Google-ը ներկայացրեց Chrome


օպերացիոն համակարգը

11:48 • 09.12.10
Սան Ֆրանցիսկոյում կազմակերպւած ասուլիսի ժամանակ Google ընկերութիւնը ներկայացրել է Chrome օպերացիոն համակարգը, որը հիմնւած է «ամպային» տեխնոլոգիայի վրայ: Այն աշխատում է Cr-48 նեթբուքի վրայ, ունի օնլայն ծրագրերի խանութ և Chrome բրաուզեր: Google-ի ղեկավար Էրիկ Շմիտդի կարծիքով` սա ինտէրնետ գիգանտի առաջին արտադրանքն է, որը կարող է մրցակից դառնալ MicrosoftWindows-ին և AppleMac OS X-ին:
Chrome ՕՀ-ում կիրառւել է հաշւողականութեան «ամպային» տեխնոլոգիան. փաստաթղթերը, ծրագրերը և այլ տւեալները պահպանւում են ոչ թէ կոշտ սկաւառակներում, այլ Google-ի սէրվըրներում ու բեռնւում (դանլօդ) են ցանցից: ՕՀ-ի ներկայացման համար օգտագործւել է Cr-48 նեթբուքը:
Ինչպէս յայտնում է pcnews.am-ը, Chrome ՕՀ-ի բեռնման միջին ժամանակը կազմում է 60 վայրկեան, այդ մասին ասել է Google-ի արտադրանքների ղեկավարման բաժնի փոխնախագահ Սանդար Պիչայը: Նրա խօսքերով` եթէ համակարգը անցնում է քնելու ռեժիմի, ապա այն «արթնանում» է վայրկենապէս: Բացի այդ` ՕՀ-ն ապահովում է տւեալների աւտոմատ գաղտնագրում:
Google-ի ներկայացուցիչները չեն նշել ընկերութեան սեփական նեթբուքների թողարկման ամսաթւերը, բայց նշել են, որ Samsung-ի և Acer-ի Chrome ՕՀ-ով աշխատող նեթբուքները վաճառքի դուրս կգան 2011-ի կէսերին:
Chrome Web Store օնլայն խանութն աշխատում է նոյն մեթոդով, ինչ որ Android Market-ը, App Store-ը և այլն: Այժմ այնտեղ տեղադրւած ծրագրերը այդքան էլ շատ չեն, և նրանց մեծ մասը իրենցից ներկայացնում են յղումներ դէպի այլ կայքեր: Ծրագրերը գնելու և վճարելու համար օգտագործւում է Google Checkout համակարգը:
Chrome Web Store-ի հիմնական տարբերութիւնն այլ խանութներից այն է, որ ծրագրերը կարելի է բեռնել միայն Chrome բրաուզերի օգնութեամբ: Բոլոր ծրագրերը բաժանւած են կատեգորիաների և կարելի է դասակարգել դրանք` ըստ յայտնիութեան:

Tert.am

0 Պատգամ: