Արցախն ունի լիիրաւ ինքնորոշւելու

շատ աւելի ամուր հիմքեր, քան Կոզովոն



12:42 • 11.12.10
Խորհրդային տարիներին Հայաստանում միջազգային իրաւագիտութեան բաց էր նկատւում, քանի որ խորհրդային դպրոցը երբէք չի եղել միջազգային իրաւագիտութեան առաջատար։ Այսօր «Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան լուծման իրաւական ասպեկտները» խորագրով գիտաժողովի ժամանակ լրագրողներին ասաց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգէն Սարգսեանը։ Գիտաժողովը կազմակերպւել էր Միջազգային և համեմատական իրաւունքի նորաստեղծ կենտրոնի կողմից, որի հիմնադիրները միջազգային տարբեր հեղինակաւոր բուհերում ուսանած Հայ երիտասարդ իրաւաբան գիտնականներն են։ Կարևորելով Ղարաբաղեան հիմնախնդրի իրաւական կողմը՝ երիտասարդներն իրենց անդրանիկ գիտաժողովի օրակարգում հէնց այս հարցն էին ընդգրկել։
«Այսօր այս կենտրոնի ստեղծումը ցոյց է տալիս, որ Հայաստանում արդէն ձևաւորւել է երիտասարդ մասնագէտների բաւականին լայն ցանց, որոնք աւարտել են կամ շարունակում են սովորել միջազգային իրաւունքի ոլորտում աշխարհի առաջատար բուհերում։ Իհարկէ, սա դեռ ինքնին բաւարար չէ։ Մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու՝ այս ցանցն ընդլայնելուց մինչև մեր բուհերում միջազգային իրաւունքի ուսուցանումը պատշաճ մակարդակի հասցնելը։ Կարևոր է նաև ընտրւած թեման։ Մենք շատ յաճախ խօսում ենք ԼՂ հիմնախնդրի քաղաքական, տնտեսական և այլ ասպեկտների մասին, բայց իրաւական ասպեկտը համեմատաբար քիչ է ուսումնասիրւած, չնայած որ ունենք բաւականին լուրջ ուսումնասիրութիւններ»,- նշեց Վիգէն Սարգսեանը։
Նրա խօսքով՝ այս քննարկումը յատկապէս կարևոր է Կոզովոյի հակամարտութեան վերաբերեալ արդարադատութեան միջազգային դատարանի խորհրդատւական կարծիքի տեսակէտից։ «Թէև բոլորս միշտ ասում ենք, որ իւրաքանչիւր հակամարտութիւն տարբեր է, բայց, միաժամանակ, երբ այս գործը հասնում է դատարան, և դատարանը կիրառում է իրաւունք, այդ իրաւունքը դառնում է միասնական։ Դա չի նշանակում, որ բոլոր վէճերը պէտք է լուծւեն նոյն ձևով, իհարկէ, ամէն մէկն ունի իր զարգացումը»,- ասաց Վիգէն Սարգսեանը։
Գիտաժողովի բացմանը մասնակցեց նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանը, ով ողջունեց Հայաստանում միջազգայնագէտ իրաւաբանների սերնդի ձևաւորումը, որն, ըստ նրա, պէտք է իրաւական հետազոտութեան ենթարկի Ղարաբաղեան հակամարտութեան և Հայոց Ցեղասպանութեան հարցերը։
«Ժամանակակից աշխարհն այլևս աւելի դժւար է համակերպւում բռնութեան ու ազատազրկման վրայ հիմնւած կայսրութիւնների առկայութեան հետ, չի հանդուրժում այդօրինակ միաւորների գոյութիւնը։ Կարելի է վստահաբար ասել, որ եկել է ազատութեան ժամանակը: Մեր ժողովրդի համար ազատութիւնը սոսկ գոյական չէ: Մենք ոչ միայն ականատեսն ենք եղել այն երևոյթին, որ հարիւրամեակներ շարունակ տարբեր կայսրութիւնները ճնշել ու փորձել են խեղդել ազատութիւնը, այլև զգացել ենք դա մեր մաշկի վրայ: Մենք հասկացել ենք, որ չենք կարողանայ զարգանալ, եթէ չլինենք ազատ, եթէ չունենանք թէ ներքին, թէ արտաքին ազատութիւն»,- նշեց վարչապետը։
Ըստ Տիգրան Սարգսեանի՝ Արցախի ժողովուրդը յստակ գիտի, թէ ինչ է ուզում։ «Այսօրւայ միջոցառումը նւիրւած է Կոզովոյի անկախութեան հռչակագրի իրաւաչափութեան հիմնախնդրին, թեմայ, որ հետաքրքրում է նաև մեր գիտական հանրութեանը: Մանաւանդ, և այս հարցում ինձ հետ կհամաձայնեն նաև իրաւաբանները, որ Արցախն ունի լիիրաւ ինքնորոշւելու շատ աւելի ամուր իրաւական, ռազմաքաղաքական ու պատմական հիմքեր»,- ընդգծեց նա։
Կենտրոնի տնօրէն Եղիշէ Կիրակոսեանն էլ նշեց, որ պէտք է աւելի շատ ֆիքսւել հիմնախնդրի բովանդակային հարցերի վրայ, որոնք ընկած են ինքնորոշման հիմքում։ «Խնդիրները շատ աւելի խորքային են, քան թւում են»,- նշեց նա՝ յաւելելով, որ Արցախի հարցի իրաւական կողմը շատ աւելի ամուր է։
«Կոզովոյի յաջողութիւնը շատ դէպքերում պայմանաւորւած էր քաղաքական հանգամանքներով։ Իրաւական տեսակէտից մենք խնդիր չունենք, բայց պրոբլեմը մեզ մօտ այսօր միջազգային հանրութեան պահւածքն է»,- ասաց նա։



Tert.am

0 Պատգամ: