Ամենաերկդիմի, ամենաանվստահելի

երկիրն Ադրբեջանն է
Թուրք դիւանագէտի ապշեցուցիչ

խոստովանութիւնը


««Այդ ամէնն իմանալով հանդերձ, սակայն, ոչ Թուրքիան, ոչ էլ Ադրբեջանը չեն հրաժարւում «Մէկ ազգ, երկու պետութիւն» կարգախօսից»


19:46 • 07.12.10
Ադրբեջանն աշխարհում այն միակ երկիրն է, որն ամենաքիչն է վստահում թուրքերին։ Այս մասին թրքական Taraf օրաթերթին տւած հարցազրոյցում յայտարարել է թուրքական դիւանագիտական կորպուսի վետերաններից, Փարիզում և Բրիւսելում Թուրքիայի նախկին դեսպան Թեմել Իսքիթը։
Հարցազրոյցի ընթացքում թուրք պաշտօնաթող դեսպանը, ով 41 տարի շարունակ աշխատել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչութիւնում՝ տարբեր դիւանագիտական պաշտօններ զբաղեցնելով Իրանում, Հռոմում, Փարիզում, Բրիւսելում և աշխարհի մի շարք այլ երկրներում, մասնաւորապէս խօսել է թուրքական արտաքին քաղաքականութեան և WikiLeaks–ի կողմից հրապարակւած գաղտնի փաստաթղթերի բովանդակութեան մասին։
Ի պատասխան այն հարցի, թէ «Թուրքիան յանուն Ադրբեջանի վիժեցրեց Հայաստանի հետ յարաբերութիւնների կարգաւորման գործընթացը։ Իսկ WikiLeaks–ի հրապարակումների արդիւնքում պարզ դարձաւ, որ ադրբեջանցիներն ամէնևին էլ բարեկամաբար տրամադրւած չեն Թուրքիայի հանդէպ։ Աւելի վաղ Թուրքիան իմացե՞լ է այդ իրողութեան մասին», թուրք պաշտօնաթող դիւանագէտը յայտարարել է.
«Մենք միշտ էլ իմացել ենք այդ մասին։ Թէ Թուրքիայի կառավարութիւնը, թէ արտգործնախարարութիւնը միշտ էլ տեղեակ են եղել դրանից։ Ես 2-3 տարի շարունակ ընդգրկւած եմ եղել Բաքու–Ջէյհան նաւթամուղի շուրջ ընթացող բանակցութիւններում և պէտք է ասեմ, որ մեր հանդէպ ամենաքիչ վստահութիւն տածող, ամենաքիչ բարեկամական մօտեցումը ցուցաբերող, ամենաշատ նեղութիւններ պատճառող և երկդիմի քաղաքականութիւն իրականացնող երկիրն Ադրբեջանն է։ Այդ պետութիւնը Թուրքիային երբէք չի աջակցել տարածաշրջանային այնպիսի համագործակցութիւններում, ինչպիսին է, օրինակ, Սևծովեան տնտեսական համագործակցութեան կազմակերպութիւնը։ Ադրբեջանը միշտ էլ դիմացից ժպտացել է Թուրքիային, իսկ յտևից՝ հրաժարւել խոստացած աջակցութիւնից»։
Իսկ Taraf–ի այն դիտարկմանը, թէ «Այդ ամէնն իմանալով հանդերձ, սակայն, ոչ Թուրքիան, ոչ էլ Ադրբեջանը չեն հրաժարւում «Մէկ ազգ, երկու պետութիւն» կարգախօսից։ Ի՞նչն է պատճառը, որ Ադրբեջանի քաղաքականութիւնը չի ազդում թուրք–ադրբեջանական դիւանագիտական յարաբերութիւնների վրայ», Թեմել Իսքիթը պատասխանել է.
«Պատճառը պոպուլիզմն է... Յիշո՞ւմ էք, ԽՍՀՄ–ի փլուզումից յետոյ մի պահ խենթացել էինք։ Խօսում էինք թուրքական հանրապետութիւնների մասին։ Մարդիկ ծիծաղում էին՝ ասելով. «Ռուսներից յետոյ հիմա էլ դո՞ւք յայտնւեցիք»։ Ադրբեջանը մեր հանդէպ ինչպիսի երկդիմի քաղաքականութիւն էլ իրականացնի, մէկ է, մենք շարունակելու ենք ամէն բանի առջև խոնարհւել ներքաղաքական ազգայնական շահերի և քւէներ հաւաքելու պատճառով։ Շարունակելու ենք աջակցել նրան, շարունակելու ենք զէնք վաճառել։ Ադրբեջանի՝ որպէս պետութիւն կայանալու մէջ մենք էլ մեր բաժինն ունենք»:


Tert.am

0 Պատգամ: