Որքանո՞վ է այսօր պահպանւում

Ջաւախքի հայկականութիւնը


«Տարածաշրջանում «ժողովրդավարութեան ու ազատութիւնների դրօշակիր» Վրաստանը խստիւ արգելում է հայալեզու գրականութեան մուտքը Ջաւախք և ընդհանրապէս իր վերահսկողութեան տարածք»


«Վրաստանի իշխանութիւնները պէտք է գիտակցեն, որ իրենց համար լաւագոյն տարբերակը մնում է ջաւախահայութեան իրաւունքների ամբողջական յարգումը»



Դեկտեմբեր 27, 2010թ. 11:04
Ո՞րն է Ջաւախքի նշանակութիւնը Հայ ժողովրդի ու Հայաստանի համար: Ինչքան էլ որ պատասխանը ակնյայտ լինի, անհրաժեշտ է դա ամրագրել:
Այս նպատակների և առաջադրանքների իրականացման համար մղւող պայքարի առաջամարտիկները, 2000-ական թւականներին, եղել էին մի խումբ երիտասարդներ, Վահագն Չախալեանի ղեկավարութեամբ:
Որքանո՞վ է այսօր պահպանւում Ջաւախքի հայկականութիւնը և ի՞նչ միտումներ են առկայ:
Վրացական իշխանութիւնների կողմից Վահագն Չախալեանին հակաօրինականօրէն 10 տարւայ ազատազրկման ենթարկումը և միւս երիտասարդների դէմ հալածանքները այդ հարցի լաւագոյն պատասխանն են:
Տարիներ ի վեր Ջաւախքի իրավիճակը բնութագրւում է երեք գործօններով. վրացական համակողմանի գրոհ և հայկական գործօնի ու ընդհանրապէս հայութեան արտամղման փորձ, արտագաղթ, և այս երկուսին զուգահեռ` ՀՀ իշխանութիւնների յանցագործ անտարբերութիւն, երբեմն ուղղակի մեղսակցութիւն վրացական իշխանութիւնների քայլերին, ինչպէս Վահագն Չախալեանի և ընկերների դէմ հալածանքների պարագայում:
Հայաստանի Հանրապետութիւնում ժողովրդագրական համաղետն ու արտագաղթը երկրում տիրող համակարգի ուղղակի հետևանքն են: Իսկ Ջաւախքից արտագաղթը արդիւնքն է վրացական ագրէսիւ քաղաքականութեան ստեղծած անապահովութեան մթնոլորտի, սոցիալ-տնտեսական անմխիթար վիճակի, ու այս իրականութիւնների դիմաց ՀՀ-ից`ակնկալւող օժանդակութիւնների բացակայութեան ստեղծած հոգեբանական մթնոլորտի: Սոցիալ-տնտեսական անմխիթար իրավիճակը իր հերթին գլխաւորաբար հետևանքն է և’ վրաց իշխանութիւնների և’ ՀՀ իշխանութիւնների ուշադրութեան բացակայութեանն ու անտարբերութեանը: Վերջին հաշւով, հետևաբար, Ջաւախքի հայկականութիւնը հարւածներ է ստանում և յետընթաց է ապրում վրացական ուղղակի քաղաքականութեան և ՀՀ անտարբեր և յաճախ մեղսակից քաղաքականութեան արդիւնքում:
Ջաւախքում վրացական ագրէսիայի ու հայկական գործօնի դուրս մղման փորձերի օրինակներն անհամար են: Երկու երևոյթների մատնանշումը բաւարար է իրականութեան պատկերն ունենալու համար:
Ջաւախք այցելող ցանկացած մարդ անմիջապէս կզգայ ահաբեկման և վախի այն մթնոլորտը, որ տիրում է շրջանում: Այս մթնոլորտը հաստատւել է նաև տեղի Հայ գործակալների ակտիւ մասնակցութեամբ: Մշակութային սահմանափակ և ամենաանմեղ միջոցառումներն անգամ տեղի են ունենում ուժային կառոյցների խիստ վերահսկողութեան ներքոյ:
Տարածաշրջանում «ժողովրդավարութեան ու ազատութիւնների դրօշակիր» Վրաստանը խստիւ արգելում է հայալեզու գրականութեան մուտքը Ջաւախք և ընդհանրապէս իր վերահսկողութեան տարածք:
Վրաստանի իշխանութիւնների կողմից Ջաւախքի նկատմամբ իրականացւող քաղաքականութիւնը արդիւնք է մի կողմից նրա փոքր-կայսերական նկրտումներին և միւս կողմից նրա հակահայկական բարդոյթներին: Իր այդ կարճատես քաղաքականութեամբ Վրաստանն իրականում իր իսկ գերեզմանն է փորում, որովհետև յաջողութեան պարագայում այդ քաղաքականութիւնը յանգեցնելու է ոչ թէ վրացական, այլ թրքական Ջաւախքի գոյացմանը:
Պատմութեան ընթացքում Վրաստանի ժողովուրդները երբէք կայուն և երկարատև բնակութիւն չեն հաստատել խստաշունչ կլիմայով յատկանշւող Ջաւախքում և երբէք մեծամասնութիւն չեն կազմել այնտեղ: Իրենց ազգայնամոլական հակահայկական քաղաքականութեան յաջողութեան պարագայում ևս Ջաւախքը վրացիներով չի բնակեցւելու, այլ թրքերով, լինեն նրանք այսպէս կոչւած մեսխեթցի կամ.այլ թուրքեր: Չենք խօսում անգամ այն մասին, որ իրենց ներկայ ժողովրդագրական աղէտալի վիճակի պատճառով, վրացիները, ցանկութեան պարագայում անգամ, չեն կարողանայ բնակեցնել Ջաւախքը: Իրենց հակահայկական քաղաքականութեան յաջողութեան պարագայում ո’չ միայն Հայաստանն է ամբողջութեամբ շրջապատվելու թուրքերով, այլ Վրաստանն ինքը կորցնելու է արևելեան և արևմտեան թուրքերի միջև աշխարհագրական կամուրջ լինելու իր ներկայ կարգավիճակի ներկայացրած նշանակութիւնը և դրանից բխող առաւելութիւնները: Այդ պարագայում թուրքերը կարիք չեն ունենալու Վրաստանի «ծառայութիւններին»: Եթէ Վրաստանին չի յուզում իր իսկ քաղաքականութեան արդիւնքում սպասւելիք այս հեռանկարը, ապա Հայաստանին ու հայերիս շատ է յուզում և մենք թոյլ չեն տայ դրա իրականացումը:
Հայերը իհարկէ թոյլ չեն տայ: Բայց ի՞նչ են անում Հայաստանի այսօրւայ իշխանութիւնները:
ՀՀ ներկայ իշխանութիւնները ո’չ միայն համապատասխան քայլերի չեն դիմել պաշտպանելու համար ջաւախահայութեան թէկուզ և փոքրամասնական համարւող իրաւունքները, այլ ընդհակառակը` գործնական յանցաւոր մասնակցութիւն են բերել ջաւախահայութեան դիմադրութեան ոչնչացմանը` Վահագն Չախալեանի կալանաւորում ու վրաց իշխանութիւններին յանձնում: Նրանք ո’չ մի աշխատանք չեն կատարել ՀՀ հետ Ջաւախքի տնտեսական համալրման ուղղութեամբ: Ընդհակառակը, Բավրայի սահմանակէտը և մաքսային ծառայութիւնը մշտապէս խոչընդոտել և արհեստական դժւարութիւններ են ստեղծել ապրանքափոխանակման համար: Այս իշխանութիւնները լուռ են մնացել Ջաւախքում վրացական բոլոր ոտնձգութիւնների դիմաց:
ՀՀ իշխանութիւնները իրենց դաւաճանական քաղաքականութիւնն արդարացնում են երկրի աշխարհագրական դիրքով և հետևաբար Վրաստանից կախւած լինելու պատճառաբանութեամբ: Մինչ կախւածութեան իրողութիւնը ամբողջապէս զուրկ չէ ճշմարտութիւն լինելուց, այն երբէք չի կարող արդարացնել իշխանութիւնների անտարբերութիւնն ու յատկապէս վրաց իշխանութիւններին մեղսակցութիւնը: Իրականում կախւածութիւնը երկկողմանի է: Մինչդեռ, իր այս քաղաքականութեամբ ՀՀ իշխանաւորները վրացական կողմին քաջալերում են անխափան շարունակել իրենց գրոհը:
Արդարև, խնդրի դրւածքն այնպիսին չէ, որ աշխարհագրականօրէն Վրաստանից իր կախւածութեան հետևանքով Հայաստանն անկարող լինի Ջաւախքի հարցում ավւլի վճռական լինելուց: Վրաստանի հետ իր յարաբերութիւններում, Ջաւախքը Հայաստանի համար թոյլ կէտ չի հանդիսանում: Ընդհակառակը: Հայաստանը Վրաստանի նկատմամբ ունի լծակներ ու Ջաւախքն այդ լծակներից ամենակարևորն է: Հայաստանը ամբողջութեամբ մեկուսացած և ամբողջութեամբ Վրաստանի ողորմածութեանը ենթակայ կլինի միայն այն օրը, երբ այլևս հայկական Ջաւախք գոյութիւն չի ունենայ:
Իրականում հայկական իշխանաւորների այդ կեցւածքը պայմանաւորւած է ոչ միայն պետականութեան ու ազգի նկատմամբ նրանց ունեցած յանցաւոր անտարբերութեամբ, այլև Վրաստանի ու Վրաստանով անցնող ճանապարհների հետ կապւած տնտեսական սեփական շահերով:
Իշխանութիւնների այս քաղաքականութիւնը երբէք զարմանալի չէ: Իրենց գերիշխանութեան տարածքում ոչ միայն հակաժողովրդական, այլև ազգն ու պետականութիւնը դէպի վերացում առաջնորդող քաղաքականութիւն վարող իշխանութիւններից չի կարելի ջաւախահայութեան իրաւունքների պաշտպանութիւն ակնկալել: Նրանց ջաւախքեան և ընդհանրապէս վրացական քաղաքականութիւնը պարզապէս ընդհանուր ազգադաւ քաղաքականութեան շղթայի մի օղակն է:
Ջաւախքի խնդիրը չի կարող լուծւել ՀՀ ներկայ իշխանութիւնների օրոք: Ինչպէս բոլոր միւս հարցերի, նոյնպէս և այս հարցի լուծումը պահանջում է համակարգափոխութիւն:
Դա չի նշանակում, որ մինչև ՀՀ-ում համակարգափոխութեան իրականացումը Ջաւախքում ոչինչ չի կարելի անել: Իհարկէ, ոչինչ չի կարող փոխարինել այն ամէնին, ինչ կարող է իրականացնել պետութիւնը: Բայց երբ օրւայ իշխանությիւնները ոչ միայն թերանում են իրենց անելիքներում, այլև հակառակ քայլերի են դիմում, մեզ մնում է, որ այդ աշխատանքները իրականացնեն ոչ պետական կառոյցները և հասարակական նախաձեռնութիւնները: Խօսքը վերաբեւում է Ջաւախքի հայկականութեան պահպանմանը, ջաւախաբնակ հային` հողին կառչած մնալը ամրապնդելու միտող քայլերին` տնտեսական, մշակութային, հոգեբանական և այլն բնագաւառներում:
Բոլոր դէպքերում, և հակառակ ամէն ինչի, Ջաւախքի համար գոյութիւն ունի երկու տարբերակ:
1.Վրաստանի կազմում` շրջանի կարգավիճակ, որտեղ երաշխաւորւած կլինեն Հայ բնակչութեան ազատ ինքնադրսևորման բոլոր պայմանները:2.Արցախի ճակատագիր. այսինքն միացում փաստացի Հայաստանի Հանրապետութեանը:Երրորդ տարբերակը, այսինքն Ջաւախքի նախիջևանացումը, այլ խօսքով նրա հայաթափումը և հայերի համար այդ տարածքի կորուստը, բացառւում է: Վրացական ազգայնամոլութիւնը ձգտում է դրան, վայելելով իր արևմտեան ու արևելեան հարևանների խրախուսանքն ու օժանդակութիւնը: Բայց հայերը դա թոյլ չեն տայ: Ջաւախքի նախիջևանացման ցանկացած փորձի պատասխանը լինելու է Ջաւախքի Արցախացումը:
Վրաստանի իշխանութիւնները պէտք է գիտակցեն, որ իրենց համար լաւագոյն տարբերակը մնում է ջաւախահայութեան իրաւունքների ամբողջական յարգումը: Իսկ դա ապացուցող առաջին քայլերից մէկը, այլ միջոցառումների կողքին, պէտք է լինի Վահագն Չախալեանի ազատ արձակումը:


Ալէք Ենիգոմշեան,

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ

0 Պատգամ: