Showing posts with label Տրամագիծ. Show all posts
Showing posts with label Տրամագիծ. Show all posts
Friday, November 19, 2010

ԲԵՌ ԵՆՔ ԹԷ՝ ԲԵՌՆԱԿԻՐ...



ԲԵՌ ԵՆՔ ԹԷ՝ ԲԵՌՆԱԿԻՐ...


Դրանք բեռ են, որովհետեւ ձրիակէր դարձած այս առնէտները, իրենց «տէր»երի՝

«ուրիշների հաշւին գրւող լայնախոհութեան» շնորհիւ, բեռ դառնալուց բացի, ուրիշ

բան չեն կարող դառնալ...։ Դրանք՝ իրենց ծառայութեան դիմաց՝ արիւն են ծծում ու

առյաւէտ դառնում են բեռ։ Թէ՝ այս է նրանց ճակատագիրը, կամ բախտն է այսպէս

տնօրինել, ինքն առանձին հարց է։Իսկ այս առնէտ բեռների դիմաց, կան բեռնակիրներ,

որոնց արիւնը ծծւում է բեռ դարձած այս անհոգ մանրէների կողմից։



Խորասուզւելու շատ կարիք չկայ, իմանալու համար, թէ՝ երջանկութիւնը ո՞ւմ է վիճակւում, կամ ո՞ւմ բախտն է դառնում դժբախտութիւնը։ Բազմաթիւ տեսակէտներ կան այս հանելուկի համար՝ որպէս պատասխան։ Բայց ամենակարեւորն այն է՝ թէ արդեօք հաւատում ենք ճակատագրին թէ ո՛չ։
Շատերը ճակատագրին են վերագրում մարդու կեանքի ու ապագայի կազմաւորումը։ Այսպիսիք տրամաբանումեն, որ մարդն իր ապագան կերտելու համար, իրենից կամք չի դրսեւորում, եւ այն ինչ կատարւում է՝ պարզապէս ճակատագրի տելադրանքն է։
Ես այս չեմ ընդունում, որովհետեւ նախ չգիտեմ թէ ո՞վ է այդ ճակատագրի տնօրինողը, եւ ապա՝ եթէ կա՛յ այդպիսի մի ուժ, ապա դա չափազանց դաժան ու անարդար է։ Ես համոզւած եմ, որ այդ աներեւակայելի ուժը, որին ոմանք սխալմամբ Աստւած են անւանում (Աստւած չի կարող անարդար լինի), մեր հիւանդ մտքերի դրսեւորումներն են։ Ի հարկէ՝ եթէ չլինեն այնպիսի հոգով հիւանդ ու մտքով տկար «մարդիկ», որոնք հէնց մեր աշխարհում, մեր շրջապատում, քաղաքում՝ հիմնւելով իրենց ապօրինի հանգամանքների ու չարտօնւած «իրաւունքներ»ի՝ նստել են Աստծոյ տեղը եւ «ճակատագիր են տնօրինում»....
Իմ դիտանկիւնից, սա աւելի խելամիտ է, որովհետեւ մեր այս հիւանդ համայնքում, գրէթէ ամէն օր ենք հանդիպում նման դաժան տնօրինումների։ Բաւական է՝ չար ու ստոր ծառայութեան լուծը գցես ուսերիտ..., ճիշտ այնպէս՝ ինչպէս եզերին են լծում... Բախտդ արդէն բացւած է։
Ոմանք ասում են, մարդու կեանքը տնօրինւում է բախտի բերմամբ, կամ պատահմամբ։ Թէեւ շատ էլ չեմ ուզում հաւատալ այս տեսակէտին, սակայն մեր հասարակութեան մէջ դա էլ խելամիտ է թւում, քանի որ ինչպէս ասացի բախտ ու ճակատագիր տնօրինողները, ոչ թէ՝ եօթերորդ երկնքում, կամ ամպերի մէջ են, այլ երբեմն (չասենք շատ յաճախ) մեր կողքին նստած՝ «ընկեր»ը, «բարեկամ»ը, կամ «գործակից»ն է, որ ինքը լծւած ուրիշ՝ լծւած եզան կառքին, «տիրոջ» շարադրած «պատւիրաններ»ը (մեղայ Աստծոյ...) թելադրելու համար՝ ճիպոտ է առնում ձեռքն ու հալածում է..., դաժանօրէն հալածում է նոյնիսկ բոլոր նրանց, որոնք արդէն հալածւել են «բախտի բերմամբ, կամ պատահմամբ»...
Եւ այսպիսի հալածողները՝ որոնք ընդհանրապէս չունենալով դատելու եւ զատորոշելու կարողութիւն, (չասելու համար կատարեալ յիմարներ...), դառնում են բացարձակ ծառայ, գործակալ, ճիպոտով բանտապահ, դժխեմ, սատանայ, ու... իրենք էլ չգիտեն թէ ինչո՞ւ, բայց կատարում են այն ինչ որ «տէրն» է պատւիրել....ամենայն դաժանութեամբ...։
