ բաւական թոյլ է, սակայն հայկական կողմերում տեղի ունեցող աւելի խորը զարգացումները, օրինակ` Խորհրդարանում` ընդդիմութեան և իշխող կոալիցիայի միջև, ցուցադրում են, որ չկայ աւելորդ քաղաքականացում, երբ խնդիրը վերաբերում է կոնկրետ այս հարցին: Կեզրափակեմ` ասելով, որ ես էլ աւելի կարևոր եմ համարում հանդիպումների և հարցազրոյցների երկրորդ փուլը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնում տեղի քաղաքական ուժերի և հասարակական կազմակերպութիւնների հետ, քանզի նրանք են այս ամէնի հետաքրքրւած կողմը: Նրանց կարծիքը պէտք է բարձրաձայնւի: Յատուկ շնորհակալութիւն LINKS-ին և EPNK այլ գործընկերներին` մեր կազմակերպութեան` Հանրային Քաղաքականութեան Ինստիտուտի հետ համատեղ այս ծրագրի բարեխիղճ իրականացման համար»:

ArmAr.am

0 Պատգամ: