Hurriyet։

Թուրքիան տանուլ տւեց Ցեղասպանութեան

պատերազմը


«Թուրք փաստաբանը յայտարարել է նաև, որ թուրքերը հայերին կոտորել են, սակայն կարևորւում է այն, թէ այդ ջարդերի մասին խօսելը որքանով է բխում Միացեալ Նահանգների շահերից»


11:58 • 14.12.10
ԱՄՆ–ի 9-րդ դաշնային վերաքննիչ դատարանի կայացրած որոշմամբ Հայոց Ցեղասպանութեան հարցը տեղափոխւեց իրաւական դաշտ։ Այս մասին թուրքական Hurriyet օրաթերթին տւած հարցազրոյցում ասել է թուրք փաստաբան Հաքան Հանլըն։ Թուրքական պարբերականը հարցազրոյցը հրապարակել է «Թուրքիան տանուլ տւեց Ցեղասպանութեան պատերազմը» վերնագրով։
«Սան Ֆրանսիսկոյի 9-րդ շրջանի դաշնային վերաքննիչ դատարանի կողմից դեկտեմբերի 10-ին 1915թ. իրադարձութիւնների, այսինքն՝ Հայոց Ցեղասպանութեան ճանաչման և փոխհատուցման առնչութեամբ կայացրած որոշման մասին պէտք է դասախօսութիւններ կարդալ թուրքական բուհերի միջազգային յարաբերութիւնների ֆակուլտետներում։
Երբ կարդում ես այդ որոշումը, հասկանում ես, որ այդտեղ հիմնական թեման ոչ թէ այն է, թէ արդեօք թուրքերի կողմից հայերը կոտորւել են, թէ ոչ, այլ այն, թէ արդեօք այդ հարցն ընդունւել կամ չի ընդունւել ամերիկեան արտաքին քաղաքականութեան կողմից»,– ասել է թուրք փաստաբանը՝ ընդգծելով, որ տեղի ունեցածը թրքական սխալ քաղաքականութեան արդիւնք է։
Թուրքիան շարունակում է կրկնել տարիներ ի վեր թոյլ տւած սխալը։ Այսինքն՝ ամէն անգամ, երբ ԱՄՆ Կոնգրէսի Ներկայացուցիչների պալատի օրակարգում յայտնւում է Հայոց Ցեղասպանութեան հարցը, թուրքական կողմն առաջ է քաշում մէկ թեզ՝ «Թուրքիան այնպիսի դաշնակից է, որից չեն կարող հրաժարւել, և նման որոշում չի ընդունւի»»,– ասել է Հաքան Հանլըն։
Թուրք փաստաբանը յայտարարել է նաև, որ թուրքերը հայերին կոտորել են, սակայն այստեղ, ըստ նրա, կարևորւում է այն, թէ այդ ջարդերի մասին խօսելը որքանով է բխում Միացեալ Նահանգների շահերից։
Յիշեցնենք, որ օրեր առաջ ԱՄՆ–ի 9-րդ դաշնային վերաքննիչ դատարանը, վերանայելով անցած տարի կայացրած իր որոշումը, չեղեալ է յայտարարել այն։ 2009թ. ԱՄՆ 9-րդ դաշնային վերաքննիչ դատարանը որոշում էր կայացրել, որը բեկանում էր Հայոց Ցեղասպանութեան զոհերի ժառանգների կողմից իրենց անտեսւած իրաւունքներին վերատիրանալու համար օտար ընկերութիւնների դէմ դատական գործեր յարուցելու` Կալիֆոռնիայի նահանգային օրէնքը: Իսկ 2000թ. Կալիֆոռնիայի կոնգրէսը օրէնք էր ընդունել, որով ճանաչել էր 1915 թւականի ցեղասպանութեան
ենթարկւածների ժառանգների` կեանքի ապահովագրութեան շրջանակներում համապատասխան ապահովագրական ընկերութիւններից փոխհատուցում պահանջելու իրաւունքները:

Tert.am

0 Պատգամ: