Բնակարանաշինութեան ծրագրի

մեկնարկից առաջ աղէտի գօտում

պէտք է ուսումնասիրութիւններ

կատարւէին



15:59 • 07.12.10
ՀՀ իշխանութիւնները պատրաստ չէին աղէտի գօտու բնակարանների բաշխման և բնակարանաշինութեան գործընթացին։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք յայտնեց «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասեանը՝ նշելով, որ նախքան բնակարանաշինութեան ծրագրի մեկնարկն աղէտի գօտում պէտք է ուսումնասիրութիւններ կատարւէին։ Միաժամանակ Թումասեանը դրական համարեց այն, որ վերջին տարիներին աղէտի գօտու բնակարանաշինութեան ծրագիրը նոր թափով վերսկսւել է։ «Կարծիք կար, որ այն ինչ արւեց «Լինսի» հիմնադրամի ծրագրով մինչև 2003-2004 թթ., բաւարար էր։ Սակայն լաւ է, որ ծրագիրը շարունակւում է»,- նշեց նա՝ որպէս լաւ օրինակ նշելով այն, որ Գիւմրիի կենտրոնից արդէն ժամանակաւոր բոլոր տնակները հանւել են։
Թումասեանի կարծիքով՝ Գիւմրիում բնակարանաշինութիւնը պէտք է կատարւէր քաղաքի կենտրոնում և ոչ թէ առանձին թաղամասեր կառուցւէին։ «Սակայն քաղաքի կենտրոնական մասն օտարւեց մասնաւորին»,- նշեց նա։ Թումասեանի խօսքով՝ նորակառոյց «Մուշ 2» թաղամասից Գիւմրիի կենտրոն հասնելու համար մարդիկ պէտք է մի քանի հարիւր դրամ ծախսեն, ինչն այս գործազրկութեան պայմաններում մեծ գումար է։
Բանախօսը նաև նշեց, որ աղէտի գօտու խնդիրների լուծման համար պէտք էր յատուկ գործակալութիւն ստեղծել, որն էլ կզբաղւէր այդ աշխատանքով։«Պէտք էր առանձին խմբերի համար առանձին մօտեցումներ ցուցաբերւէին։ Սակայն կառավարութիւնն այսօր բոլոր ընտանիքների նկատմամբ միևնոյն մօտեցումն է ցուցաբերում»,- նշեց նա։
«Շիրակ կենտրոն» ՀԿ-ն երէկ նամակ է գրել երկրի ղեկավարութեանը՝ անհանգստութիւն յայտնելով հաշւառումից դուրս մնացած ընտանիքների ճակատագրի մասին։
Վերահաշւառման ժամանակ շատ ընտանիքներ բացակայելով Հայաստանից, ըստ Թումասեանի, այսօր հաշւառւած չեն հերթացուցակներում և զրկւած են բնակարան ստանալու իրաւունքից։ Աղէտի գօտում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների հաշւառման կարգը սահմանող կառավարական որոշումներով դիմումների ընդունման վերջնաժամկէտ էր նշանակւել 2008 թ. դեկտեմբերի 15-ը:
Աւելին, ըստ բանախօսի, կան ընտանիքներ, որոնց բնակարաններ յատկացնելու համար ընտանիքի՝ արտերկրում գտնւող անդամներից էլ են փաստաթղթեր պահանջում, ինչը հնարաւոր չի լինում ներկայացնել։
Նամակով կառավարութեանը կոչ է արւում հաշւառման կարգի վերաբերեալ որոշումներում անհրաժեշտ փոփոխութիւններ կատարել և հաշւառումից դուրս մնացած ընտանիքներին հնարաւորութիւն տալ օգտւելու անօթևանների հերթացուցակներում հաշւառւելու և կորցրած բնակարանի դիմաց փոխհատուցւելու իրաւունքից։


Tert.am

0 Պատգամ: