Մամեդեարով.-

«Պատրաստ ենք օգտագործել ցանկացած

միջոցներ` վերադարձնելու մեր

տարածքները»




04.01.2011
Արման Յովհաննիսեան

«Եթէ դիւանագիտական մեթոդները արդիւնք չտան, մենք պատրաստ ենք օգտագործել ցանկացած միջոցներ` վերադարձնելու մեր տարածքները», - յայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդեարովը մեքզիկական The News թերթին տւած հարցազրոյցում:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտութիւնը Ադրբեջանի ամենամեծ խնդիրն է: Մեր տարածքի գրեթէ 20 տոկոսը օկուպացւած է Հայաստանի կողմից», - ադրբեջանական լրատւական գործակալութիւնների փոխանցմամբ` ասել է Մամեդեարովը եւ յաւելել, թէ Ադրբեջանի արտաքին քաղաքականութեան առաջնահերթութիւնն է միջազգային հանրութեանը «հայկական օկուպացիայի հետ կապւած իրավիճակի» մասին տեղեկացնելը:
«Ցաւօք, միջազգային հանրութիւնը, մասնաւորապէս` [միջնորդական առաքելութիւն իրականացնող] ԱՄՆ-ը, Ռուսաստանը եւ Ֆրանսիան, բաւարար ճնշում չեն գործադրում Հայաստանի վրայ: Այդպիսով, մենք պէտք է ակտիւացնենք մեր բանակցութիւնները», - յայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը:
Նրա խօսքերով` արդէն կայ այսպէս կոչւած սկզբունքների պլան ուղղակի բանակցութիւնների գործընթացի համար: Եւ այդ բանակցութիւններից յետոյ, ըստ Մամեդեարովի, Ադրբեջանը յայտարարել է, որ պատրաստ է սկսել աշխատանքը խաղաղ համաձայնագրի վրայ: «Սակայն ամենավերջին պահին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը ապակառուցողական դիրք գրաւեց բանակցութիւններում», - ասել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը:
«Վերջ ի վերջոյ, դա ժամանակի հարց է, անշուշտ, ես բացարձակապէս վստահ եմ, որ Հայաստանը վերջին հաշւով կվերադարձնի մեր տարածքները, քանի որ դա միջազգային իրաւունքի հարց է: Միջազգային բոլոր պայմանագրերի, այդ թւում ՄԱԿ-ի կանոնադրութեան տեսանկիւնից` արդարութիւնը մեր կողմն է», - յայտարարել է Մամեդեարովը:
Այսօր Ադրբեջանը փորձում է ցոյց տալ, որ ժամանակը չի աշխատում Հայաստանի օգտին, ասել է նա:
«Որպէս արտգործնախարար` ես միշտ գերադասում եմ դիւանագիտական լուծումները: Մենք կփորձենք օգտագործել դիւանագիտական միջոցները Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման համար», - յայտարարել է Մամեդեարովը եւ յաւելել. - «Չեմ կարծում, թէ մենք սպառել ենք բոլոր դիւանագիտական տարբերակները այդ հարցով: Սակայն եթէ Ադրբեջանի դէմ օգտագործւեն ռազմական միջոցներ, ինչպէս արդէն տեղի է ունեցել աւելի վաղ, լուծումը կարող է լինել ռազմական»:


«Ազատութիւն»

0 Պատգամ: