Չախալեանի պաշտպանութեան յանձնախումբը

կոչ է անում նախագահներին լուծել

ջաւախքահայ գործչի խնդիրը


«Վահագն Չախալեանը այն ջաւախքահայ գործիչներից է, որը հետևողականօրէն հանդէս է գալիս վրաց իշխանութիւնների կողմից ջաւախքահայութեան նկատմամբ իրականացւող խտրական քաղաքականութեան դէմ»




18:00 • 21.01.11
Վահագն Չախալեանի պաշտպանութեան յանձնախումբը յայտարարութիւն է տարածել Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի՝ Հայաստան կատարելիք այցի կապակցութեամբ:
«2008թ. յուլիսի 21-ին վրացական իշխանութիւնների կողմից Ախալքալաքում ձերբակալւել է ջաւախքահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալեանը: 2009թ. ապրիլի 7-ին Վրաստանի առաջին ատեանի դատարանը ակնյայտ օրինախախտումներով ուղեկցւող դատավարութեան արդիւնքում դատապարտել է նրան 10 տարւայ ազատազրկման մի շարք շինծու մեղադրանքներով, որոնք ուղղակիօրէն առնչւում են Ջաւախքի Հայ բնակչութեան իրաւունքների պաշտպանութեանն ուղղւած նրա քաղաքական և հասարակական գործունէութեանը: Վրաստանի Վերաքննիչ և Գերագոյն դատարանները թողել են վճիռն անփոփոխ:
Վահագն Չախալեանը այն ջաւախքահայ գործիչներից է, որը հետևողականօրէն հանդէս է գալիս վրաց իշխանութիւնների կողմից ջաւախքահայութեան նկատմամբ իրականացւող խտրական քաղաքականութեան դէմ: Թէև նրա հանրային գործունէութիւնն ընթանում էր բացառապէս օրինականութեան սահմաններում, սակայն ժողովրդի մէջ նրա հեղինակութիւնը և անկախ ու անկաշառ գործչի նրա համբաւը ստիպեցին վրաց իշխանութիւններին կազմակերպել նրա չեզոքացման գործողութիւնը, որի արդիւնքում նա այսօր բանտում է:
Սոյն թւականի յունւարի 22-ին պաշտօնական այցով Հայաստան է ժամանում Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: Վահագն Չախալեանի պաշտպանութեան մտաւորականների յանձնախումբը կոչ է անում Հայաստանի և Վրաստանի նախագահներին քննարկել և արդարացի լուծում տալ Վահագն Չախալեանի խնդրին` անյապաղ նրան ազատ արձակելով»,- ասւում է յայտարարութիւնում:
Յայտարարութիւնը ստորագրել են Վահագն Չախալեանի պաշտպանութեան մտաւորականների յանձնախմբի անդամներ Ալէք Ենիգոմշեանը, Երւանդ Մանարգանը, Լևոն Խեչոեանը, Կարինէ Խոդիկեանը, Աշօտ Ադամեանը, Տիգրան Խզմալեանը։



Tert.am

0 Պատգամ: