120-ԱՄԵԱՅ ԱՆՇԵՂ ՈՒՂԻՆ

Հ. Յ. Դաշնակցութիւնը եւ Իրանի

Սահմանադրութիւնը




8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2010
Միջին Արեւելքի քաղաքական եւ հասարակական շարժումների մէջ Իրանի Սահմանադրութիւնը բացառիկ տեղ է գրաւում ոչ միայն որպէս ժողովրդական զգօնութեան մեծ երեւոյթ, այլեւ այն օրերում (1908-1912 թ.)՝ որպէս միջազգային յեղափոխական ուժերի գերագոյն համագործակցութեան մի փայլուն վկայ:

Այս նպատակով էր, որ Հ. Յ. Դաշնակցութիւնը որոշեց գործօն մասնակցութիւն ցուցաբերել Պարսկաստանի Սահմանադրական շարժումներին: Դաշնակցական ղեկավար շրջանակների մօտ առաջացել էր այն միտքը, որ Թուրքիայի հարեւան պետութիւնների մէջ սահմանադրական եւ ժողովրդական կարգեր հաստատւելով՝ հնարաւոր է ազդել նաեւ Թուրքիայի վարչակարգի քաղաքական ընթացքի վրայ:

1907 թւականին, Վիեննայում, ՀՅԴ Ընդհանուր ժողովը, լայն քննարկումներից յետոյ, կայացրեց հետեւեալ որոշումը. «Նկատելով, որ պարսկական ներկայ շարժումը կարող է դառնալ ժողովրդական արթնացման բնոյթ ունեցող հասարակական խոշոր երեւոյթ՝ թէ՛ Պարսկաստանի, եւ թէ՛ Արեւելքի համար, նկատելով, որ դրա տարածւելը ցանկալի է թէ՛ համամարդկային, եւ թէ՛ հայկական տեսակէտից. Ընդհանուր ժողովը յանձնարարում է Պարսկաստանի դաշնակցական մարմիններին եւ անհատներին, բոլոր միջոցներով նպաստել այդ շարժման զարգացման, մտցնելով պարսկական արթնացման մէջ այն ազատագրական ռազմավարական ու աշխատաւորական ոգին, որ բխում է Դաշնակցութեան ծրագրից»:

1907 թւականի դեկտեմբերին Ռոստոմը հասնում է Թեհրան՝ իրանցի յեղափոխական ազդեցիկ շրջանակների հետ բանակցելու համար, Թեհրանում նրան ընկերակցում է Յովսէփ Միրզայեանը: Թաւրիզում սկսած կռիւները յեղափոխականների եւ միապետականների զօրքի միջեւ ուժգին թափ է ստանում:

Սկսւում է դաշնակցական մարտիկների մուտքը Ատրպատական: 1908 թւականին Թաւրիզը եւ Ռաշտը ըմբոստութեան դրօշ են պարզում Իրանի շահի միապետութեան դէմ: Մինչ Թաւրիզը շարունակում էր դիմադրութիւնը՝ Ռաշտից բարձրանում է հերոսական Եփրեմը: Նա 12-հոգանոց խմբով Ռաշտից շարժւում է դէպի Անզալի:

Եփրեմը կայծակնային յարձակումով՝ իշխում է Գիլանին եւ գրոհում Ղազւինի վրայ, ապա յեղափոխական ուժերի գլուխ անցած՝ արշաւում է մայրաքաղաքի վրայ եւ բախտիարցի ցեղի հետ գրաւում է Թեհրանը: Իրանի բռնապետ արքայ Մոհամմադ Ալի շահ Ղաջարը գլխակորոյս՝ փախչում է եւ ապաստան գտնում Ռուսաստան:

Իրանի Սահմանադրական շարժման առաջին փուլը աւարտւում է կատարեալ յաղթանակով: Այդ շարժման ընթացքում եւ յաջորդ դէպքերի շրջափուլերում թանկագին զոհեր տւեց Դաշնակցութիւնը՝ եղբայր պարսիկ ժողովրդի ազատութեան սիրոյն, որոնցից գլխաւորը եղաւ յեղափոխական երկաթէ բազուկը եւ ոգին՝ հերոսական քաջանուն Եփրեմը:

«ԱԼԻՔ»

0 Պատգամ: