«Լեռնային Ղարաբաղ.

կարգավիճակ առանց կարգավիճակի»



28.12.2010
Հրաչ Մելքումեան
Ադրբեջանցի վերլուծաբանները, փորձագէտները քննարկում են կազմակերպել` ամփոփելով Ղարաբաղեան բանակցութիւնների 2010 թւականի գործընթացները։
Բաքւում հանդիպումն անցկացւել է Մամուլի կենտրոնում, մասնակիցները քննարկել են Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման հնարաւորութիւններն ու հնարաւոր կարգավիճակը` հաշւի առնելով հակամարտութիւնները լուծելու միջազգային փորձը։
Ներկայացւել է «Ատլաս» հետազոտութիւնների կենտրոնի ղեկավար Էլհան Շահինօղլուի «Լեռնային Ղարաբաղ. կարգավիճակ առանց կարգավիճակի» գիրքը, որտեղ նա հակամարտութիւնների լուծման ու ինքնավարութիւն տրամադրելու 10 մոդել է ներկայացնում։
Նա նշել է, որ անցնող տարում` 2010 թւականին Ռուսաստանի միջնորդութիւնից իրական արդիւնքներ չկան Ղարաբաղի հարցում։ Բացի այդ, օգոստոսին Ռուսաստանը ռազմական նոր համաձայնագիր ստորագրեց Հայաստանի հետ` Գիւմրիում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկէտը երկարաձգելու վերաբերեալ։ Միաժամանակ, պաշտօնական Մոսկւան յանձն առաւ Հայաստանի անվտանգութեան ապահովումը։ Ռուսաստանը յստակ ցոյց է տալիս, որ ճնշում չի գործադրի Հայաստանի վրայ, իսկ պատերազմի դէպքում էլ կօգնի Երեւանին։
Ինչ վերաբերում է 2011 թւականի կանխատեսումներին` Շահինօղլուն նշել է, որ հնարաւոր է շարունակւեն «անպտուղ բանակցութիւնները», չբացառելով, որ շփման գծում կարող են լինել տեղական բախումներ։ Նա չի բացառել նաեւ լայնամասշտաբ պատերազմը` չնայած միջազգային հանրութեան ակտիւ մոնիթորինգին։
Մադրիդեան սկզբունքների մասին ադրբեջանցի փորձագէտն ասել է, թէ Հայաստանի պահանջը` նշանակել հանրաքւէի օրը, որով պէտք է որոշւի Ղարաբաղի կարգավիճակը, արգելափակում է բանակցութիւնները։
Միաժամանակ, նա նաեւ նշել է, որ այդպիսի հանրաքւէն, որը անկասկած շրջանը կանջատի Ադրբեջանից, անընդունելի է Բաքւի համար։
Միջազգային ճգնաժամային խմբի փորձագէտ Թաբիբ Հօսէյնովը ասել է, թէ այս պահին ռէալ չէ քննարկել Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը։ «Կողմերի նոյնիսկ ամենաազատական ու կառուցողական ներկայացուցիչները չեն կարող համաձայնութեան հասնել Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցում դիրքորոշումների անընդունելիութեան պատճառով», - ընդգծել է նա:
Հօսէյնովի կարծիքով` Մադրիդեան սկզբունքների արժէքը այն է, որ հետաձգւում է Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը` պայմաններ ստեղծելով միւս խնդիրները լուծելու համար։


***– Լուսանկարում.– Զօրավարժութիւններ Ղարաբաղում, արխիւային լուսանկար
«Ազատութիւն»

0 Պատգամ: