Սփիւռքի իւրաքանչիւր հատւած պէտք

է իրազեկ լինի միւսի հոգսերին



10:00 • 12.01.11
Նախօրէին «Մեդիա Սթայլ» ՍՊԸ-ի նախագծերից մէկը՝ Թերթ.am տեղեկատւական կայքը, գործարկեց իր արևմտահայերէն տարբերակը: Ընկերութեան տնօրէն Վարդան Ասատրեանը «Կապիտալի» հետ զրոյցում ասում է, որ իրենք դրանով ոչ այնքան բիզնես, որքան համազգային նպատակ են հետապնդում՝ միաւորել հայութեան ներուժը:
*-Պարոն Ասատրեան, ինչո՞ւ արևմտահայերէն: Ինչպէ՞ս է ծնւել նախաձեռնութեան գաղափարը և ի՞նչ նպատակ է այն հետապնդում։
***-Մէկ տարուց աւելի է, ինչ գաղափարը յղացել էինք, պարզապէս հարկաւոր էր որոշ տեխնիկական հարցեր լուծել։ Կարևոր էր նաև մասնագէտների հարցը։ Մեզ անհրաժեշտ էր գտնել հէնց Սփիւռքում ծնւած մասնագէտներ, ինչը վերջապէս յաջողւեց։ Արևմտահայերէն էջ ունենալ մենք պարտաւոր էինք թէկուզ հէնց այն պատճառով, որ այդքան մեծ Սփիւռք ունենք: Իսկ Թերթ.am-ը առաջատար ինտերնետ լրատւամիջոց է Սփիւռքի համար, և դա հաշւի չառնելը պարզապէս մեծ սխալ կլինէր։ Մենք՝ հայերս, այսօր չիրացւած հնարաւորութիւնների հսկայական ներուժ ունենք, և դա օգտագործելու համար առաջին հերթին պէտք է փոխադարձաբար իրազեկ լինենք միմեանց հոգսերին։ Թերթ.am-ի արևմտահայերէն տարբերակն անդրադառնալու է ոչ միայն ներհայաստանեան, այլև Սփիւռքի տարբեր գաղթօջախների իրադարձութիւններին, և մենք ակնկալում ենք, որ դրանով աշխարհի տարբեր անկիւններում ապրող հայերը իրազեկ կլինեն ոչ միայն Հայրենիքի իրադարձութիւններին, այլև միմեանց խնդիրներին ու հնարաւորութիւններին: Դա, անշուշտ, կարող է կումուլեատիւ էֆեկտ ունենալ հայութեան ներուժի համախմբման գործում:
*-Որպէս բիզնես նախագիծ՝ նախաձեռնութիւնն արդեօ՞ք արդարացւա՞ծ է: Որքանո՞վ էք այդ հանգամանքը հաշւի առել։
***-Թերթ.am-ը նախևառաջ բիզնես նախագիծ է, և, բնականաբար, իւրաքանչիւր նոր քայլ անելիս մենք հաշւի ենք առնում դրա ֆինանսական նպատակայարմարութիւնը։ Բայց սա այն դէպքն է, երբ ֆինանսական ակնկալիքները մղւում են երկրորդ պլան։ Ֆինանսական նպատակայարմարութեան առումով ամէն ինչ այնքան յստակ չէր նաև այն ժամանակ, երբ շուրջ երեք տարի առաջ ազդարարեցինք Թերթ.am-ի մեկնարկը։ Այն ժամանակ մեզ համար զաւեշտալի էր, որ հայաստանցիների մի ստւար զանգւած որպէս տեղեկատւութիւն ստանալու այլընտրանքային միջոց կարդում էր ադրբեջանական, լաւագոյն դէպքում ռուսական ինտերնետային կայքեր: Թերթ.am-ի հիմնադրմամբ մենք մեր առջև նպատակ դրեցինք հնարաւորինս շտկել այդ վտանգաւոր իրավիճակը։ Հիմա պատկերը բոլորովին այլ է։
*-Այնուամենայնիւ, հայութեանը համախմբելն առանձին ընկերութիւնների խնդիրը չէ: Չէ՞ք կարծում, որ դա աւելի շատ պետութեան գործն է:
***-Որ պետութիւնը մեծ անելիք ունի հայութեան ներուժը միաւորելու գործում, իհարկէ, ընդունում եմ: Բայց համաձայն չեմ, որ դա միայն պետութեան գործն է. դա իւրաքանչիւր հայի գործն է: Երբ ամէն մի հայ անհատ, ընկերութիւն և կազմակերպութիւն իր փոքր աւանդն ունենայ այդ գործում, մենք շատ աւելի հզօր կլինենք: Արևմտահայերենը մեր ազգային հարստութիւնն է, մեր մշակոյթի շքեղութիւնը, և ցաւօք, Սփիւռքի նոր սերունդները գնալով մոռանում են այդ լեզուն: Մենք յոյսով ենք, որ մեր այս նախաձեռնութիւնը փոքր, բայց կարևոր աւանդ կլինի արևմտահայերէնը կենդանի պահելու գործում:
*-Ներկայում ի՞նչ համամասնութիւն ունի Ձեր կայքի այցելութիւնների աշխարհագրական բաշխւածութիւնը, և ի՞նչ ակնկալիքներ կան արևմտահայերէն էջի ներմուծումից։
***-Ըստ ինտերնետ մոնիտորինգ իրականացնող տարբեր աղբիւրների (Circle.am, Google Analytics) տւեալների՝ Թերթ.am այցելութիւնների շուրջ 70%-ը բաժին է ընկնում Հայաստանին, որին հետևում են Ռուսաստանը՝ 6%, ԱՄՆ-ը՝ 5%, Գերմանիան ու Ֆրանսիան՝ շուրջ 1.5-ական տոկոս։ Ըստ էութեան, դրանք հայկական Սփիւռքի ամենամեծ գաղթօջախներն են, և նաև այս վիճակագրութիւնը հաշւի առնելով՝ մենք գնացել ենք նման նախաձեռնութեան։ Իհարկէ, 70% տեղական այցելութիւնների ցուցանիշը գրաւիչ է գովազդատուների համար, որոնց թիրախային շուկան, որպէս կանոն, Հայաստանն է, բայց մենք ակնկալում ենք, որ նաև արևմտահայերէն տարբերակով էապէս կաւելացնենք արտասահմանեան այցելութիւնները, ինչի արդիւնքում, բնականաբար, կփոխւի այդ համամասնութիւնը։
Պէտք է նշեմ, որ նոյնիսկ այս երկու օրւայ ընթացքում, հակառակ մեր սպասումներին, Սփիւռքից բաւական մեծ արձագանք կայ, ինչն արտահայտւում է ոչ միայն այցելութիւնների վիճակագրութեամբ, այլև բազմաթիւ շնորհակալական նամակներով:
*-Ինչպիսի՞ն են ինտերնետ լրատւութեան զարգացման ներկայ միտումները Հայաստանում։
***-Երբ երեք տարի առաջ մենք սկսեցինք մեր գործունէութիւնը առցանց լրատւութեան ոլորտում, դաշտը բաւական ազատ էր՝ խոպան։ Այսօր մենք տեսնում ենք հակառակ պատկերը, և դա բաւական գոհացնող է։ Ինտերնետ լրատւամիջոցների քանակը շատ արագ աճում է, նկատելի է նաև դրական տեղաշարժ՝ որակական առումով: Կարող ենք փաստել, որ ներկայում հայկական ինտերնետային լրատւութիւնը բաւական լաւ դիրքերում է։ Դրան նպաստում է մեր երկրում ինտերնետի արագ տարածումը և ինտերնետ օգտագործողների քանակի կտրուկ աճը։
Այդ միտումը մասամբ պայմանաւորւած է տեղեկատւական տեխնոլոգիաների և ընդհանրապէս նորութիւնների ու նորարարութիւնների նկատմամբ մեր ազգին բնորոշ մեծ հետաքրքրութեամբ։ Ներկայում Թերթ.am-ը և առաջատար մի քանի կայքեր 1000 բնակչի հաշւարկով աւելի շատ են ընթերցւում, քան մեր հարևան երկրների՝ Ադրբեջանի, Վրաստանի, Ուկրաինայի, անգամ Ռուսաստանի և ԱՊՀ այլ երկրների առաջատար կայքերը։ Այնպէս որ՝ ներկայ միտումները բաւական յուսադրող են, չնայած առաջիկայ տարիներին աւելի սուր զարգացումներ են սպասւում։




Tert.am

0 Պատգամ: