Showing posts with label ՀԱՅ ԴԱՏ. Show all posts
Showing posts with label ՀԱՅ ԴԱՏ. Show all posts



ԹՈՒՐՔԻՈՅ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՆԱԽԱԳԱՀ

ԱՊՏԻՒԼԼԱՀ ԿԻՒԼԻՆ



ԴԻՄՈՒՄ

Փարիզ, 18 Ապրիլ 2011 թ.


Պարոն Նախագահ,

Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհուրդը եւ Արեւմտեան Հայաստանի Հայերու Համագումարը (արձանագրուած՝ ՄԱԿ-ի հետեւեալ յանձնախումբերուն, WIPO - World Intellectual Property Organisation, EMRIP - Expert Mechanism on the Rights of Indigenous Peoples եւ ECOSOC - Economic and Social Council), ինչպէս նաեւ Արեւմտեան Հայաստանի Վտարանդի Կառավարութիւնը, նստավայր ունենալով Փարիզ, ՖՐԱՆՍԱ՝ սոյն պաշտօնական նամակագրութեամբ կը պահանջէ Թուրքիոյ Հանրապետութեան Կառավարութենէն՝ պաշտօնապէս ճանչնալ 1894-1923 թթ. օսմանեան, երիտթուրքական եւ քեմալական կառավարութիւններու կողմէ՝ հայութեան եւ հայկական քաղաքակրթութեան դէմ կատարուած շարունակական ոճրագործութիւնը, այսինքն՝ հայերու դէմ կատարուած ցեղասպանութեան փաստը:

Թրքական կառավարութիւններու կողմէ նախապէս ծրագրուած եւ իրականացուած ոճրագործութիւններու առ ի հետեւանք, հայութիւնը ունեցաւ մօտ երկու միլիոն նահատակ: Իսկ բռնագաղթի, հայրենազրկման եւ ուծացման ենթարկուեցան աւելի քան մէկ միլիոն հայ:
Այսօր, որպէս բնիկ ժողովուրդ, մօտաւորապէս տասը միլիոն հայեր, Թուրքիոյ Հանրապետութեան վարած հայատեաց քաղաքականութեան հետեւանքով՝ կ՛ապրին իրենց հայրենիքէն դուրս ու կ՛ենթարկուին ձուլման եւ ոչնչացման՝ առանց իրենց ազատ, նախօրոք եւ լուսաբանված համաձայնութեան:

Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհուրդը եւ Վտարանդի կառավարութիւնը կտրականապէս կը մերժէ Հայոց ցեղասպանութեան հարցի քաղաքականացուած կեդրոնացումը միայն 1915 թուականի վրայ:
Ցեղասպանութիւնը սկսուած է 1894 թուկանէն Սասունի ջարդերով, որու նպատակով 1891 թուականէն նախապէս կազմուած էին համիտեան գունդերը:

Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհուրդը եւ Վտարանդի կառավարութիւնը Թուրքիոյ կողմէ իրականացուած ցեղասպանութեան փաստը կը բաժնէ երեք ժամանակաշրջաններու.
1. 1894 - 1896 թթ. Ապտիւլ Համիտ Բ-ի կողմէ կատարուած ցեղասպանութիւնը,
2. 1909 թ. Հայկական Կիլիկիոյ՝ Ատանայի ջարդերը, երիտթուրքերու կողմէ կատարուած ցեղասպանութիւնը,
3. 1915 - 1923 թթ. երիտթուրքերու եւ քեմալական կառավարութեանց կատարած ցեղասպանութիւնը:

Ըստ այնմ, Թուրքիոյ Հանրապետութեան կառավարութենէն կը պահանջուի 1894 - 1923 թթ. հայերու դէմ պետականօրէն ծրագրուած եւ իրականացուած ցեղասպանութեան փաստի ամբողջական ճանաչումը, հիմնուած պատմական-իրաւական արխիւային հետեւեալ փաստաթուղթերու հիման վրայ.
- «1915 թ. մայիս 24-ին Երրեակ Համաձայնութեան տէրութիւնները՝ Մեծն Բրիտանեան, Ֆրանսան եւ Ռուսաստանը, առաջինն էին, որոնք հանդէս եկան Օսմանեան կառավարութեան կողմէ հայերու բնաջնջման քաղաքականութեան դէմ համատեղ մէկ յայտարարութեամբ, որով Օսմանեան կառավարութեան կողմէ հայերու նկատմամբ ի գործ դրուած բռնութիւններն ու ջարդերը որակեցին իբրեւ «Թուրքիոյ նոր ոճիրները ընդդէմ մարդկութեան եւ քաղաքակրթութեան»:
- 1919 թ. Կ. Պոլսոյ Ռազմական յատուկ ատեանի վճիռները:
- 1965 - 2010 թթ. հայերի ցեղասպանութիւնը դատապարտած պետութիւններու ցանկը:
- 1984 թ. ժողովուրդներու մշտական ատեանի վճիռը:
- 1985 թ. ՄԱԿ-ի Մարդկային իրաւանց ենթայանձնախումբի որոշումը:
- 1987 թ. Եւրոպական Խորհրդարանի որոշումը:
- 2007 թ. «Բնիկ Ժողովուրդներու իրաւունքներու մասին» Հռչակագիրը:
- 2011 թ. Արժանթինի Գերագոյն ատեանի վճիռը:


Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհուրդի Նախագահ՝

Պրն. Արմենակ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ


Արեւմտեան Հայաստանի Վտարանդի Կառավարութեան Վարչապետ՝

Պրն. Տիգրան ՓԱՇԱԲԵԶԵԱՆ





Մեծարանքի երեկոյ՝

ի պատիւ Հանրի Սաբիի


18 ԱՊՐԻԼԻ 2011

Սոյն թւականի ապրիլի 14-ին Ֆրանսիայի Թուլուզ քաղաքի Հօ Գարոնի Նահանգային խորհրդի շէնքում, ներկայութեամբ նահանգային խորհրդի նախագահ ընկերվարական Պիէր Իզարի, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգէն Չիթեչեանի ձեռամբ ՀՀ նախագահի կողմից շքանշանով պա
րգեւատրւեց հայ ժողովրդի երկար տարիների բարեկամ Հանրի Սաբին:
Ֆրանսիացի նախկին եւրոպատգամաւոր Հանրի Սաբին ծնւել է 1933 թւականին՝ Ֆրանսիայի Թուլուզ ք
աղաքում: Եւրոխորհրդարանի անդամ է ընտրւել ֆրանսիական Ընկերվարական կուսակցութեան ցանկերում՝ 1981 թւականից մինչեւ 1994 թւականը:
Նա յաջորդաբար եղել է Եւրոխորհրդարանի ֆրանսիացի ընկերվարականների պատւիրակութեան նախագահ,
Զարգացման եւ համագործակցութեան յանձնաժողովի նախագահ, Աֆրիկայում, Կարայիբեան-Խաղաղական յանձնաժողովի փոխնախագահ եւ Նախագահների յանձնաժողովի նախագահ: Նա նաեւ այլ բազում պաշտօններ է վարել եւ անդամակցել է բազմաթիւ յանձնախմբերի:
Եւրոխորհրդարանի կողմից Հայոց Ցեղասպանութեան 1987 թւականի յունիսի 17-ի ճանաչման գործում Հանրի Սաբին առաջնորդ դերակատարութիւն է ունեցել, եւ իր ջանքերի միջոցով ընկերվարական խմբի տարբեր երկրների պատւիրակութիւնները պաշտպանել են 1987 թ. բանաձեւը եւ ի նպաստ քւէարկել:
1988 թւականի Արցախեան շարժման սկսւելուց յետոյ՝ Հ. Սաբին Եւրոխորհրդարանում մեծապէս նպաստել է արցախահայութեան իրաւունքներին ի նպաստ բանաձեւերի ընդունման, աշխատանքային այցելութիւններ է տւել Հայաստան եւ Արցախ, ու 1990 թւականին Երեւանի քաղաքապետարանի կողմից պատւոյ քաղաքացու կոչման է արժանացել:
2007 թւականի հոկտեմբերին Եւրոխորհրդարանի կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչման 20-րդ տարելիցի առիթով Եւրոպայի Հայ Դատի յանձնախմբի կազմակերպած Եւրոպահայութեան 2-րդ համաժողովը նրան պարգեւատրեց, ինչպէս նաեւ՝ 1987 թւականի ճանաչման միւս դերակատարներին:

Հ. Յ. Դ. ՄԱՄԼՈՅ ԴԻՒԱՆ
«ԱԼԻՔ»

Le Monde.

Փարիզը դաւաճանեց հայերին


«Սարկոզին երաշխաւորում է, որ Հայոց Ցեղասպանութեան հերքման համար քրէական պատասխանատւութիւն սահմանող օրինագիծը կհանգի Ֆրանսիայի Սենատում»


«Թուրքերը պայքարում են Գազայի հատւածի շրջափակման դէմ, սակայն արդէն 16 տարի շրջափակւած են պահում Հայաստանը: Թուրքերը Իսրայէլից թուրքական նաւատորմի ինը զոհերի համար ներողութիւն են պահանջում, սակայն երբէք մի խօսք չեն ասել 1915-ին զոհւած 1,5 միլիոն հայերի մասին»


Յունւար 02, 2011 08:54
NEWS.am-ը ներկայացնում է ֆրանսիական Le Monde-ում հրապարակւած Արա Թորանեանի յօդւածը:
Wikileaks-ի գաղտնազերծած դիւանագիտական թղթակցութիւնը բացայայտում է Հայոց Ցեղասպանութեան հերքման համար քրէական պատասխանատւութիւն սահմանելու Ֆրանսիայի Հայ համայնքի առջեւ ստանձնած պարտաւորութիւններն արդէն երկու ամիս անց խախտելու Նիկոլա Սարկոզիի քայլը: 2007թ. ապրիլի 24-ին Ժողովրդական շարժման միութեան թեկնածուն խոստացավ նպաստել Սենատում փաստատթղթի ընդունմանը: Ազգային ժողովն արդէն ընդունել էր օրէնքը:
Սակայն Wikileaks-ի հրապարակած փաստաթուղթը վկայում է, որ Ֆրանսիայի նախագահական պալատի դիւանագիտական խորհրդական Ժան Դաւիդ Լեւիտը 2007թ. մայիսի 29-ին Անկարայում թուրք զրուցակցին ասել է. «Սարկոզին երաշխաւորում է, որ Հայոց Ցեղասպանութեան հերքման համար քրէական պատասխանատւութիւն սահմանող օրինագիծը կհանգի Ֆրանսիայի Սենատում»:
Մենք այժմ աւելի լաւ ենք հասկանում այդ մերժման քաղաքականութեան ամբարտաւանութիւնը, որն Անկարայի աջակցութեամբ տարածւում է ֆրանսիական կայքերում: Դա ցեղասպանութեան քաղաքական կողմն է, որը նոյն ցեղասպանութեան շարունակութիւնն է այլ միջոցներով: Դրա դէմ չեն պայքարի հասարակական կարգի համար պատասխանատուները, դա կարժանանայ Ֆրանսիայի նախագահի բարեացակամ չեզոքութեանը:
Ի՞նչ գին ունեն Ֆրանսիայի Հայ համայնքին Նիկոլա Սարկոզիի ասած գեղեցիկ խօսքերը, պատմութիւնից դաս քաղելու մասին հռետորութիւնը: Թուրքիայի ներսում ձեւաւորւում է հայերին ներողութիւն յայտնելու շարժում, իսկ Ֆրանսիան նման նւէր է անում Անկարային: Յետոյ պէտք չէ զարմանալ, որ թուրքական իշխանութիւնները, ժպտալով Արեւմուտքին, Իրանին ուրան առաքելու պայմանագիր են կնքում: Թուրքերը պայքարում են Գազայի հատւածի շրջափակման դէմ, սակայն արդէն 16 տարի շրջափակւած են պահում Հայաստանը: Թուրքերը Իսրայէլից թուրքական նաւատորմի ինը զոհերի համար ներողութիւն են պահանջում, սակայն երբէք մի խօսք չեն ասել 1915-ին զոհւած 1,5 միլիոն հայերի մասին:
Wikileaks-ում յայտնւել է նաեւ մէկ այլ դիւանագիտական ճեպագիր, որի համաձայն Ֆրանսիայի արտգործնախարարութեան բարձրաստիճան պաշտօնեայ Ռոլան Գալարագը պաշտպանութեան հարցերով ամերիկացի քարտուղար Վիլիամ Բերնսին ասել է, որ Ֆրանսիայում ուժեղ Հայ համայնքի առկայութիւնը խոչընդոտում է Լեռնային Ղարաբաղում խաղաղութիւն հաստատելու առաջարկներին:
Հարց է ծագում, թէ այդ ի՞նչ գեղեցիկ առաջարկներ ունի Ֆրանսիայի արտգործնախարարութիւնը, որ կարող է առաջացնել հայկական արմատներով ֆրանսիացիների դժգոհութիւնը: Ցաւօք, պանթուրքիզմի շահերի համար հայերին դաւաճանելու Ֆրանսիական Հանրապետութեան վաղեմի աւանդոյթը շարունակւում է: Մենք այստեղ չենք յիշատակի այդ վերաբերմունքի պատճառով զոհւածներին: Բայց ինչպէ՞ս մենք չզայրանանք, որ այսքան դժբախտութիւններից յետոյ այդ պրակտիկան դեռ ուժի մէջ է:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

ՀՅԴ– Հայ Դատը քննադատում է

Բրայզային դեսպան նշանակելու

որոշումը


31.12.2010
Արմէն Քոլոեան
Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Վաշինգթոնի Հայ Դատի գրասենեակի ղեկավար Արամ Համբարեանը պատասխանել է «Ազատութիւն» ռադիոկայանի թղթակցի հարցերին։
Վաշիգտոնի ՀՅԴ Հայ Դատի գրասենեակի ղեկավար Արամ Համբարեանի համոզմամբ, սենատորներ Բարբարա Բոքսերը եւ Ռոբերտ Մենենդեսը նախագահին լաւ առիթ էին տւել` ձերբազատւելու այդ խնդրից եւ չնշանակելու այդչափ խնդրահարոյց եւ կողմնակալ դեսպան։
«Այն հանգամանքը, որ նախագահը Կոնգրէսը շրջանցելով է նշանակում արել, հարցականի տակ է դնում նորանշանակ դեսպանների լեգիտիմութիւնը։ Սա ամերիկեան կառավարութեան համար պահն է, երբ հարկ է փակել պատերազմով սպառնացող Ադրբեջանին եւ դաշնակիցներին անդադար խաղաղեցնելու, հանգստացնելու ձախողւած քաղաքականութեան էջը»,- ասել է Արամ Համբարեանը։
«Կառավարութեանը պէտք է տալ այդ երկրների ռազմատենչ կեցւածքի դէմն առնելու հնարաւորութիւն, մինչդեռ, դեսպան նշանակելով մէկին, ով լռելով, հանգստացնելով` հանդուրժել է Ադրբեջանի այդ կեցւածքը, մենք վտանգում ենք մեր արժէքները եւ մեր շահերը տարածաշրջանում», - ասել է Վաշինգթոնի Հայ Դատի գրասենեակի ղեկավարը։

«ԱԶԱՏՈՒԹԻՒՆ»


Եթէ Անկարան վճարի պահանջւող գումարը,

ցեղասպանութեան զոհերի ժառանգների հայցով

դատական գործընթացը կը դադարեցւի



10:09 • 10.08.10
Հայոց Ցեղասպանութեան զոհերի ժառանգները Թուրքիայից պահանջում են ոչ թէ իրենց նախնիներից բռնագրաււած անշարժ և շարժական գոյքը, այլ 95 տարիների ընթացքում բանկային հաշիւներում գոյացած գումարն ու այդ գոյքից ստացւած եկամուտները: Այս մասին Haberturk-ին տւած հարցազրոյցում ասել է ամերիկահայ փաստաբան Պերճ Բոյաջեանը` մեկնաբանելով օրերս ԱՄՆ-ում բնակւող մեր հայրենակիցների կողմից Թուրքիայի կառավարութեան և երկրի երկու խոշոր բանկերի` Կենտրոնական բանկի և Գիւղատնտեսական բանկի դէմ ներկայացւած հայցը:Փաստաբան Բոյաջեանը, ով թուրքական իշխանութիւնների դէմ ներկայացւած հայցը պաշտպանող 4 փաստաբաններից մէկն է, նշում է, որ հայցը որևէ առնչութիւն չունի Հայոց Ցեղասպանութեան փաստի ճանաչման հետ:«Այս հայցի նպատակը թուրքերի իրականացրած ցեղասպանութեան ապացուցումը չէ»,- յայտարարել է արմատներով Արևմտեան Հայաստանից փաստաբանը` շարունակելով.«Օսմանեան կայսրութիւնը 1915 թւականին հայերին տեղահանելու որոշում ընդունեց: Այդ ընթացքում, սակայն, ընդունւեց մէկ այլ որոշում, որում ասւում էր, որ գնացողների բանկային հաշիւներում պահւող գումարները, հողատարածքները, գործարանները մինչև հայերի վերադարձը անցնում է պետական վերահսկողութեանը։ 95 տարիների ընթացքում օգտագործել են այդ ամէնը և ստացել եկամուտներ: Մենք գոյք յետ չենք ուզում: Այլ ասում ենք` վերադարձրէք այդ գոյքից ստացւած եկամուտը: Շատ պարզ հայց է»:Փաստաբան Բոյաջեանը նշել է նաև, որ իրենք հարցի առնչութեամբ պատրաստ են նստել և բանակցել թուրքական իշխանութիւնների հետ: «Նախ կսպասենք թուրքական կառավարութեան արձագանքին։ Յետոյ կուսումնասիրւեն գոյքի սեփականութեան վկայականները, որից յետոյ կը հաշւարկենք գոյքից ստացւած եկամուտը: Եւ եթէ համաձայնութիւն ձեռք բերւի վճարւելիք գումարի շուրջ, ապա հարկ չի լինի շարունակել դատական գործընթացը: Իսկ հակառակ դէպքում այն կը շարունակւի, և դատարանը կը կայացնի իր որոշումը»,- ասել է փաստաբան Բոյաջեանը:
Tert.am

Ֆրէնսիս Ռիկարդոնէն Հայոց Ցեղասպանութեան հարցում հաւատարիմ է մնալու պաշտօնական Վաշինգտոնի դիրքորոշմանը
15:21 • 21.07.10
Երէկ ԱՄՆ Սենատի Արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովում քննարկւել է Անկարայում Միացեալ Նահանգների դեսպանի պաշտօնում Ֆրէնսիս Ռիկարդոնէի թեկնածութեան հարցը:
Ամերիկայի Հ. Յ. Դ. Հայ Դատի Յանձնախումբը տեղեկացնում է, որ դեմոկրատ սենատոր Ջոն Քէրիի նախագահութեամբ կայացած նիստում սենատորները Ռիկարդոնէին են ուղղել Հայոց Ցեղասպանութեանը, կիպրական հիմնախնդրին, Թուրքիայի յունաց պատրիարքարանին, թուրք-ամերիկեան, թուրք-իսրայէլական, թուրք-իրանական յարաբերութիւններին և Քիւրդստանի բանւորական կուսակցութեանը (PKK) առնչւող հարցեր:
Յայտարարելով, որ ինքն անելու է հնարաւորը թուրք-ամերիկեան համագործակցութիւնն ամրապնդելու համար, Ռիկարդոնէն ընդգծել է, որ Միացեալ Նահանգների և Թուրքիայի համագործակցութեան ոլորտներից է PKK-ի դէմ պայքարը:
Իսկ երբ հայամէտ և յունամետ հայեացքներով յայտնի ամերիկացի սենատոր Ռոբերտ Մենենդէզը փորձել է պարզել ամերիկացի դիւանագէտի դիրքորոշումը Հայոց Ցեղասպանութեան փաստի ճանաչման առնչութեամբ, Ֆրենսիս Ռիկարդոնէն յայտարարել է, որ դիւանագէտներն անձնական քաղաքականութիւն չունեն, և որ Հայոց Ցեղասպանութեան հարցում ինքը շարունակելու է պաշտպանել ամերիկեան վարչակազմի որդեգրած քաղաքականութիւնը:
Ռիկարդիոնէն պատասխանել է նաև Հայ–թրքական յարաբերութիւնների վրեաբերեալ հարցին։ «Տարածաշրջանային ինտեգրումը ԱՄՆ առաջնահերթութիւններից է։ Թուրքիայի և Հայաստանի մերձեցումը կամրապնդի կայունութիւնն ու բարեկեցութիւնը ողջ տարածաշրջանում»,– ասել է նա՝ ընդգծելով, որ ԱՄՆ–ը կը շարունակի յօրդորել Թուրքիային վաւերացնել Արձանագրութիւնները և աջակցելու է բոլոր այն ծրագրերին, որոնք ուղղւած են թուրքերի և հայերի միջև փոխըմբռնման կառուցմանը։
Սենատի Արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովում քննարկւել է նաև Բաղդադում Միացեալ Նահանգների դեսպանի պաշտօնում Ջէյմզ Ջեֆրիի թեկնածութեան հարցը:
Յիշեցնենք, որ նախքան Ռիկարդոնէի թեկնածութեան քննարկումը Ամերիկայի հայկական համագումարը յայտարարութիւն էր տարածել, որում ամերիկացի դիւանագէտին կոչ էր անում յօրդորել Թուրքիային «վերջ դնել մերժողական քաղաքականութեանը և հաշտւել Ցեղասպանութեան իր ժառանգութեան հետ»:
Tert.am

Ըստ ֆրանսիացի փորձագէտների՝ մեծ է հաւանականութիւնը, որ Ցեղասպանութեան բանաձևը կը յայտնւի Սենատի օրակարգում

15:09 • 20.07.10
Ներկայ պահին Ֆրանսիայի Սենատի օրակարգում ընդգրկւած է Հայոց Ցեղասպանութեան փաստի ժխտումը քրէականացնող երեք օրինագիծ: Այս մասին գրում է թուրքական Hurriyet օրաթերթը` աւելացնելով, որ մեծ է հաւանականութիւնը, որ այդ օրինագծերը Սենատի լիագումար նիստի օրակարգում կը յայտնւեն արդէն այս տարւայ աշնանը:
Թուրքական պարբերականն ուսումնասիրութիւն է կատարել՝ պարզելու համար, թէ ֆրանսիական Սենատում Հայոց Ցեղասպանութեան փաստի ժխտումը քրէականացնող քանի օրինագիծ կայ:
«Ցեղասպանութեան փաստի ժխտումը քրէականացնող օրինագիծը 2006թ. ընդունւեց Ֆրանսիայի Ազգային ժողովի (ստորին պալատ) կողմից և այդպէս էլ չվաւերացւեց Սենատի կողմից: 2010թ. մայիսի 19-ին նման մի օրինագիծ էր ներկայացւել Կոմունիստական կուսակցութեան անդամ, Սենատի փոխխօսնակ Գայ Ֆիշերի կողմից: Եւ վերջապէս 2010թ. յուլիսի 5-ին 30 սոցիալիստ սենատորներ ներկայացրեցին 3-րդ օրինագիծը»,- գրում է Hurriyet-ը` աւելացնելով, որ ֆրանսիացի սենատորները պատրաստւում են 2011թ. խորհրդարանական ընտրութիւններին ընդառաջ քննարկել այդ օրինագծերը Սենատում:
Թեմայի առնչութեամբ թուրքական պարբերականը զրուցել է ֆրանսիական Liberaton թերթի թուրք-ֆրանսիական յարաբերութիւնների հարցերով փորձագէտ, լրագրող Մարկ Սեմոյի և Միջազգային ռազմավարական հետազոտութիւնների ֆրանսիական կենտրոնի (IRIS) Թուրքիայի հարցերով փորձագէտ Դիդիէ Բիյոնի հետ:
«Մեծ է հաւանականութիւնը, որ Սենատի օրակարգում կը ներառւի Հայոց Ցեղասպանութեան փաստի ժխտումը քրէականացնող օրինագիծը: Առաջիկայում տեղի են ունենալու Սենատի ընտրութիւնները: Ֆրանսիայում կայ 500 հազար հայ ընտրող: Թուրքերի թիւն այստեղ 500 հազար է, սակայն նրանցից ընտրելու իրաւունք ունի միայն 60 հազարը: Այնպէս որ, ֆրանսիացի քաղաքական գործիչները լսելու են հայերին»,- յայտարարել է Մարկ Սեմոն:
«Իրօք. մեծ է ռիսկը, որ այդ օրինագիծը կը յայտնւի Սենատի օրակարգում: Սփիւռքն ընտրութիւններից առաջ նոյն խաղաքարտն է խաղացնում: Դա ընտրութիւններին ընդառաջ մի մանևր է: Սակայն օրակարգում ներառել դեռ չի նշանակում այն վաւերացնել: Բայց, միևնոյն ժամանակ, հնարաւոր է, որ դէպքերը շատ արագ զարգանան: Դրա համար պէտք է ուշադիր լինել»,- ասել է Դիդիէ Բիյոնը:
Tert.am

«ԱՄԵՆԱՃԻՇՏ ՔԱՅԼԸ, ՈՐ ՔԼԻՆԹՈՆԸ ԿԱՐՈՂ Է ԱՆԵԼ, ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ԶՈՀԵՐԻ ՅՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ ԱՅՑԵԼԵԼՆ Է»

Երեւան (Երկիր) - ԱՄՆ նախագահի վարչակազմը պէտք է օգտագործի պետքարտուղար Քլինթոնի այցը Հարաւային Կովկաս Ղարաբաղեան կարգաւորման եւ Հայ-թրքական հաշտեցման գործընթացներում իր չյաջողած քաղաքականութիւնը վերանայելու համար. «Ազատութիւն» ռադիոկայանին ասել է ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի գործադիր տնօրէն Արամ Համբարեանը:
Նրա խօսքերով` եթէ Քլինթոնի այցը քաղաքականութիւնը վերանայելու, դրական ուղղութեամբ փոխելու ցանկութեամբ է արւում, ապա դա դրական զարգացում է, իսկ եթէ վերաամրագրելու է վերջին 18 ամիսների բացասական աւանդոյթները, ապա այցը լաւատեսութիւն չի ներշնչում:
Համբարեանի կարծիքով` ամենաճիշտ քայլը, որ ԱՄՆ պետքարտուղարը կարող է անել, Հայոց Ցեղասպանութեան զոհերի յուշահամալիր այցելելն է եւ այդ ոճիրը ճանաչելու վերաբերեալ յայտարարութեամբ հանդէս գալը:
«Մենք տեսել ենք, որ այս վարչակազմը գնալով աւելի սխալ ուղղութեամբ է շարժւում. նախընտրական քարոզարշաւի ժամանակ Ցեղասպանութեան ճանաչման խոստումից այն շարժւեց դէպի այս հարցի շուրջ լռութեան քաղաքականութիւն, այնուհետեւ պարզապէս չճանաչեց, յետոյ աւելի հեռուն գնաց` հակադրւելով Կոնգրէսում Ցեղասպանութիւնը ճանաչող բանաձեւին»,- ընդգծել է Ա. Համբարեանը:
Հարցին, թէ Քլինթոնը Հայ-թրքական յարաբերութիւնների վերաբերեալ ի՞նչ ուղերձ կը յղի Հայաստանի իշխանութիւններին, արդեօ՞ք կրկին հետամուտ կլինի գործընթացի վերսկսմանը, Արամ Համբարեանը պատասխանել է. «Հայ-թրքական յարաբերութիւնները երբեք չեն բարելաււի, եթէ Հայոց Ցեղասպանութեանը չվերաբերւեն ճշմարտութեան եւ արդարութեան դիրքերից: Թուրքիան, իհարկէ, կբողոքի, բայց ամերիկեան քաղաքականութիւնը պէտք է հիմնւած լինի ամերիկեան արժէքների եւ շահերի վրայ»:
Անդրադառնալով Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորմանը` Ա. Համբարեանը նշել է, որ այդ հարցում էլ ԱՄՆ վարչակազմը շեղւեց ճիշտ ուղուց: «Նախագահ Օբաման քարոզարշաւի ընթացքում ասում էր. «Ես լուծելու եմ Լեռնային Ղարաբաղի հարցը ամերիկեան սկզբունքների` ժողովրդավարութեան եւ ինքնորոշման սկզբունքի հիման վրայ»: Իրականում տեսնում ենք հայկական կողմի վրայ անվերջ շարունակւող ճնշումներ, որը ժողովրդավարական չէ, սխալ է»,- նշել է Հայ Դատի յանձնախմբի գործադիր տնօրէնը` յաւելելով, որ եթէ այդ նոյն քաղաքականութիւնը կիրառւէր 1776 թւականին, երբ Միացեալ Նահանգները անկախութեան հռչակեցին, Ամերիկան կմնար Բրիտանական կայսրութեան կազմում:

Հայոց Ցեղասպանութեան ժխտումը քրէականացնող օրինագիծը` Ֆրանսիայի Սենատում
17:38 • 09.07.10
Ֆրանսիայի Սենատը պատրաստւում է քննարկել Հայոց Ցեղասպանութեան ժխտումը քրէականացնող օրինագիծը: Այս մասին փոխանցում է թուրքական Dogan («Դողան») գործակալութիւնը:
Թուրքական լրատւամիջոցի փոխանցմամբ` օրինագիծը Սենատի օրակարգ է բերւել 30 սենատորների նախաձեռնութեամբ:
Եթէ օրինագիծն արժանանայ ֆրանսիական Սենատի հաւանութեանը և ստորագրւի երկրի նախագահի կողմից, ապա Ֆրանսիայի տարածքում բոլոր նրանք, ով կպնդեն, թէ Հայոց Ցեղասպանութիւն չի եղել, կդատապարտւեն 5 տարւայ ազատազրկման և կտուգանւեն 45 հազար եւրոյով:
Յիշեցնենք, որ Հայոց Ցեղասպանութեան ժխտումը քրէականացնող օրինագիծը Ֆրանսիայի Ազգային ժողովի (ստորին պալատ) կողմից ընդունւել է դեռևս 2006թ. հոկտեմբերի 12-ին:
Tert.am

Թաներ Աքչամ.–
Եթէ Իրանը կարողանայ օգնել Թուրքիային՝ ճանաչելու իր պատմութիւնը, կարեւոր գործ արած կը լինի
Յունիս 23, 2010 17:21
Այսօր` յունիսի 23-ի առաւօտեան ժամը 10-ին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդարանի դահլիճում, կայացել է թուրք մտաւորական, «Քլարք» համալսարանի դասախօս՝ պրոֆեսոր Թաներ Աքչամի ասուլիսը:
Ինչպէս տեղեկացնում է Թեհրանի «Արաքս» շաբաթաթերթը, Թաներ Աքչամը նախ շնորհակալութիւն է յայտնել Իրան հրաւիրելու համար եւ ասել, թէ հպարտ է, որ իր գիրքը թարգմանւել է պարսկերէն: Խօսքը «A Shameful act» (Ամօթալի արարք) գրքի մասին է, որի բովանդակութիւնը Հայոց Ցեղասպանութեան՝ Թուրքիայի պատմութեան մութ ծալքերի մասին է:
«Իմ միակ յոյսն ու երազն այն է, որ Թուրքիան իր պատմութեան այս մութ մնացած կողմը ճանաչի, որից յետոյ է միայն, Հայ-թրքական յարաբերութիւնները կարող են արմատաւորւել խաղաղութեամբ»,- ասել է Աքչամը եւ յաւելել. «Հայոց Ցեղասպանութիւնն իսկական Ցեղասպանութիւն է, եւ ոչ թէ ջարդ կամ սպանութիւն: Ես կասէի՝ եթէ 1915-ին տեղի ունեցածը Ցեղասպանութիւն չանւանենք, այդ դէպքում պիտի ասել, որ որեւէ ցեղասպանութիւն չի եղել աշխարհում: Սա է իմ տրամաբանութիւնը՝ իրերը պէտք է անւանւեն իրենց անունով, որպէսզի կարողանանք ճիշտ վերաբերւել նրանց հետ»:
Նա նաեւ ասել է. «Երբ մենք խօսում ենք անցեալի մասին, ցանկանում ենք հասնել խաղաղութեան, բարեկամութեան եւ ոչ թե թշնամանքի»:Թաներ Աքչամը՝ շեշտելով, որ պիտի շարունակւի միջազգային ասպարէզում եւ օտարերկրեայ խորհրդարաններում Հայոց Ցեղասպանութեան ճանաչման ընթացքը, ասաց. «Նախկինում օտարերկրեայ խորհրդարաններում Ցեղասպանութեան փաստի ճանաչումը համարում էի սխալ: Կարծում էի, որ արտաքին միջամտութիւնը կարող է աւելի շատ լարել թուրք հասարակութեանը հայերի դէմ, բայց այսօր գտնում եմ, որ առանց արտաքին ճնշումների՝ Թուրքիան այս պատմական իրականութիւնը չի ընդունելու, եւ հայերի միակ ճանապարհն այսօր հէնց այդ է, որ տարբեր երկրների խորհրդարաններում բարձրացնեն այս հարցը»:
«Ամօթալի արարք» գրքի հեղինակի կարծիքով՝ «պատմական իրականութեան մասին տեղեկանալը մարդկանց կմօտեցնի իրար»: Նա ասել է նաեւ, որ «Թուրքիան ոչ միայն հայերի, այլ նաեւ միւս հարեւան ժողովուրդների՝ քրդերի, յոյների, ալեւիների եւ այլոց հետ հարցեր ունի, որոնց լուծումը նախեւառաջ նրանց մասին ճիշտ տեղեկացւած լինելու մէջ է»:
Աքչամը, նկատի ունենալով Իրան-Թուրքիա սերտ յարաբերութիւնները, նշել է. «Կարծում եմ, որ եթէ Իրանը կարողանայ օգնել Թուրքիային, որպէսզի նա ճանաչի իր պատմութիւնը, շատ կարեւոր գործ արած կը լինի»:


Լուրեր Հայաստանից - NEWS.am

Շտեֆան Ֆիւլ.–
Էրդողանի յայտարարութիւնները չեն կարող նպաստել Հայ-թրքական յարաբերութիւնների կարգաւորմանը

13:29 • 08.06.10
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` «հարկ եղած դէպքում Թուրքիայից հայերին արտաքսելու» վերաբերեալ հնչեցրած յայտարարութիւնները չեն կարող նպաստել Հայաստանի և Թուրքիայի միջև յարաբերութիւնների կարգաւորման գործընթացին:
Այս մասին, Ankara գործակալութեան փոխանցմամբ, ի պատասխան եւրախորհրդարանականների հարցադրումներին՝ յայտարարել է ԵՄ ընդլայնման հարցերով յանձնակատար Շտեֆան Ֆիւլէն:
Եւրախորհրդարանում մի շարք պատգամաւորների կողմից Թայիփ Էրդողանի յայտարարութիւնների առնչութեամբ բարձրացւել էին հետևեալ հարցադրումները.
«Արդեօ՞ք Եւրայանձնաժողովը տեղեակ է թուրքական կառավարութեան՝ վրէժխնդիր լինելու սպառնալիքների մասին: Արդեօ՞ք Եւրայանձնաժողովը հարցի առնչութեամբ շփումներ հաստատել է թուրքական կառավարութեան հետ: Իսկ եթէ նման շփումներ կան, ինչպիսի՞ն է դրանց արդիւնքը: Եւ ի վերջոյ, ինչպիսի՞ ազդեցութիւն կունենայ Էրդողանի այդ յայտարարութիւնը Թուրքիայի` ԵՄ անդամակցութեան բանակցային գործընթացի վրայ»:
Պատասխանելով այս հարցադրումներին՝ Շտեֆան Ֆիւլեն յայտարարել է. «Նման յայտարարութիւնները չեն կարող նպաստել Հայ-թրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացի նպատակին: Իսկ ինչ վերաբերում է նման յայտարարութիւնների կեանքի կոչելուն, Եւրայանձնաժողովը տեղեկութիւն չունի այդ առնչութեամբ»:
Ֆյուլէն նշել է նաև, որ Եւրամիութիւնը շարունակում է աջակցել Հայաստանի և Թուրքիայի միջև յարաբերութիւնների կարգաւորման գործընթացին:
Յիշեցնենք, որ Լոնդոնում BBC-ի թուրքական ծառայութեան հետ հարցազրոյցում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը յայտարարել էր, թէ հարկ եղած դէպքում Թուրքիայի իշխանութիւնները կարող են երկրից վտարել ապօրինի բնակւող հայերին:
Tert.am

Բրայզան պաշտոնապէս առաջադրւեց
Հայ Դատի Յանձնախումբը Զգուշութեան Կոչ է Անում

10:39 • 26.05.10
Սպիտակ Տունը պաշտօնապէս առաջադրել է Մաթիւ Բրայզայի թեկնածութիւնը Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտօնում։ Ներկայում նա ԱՄՆ փոխպետքարտուղարի օգնականն է և մինչև վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահն էր։
Ինչպէս գրում է Asbarez.com կայքը, Բրայզան, որն ամուսնացած է ազգութեամբ թուրք Զէյնօ Բարանի հետ, միշտ սերտ յարաբերութիւնների մէջ է եղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և քաղաքական վերնախավի հետ։ Պարբերականը յիշեցնում է, որ Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման գործընթացում նրա միջնորդական ջանքերը յաճախ աչքի են ընկել յստակ ադրբեջանամէտ կողմնորոշմամբ։
Այս կապակցութեամբ արդէն յայտարարութեամբ է հանդէս եկել Ամերիկայի Հայ Դատի Յանձնախմբի գործադիր տնօրէն Արամ Համփարեանը։ «Մենք ակնկալում ենք, որ ԱՄՆ Սենատի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովը և Սենատը նրա թեկնածութիւնը հաստատելիս մեծ ուշադրութեամբ կուսումնասիրեն պրն Բրայզայի կարիէրան, ինչպէս նաև հարցաքննութեան ընթացքում նրա տւած պատասխանները»,– ասել է նա՝ ընդգծելով, որ ամերիկահայերը մի շարք մտահոգութիւններ ունեն «ամերիկեան դիւանագիտութիւնում Բրայզայի պահւածքի առնչութեամբ»։
Նշենք, որ Բրայզայի թեկնածութիւնը նախ պէտք է հաստատի Արտաքին Յարաբերութիւնների յանձնաժողովը, ապա Սենատը։

Tert.am

Հ. Յ. Դաշնակցութիւնը
բոյկոտում է Չավուշօղլուի հետ հանդիպումը



15:20 • 11.05.10
ԱԺ «ՀՅԴ» խմբակցութիւնը չի մասնակցի մայիսի 13–ին նախառեսւած ԵԽԽՎ նախագահ Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպմանը։ Որոշումը կայացւել է այսօր խմբակցութեան նիստում։ Պատճառը, ըստ խմբակցութեան ղեկավար Վահան Յովհաննիսեանի, Ցեղասպանութեան յուշահամալիր չայցելելու Չավուշօղլուի որոշումն է։
Վահան Յովհաննիսեանը լրագրողներին ասել է, որ կառոյցի նախկին ղեկավարները, ովքեր եկել են Հայաստան, պարտադիր այցելել են Ծիծեռնակաբերդ։
ԵԽԽՎ–ում Հայաստանի պատւիրակութեան դաշնակցական անդամ Արմէն Ռուստամեանը նոյնպես հրաժարւել է մասնակցել Չավուշօղլուի և ԵԽԽՎ–ում Հայաստանի պատւիրակութեան հանդիպմանը։
ԲՀԿ քարտուղար Արամ Սաֆարեանը հրաժարւել է մեկնաբանել Դաշնակցութեան որոշումը՝ ասելով, որ իրենց խմբակցութիւնը հանդիպմանը կմասնակցի և առաջ կը քաշի մի քանի կարևոր հարց։

Tert.am

*** Եթէ Հայաստանի իշխանաւորները, նման յանդուգն կեցւածք ցուցաբերէին Հայ – Թրքական տխրահռչակ արձանագրութիւնների նկատմամբ, ինչպէս Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը ցուցաբերեց նաեւ այս պարագային, երբեւէ սակարկման առարկայ չէր դառնալու Հայ ժողովրդի ազգային եւ մադկային արժանապատւութիւնը։ Եթէ Չավուշօղլուն զլանում է իր պարտաւորութիւններից որպէս ԵԽԽՎ–ի պատասխանատու հանգամանաւոր՝ պարզապէս ցեղապաշտական – ֆաշիստական զգացումներից ելնելով, ապա ինչու պիտի փոխադարձ վարւելակերպ չցուցաբերել՝ այն էլ սեփական հայրենիքում։ Վ.

Friday, May 7, 2010

ՀՅԴ

ՀՅԴ.
Թուրքիան վախենում է Հայ դատի ամբողջական փաթեթից

«Մենք պէտք է Հայ Դատի ամբողջական փաթեթն ամբողջ ուժով արծարծենք»



17:06 • 07.05.10
«Հայաստանի իշխանութիւններն իրաւունք չունեն շեղւելու երկու հանրաքւէներով հռչակւած մեր ժողովրդի կամքից։ Շատ յստակ է սա։ Սա չի դրւել սակարկութեան, մեր ժողովուրդը չի սակարկել այդ հարցով, և ցանկացած իշխանութիւն պարտաւոր է դա իրականացնել՝ 1991թ. հանրաքւէն, որով ԼՂ հանրապետութիւնն է հռչակւել, ոչ թէ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ, ինչպէս փորձում են ներկայացնել»,– այսօր կայացած ՀՅԴ Հայ դատի յանձնախմբերի խորհրդաժողովի ժամանակ յայտարարեց ՀՅԴ Գերագոյն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ պատգամաւոր Արմէն Ռուստամեանը։
Իր ելոյթում անդրադառնալով Հայ Դատի խնդիրներին՝ նա նաև յայտարարեց. «Այսօր մենք թոյլ ենք տալիս, որպէսզի մեր աչքի առաջ Թուրքիան տրոհի Հայ Դատի ամբողջական փաթեթը, իր ուզած ձևով տրոհի։ Հայ Դատի ամբողջական փաթեթից է, որ Թուրքիան վախենում է։ Կտորները, որ իրեն ձեռնտու է, ինքը միշտ էլ փորձելու է օգտագործել իր ուզած ձևով։ Օրինակ, անգամ Կարսի պայմանագրի դրոյթները, որը իրեն անհրաժեշտ է, նա այսօր առանձնացնում է, դարձնում իր համար կարևոր հարց, դրա լուծումն է հետապնդում՝ մոռանալով նաև իր պարտաւորութիւնների մասին։ Մենք պէտք է Հայ Դատի ամբողջական փաթեթն ամբողջ ուժով արծարծենք։ Մենք պէտք է լաւ հասկանանք՝ Ցեղասպանութեան ճանաչումով չի միայն, որ հարցը պէտք է սահմանափակել։ Ճանաչում, հատուցում, վերականգնում բոլոր իրաւունքների՝ սա է ամբողջական փաթեթը»։

Tert.am

Saturday, April 24, 2010

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

ԱՅՍՔԱՆ ՉԱՐԻՔ ԹԷ ՄՈՌԱՆԱՆ ՄԵՐ ՈՐԴԻՔ,
ԹՈՂ ՈՂՋ ԱՇԽԱՐՀ՝ ՀԱՅԻՆ ԿԱՐԴԱՅ ՆԱԽՆՏԻՆՔ...




ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ



Միասնաբար մասնակցենք Հայոց Մեծ Եղեռնի 95-րդ տարելիցի ոգեկոչման ձեռնարկներին եւ ի լուր աշխարհի՝ բարձրացնենք մեր պահանջատիրութեան ձայնը

Շաբաթ, ապրիլի 24-ի առաւօտեան ժամը 9.30-ից՝Մատուցւելու է ս. պատարագ, հոգեհանգստեան արարողութիւն եւ ժողովրդական Բողոքի համահաւաք Ս. Սարգիս եկեղեցում

Շաբաթ, ապրիլի 24-ի երեկոյեան ժամը 7.30-ից՝Հայոց Մեծ Եղեռնի 95-րդ տարելիցի ոգեկոչման կենտրոնական ձեռնարկ՝ «Արարատ» մարզաւանում

