Showing posts with label ՀԱՅԱՍՏԱՆ -. Show all posts
Showing posts with label ՀԱՅԱՍՏԱՆ -. Show all posts

Խոշոր հրդեհ Երեւանի կենտրոնում.

Մէկ զոհ, երկու վիրաւոր




Փետրւար 03, 2011 02:01
Երեւանի Վարդանանց փողոցի 5/ա շէնքի 44 բնակարանում փետրւարի 2-ին, ժամը 23.40-ի սահմաններում հրդեհ է բռնկւել: Ինչպէս դէպքի վայրից NEWS.am-ին յայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշեանը, հրդեհի վայր են ժամանել Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարութեան 5 հրշէջ մեքենաներ, որպէսզի մարեն 10 յարկանի շէնքի 6-րդ յարկում բռնկւած հրդեհը:
Դէպքի վայրում աշխատանքներ են իրականացրել նաեւ Հայաստանի փրկարար ծառայութեան յատուկ ջոկատի փրկարարները: Բնակարանի դուռը կոտրելու միջոցով հրշէջներին յաջողւել է մուտք գործել եւ մէկ ժամ տեւած աշխատանքներից յետոյ մարել կրակը: Բնակարանում գտնւել է 90-ամեայ Սեդա Թամրազեանի այրւած դին:
Մարման աշխատանքի ընթացքում տարբեր աստիճանի այրւածքներ են ստացել նաեւ 2 հրշէջներ` Դաւիթ Միրզոեանն ու Վիտալի Միրզոեւը: Նրանք տեղափոխւել են ռադիոլոգիայի եւ այրւածքաբանութեան կենտրոն:
Դէպքի վայր են ժամանել նաեւ Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Արմէն Երիցեանը, ԱԻՆ փրկարար ծառայութեան պետ Սերգէյ Ազարեանը, Երեւանի ոստիկանութեան կենտրոնականի բաժնի պետ Աշօտ Կարապետեանը, կենտրոնականի բաժնին կից Նորք-Մարաշի բաժանմունքի պետ Մերուժան Ստեփանեանը: Այս պահին հրշէջները մեկնել են դէպքի վայրից հրշէջ մաս: Ոստիկանութեան քննչական գլխաւոր վարչութեան կենտրոնականի քննչական բաժնի քննիչները փորձագէտ հրշէջների հետ քննչական աշխատանքներ են կատարում: Քննիչների ցուցումով դէպքի վայր է մեկնել դիակ տեղափոխող մեքենան` այրւածի դին տեղափոխելու: Շամշեանի փոխանցմամբ, հրդեհը չի հասցրել տարածւել հարեւան բնակարաններ:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Մեզ յաջողւեց Ցեղասպանութեան խնդրի

շուրջ բանավէճը տեղափոխել Թուրքիա


«Թուրքիայի նախագահի շեշտադրումը ևս մէկ անգամ վկայեց, որ Թուրքիան Հայաստանի հետ յարաբերութիւնների կարգաւորման համար նախապայմաններ է առաջ քաշում»


14:43 • 27.01.11
ՀՀԿ–ական պատգամաւոր Գագիկ Մինասեանը երէկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Հայ–թուրքական յարաբերութիւններին, կարծիք յայտնեց, որ գործընթացը գտնւում է պասիւ փուլում, սակայն այն դեռ ամբողջութեամբ իրեն չի սպառել։ Պատգամաւորի խօսքով՝ Հայ–թրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացը թէև պասիւ փուլում է, սակայն արդէն այսօր այդ գործընթացին կարելի է երկու գնահատական տալ։
«Նախ մեզ յաջողւեց այս գործընթացի արդիւնքում ցեղասպանութեան խնդրի վերաբերեալ բանավէճը տեղափոխել Թուրքիա։ Հարց, որը տասնամեակներ մեզ չէր յաջողւում իրականացնել»,– ասաց Գագիկ Մինասեանը՝ աւելացնելով, որ այսօր արդէն թրքական իշխանութեան ամէնաբարձր օղակներում, մշակութային, կրթական համակարգերում բանավէճ է ծաւալւում ոչ միայն ցեղասպանութեան փաստի, այլև դրա դատապարտման վերաբերեալ։
Պատգամաւորը համոզւած է, որ այդ յաղթարշաւը հնարաւոր չի լինելու կասեցնել։ «Դա մակընթացութիւններով կամ տեղատւութիւններով, արագ կամ դանդաղ տարածւելու է թրքական ողջ հասարակութեան մէջ։ Դա ցեղասպանութեան փաստի բանավէճի տեղափոխումն է թրքական հասարակութեան մէջ»,– ասաց նա։
Հայ–թրքական չարաբերութիւնների կարգաւորման գործընթացի մասին պատգամաւորի երկրորդ գնահատականն այն է, որ նշւած գործընթացի արդիւնքում Հայաստանը կարողացաւ միջազգային հանրութեանը պատշաճօրէն ներկայացնել, որ ինքը բաց է քննարկումների համար, ունի ընկալելի մօտեցումներ և պատրաստ է առանց նախապայմանների յարաբերութիւններ ստեղծել Թուրքիայի հետ: Միաժամանակ, ըստ ՀՀԿ–ական պատգամաւորի, ժամանակը ցույց տւեց, որ Հայաստանի այս մօտեցումը, որն ընկալելի է բոլոր քաղաքակիրթ երկրների, այդ թւում՝ ԱՄՆ–ի և Եւրամիութեան համար, ընկալելի չէ Թուրքիայի համար, ինչը Թուրքիային դնում է մի իրավիճակում, որում ոչ մի երկիր երբէք չի յաղթել։
«Եթէ որևէ երկիր գնում է միջազգային զարգացումների ընդահանուր տրամաբանութեանը հակառակ, ապա վաղ թէ ուշ այդ երկրում առաջանում են ուժեր, որոնք փորձում են երկրին բերել միջազգային զարգացումների ընդհանուր տրամաբանութեան հունի մէջ։ Շատ երկրներ այս պարագայում ուղղակի տրոհւում են։ Ես չեմ ցանկանում ասել, որ այդ ամէնը սպառնում է նաև Թուրքիային սակայն ընդհանուր տրամաբանութիւնը հէնց դրա մասին է խօսում»,– յայտարարեց Մինասեանը։
Անդրադառնալով ԵԽԽՎ–ում Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գիւլի ելոյթին՝ Գագիկ Մինասեանը նշեց, որ «ադրբեջանական տարածքներն» ազատելու մասին Թուրքիայի նախագահի շեշտադրումը ևս մէկ անգամ վկայեց, որ Թուրքիան Հայաստանի հետ յարաբերութիւնների կարգաւորման համար նախապայմաններ է առաջ քաշում։



Tert.am

Երգիչները մշակոյթի նախարարութեան

որոշումը «անվայել» են որակում



17:08 • 25.01.11
Երևանի էստրադային և ջազային արւեստի պետական քոլեջը, համաձայն կառավարութեան համապատասխան որոշման, որոշւել է կցել Երևանի մշակոյթի պետական քոլեջին, որն այսուհետ դառնալու է ջազային քոլեջի իրաւայաջորդը:
Որոշմանը դէմ է քոլեջի ամբողջ կոլեկտիւը, որը շուրջ մէկ շաբաթ առաջ հրաւիրւած ասուլիսում դժգոհել էր մշակոյթի նախարարութեան որոշման դէմ:
Այսօր Երևանի էստրադային և ջազային արւեստի պետական քոլեջին իրենց աջակցութիւնն էին եկել յայտնելու քոլեջի նախկին սաներն ու դասախօսական անձնակազմի անդամները` Արմէն Սարգսեան, Անչոկ, Նաիրա, Արմանուշ Յակոբեան, Գայեանէ Յովհաննիսեան: Նրանց խօսքով` իրենց կոլեգաներից շատերը ևս ցանկութիւն ունէին իրենց միանալ, սակայն հիւանդութեան ու քաղաքից բացակայելու պատճառով չկարողացան գալ: Երաժիշտներն իրենց վրդովմունքը յայտնեցին մշակոյթի նախարարուեան որոշման կապակցութեամբ` այն անւանելով «անվայել»:
Երգչուհի Նառան, ներկայացնելով 30-ամեայ քոլեջի տնօրէն Ակսել Բակունցի աւանդը ջազային քոլէջի կայացման գործում, ասաց, որ իր խնդրանքն այն է, որ «վերանայւի այս հարցը»: «Եթէ նորը կայ, պէտք չէ ոտնակոխ անել հինը»,- վրդոււած ասաց երգչուհին:
Ջազային քոլեջի երկարամեայ դասախօս Արմանուշ Յակոբեանը ևս ցաւով նշեց, որ պէտք չէ անտեսել Ակսել Բակունցին` մարդու, որը «շատ մեծ աւանդ ունի այս ստուդիայի կազմաւորման ու ընդհանրապէս նրա աճի գործում»: Երգիչները խօսեցին նաև մշակութային այս երկու կազմակերպութիւնների տարբերութիւնների մասին` շեշտելով դրանց անհամատեղելիութիւնը: «Չարժէ, որ խառնւի, այդ ամէնը միացւի»,- պնդեց վերջինս` ասելով, թէ իրենք դէմ են այդ «անվայել» որոշմանը:


Tert.am

Սփիւռքահայերին կոչ կարւի`

«Ներդրումներ չկատարել Հայաստանում

օտարալեզու դպրոցների բացման գործում»



12:04 • 21.01.11
«Մենք դէմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնութիւնը պատրաստւում է շարունակել իր գործունէութիւնը երեք ուղղութիւններով այն բանից յետոյ, երբ Սերժ Սարգսեանը ստորագրեց Ազգային ժողովի ընդունած «Լեզւի մասին» ՀՀ օրէնքում լրացում կատարելու մասին և «Հանրակրթութեան մասին» օրէնքները, որոնք նախատեսում են Հայաստանում օտարալեզու դպրոցների բացում։
Ինչպէս Tert.am–ի հետ զրոյցում ասաց նախաձեռնութեան անդամ Արամ Ապատեանը, նախաձեռնութեան պայքարի առաջին ուղղութիւնն այն է, որ իրենք պատրաստւում են բողոքարկել յիշեալ օրէնքների օրինականութեան ու համապատասխանութեան հարցը թէ՛ Հայաստանի, թէ՛ միջազգային օրէնքներին։ Արամ Ապատյանի խօսքով՝ յիշեալ օրէնքները չեն համապատասխանում Հայաստանի Անկախութեան հռչակագրին, որտեղ շեշտւում է կրթութիւնը հայերէնով կազմակերպելու սահմանումը։ Նրա խօսքով՝ տւեալ օրէնքները հակասում են նաև ՄԱԿ–ի կոնվենցիային։
«Երկրորդ ուղղութիւնը, որի հետ կապւած մենք կշարունակենք մեր աշխատանքները կապւած են այլ պետութիւնների հետ։ Մենք նախատեսում ենք դիմել այլ պետութիւնների կառավարութիւններին՝ կոչ անելով օտարալեզու դպրոցների բացման փոխարէն քայլեր ձեռնարկել մեր երկրում իրենց լեզուների դասաւանդման մակարդակն ու որակը բարձրացնելու ուղղութեամբ»,– նշեց Արամ Ապատեանը։
Երրորդ տարբերակը, ինչի մասին մտածում է «Մենք դէմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնութիւնը, կապւած է Սփիւռքի հետ։ Նրանք պատրաստւում են դիմել սփիւռքահայերին՝ կոչ անելով ներդրումներ չկատարել մեր երկրում մասնաւոր օտարալեզու դպրոցների բացման գործում։
Ինչ վերաբերում է հրապարակային ակցիաներին և գործողութիւններին, նախաձեռնութիւնը մօտ ժամանակներս նման բան չի նախատեսում, բայցև չի բացառում։ «Հրապարակային միջոցառումներ մենք անում ենք ըստ անհրաժեշտութեան և եթէ հարկ լինի, նաև նման միջոցառումներ կկազմակերպենք»,– ասաց նա։

Tert.am

Սաակաշվիլին հայերին խորհուրդ է

տալիս խօսել անգլերէն !!!



16:48 • 22.01.11
Այսօր «Սինոփսիս Արմենիա» ընկերութիւնում հայ-վրացական առաջին աշակերտական առարկայական օլիմպիադայի յաղթողներին պարգևատրելուց յետոյ աշխատանքային այցով Երևանում գտնւող Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին սկսեց խօսել վրացերէն։
Նա շտապեց տեղեկացնել՝ Վրաստանում առաջին օտար լեզուն արդէն անգլերէնն է։ «Նման պոտենցիալ կա նաև Հայաստանում։ Ես համոզւած եմ, որ անպայման պէտք է խօսենք մեր մայրենի լեզւով, բայց պէտք է սովորենք նաև օտար լեզու»,- նշեց նա։
Սաակաշվիլին խորհուրդ տւեց կարևորել անգլերէնը՝ նշելով, որ տեղեկատւական տեխնոլոգիաների լեզուն հէնց անգլերէնն է։
Սաակաշվիլիի ելոյթը յաջորդել էր ՀՀ կրթութեան և գիտութեան նախարար Արմէն Աշօտեանի ելոյթին, ով խօսել էր ռուսերէն։ Սաակաշվիլիի ելոյթից յետոյ Սերժ Սարգսեանը խօսեց հայերէն։

Tert.am

Հայաստանում հաւերն աւելի շատակեր են,

քան արտասահմանում



Յունւար 22, 2011 00:28
2010 թ. 9 ամսում Հայաստան է ներկրւել 26 հազար տոննայ թռչնի միս։ Նախորդ տարւայ նոյն ժամանակահատւածի համեմատ թռչնի մսի ներկրումն աւելացել է մօտ 24 տոկոսով։
Սակայն այստեղ կարեւոր է ուրիշ հանգամանք։ Թէեւ Հայաստանում խոշոր թռչնաբուծական տնտեսութիւններ կան, սակայն թռչնի մսի պահանջարկի երկու երրորդը բաւարարւում է ներմուծման հաշւին։ Նշենք, որ ըստ Ազգային վիճակագրութեան կազմած պարէնային հաշւեկշռի՝ տարեկան մեր երկրում սպառւում է մօտ 40 հազար տոննայ թռչնի միս։
Սա հէնց այն բնագաւառներից մէկն է, որտեղ տեղական արտադրութեան հաշւին կարելի է փոխարինել ներմուծումը։ Ի՞նչն է ուրեմն խանգարում մեր արտադրողներին՝ բաւարարել թռչնի մսի նկատմամբ տեղական պահանջարկը։
Հիմնական խոչընդոտներից մէկը ներմուծւող թռչնամսի ցածր ինքնարժէքն է։ Ըստ հայրենական արտադրողների միութեան նախագահ Վազգէն Սաֆարեանի ներկայացրած տւեալների՝ ներմուծւող հաւի մսի ինքնարժէքը 400 դրամ է՝ 1 կիլոգրամի համար, այնինչ տեղական արտադրութեան հաւի մսի ինքնարժէքը 1000 դրամից աւելի է։
Սաֆարեանն իր այդ տեղեկութիւնները ստացել է անմիջապէս արտադրողներից։ Թէ որքանո՞վ դրանք օբյէկտիւ են՝ դժւար է ասել։ Թռչնաբուծական տնտեսութիւնները մսի ինքնարժէքի թանկութիւնը բացատրում են կերի թանկացմամբ, որը նոյնպէս ներմուծւում է։ Բայց դա այնքան էլ համոզիչ բացատրութիւն չէ, քանի որ բրազիլիական թռչնաֆաբրիկաներում հաւերին հաստատ սոված չեն թողնում, իսկ բրազիլական հաւի միսը 2 անգամ էժան է հայկականի համեմատ։
Հնարաւոր է՝ հայկական թռչնաֆաբրիկաները տուժում են այն պատճառով, որ կերային յաւելումներ չեն օգտագործում։ Սա կարեւոր հանգամանք է, քանի որ Հայաստանն այն փոքրաթիւ երկրներից է, որտեղ դեռ կարելի է հանդիպել «բնական» կէրով սնւած հաւերի։ Սա ինչ որ չափով արդարացնում է այն գնային տարբերութիւնը, որն առկայ է ներմուծւած եւ տեղական թռչնամսի միջեւ։
Հնարաւոր է՝ հայկական արտադրութեան թռչնամիսն աւելի էժանանայ, եթէ թռչնակերի արտադրութիւնը կազմակերպւի անմիջապէս Հայաստանում։ Դա միանգամայն հնարաւոր է, պարզապէս գիւղացիները շահագրգռւած չեն կերաբոյսերի մշակմամբ՝ ցածր արժէքի պատճառով։ Թէեւ նշենք, որ թռչնակերը հանդիսանում է մի շարք կերային բաղադրիչների խառնուրդ։
Աշխարհում թռչնակերի արտադրութեան բիզնեսը շատ զարգացած է։ Միայն զարմանալ կարելի է, որ Հայաստանում, որտեղ 5 խոշոր թռչնաֆաբրիկաներ կան, թռչնակերի արտադրութեան ոչ մի գործարան գոյութիւն չունի։ Դրա առկայութիւնը մեզ նաեւ կապահովագրի անորակ ու գենետիկօրէն մոդիֆիկացւած թռչնակերի օգտագործումից։

Սամւէլ Աւագեան
Լուրեր Հայաստանից - NEWS.am

Չեղեալ է համարւել Երեւան-Ստամբուլ

աւտոբուսային ուղերթների մեծ մասը



Յունւար 22, 2011 00:04
Աւտոբուսների մեծ մասը, որոնք շաբաթական մէկ անգամ (ամէն շաբաթ օր) ուղեւորներ ու բեռներ են տեղափոխում Հայաստանից Թուրքիա եւ Թուրքիայից Հայաստան, այս շաբաթ դուրս չեն գայ Երեւանից: Երեւան-Ստամբուլ ուղերթների չեղեալ համարումը կապւած է Թուրքիայից Հայաստան բեռնափոխադրումների մաքսային ծախսերի բարձրացմամբ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին յայտնել են բեռնափոխադրում իրականացնող ընկերութիւններում:
Ընկերութիւններից մէկում մեզ նոյնիսկ խորհուրդ տւեցին հետաձգել Ստամբուլ մեկնելը մէկ շաբաթով, որի ընթացքում պարզ կդառնայ, թէ որքան կկազմեն Թուրքիայից ներկրւող հագուստի մաքսային ծախսերը:
Բեռնափոխադրումներ իրականացնող մէկ այլ ընկերութիւնում մեզ ասացին, որ յունւարի 22-ին Թուրքիա աւտոբուս չի մեկնի, քանի որ ընդամէնը մի քանի առեւտրական են ցանկութիւն յայտնել մեկնել Ստամբուլ, սակայն եթէ անհրաժեշտ լինի, իրենք կարող են կազմակերպել մեր մեկնումը մեկ այլ ընկերութեան աւտոբուսով:
«Առեւտրականներն ուղղակի սպասում են մաքսային ծառայութիւնների վերջնական որոշմանը, սակայն եթէ դուք անպայման ցանկանում էք Թուրքիա հասնել, մենք կարող ենք դա կազմակերպել, թէեւ խորհուրդ չենք տալիս դա, եթէ, իհարկէ, մեկնում էք առեւտրի նպատակով»,- ասացին ընկերութիւնում:
Աւելի վաղ NEWS.am-ը յայտնել է, որ յունւարի 16-ից կրկնակի թանկացել են Թուրքիայից Հայաստան բեռնափոխադրումների ծախսերը: Դա պայմանաւորւած է բացառապէս Հայաստանի մաքսային ծառայութիւնների կողմից առաջ քաշւած պահանջներով:
Նշենք, որ առանց մաքսազերծման բեռները Ստամբուլից Հայաստան են գալիս 0,2 դոլարով մէկ կիլուգրամի-ի համար: Այսինքն բեռնափոխադրողները, ովքեր մաքսազերծում չեն անում, 17-18 տոննայ տեղափոխող մէկ բեռնատարի համար պահանջում են ընդամէնը 3500-4500 դոլար:
Այսպիսով, ստացւում է, որ Ստամբուլից Երեւան տեղափոխւող բեռի ծախսերի մէջ 97 տոկոսը կազմում են մաքսային ծախսերը: Բացի այդ, «Արարատեան» մաքսակէտում ներկայումս պարտադրում են բեռնատարներին ամբողջութեան թափել բեռը եւ առանձին առանձին մաքսազերծում իրականացել:
Յիշեցնենք, որ Հայ առեւտրականները յունւարի 17-ին բողոքի ակցիայ են անցկացրել Ստամբուլում, իսկ յունյարի 19-ին՝ արդէն Երեւանում:

Լուրեր Հայաստանից - NEWS.am


Սերժ Սարգսեանը ստորագրեց Լեզւի

մասին և Հանրակրթութեան

մասին օրէնքները


«Մենք դէմ ենք օտարալեզու դպրոցների

վերաբացմանը»



18:51 • 20.01.11
Սերժ Սարգսեանն երէկ ստորագրել է Ազգային Ժողովի ընդունած «Լեզւի մասին» ՀՀ օրէնքում լրացում կատարելու մասին և «Հանրակրթութեան մասին» օրէնքները։
Յիշեցնենք, որ «Լեզւի մասին» օրէնքում լրացում կատարելու մասին և «Հանրակրթության մասին» օրէնքները, որոնցով նախատեսւում է Հայաստանում բացել օտարալեզու դպրոցներ, ի սկզբանէ հասարակական դժգոհութեան ալիք էին բարձրացրել։ Մասնաւորապէս, «Մենք դէմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնութիւնը բազմաթիւ ակցիաներ անցկացրեց ընդդէմ այդ օրէնքների փոփոխութիւնների ընդունման, իսկ յետոյ՝ նաև վաւերացման։
Սերժ Սարգսեանը ստորագրել է նաև «Քաղաքացիական ծառայութեան մասին» ՀՀ օրէնքներում լրացումներ կատարելու մասին, «Դիւանագիտական ծառայութեան մասին» ՀՀ օրէնքում փոփոխութիւններ և լրացումներ կատարելու մասին, «Քաղաքացիական ծառայողների վարձատրութեան մասին», «Ոստիկանութիւնում ծառայութեան մասին» ՀՀ օրէնքում փոփոխութիւններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրէնքներում լրացում և փոփոխութիւն կատարելու մասին, «ՀՀ մաքսային օրէնսգրքում լրացումներ և փոփոխութիւններ կատարելու մասին», «ՀՀ մաքսային օրէնսգրքում փոփոխութիւններ կատարելու մասին», «Բնակչութեան զբաղւածութեան և գործազրկութեան դէպքում սոցիալական պաշտպանութեան մասին», «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրէնքներում փոփոխութիւններ և լրացումներ կատարելու մասին, «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովութեան մասին» ՀՀ օրէնքում լրացում կատարելու մասին, «Չափումների միասնականութեան ապահովման մասին» ՀՀ օրէնքում փոփոխութիւն և լրացում կատարելու մասին, «Համապատասխանութեան գնահատման մասին» ՀՀ օրէնքում լրացումներ և փոփոխութիւն կատարելու մասին, «Գանձապետական համակարգի մասին» ՀՀ օրէնքում փոփոխութիւններ կատարելու մասին, «Ներքին աուդիտի մասին», «ՀՀ քաղաքացիական օրէնսգրքում փոփոխութիւն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրէնքում լրացում կատարելու մասին, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրէնքում լրացում և փոփոխութիւն կատարելու մասին, «Սնանկութեան մասին» ՀՀ օրէնքում փոփոխութիւններ և լրացումներ կատարելու մասին, «Վարչական իրաւախախտումների վերաբերեալ ՀՀ օրէնսգրքում լրացում և փոփոխութիւններ կատարելու մասին», «ՀՀ քրէական օրէնսգրքում փոփոխութիւններ և լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրաւախախտումների վերաբերեալ ՀՀ օրէնսգրքում փոփոխութիւններ և լրացում կատարելու մասին», «ՀՀ քրէական օրէնսգրքում փոփոխութիւն կատարելու մասին», «Ոստիկանութեան զօրքերի մասին» ՀՀ օրէնքում լրացումներ և փոփոխութիւններ կատարելու մասին, «Ոստիկանութեան մասին» ՀՀ օրէնքում լրացումներ և փոփոխութիւններ կատարելու մասին ՀՀ օրէնքները։

Tert.am


Հայաստանն ու Յունաստանը ստորագրել

են ռազմական համագործակցութեան

վերաբերեալ համաձայնագիր



18:38 • 18.01.11
Սերժ Սարգսեանը տիկնոջ` Ռիտա Սարգսեանի հետ, Յունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասի հրաւէրով, երէկ պետական այցով ժամանել է Յունաստանի Հանրապետութիւն:
Հայաստանի նախագահի դիմաւորման պաշտօնական արարողութիւնից յետոյ Սերժ Սարգսեանն առանձնազրոյց է ունեցել Յունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասի հետ: Այնուհետև տեղի է ունեցել երկու երկրների պատւիրակութիւնների մասնակցութեամբ ընդլայնւած կազմով հանդիպումը:
Երկու երկրների նախագահները քննարկել են Հայ-Յունական բարձր մակարդակի քաղաքական երկխօսութեան շարունակաբար զարգացման, առևտրատնտեսական, ռազմական, մշակութային և այլ ոլորտներում համագործակցութեան խորացման, ԵՄ Արևելեան գործընկերութեան ծրագրի շրջանակներում փոխգործակցութեան ակտիւացման, ինչպէս նաև տարածաշրջանային և փոխադարձ հետաքրքրութիւն ներկայացնող միջազգային հարցեր, անդրադարձել` ԼՂ հիմնախնդրի կարգաւորման վերջին զարգացումներին:
ՀՀ նախագահի Յունաստան կատարած պետական այցի շրջանակներում տեղի է ունեցել նաև փաստաթղթերի ստորագրման արարողութիւն` ուղղւած մի շարք ոլորտներում երկկողմ կապերի ամրապնդմանն ու համագործակցութեան խորացմանը:
Մասնաւորապէս, ստորագրւել են «Հայաստանի Հանրապետութեան պաշտպանութեան նախարարուեյան և Յունաստանի Հանրապետութեան ազգային պաշտպանութեան նախարարութեան միջև ռազմական համագործակցութեան վերաբերեալ համաձայնագիր», «ՀՀ կառավարութեան և Յունաստանի Հանրապետութեան կառավարութեան միջև կրթութեան, գիտութեան և մշակոյթի բնագաւառներում 2011-2013թթ. համագործակցութեան մասին ծրագիր», «Հայաստանի Հանրապետութեան մշակոյթի նախարարութեան և Յունաստանի Հանրապետութեան մշակոյթի և զբօսաշրջութեան նախարարութեան միջև 2012 թւականին` Յունաստանի Հանրապետութիւնում «Հայկական մշակոյթի օրեր» և 2013 թւականին` Հայաստանի Հանրապետութիւնում «Յունական մշակոյթի օրեր» կազմակերպելու և անցկացնելու մասին փոխըմբռնման յուշագիր»:
Սերժ Սարգսեանը և Կարոլոս Պապուլիասը հանդիպման արդիւնքներն ամփոփել են ԶԼՄ ներկայացուցիչների հետ ունեցած համատեղ ճեպազրոյցում:
Սերժ Սարգսեանը և Ռիտա Սարգսեանն այսօր կայցելեն նաև «Ակրոպոլիս» թանգարան, իսկ երեկոյեան Յունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասի անունից` ի պատիւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանի և տիկին Ռիտա Սարգսեանի, կտրւի պետական ընթրիք:

Tert.am

Ջիւան Գասպարեան.-

Ինչպէ՞ս կարող են մի քանի ժամ

շարունակ հեռարձակել մի անտաղանդ

երգչի համերգը



14:32 • 17.01.11
«Պէտք է ռեստորանը տարբերել իրական արւեստից»,- այսօր «Ուրբաթ» ակումբում հրաւիրւած ասուլիսի ժամանակ ասաց դուդուկահար Ջիւան Գասպարեանը՝ դժգոհութիւնը յայտնելով մերօրեայ «արւեստագէտներից» ու նրանց եթեր տրամադրող հեռուստաընկերութիւններից ։
«Հեռուստատեսութիւնը ամենամեծ պրոպագանդիստն է: Ինչպէ՞ս կարող են մի քանի ժամ շարունակ եթեր տալ մի անտաղանդ երգչի համերգը: Դա սարսափելի մասշտաբներ է կրում յատկապէս տօնական օրերին: Բանական մարդը անգամ Շառլ Ազնաւուրին կամ Մայքլ Ջեքսոնին այդքան երկար չի կարող լսել: Հեռուստաընկերութիւնները այդքանով փչացնում են մեր ճաշակը: Թող հասկանան` ում և ինչու են ցոյց տալիս»,- ասաց վարպետը:
Լրագրողներին պատմելով իր երազանքի մասին՝ Ջիւան Գասպարեանն ասաց. «Ես որբ եմ մեծացել և գիտեմ, թէ ինչ է նշանակում լինել ծնողազուրկ: Այդ է պատճառը, որ ուզում եմ բարեգործական երաժշտական դպրոց բացել, որտեղ անվճար հիմունքներով կսովորեն մանկատներում ապրող տաղանդաւոր երեխաները»:
Վարպետը պատրաստւում է անձամբ պարապել երեխաների հետ, որոնք կուսանեն երգ, պար, դաշնամուր, բայց շեշտը, իհարկէ, կդրւի դուդուկի վրայ: «Դպրոցի շէնքը արդէն կայ: Դա իմ սեփական եռայարկ շինութիւնն է: Մնում է գտնել հուանաւորներ: Նաև կազմակերպում ենք բարեգործական համերգներ, որոնց հասոյթը տրամադրւելու է դպրոցին: Պլանաւորում ենք, որ դպրոցը կսկսի գործել 2012 թւականից: Իսկ ինձանից յետոյ այդ գործը կշարունակի թոռս` Ջիւան Գասպարեանը»:
Վարպետը նշեց, որ շուրջ 12 տարի է՝ պարապում է թոռան հետ, նրա համար բացել է դուդուկի գաղտնիքներն ու նրբութիւնները, և նա է իր գործի իրական կրողը, իրական աշակերտն ու ժառանգողը:

Tert.am

ԱԳՆ.-

Հայ-վրացական բանակցութիւնների ընթացքում

մշտապէս քննարկւել են վիրահայութեան խնդիրները



Յունւար 17, 2011 15:45
Հայ-վրացական բանակցութիւնների ընթացքում մշտապէս քննարկւել են վիրահայութեանը յուզող խնդիրները: Այդ մասին ասւած է Հայաստանի ԱԳՆ-ի 2010 թւականի գործունէութեան վերաբերեալ հաշւետւութեան մէջ:
Ըստ հաշւետւութեան՝ 2010 թ. Հայաստանի եւ Վրաստանի միջեւ կայացել են մի շարք բարձրաստիճան շփումներ, այդ թւում` յունւարի 26-ին Վրաստանի վարչապետ Ն. Գիլաուրիի աշխատանքային այցը Հայաստան, փետրւարի 22-23-ը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանի աշխատանքային այցը Վրաստան, յունիսի 13-15-ը ԱԳ նախարար Էդւարդ Նալբանդեանի աշխատանքային այցը Վրաստան, իսկ սեպտեմբերի 3-4-ը Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձէի աշխատանքային այցը Հայաստան:
2010թ. մարտի 1-ին, Հայաստանի միջնորդութեամբ ընթացած բանակցութիւնների արդիւնքում, վերաբացւել է Վրաստանի եւ ՌԴ միջեւ աւտոմոբիլային «Կազբէգի»-«Վերին Լարս» սահմանային անցակէտը, որը չէր գործում 2006թ. օգոստոսից:
Հաշւետւութեան մէջ առանձին կէտով ներկայացւել է նաեւ Իրանի հետ փոխ–յարաբերութիւնների խնդիրը: Ըստ այդմ, հաշւետու ժամանակաշրջանը հայ-իրանական յարաբերութիւնների համագործակցութեան առումով նշանաւորւել է մի շարք գերատեսչութիւնների միջեւ տեղի ունեցած փոխադարձ այցերի առատութեամբ եւ շփումներով: Իրան են այցելել Հայաստանի պաշտպանութեան, կրթութեան եւ գիտութեան, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարները:
Տարւայ ընթացքում տեղի ունեցած կարեւորագոյն իրադարձութիւններից էր 2010 թ. հոկտեմբերի 25-26-ը Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսեանի գլխաւորած պատւիրակութեան Թեհրան կատարած այցը: Հոկտեմբերի 8-10-ը Երեւան ժամանեց Իրանի մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի գլխաւորած պատւիրակութիւնը:
Յաջողութեամբ շարունակւել են հայ-իրանական միջկառավարական յանձնաժողովի աշխատանքները: 2010 թ. յունւարի 26-27-ը Երեւանում տեղի ունեցաւ Հայաստանի եւ Իրանի միջկառավարական յանձնաժողովի հերթական` 9-րդ նիստը, որին մասնակցելու նպատակով Երեւան էր ժամանել ԱԳ նախարար Մ. Մոթթաքին:
Քաղաքական խորհրդակցութիւններ անցկացնելու նպատակով 2010 թ. սեպտեմբերի 15-16-ը Թեհրանում էր գտնւում Հայաստանի ԱԳ նախարար Է. Նալբանդեանի գլխաւորած պատւիրակութիւնը:

Լուրեր Հայաստանից - NEWS.am


Չինացիներն ուրախ են ներդրում կատարել

հայկական հանքավայրերում



Յունւար 16, 2011 00:24
Չինական Fortune Oil-ի գործադիր տնօրէն Տի Կիամ Պունը յայտարարել է, որ ընկերութիւնն ուրախ է ներդրում կատարել Հայաստանի երեք երկաթահանքերում եւ իրացնել նոր ռեսուրսային ռազմավարութիւն:
NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Հոնկոնգում գտնւող Fortune Oil ընկերութիւնը, որը նեդրումներ է իրականացնում Չինաստանի նաւթային եւ գազային նախագծերում, Յունւարի 12-ին 24 միլիոն դոլար է ներդրել Bounty Resources Armenia Limited ընկերութեան կապիտալի 35 տոկոսը ձեռք բերելու համար: Bounty Resources Armenia Limited-ին են պատկանում Աբովեանի, Հրազդանի եւ Սւարացի երկաթահանքերը: Fortune Oil-ի պաշտօնական կայքը հաղորդում է, որ այդ հանքավայրերի լիցենզիան տրւել է Nagin ՍՊԸ-ին, որը Caspian Bounty Steel Limited-ի դուստր ընկերութիւնն է: Caspian Bounty Steel Limited-ն էլ Bounty Resources Armenia Limited-ի դուստր ընկերութիւնն է:
Fortune Oil-ը նաեւ 2 միլիոն դոլարով գնել է փոքրամասնութիւնում մնացած CBSL-ի 16,7 տոկոս բաժնէտոմսերը: BRAL-ում եւ CBSL-ում արւող ներդրումները ֆինանսաւորւում են ընկերութեան կանխիկ պահուստային միջոցներով:
Պայմանագրի համաձայն` Fortune Oil-ն ունի հնարաւորութիւն BRAL-ի կապիտալի եւս 15 տոկոսի դիմաց կատարել լրացուցիչ 16 միլիոն դոլարի ներդրում: Դրա արդիւնքում ամբողջ ներդրումը կկազմի 40 միլիոն դոլար, որով Fortune Oil-ին կանցնի BRAL-ի կապիտալի 50 տոկոսը:
BRAL-ն այժմ ունի միայն մէկ երկրորդ բաժնետէր` Bounty Investment Holdings Limited, որը ներդրումային հոլդինգային ընկերութիւն է: Այն տարբեր նախագծեր է իրականացնում էներգետիկայի եւ ռեսուրսային ոլորտներում: Fortune Oil-ը բոլոր ներդրումները Հայաստանում իրականացնում Giant Global Development Limited դուստր-ընկերութեան միջոցով:
Չինական Fortune Oil-ի գործադիր տնօրէն Տի Կիամ Պունը յայտարարել է, որը Չինաստանում գրանցւում է ռեսուրսների պահանջարկի մշտական աճ եւ հայկական հանքավայրերի զգալի պաշարները համագործակցութիւնը գրաւիչ են դարձնում եւ առաջիկայ տարիներին այս դրական ներդրման շնորհիւ ընկերութիւնը թռիչքաձեւ առաջընթաց է սպասում:
2000-2010թթ. երկաթահանքի ներկրումը Չինաստան 69 միլիոն տոննայից հասել է 619 միլիոն տոննայի: 2011-ին սպասւում է երկաթահանքի ներկրման աճ մինչեւ 712 միլիոն տոննայ:
Հայկական հանքավայերի մասին.
***– Հրազդանի հանքավայրի շահագործումը կսկսւի առաջինը: Երկաթահանքն ունի բարձ որակ` 40% երկաթ, շատ մօտ է գտնւում երկրի մակերեսին: Ենթակառուցւածքների` ջրագծերի, երկաթգծի, աւտոմայրուղիների, լոկալ էլեկտրակայանի առկայութիւնը հնարաւորութիւն է տալիս արագ շահագործել հանքավայրը: Սկիզբը նախատեսւում է 2014-ին` տարեկան 1,5-2,0 միլիոն տոննայ հզօրութեամբ: Երկաթահանքային խտանիւթի քանակը կկազմի տարեկան 800 հազարից մինչեը 1 միլիոն տոննայ: Հրազդանի պաշարները կազմում են 77 միլիոն տոննայ: Դրանցից 37 միլիոնը հաստատւած է, 40 միլիոնը` հաւանական: Շահագործումը նախատեսւում է իրականացնել 15 տարում: Արտադրանքը երկաթգծով կտեղափոխւի կամ Վրաստանի, կամ Թուրքիայի, կամ Իրանի նաւահանգիստ: Վերջնական շուկան կլինի Չինաստանը:
***– Աբովեանի հանքավայրի շահագործումը կսկսւի երկրորդը: Պաշարներն աւելի խորադիր են, քան Հրազդանում: Աբովեանի հանքավայրի պաշարները գնահատւում են 255 միլիոն տոննայ` 84 միլիոն տոննայ հաստատւած եւ 171 միլիոն տոննայ հավանական, ինչը թոյլ կտայ տարեկան մօտ 20 միլիոն տոննայ երկաթահանք մշակել եւ արտադրել 8 միլիոն տոննայ խտանիւթ: Աբովեանի ենթակառուցւածքային բազան նոյնն է, ինչ Հրազդանում: Աբովեանի հանքավայրը նախատեսւում է շահագործել 10 տարում:
*** – Սւարանցի հանքավայրի շահագործումը կսկսւի վերջինը: Դրա գնահատումը գտնւում է սկզբնական փուլում: Սւարանցի պոտենցիալ պաշարները գնահատւում են 1500 միլիոն տոննայ:
BRAL ընկերութիւնը գրանցւել է 2010թ. յունիսին: BRAL-ի միակ ակտիւն անուղղակի մասնակցութիւնն է նշւած հանքերի կապիտալում: Ընկերութիւնը դեռեւս շահոյթ չի գրանցել:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Սէյրան Օհանեան. -

Արցախեան պատերազմի մասնակիցների

վարքը պէտք է օրինակելի լինի


«Ունենալով արցախեան պատերազմին մասնակցի մարտական ուղի` ես առանձնայատուկ յարգանք ունեմ պատերազմի բոլոր մասնակիցների նկատմամբ»


Յունւար 15, 2011 14:47
Արցախեան պատերազմի մասնակիցների վարքը պէտք է օրինակելի լինի: Այդ մասին Հայաստանի պաշտպանութեան նախարարութեան իրաւապահ մարմինների խորհրդակցութեան ընթացքում յայտարարել է Պաշտպանութեան Նախարար Սէյրան Օհանյանը: Անդրադառնալով Տաւուշի մարզի N զօրամասում տեղի ուենցած միջադէպին՝ Օհանեանն ասել է. «Ունենալով արցախեան պատերազմին մասնակցի մարտական ուղի` ես առանձնայատուկ յարգանք ունեմ պատերազմի բոլոր մասնակիցների նկատմամբ: Սակայն կարծում եմ, որ արցախեան պատերազմի մասնակից լինելը նաեւ շատ պարտաւորեցնող է, եւ բնական է, որ մեր հասարակութիւնը ակնկալում է, որպէսզի պատերազմին մասնակից սպաները իրենց վարքով ու գործողութիւններով լինեն օրինակելի»:
Նախարարը նշել է նաեւ, որ այսուհետ եւս անհանդուրժող կերպով են արձագանքելու ցանկացած օրինախախտման, որպէսզի «մեր նահատակւած ընկերների կեանքի գնով ձեռքբերւած յաջողութիւնները լինեն շարունակական, իսկ այն ապահովող բանակը` կարգապահ: Զինւած ուժերում գործող կանոնակարգերը բոլորի համար են եւ ենթակայ են պարտադիր կատարման»:
Հայաստանի ՊՆ տեղեկատւութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից NEWS.am-ին յայտնում են, որ պաշտպանութեան նախարար Սէյրան Օհանեանն իր ելոյթում նշել է, որ զինւած ուժերում յանցագործութիւնները նւազեցնելու համար առաւել մեծ աշխատանք պէտք է տանել կանխարգելման ուղղութեամբ` շեշտը դնելով դաստիարակութեան լաւագոյն մեթոդների կիրառման, զինծառայողների մասնագիտական գիտելիքների կատարելագործման եւ զինւորական բարեկրթութեան պահպանման վրայ: Նախարարն ասել է, որ կարգապահութեան հարցերը 2011 թւականի առաջին կիսամեակում լինելու են պաշտպանութեան նախարարութեան ղեկավարութեան յատուկ ուշադրութեան ներքոյ, որպէսզի բոլոր խնդիրներն իրենց հիմնաւոր լուծումները ստանան` բարձրացնելով զինւած ուժերում կարգապահութեան մակարդակը:
Խորհրդակցութեանը զեկոյցով հանդէս են եկել ՊՆ ռազմական ոստիկանութեան պետ, գնդապետ Արամ Տէր-Սահակեանը, քննչական վարչութեան պետ, գեներալ-մայոր Արմէն Յարութիւնեանը, պաշտպանութեան նախարարի տեղակալ, գեներալ-մայոր Վլադիմիր Գասպարեանը եւ ՀՀ զինւորական դատախազ Գէորգ Կոստանեանը:
Ինչպէս արդէն նշել է NEWS.am-ը, դեկտեմբերի 31-ին Իջեւանում գնդի հրամանատար Սերգէյ Կարապետեանը ծեծի էր ենթարկել քաղաքացիական մի քանի անձանց: 20-ամեայ Տարոն Ենգիբարեանը ստացած վնասւածքներից մահացել էր հիւանդանոցում, իսկ գնդի հրամանատարի նկատմամբ քրէական գործ էր յարուցւել:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Հայրասպան որդու նկատմամբ

քրէական գործ է յարուցւել



Յունւար 15, 2011 14:42
Այօր՝ յունւարի 15-ին Հայաստանի ոստիկանութեան Մասիսի բաժնի աշխատակիցները՝ Մասիսի ոստիկանապետի օպերգծով տեղակալ Սամւէլ Մկրտչեանի գլխաւորութեամբ, Արարատի մարզի ձերբակալւածների պահման վայր են տեղափոխել հօր սպանութեան մէջ կասկածւող երիտասարդին:
Ինչպէս NEWS.am-ին յայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշեանը, քիչ առաջ ոստիկանութեան Մասիսի բաժնի քրէական հետախուզութեան եւ քննչական բաժանմունքի աշխատակիցները փորձարարութիւն եւ տեղազննութիւն էին կատարում Այնթափ գիւղի 5-րդ փողոցի 68 տանը:
Յունւարի 13-ին, ժամը 16:50-ի սահմաններում Մասիսի քաղաքային հիւանդանոցից ահազանգել էին ոստիկանութեանը, որ նշւած տան ննջարանում բռնութեան հետքերով տղամարդու դիակ կայ: Դէպքի վայր մեկնած օպերատիւ խումբը՝ Մասիսի ոստիկանապետ Գուրգէն Բեգլարեանի գլխաւորութեամբ, յայտնաբերել էր 58-ամեայ Սուրէն Սմբատի Խեչոյեանի դիակը:
Նոյն օրը Հայաստանի ոստիկանութեան քննչական գլխաւոր վարչութեան Արարատի մարզային քննչական վարչութեան Մասիսի քննչական բաժանմունքում յարուցւել է քրէական գործ ՀՀ քր.օր.-ի 104 յօդւածի (Սպանութիւն) յատկանիշներով:
Ոստիկանութեան Արարատի մարզային վարչութեան, Մասիսի ոստիկանութեան աշխատակիցների ձեռնարկած օպերատիւ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիւ պարզւում է, որ նշւած տանը կենցաղային հողի վրայ տեղի է ունեցել վիճաբանութիւն, որի արդիւնքում 33-ամեայ Ստեփան Խեչոյեանը ծեծի է ենթարկել հօրը եւ անօգնական թողել տանը: Ստացած վնասւածքներից Սուրէն Խեչոյեանը մինչ շտապօգնութեան ժամանումը մահացել է:
Հարեւանները յայտնում էին, որ հօր եւ որդու միջեւ յաճախ են տեղի ունեցել վիճաբանութիւններ եւ այդ օրն էլ հերթական վէճն է եղել:
Քննչական մարմինը պատրաստւում է դիմել Արարատի մարզի ընդհանուր իրաւասութեան դատարան, հայրասպան որդու նկատմամբ երկամսեայ կալանք կիրառելու միջնորդութեամբ:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Հնարաւոր է՝ մանկական «Եւրատեսիլն»

այս տարի անցկացւի Հայաստանում



12:24 • 15.01.11
«Շատ հնարաւոր է, որ մանկական «Եւրատեսիլն» այս տարի անցկացւի Հայաստանում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ յայտարարեց Հանրային հեռուստառադիոընկերութեան խորհրդի նախագահ Ալեքսան Յարութիւնեանը:
Ըստ նրա՝ առաջիկայ շաբաթւայ ընթացքում պարզ կդառնաչ՝ արդեօ՞ք այդ մրցոյթը կանցկացւի Հայաստանում: Ինչ վերաբերում է հարցին, թէ որքան գումար է հարկաւոր «Եւրատեսիլն» անցկացնելու համար, Ալեքսան Յարութիւնեանը պատասխանեց, որ այս պահին դեռևս գումարների մասին վաղ է խօսելը. «դա կախւած է նրանից, թէ մենք ինչ ենք ուզում ստանալ»: Միաժամանակ, ըստ Յարութիւնեանի, եթէ հաստատւի, որ մրցոյթն անցկացւելու է Հայաստանում, ապա դրա անցկացման ծախսերը միայն Հայաստանը չի հոգալու:
«Այդ ծախսերը միայն մեզ վրայ չեն լինի, այլև Ժնևի Եւրոպական հեռարձակողների կողմից բաւականին շօշափելի աջակցութիւն է տրւում»,- ասաց նա:
Ամփոփելով անցած տարին՝ Ալեքսան Յարութիւնեանը յայտարարեց, որ անցած տարին հիմնականում յաջող տարի էր Հանրային հեռուստատեսութեան համար մի քանի պատճառներով: Նախ, ըստ նրա, իրենք կարողացել են ամբողջութեամբ յաղթահարել ճգնաժամի ազդեցութեան հետևանքները, կարողացել են ապահովել մեծ հեռուստալսարան, նկարահանել են գեղարւեստական և փաստավաւերագրական ֆիլմեր, որոնց նկարահանումները կշարունակւեն նաև այս տարի:

Tert.am

Հայաստանում ՆԱՏՕ-ի տեղեկատվական


կենտրոնն արդէն տեղակայւած է


Աբովեան 8 հասցէով



Յունւար 14, 2011 22:14
Յունւարի 1-ից Հայաստանում ՆԱՏՕ-ի տեղեկատւական Կենտրոնը տեղափոխւել է նոր գրասենեակ հետեւեալ հասցէով`0010,Երեւան,Աբովեան 8,3-րդ յարկ:
ՆԱՏՕ-ի տեղեկատւական Կենտրոնից NEWS.am-ին յայտնում են, որ Կենտրոնի նոր հեռախօսահամարն է (+37410) 54 33 84:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Հայկական գիւղմթերքները եւրոպական

շուկաներից կարող են դուրս մղել

թուրքականներին



Յունւար 13, 2011 01:01
NEWS.am-ի հարցազրոյցը «Սպայկա» ընկերութեան զարգացման ծրագրերի համադասող Կարէն Բաղդասարեանի հետ:
*Պրն. Բաղդասարեան, «Սպայկա»-ն Հայաստանի խոշորագոյն գիւղմթերք արտահանող ընկերութիւնն է։ Որքա՞ն գիւղմթերք էք արտահանել անցած տարում։
***Նախ նշեմ, որ մեզ համար տարին սկսում եւ աւարտւում է յունիսի 1-ին։ Մենք այս պահին ունենք մթերւած ապրանքներ, որ շարունակում ենք արտահանել, ու մինչեւ ապրիլ դեռ կարտահանենք։ Ժամկէտային այս կտրւածքով՝ կարտահանենք 5500 տոննայ, այս պահի դրութեամբ արտահանել ենք 4000 տոննայ։ Հիմնականում արտահանւել է խաղող, կաղամբ (այն հիմա էլ արտահանում ենք), նաեւ լոլիկ, դեղձ եւ փոքր քանակութեամբ ծիրան։ Այս տարի մենք պատրաստ ենք մինչեւ 30 հազ. տոննայ գիւղմթերք արտահանել։
*Հիմնականում դէպի ո՞ր երկրներ են գնում հայկական մրգերն ու բանջարաբոստանային կուլտուրաները։
***95 տոկոսից աւելին գնում է դէպի ԱՊՀ երկրներ, հիմնականում Ռուսաստան եւ Ուկրաինա։ Փորձնական կարգով ծիրանի արտահանում ենք կազմակերպել նաեւ դէպի Գերմանիա եւ Հոլանդիա։ Եւրոպական ուղղութիւններով ծաւալները 2011-ին կմեծանան։
*Եւրոպական շուկան որքանո՞վ հեռանկարային է։
***Եւրոպական շուկայ մտնելու համար միայն որակն ու համապատասխան փաթեթաւորումը բաւական չէ։ Պէտք է հաշւի առնել, թէ ում հետ ենք մտնում մրցակցութեան մէջ։ Օրինակ՝ ռուսական շուկայում մեր հիմնական մրցակիցները եւրոպացիներն են, թուրքերը, որոշ չափով՝ ԱՊՀ-ից ներկրողները։ ԱՊՀ-ում մենք շուկան գրաւեցինք ԱՊՀ մատակարարներից, յետոյ անցանք եւրոպական եւ թուրքական մատակարարներին։ Իսկ Եւրոպայում պէտք է մրցակցենք անմիջապէս եւրոպական եւ թուրքական մատակարարների հետ, որն աւելի դժւար է։ Մենք կարողացանք կատերալագործել եւ փաթեթաւորումը, եւ լոգիստիկան, աւելի որակեալ ապրանք ենք առաջարկում, ու այս տարի արդէն պատրաստ ենք նրանց հետ մրցակցել։
*Իսկ հայկական մրգերից ո՞րն է առաւել հեռանկարային ու մրցունակ այլ շուկաներում։
***Բնականաբար՝ դա ծիրանն է, խաղողի որոշ տեսակներ։ Դեղձը նոյնպէս հեռանկարային է, բայց մասշտաբի առումով մեր բրենդները ծիրանն ու խաղողն են։
*Ասացիք, որ լոլիկ էք արտահանում։ Միեւնոյն ժամանակ մենք Թուրքիայից էժան լոլիկ ենք ներմուծում։ Ինչպէ՞ս է հայկական լոլիկը արտասահմանում մրցակցում թուրքականի հետ։
***Հայաստանը Թուրքիայից ներմուծում է ջերմոցային լոլիկներ։ Մենք արտահանում ենք բացառապէս բաց գրունտի արտադրութեան լոլիկ, ջերմոցային լոլիկը մեզ համար հետաքրքիր չէ, քանի որ ծաւալներ չկան։ Եթէ լոլիկի արտադրութեան տեխնոլոգիաները պահպանւեն՝ բաց գրունտի հայկական լոլիկը արտաքին շուկաներում միանգամայն մրցունակ է։ Ջերմոցային եւ բաց գրունտի լոլիկի գների միջեւ միջազգային շուկայում մօտ 60 տոկոս տարբերութիւն կայ։ Մենք հնարաւորութիւն ունենք բաց գրունտի լոլիկով մրցակցել թուրքական ջերմոցային լոլիկի հետ, սակայն այն պէտք է լաւ տեսակաւորւի։ Ցաւօք՝ մեր ֆերմերները որակեալ արտադրանք չեն տալիս։ Անցեալ տարի մթերեցինք 1000 տոննայից աւելի լոլիկ, որից արտահանման ենթակայ էր 150 տոննան։ Մնացածը նորից յանձնեցինք տեղական մթերողներին։ Ֆերմերները չեն պահպանում ագրոտեխնիկական պայմանները, կոնկրետ լոլիկի մասով՝ դեղամիջոցների ոչ ճիշտ օգտագործում կար։ Այն ստանդարտները, որոնցով աշխատում ենք՝ մերը չեն։ Այդ ստանդարտները թելադրւում են ռիելթորական ցանցերի եւ հիպերմարկէտների կողմից։
*2010 թ. առաջին անգամ Հայաստանից կաղամբ արտահանեցիք։ Այդ շուկան որքանո՞վ է հեռանկարային։
***Շուկան հեռանկարային կլինի, եթէ ֆերմերները կատարելագործեն ագրոտեխնիկան եւ ստանան մրցունակ ինքնարժէքով ապրանք։ Անցեալ տարի Ռուսաստանում երաշտի հետեւանքով մօտ 1 միլիոն տոննայ կաղամբ պակաս արտադրւեց։ Մենք կարողացանք այդտեղ մուտք գործել։ Շուկայում հաստատուն կմնանք, եթէ կաղամբ արտադրող ֆերմերները շարունակեն մեզ հետ համագործակցել։ Նոր տեխնոլոգիաները հնարաւորութիւն են տալիս աւելացնել բերքը՝ իջեցնելով ինքնարժէքը։ Եթէ դա տեղի ունենայ՝ մենք կարող ենք գիւղացիներին հետաքրքիր առաջարկներ կատարել թէ՜ կաղամբի, թէ՜ կարտոֆիլի, թէ՜ այլ բանջարաբոստանային կուլտուրաների հետ կապւած։
*Հայկական խաղողը վրացականի համեմատ աւելի մրցունա՞կ է։
***Վրաստանում սեղանի խաղողը շատ քիչ է, այնտեղ հիմնականում գինու համար նախատեսւած խաղողներ են արտադրում։ Ռուսական շուկայում մենք հիմնականում մրցակցում ենք ուզբեկական, թուրքական, իտալական խաղողների հետ, կամ Ռուսաստանի հարաւային շրջաններում աճեցւող խաղողի հետ։ Այս տարի մօտ 1200 տոննայ խաղող ենք արտահանել, այսինքն՝ յաջողութեամբ մրցակցում ենք։
*Վերին Լարսի բաց կամ փակ լինելը ինչպէ՞ս է անդրադառնում ձեր գործունէության վրայ։
***Վերին Լարսի անցակէտի բացումը մեզ համար կարեւորագոյն նշանակութիւն ունեցաւ։ Փոթի-Նովոռոսիսյկ լաստանաւային փոխադրումը իրականացւում է ամսական 3 անգամ՝ 10 օրը մէկ։ Իսկ այնպիսի կարճ կեանք ունեցող ապրանքների դէպքում, ինչպիսին ծիրանն է, կամ այլ մրգերը, դա նպաստաւոր հանգամանք չէ։ Ծախսի տեսանկիւնից նոյնպէս տարբերութիւն կայ՝ լաստանաւում մէկ բեռնատարի տոմսն արժէ 2000 դոլար։ Այսօր Վերին Լարսի անցակէտը աշխատում է շնորհիւ մեր ընկերութեան կողմից ձեռք բերած յատուկ տեխնիկայի, որն ապահովում է ձմեռային պայմաններում մեքենաների տարանցումը, իսկ ձեան մաքրման աշխատանքները կարգաւորում է վրացական կողմը։ Մեր տեխնիկան օգնում է Հայաստան մտնող բոլոր մեքենաներին։


Զրուցեց՝ Սամւէլ Աւագեանը
Լուրեր Հայաստանից - NEWS.am

Մարտիրոս Սարեանի նկարները

ներկայացւած Հոլանդիայում

ընթացող ցուցահանդէսում



Յունւար 12, 2011 20:45
Նիդերլանդների Գրոնինգեն քաղաքի լաւագոյն թանգարաններից մէկում, հիմնանորոգումից յետոյ, առաջին ցուցադրութեամբ, 2010 թ. դեկտեմբերի 19-ին բացւել է «Ռուսաստան եւ օրիէնտալիզմ» խորագրով` նախկին խորհրդային երկրների արւեստագէտների արեւելեան թեմաներով ստեղծագործութիւնների ցուցահանդէսը, որը կգործի մինչեւ 2011 թ. մայիսի 8-ը:
Հայաստանի մշակոյթի նախարարութիւնից NEWS.am-ին յայտնում են, որ «Անյայտ ռուսական արեւելքը» ներկայացնում է 19-րդ դարեվերջի եւ 20-րդ դարի սկզբի ռուս նկարիչներ Վերեշչագինի ու Պոլենովի` Ռուսաստանի հարաւի ու Մերձաւոր Արեւելքի էկզոտիկ երկրներում կատարած ճանապարհորդական փաստագիր աշխատանքներն ու 19-20-րդ դարերի սահմանագծին նոյն թեմատիկայով ստեղծագործող արեւելքի գեղանկարիչների գործերը:
Կազմակերպիչների հաւաստմամբ Հոլանդիայի ու Եւրոպայի արւեստասէրների համար իսկական յայտնութիւն կարող է լինել Մարտիրոս Սարեանի էսթետիկան` որը շատ ինքնատիպ է, սակայն, նաեւ բնորոշ այդ ժամանակաշրջանի եւրոպական արւեստի սկզբունքներին:
Գրոնինգենի ցուցահանդէսին Հայաստանը ներկայացրել է 8 կտաւ Մարտիրոս Սարեանի տուն-թանգարանից եւ 5 աշխատանք` Հայաստանի ազգային պատկերասրահից` Վարդգէս Սուրէնեանց, Մարտիրոս Սարեան, Վասիլի Պոլենով, Գրիգոր Շարբաբչեան եւ 19-րդ դարի անյայտ նկարչի 1 աշխատանք:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Մօրն ու դստերը մահացու ելքով վրաերթի

ենթարկած հարբած ոստիկանը

կալանաւորւել է



Յունւար 11, 2011 17:31
Հայաստանի յատուկ քննչական ծառայութեան (ՅՔԾ) վարոյթում քննւող քրէական գործով կալանաւորւել է ՀՀ ոստիկանութեան Մալաթիայի բաժնին կից պահպանութեան բաժնի ոստիկան, ոստիկանութեան աւագ Ա. Յովհաննիսեանը: Նա մեղադրւում է ճանապարհային երթեւեկութեան եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու համար, որն անզգուշութեամբ առաջացրել է երկու մարդու մահ:
Աւելի վաղ ֆոտոլրագրող Գագիկ Շամշեանը NEWS.am-ը յայտնել էր, որ 2010թ. դեկտեմբերի 22-ի լոյս 23-ի գիշերը, ժամը 00:20-ի սահմաններում, ՀՀ ոստիկանութեան Մալաթիայի բաժնին կից պահպանութեան բաժնի ոստիկան, ոստիկանութեան աւագ Ա. Յովհաննիսեանն իր վարած ՎԱԶ 2106» մակնիշի E-109 PH-26 ռուսական համարանիշով աւտոմեքենայով Կոմիտաս-Փափազեան փողոցների խաչմերուկում վրաերթի էր ենթարկել մայր եւ դուստր Կարինէ եւ Անահիտ Գասպարեաններին։ Արդիւնքում նրանցից մէկը տեղում մահացել էր, միւսը շտապօգնութեան մեքենայով տեղափոխւել է «Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ» բժշկական կենտրոն եւ մահացել հիւանդանոցում:
«ՎԱԶ-2106»-ի վարորդը վրաերթի ենթարկւածներին թողել էր անօգնական ու դիմել փախուստի, այդ ընթացքում բախւելով մէկ այլ՝ «ՎԱԶ-2107» մակնիշի 22 ՏՍ 785 համարանիշի տաքսի աւտոմեքենայի: Աւտոմեքենայի մէջ յայտնաբերւել էր ոստիկանութեան աշխատողի «կամուֆլեաժը»:
Ոստիկանութեան աշխատակցին ՃՈ աշխատակիցները տեղափոխել էին ոստիկանութեան Արաբկիրի բաժին: Բժշկական ստուգմամբ պարզւել էր, որ Ա. Յովհաննիսեանը դէպքի պահին եղել է ալկոհոլային երկրորդ աստիճանի հարբածութեան վիճակում:
Ձեռք բերւած ապացոյցների հիման վրայ Ա. Յովհաննիսեանին մեղադրանք է առաջադրւել ՀՀ քրէական օրէնսգրքի 242-րդ յօդւածի 3-րդ մասով (ճանապարհային երթեւեկութեան եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշութեամբ առաջացրել է երկու կամ աւելի մարդու մահ) եւ 244-րդ յօդւածով (ճանապարհատրասպորտային պատահարի վայրը թողնելը): Նրա նկատմամբ որպէս խափանման միջոց կիրառւել է կալանաւորում։ Նախաքննութիւնը շարունակւում է:


Լուրեր Հայաստանից - NEWS.am

Երևանում բացւել է 5 D կինոսրահ



15:57 • 11.01.11
Օրերս Երևանում բացւել է նորագոյն տեխնոլոգիական միջոցներով յագեցած 5D ձևաչափով ֆիլմեր ցուցադրող կինոսրահ: Այսուհետ ֆիլմարտադրութեան վերջին` նորագոյն լուծումներով ժամանակակից անիմացիոն ֆիլմերը դիտելու հաճոյքը կարող է վայելել նաև Հայ հանդիսատեսը:
5D ֆորմատը հասարակութեան լայն շերտերին արդէն յայտնի 3D ֆորմատի կատարելագործւած, գերժամանակակից տարբերակն է: 4-տեղանի կինոսրահում ֆիլմի գերժամանակակից պատկերն ստեղծւում է ստերիօ–ձայնային էֆեկտների, շարժական պլատֆորմի ու 120 աստիճան էկրանի շնորհիւ: Շօշափելի էֆեկտներն ու հպումները ֆիլմերի անբաժան մասն են: 3-5 րոպէանոց ֆիլմերը դիտելիս 5D ակնոցների միջոցով հանդիսատեսը, կարծես ներթափանցելով ֆիլմ, կարող է զգալ օրինակ` քամու շունչը, ջրի ցայտքերի առկայութիւնը մարմնի տարբեր հատւածներում, զգալ հարւածներ, անգամ ցաւ: Նստելատեղերի միջոցով մարդիկ կարող են վերապրել վայրէջքի, անկման ակնթարթները, սաւառնել երնկնքում կամ զգալ ովկիանոսի հպումն ու ուժը սեփական մարմնին:
5D ֆիլմերը կարծես վիրտուալ ճանապարհորդութիւն լինեն, որոնց ընթացքում երեխաներն ու անգամ տարեցները կարող են մի պահ յայտնւել կախարդական աշխարհում` դառնալով դրա մի մասնիկը:
Կինոսրահում ցուցադրւում են տարբեր ժանրերի ֆիլմեր` միստիկայ, սարսափ, ֆանտաստիկայ: Երեխաները կարող են դիտել «Աւտոարշաւ հարաւային բևեռում», «Ալի Բաբան թանկագին զարդերի որոնումներում», դեռահասները` «Այլմոլորակային սաֆարի», «Աշխարհների պորտալ», մեծահասակները` «Դրախտում», «Վայրի Արևմուտքում» և այլ ֆիլմեր:
Կինոսրահը գործում է ամէն օր` ժ. 11:00-24:00-ն: Սեանսների համար յատուկ ժամեր սահմանւած չեն. հանդիսատեսը կարող է իր նախընտրութեամբ դիտել իր ցանկացած ֆիլմը: Ֆիլմերի ցանկը անընդհատ նորացւում է: Տոմսերի արժէքը 2000 դրամ է:


Tert.am