Երևանի որոշումը Վաշինգտոնին չի զարմացրել

12:06 • 23.04.10
ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Քրոուլին ճեպազրոյցի ընթացքում անդրադարձել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի երէկւայ յայտարարութեանը, որով կասեցւում է Հայ-թրքական արձանագրութիւնների վաւերացման գործընթացը։
Քրոուլին նախ բառացիօրէն կրկնել է այն, ինչ աւելի վաղ Էստոնիայում յայտարարել էր ԱՄՆ փոխպետքարտուղար Ֆիլիպ Գորդոնը։
Ապա պատասխանելով լրագրողների այն հարցին, թէ ինչպէս է ինքը վերաբերւում ՀՀ նախագահի երեկւայ յայտարարութեանը, որը կատարւել է Բարաք Օբամայի ուղերձից երկու օր առաջ, ինչպէս նաև այն հարցին, թէ երկու օր առաջ Սերժ Սարգսեանի և Դմիտրի Մեդվեդևի միջև տեղի ունեցած հանդիպումը ինչպէս կարող էր անդրադառնալ այդ յայտարարութեան վրայ, Քրոուլին նշել է, որ այս ամէնի մէջ արտաքին ազդեցութիւն չի տեսնում։
«Նախագահ Սարգսեանի յայտարարութիւնը մեզ չի զարմացրել։ Մենք ինտենսիւ հանդիպումներ ենք ունեցել հայկական և թրքական կողմերի հետ այստեղ՝ Վաշինգտոնում։ Մենք նաև շարունակական կապ ենք պահում Ադրբեջանի հետ։ Եւ մենք հասկանում ենք, որ երկու կողմերը հասել են, չէի ասի, փակուղու, բայց մի տեսակ պատնէշի Արձանագրութիւնների վաւերացման հարցում։ Մեզ լաւատեսութիւն է ներշնչում այն, որ կողմերից ոչ մէկը դուրս չի եկել գործընթացից, բայց կարծում եմ՝ մենք բոլորս էլ քաջ գիտակցում ենք, որ մեզ պարզապէս որոշակի ժամանակ է հարկաւոր գործընթացը կրկին շարունակելու համար նոր հնարաւորութիւն ստեղծելու համար։ Կարծում եմ՝ սա այն է, ինչ հայերն ակնարկում էին, որ պատրաստւում են անել, այդ պատճառով մեզ այդ յայտարարութիւնը չի զարմացրել»,- մեկնաբանել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականը։
Պատասխանելով հարցին, թէ արդեօ՞ք գործընթացը կարող է տապալւել, Քրոուլին նշել է, որ «պաշտօնական Վաշինգտոնը գոհ է, որ թէ՛ Հայաստանը, թէ՛ Թուրքիան ջանքեր են գործադրում, որպէսզի գործընթացը չտապալւի։ Սա մեզ լաւատեսութեան որոշ առիթ է տալիս, որ աւելի երկարաժամկէտ հեռանկարում մենք կարող ենք ուղիներ գտնել գործընթացին վերադառնալու և արձանագրութիւնները կրկին առաջ մղելու համար»։
«Սա էր մեր մեսիջը՝ ուղղւած թէ՛ Հայաստանին, թէ՛ Թուրքիային Միջուկային անվտանգութեան գագաթնաժողովի շրջանակներում կայացած հանդիպումներում. ընթացքի մէջ պահէք գործընթացը, եթէ ձեր կարծիքով՝ սա ճիշտ ժամանակը չէ, լաւ, մենք հետ քայլ կը կատարենք և կը վերագնահատենք, թէ ինչպէս կարելի է առաջ շարժւել։ Ահա թէ ինչու է Ֆիլիպ Գորդոնն ասել, որ որ սրանք խրախուսելի քայլեր են այն առումով, որ երկու կողմերը նւիրւած են մնում յարաբերութիւնների բարելաւման գործընթացին, քանի որ, ըստ իս, այդ ամէնը, վերջիվերջոյ, բխում է նրանց երկուսի շահերից։ Մենք պարզապէս պէտք է առաջ շարժւելու ուղի գտնենք»,- մեկնաբանել է Քրոուլին։
Tert.am

Թուրքիայում Հայոց Ցեղասպանութեան թեմայով խորհրդաժողովը չեղեալ է յայտարարւել


14:12 / 23.04.2010
Անկարայում Հայոց Ցեղասպանութեանը նւիրւած խորհրդաժողովը տեղի չի ունենայ, յայտնում է «The Armenian Weekly»-ն։
Համաձայն աղբիւրի՝ համաժողովը չեղեալ է յայտարարւել քաղաքական եւ բիւրոկրատական խոչընդոտների պատճառով։
Միջոցառումը կազմակերպւել էր «Անկարայի մտքի ազատութիւնը» հասարակական կազմակերպութեան կողմից։ Դրա կազմում ընդգրկւած էին Ցեղասպանութեան ճանաչման մասին բարձրաձայնող գիտնականներ։
Խորհրդաժողովի մասնակիցները պէտք է խօսէին հայերի 1915 թ. կոտորածների, ինչպէս նաեւ դրանց քաղաքական հետեւանքների մասին։ Նախատեսւած էին քննարկման հետեւեալ թեմաները. «Հայկական հարցը գիտական տեսանկիւնից», «Առաջընթաց դէպի քեմալիզմ» եւ «Հայկական հարց. ինչպէ՞ս վարւել դրա հետ»։

NEWS.am

ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ՈՒ ՍՓԻՒՌՔԸ ԻՐԵՆՑ ԿԱՄՔԸ ՊԱՐՏԱԴՐԵՑԻՆ
Հայաստանի նախագահն իր հրամանագրով կասեցրել է Հայ-թրքական արձանագրութիւնների վաւերացման ընթացակարգը

19:52 / 22.04.2010
Այսօր` ապրիլի 22-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը հրամանագիր է ստորագրել «Հայաստանի Հանրապետութեան եւ Թուրքիայի Հանրապետութեան միջեւ դիւանագիտական յարաբերութիւններ հաստատելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետութեան եւ Թուրքիայի Հանրապետութեան միջեւ յարաբերութիւնների զարգացման մասին» 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցիւրիխում ստորագրւած արձանագրութիւնների վաւերացման ընթացակարգը կասեցնելու մասին:
Ինչպէս NEWS.am-ը տեղեկանում է նախագահի մամուլի ծառայութիւնից, հրամանագրով ՀՀ ԱԳ նախարարին յանձնարարւել է արձանագրութիւնների վաւերացման ընթացակարգը կասեցնելու մասին ծանուցել Թուրքիայի Հանրապետութեանը:
Լուրեր Հայաստանից

Սերժ Սարգսեանի ուղերձը
«Յարաբերութիւնների կարգաւորման ներկայ փուլը համարում ենք սպառւած»


«Ողջամիտ ժամկէտները, մեր կարծիքով, աւարտւել են»

«Ցեղասպանութեան 95-րդ տարելիցի նախաշէմին մենք բոլորին կոչ ենք անում յիշել, որ պետական մակարդակով մշակւած ծրագրով և միայն Հայ լինելու համար հրի ու սրի մատնւած 1.5 միլիոն անմեղ զոհերի յիշատակը ողջ մարդկութեան առջև դեռ շարունակում է ճանաչման ու դատապարտման պահանջ դնել»:
19:04 • 22.04.10

Սիրելի ՛ հայրենակիցներ,

Մէկ տարի է անցել Հայ-թրքական յարաբերութիւնների կարգաւորմանն ուղղւած քայլերի վերաբերեալ Հայաստան-Թուրքիա-Շւէյցարիա համատեղ յայտարարութիւնից:
Այս ընթացքում հրապարակւել, հանրային քննարկման են ներկայացւել և ստորագրւել այդ յարաբերութիւնների կարգաւորմանն ուղղւած երկու արձանագրութիւնները: Այդ փաստաթղթերը տևական ժամանակ է արդէն Հայաստանի և Թուրքիայի խորհրդարաններում են` սպասելով վաւերացման: Հայաստանը մշտապէս ի ցոյց է դրել իր հետևողական նւիրւածութիւնը յարաբերութիւնների կարգաւորման գործընթացին` հասնելով մինչև արձանագրութիւնները Ազգային Ժողովի օրակարգում ընդգրկելը:
Ողջ աշխարհին մենք ցոյց տւեցինք մեր սկզբունքային դիրքորոշումն այս հարցում` հանդէս գալով միայն կառուցողական դիրքերից: Մենք յայտարարեցինք նաև, որ Թուրքիայի կողմից արձանագրութիւնները, պայմանաւորւածութեան համաձայն, առանց նախապայմանների և ողջամիտ ժամկէտներում վաւերացման դէպքում, Հայաստանի խորհրդարանի կողմից դրանց վաւերացման տապալումը բացառւում է:
Այսօր եկել է «ողջամիտ ժամկէտներում» ասածը և «առանց նախապայմանների» գործելաոճը գնահատելու ժամանակը: Դրանք ոչ միայն Հայաստանի, այլ գործընթացի մէջ ներգրավւած բոլոր միջնորդների, մեր բոլոր միջազգային գործընկերների կողմից սահմանւած չափանիշներ են:
Մէկ տարի շարունակ Թուրքիայի բարձրաստիճան պաշտօնեաների կողմից նախապայմանների լեզւով շարադրւած հրապարակային խօսքերի պակաս չի զգացւել, մէկ տարի շարունակ Թուրքիան ամէն ինչ արել է ժամանակ ձգելու և գործընթացը տապալելու համար: Հետևաբար մեր եզրակացութիւնն ու դիրքորոշումն էլ միանշանակ է. Թուրքիան պատրաստ չէ սկսւած գործընթացը շարունակել և առանց նախապայմանների, արձանագրութիւնների տառին համապատասխան քայլերով առաջ շարժւել:
Ողջամիտ ժամկէտները, մեր կարծիքով, աւարտւել են: Ամէն գնով ապրիլի 24-ն անցկացնելու թուրքական գործելաոճը պարզապէս անընդունելի է:
Մենք անընդունելի ենք համարում նաև Հայաստան-Թուրքիա երկխօսութիւնն ինքնանպատակ դարձնելու անիմաստ ձեռագիրը և այս պահից սկսած` յարաբերութիւնների կարգաւորման ներկայ փուլը համարում ենք սպառւած:
Սիրելի ՛ հայրենակիցներ,
Այս ընթացքում Թուրքիայի հետ սկսւած գործընթացի ապագայի վերաբերեալ ես քննարկումներ եմ ունեցել և շարունակում եմ դրանք Ֆրանսիայի Նախագահ Նիկոլա Սարկոզիի, ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամայի, Ռուսաստանի Նախագահ Դմիտրի Մեդվեդևի, ինչպէս նաև եւրոպական մի շարք կառոյցների մեր գործընկերների հետ: Ես շնորհակալ եմ նրանց` մեր նախաձեռնութեանը ցուցաբերած օժանդակութեան, գործընթացին սատարելու և դրա առաջընթացին միտւած ջանքերի համար: Չեմ թաքցնում, մեր գործընկերները յորդորել են ինձ շարունակել գործընթացը, յորդորել են չկանգնեցնել այն:
Եւ յարգելով նրանց, նրանց ջանքերն ու անկեղծ ցանկութիւնները, կոալիցիոն գործընկերների հետ և Անվտանգութեան խորհրդում քննարկումներից յետոյ, մենք վճռել ենք առայժմ դուրս չգալ գործընթացից, այլ միայն կասեցնել արձանագրութիւնների վաւերացման ընթացակարգը: Վստահ եմ` սա է պահանջում մեր ազգային շահը:
Հայաստանը կը պահպանի արձանագրութիւնների տակ իր ստորագրութիւնը, որովհետև ցանկանում է պահպանել յարաբերութիւնների կարգաւորման հնարաւորութիւնները և որովհետև ցանկանում է խաղաղութիւն: Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնները կարգաւորելու մեր քաղաքական նպատակները մնում են ուժի մէջ, և մենք կը դիտարկենք առաջ շարժւելու հարցը, երբ համոզւենք, որ Թուրքիայում կայ համապատասխան մթնոլորտ և երբ Անկարայում կը տեսնենք յարաբերութիւնների կարգաւորմանը վերստին պատրաստ առաջնորդութիւն:
Ի լուր աշխարհի հայտարարելով, որ Հայաստանի և Թուրքիայի ֆուտբոլի ազգային հաւաքականների 2008 թւականի սեպտեմբերեան հանդիպումից սկսւած գործընթացի այս փուլը մեզ համար այլևս աւարտւած է, միևնոյն ժամանակ ես շնորհակալութիւն եմ յայտնում Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գիւլին` այս ողջ ընթացքում ցուցաբերած քաղաքական կոռեկտութեան և այն դրական յարաբերութիւնների համար, որ ձևաւորւեցին մեր միջև:
Սիրելի ՛ հայրենակիցներ,
Երկու օրից մենք նշելու ենք 20-րդ դարի առաջին ցեղասպանութեան` Հայոց Մեծ Եղեռնի 95-րդ տարելիցը: Ցեղասպանութեան միջազգային ճանաչման մեր պայքարը շարունակւում է, և եթէ Թուրքիայում որոշ շրջանակներ փորձում են օգտագործել մեր անկեղծութիւնն ի վնաս մեզ, օգտագործել այս գործընթացը` խուսափելու համար ապրիլի 24-ի իրականութիւնից, ապա նրանք լաւ պէտք է իմանան` ապրիլի 24-ը Հայոց Ցեղասպանութիւնը խորհրդանշող օր է, բայց այն որևէ կերպ չի սահմանափակում դրա միջազգային ճանաչման ժամանակացոյցը:
Մենք շնորհակալութիւն ենք յայտնում բոլոր այն պետութիւններին, կազմակերպութիւններին ու անհատներին, ովքեր զօրակցում են մեզ մարդկութեան դեմ ուղղւած ոճիրների դատապարտման ու կանխման գործում: Շնորհակալութիւն ենք յայտնում նաև պատմական ճշմարտութեան վերականգնման համար պայքարող թուրք մտաւորականներին, ովքեր կիսում են մեր ցաւը: Հայոց Ցեղասպանութեան 95-րդ տարելիցի նախաէմին մենք բոլորին կոչ ենք անում յիշել, որ պետական մակարդակով մշակւած ծրագրով և միայն Հայ լինելու համար հրի ու սրի մատնւած 1.5 միլիոն անմեղ զոհերի յիշատակը ողջ մարդկութեան առջև դեռ շարունակում է ճանաչման ու դատապարտման պահանջ դնել:
Սիրելի ՛ հայրենակիցներ,
Այսօր մենք ամուր ենք աւելի, քան երբևէ, մեր ճակատը պարզ` ինչպէս միշտ: Աւելի լաւ Հայաստանի, աւելի լաւ տարածաշրջանի, ինչու չէ` նաև աշխարհի, աւելի ամուր ու միասնական հայութեան նպատակներին միտւած մեր ջանքերն այսուհետ միայն աւելանալու են: Վստահ եղէք` արդիւնքներն էլ անընդհատ տեսանելի են լինելու: Աստւած մեզ պահապան:

Tert.am

Հռչակագիր Լոս Անջէլեսում.
Ապրիլի 24-ը յայտարարւում է հայերի Ցեղասպանութեան յիշատակման օր


13:48 / 21.04.2010
Ապրիլի 20-ին Լոս Անջէլեսի շրջանային խորհրդի անդամ Միքայէլ Անտոնովիչը Լոս Անջէլեսի Հայ համայնքին է ներկայացրել շրջանային խորհրդի կողմից ստորագրւած Հայոց Ցեղասպանութեան 95-րդ տարելիցը յիշատակող հռչակագիրը։
Ըստ այդ Հռչակագրի՝ 2010 թ. ապրիլի 24-ը յայտարարւում է «1915-1923թթ. Հայկական Ցեղասպանութեան Յիշատակման օր»: Ըստ այդմ, ամբողջ Լոս Անջէլեսի շրջանում ապահովւելու է Ցեղասպանութիւնից տուժածների համար փոխըմբռնում, պայմանների մեղմացում, վերաապաքինում՝ ներառեալ շրջանում բնակւող 350.000 ամերիկահայերը։ Իր դատողութիւններում Անտոնովիչը, ով նախաձեռնել է հռչակագրի ստեղծումը, նորից անդրադառնում է Հայոց Ցեղասպանութիւնը յիշելու և զոհերի յիշատակը պատւելու անհրաժեշտութեանը։
Շնորհակալութիւն յայտնելով Շրջանային Խորհրդի անդամ Անտոնովիչին՝ ՍԴՀԿ Հայ-ամերիկեան վարչութեան անդամներ Փիթեր Դարակեանը և Մեհրան Խաչադուրեանը խորին երախտագիտութիւն են յայտնել Անտոնովիչին՝ Հայոց Ցեղասպանութեան ճանաչմանն ու յիշատակմանը նպաստելու իր մեծ ջանքերի համար:
Լուրեր Հայաստանից