Բայց ես ուրիշ տեսակէտ էլ ունեմ։ Աշխարհի հասարակակարգերում, կան երկու հիմնական բեւեռներ, գործօններ. Բեռ եւ բեռնակիր։ Այստեղ թէ՛ բեռերն ու թէ՛ բեռնակիրները՝ Աստծոյ ստեղծած արարածներն են։ Մի խումբը մարդիկ, ու մի խումբն էլ մարդուկներ։
Ահա այստեղ է բնորոշւում, թէ՝ ինչն է ճակատագի՞րն ու ինչ է բախտը՞, կամ մարդուկներն ինչպէ՞ս են «տնօրինում» մարդկանց ապագան։ Բեռը ինքը՝ միշտ էլ բեռ է մնում մարդկանց ու հասարակութեան ուսերին։ Դա չի կարող բեռ չդառնայ, քանի որ ինքն իրենից ոչինչ չի ներկայացնում բեռ չդառնալու եւ սովորական էակ դառնալու համար։ Դրանք մանրէներ են, որոնց գոյութիւնը կախւած է ուրիշների արիւնը ծծելուն (իմա՝ գետին գլորելուն...)։
Դրանք բեռ են, որովհետեւ ձրիակէր դարձած այս առնէտները, իրենց «տէր»երի՝ «ուրիշների հաշւին գրւող լայնախոհութեան» շնորհիւ, բեռ դառնալուց բացի, ուրիշ բան չեն կարող դառնալ...։ Դրանք՝ իրենց ծառայութեան դիմաց՝ արիւն են ծծում ու առյաւէտ դառնում են բեռ։ Թէ՝ այս է նրանց ճակատագիրը, կամ բախտն է այսպէս տնօրինել, ինքն առանձին հարց է։ Իսկ այս առնէտ բեռների դիմաց, կան բեռնակիրներ, որոնց արիւնը ծծւում է բեռ դարձած այս անհոգ մանրէների կողմից։
Կարիք չկայ օրինակների, քանի որ արդէն մեր համայնքն ունենալով որպէս ցուցանիշ, արդէն պարզ է դառնում, թէ ո՛վ է բեռ ու որն՛ է բեռնակիր։ Կամ ովքեր են բեռ ու ովքեր՝ բեռնակիր։
Այստեղ, օրէնք է դարձել այն ստրկատիրական ֆորմուլան, որ մինչեւ անքան ժամանակ, որ բեռ ես կրում՝ դեռ կը բառնան քեզ, այնքան կը բառնան, որ թիկունքիտ վերքերն էլ բողոք կաղաղակեն, իսկ դու «յանուն պարտականութեան» կը խեղդես այդ խեղճ վերքերի ճչոցներն ու դեռ կը շարունակես բեռ կրել..., կրել ու կրել ու կրել....մինչեւ այնքան ժամանակ, երբ թիկունքիտ կեռութիւնից՝ դունչտ կը քսւի գետնի վրայ ու արիւն կը թորայ վիրաւոր խղճիցտ...շուրթերիտ հետ մնասին... Բայց միթէ չենք սովորել այն որ ասում է՝ «Մշակ բանւոր ռէնչպեր ախպեր, արիք միանանք, բողոք դառնանք...» ....
Ու բեռները՝ առնէտները, որոնց լուծը քաղցր չի հնչում թիկունքիտ վրայ, հա քշում են ու հա քշում, հա քշում, հա քշում,.... մինչեւ ճչա՜ս... ու ախ քաշե՜ս.... Եւ որպէս պատիժ՝ այդ ախիտ համար, դեռ բեռ են դնում արնօտ թիկունքիտ, ու արեան վրայ՝ դեռ քացախ լցնում... Ու երբ նորից բողոքես՝ որպէս նոր պատիժ՝ դեռ աղ են լցնում քացախախառն՝ թիկունքիտ արնօտ....
Մեր համայնքում, մեր քաղաքում, մեր աշխարհում, տարբեր են ամէն ինչերը, նոյնիսկ ա՜խ քաշելը։ Այստեղ պիտի այնպէս ա՜խ քաշես, որ ականջտ էլ չլսի դրան..., ու եթէ լսեց՝ ականջտ, դեռ ՝ կը պատժւես, կը պատժւես, կը պատժւես՝ մինչեւ ասես՝ ցաւ չես քաշում ու ինչքա՜ն «քաղցր» է այդ լուծը...վրաս...
Ես չեմ խօսում մարդկանց հանգամանքների մասին, եւ դրանց յարաբերութիւնը՝ բեռ ու բեռնակիրների հետ, բայց կարող եմ հաստատ խոստովանել, որ գահերին թիկնածները՝ միշտ էլ բեռ են եղել, ու դեռ կը մնա՛ն բեռ, եթէ՝ ճիչտ՝ չդառնայ բողոք, չփոթորկի, չալեկոծի նրանց անդորրը, եւ նոր կարգերի մասին մանիֆեստ չարձակի....
+++
Ես ինչքան յիշում եմ, բեռ եմ կրել, բեռեր՝ որոնց տանելու համար հաճոյք եմ ապրել, ու վիրաւոր թիկունքիս բեռերն ա՛յն ժամանակ դարձան աւելի ծանր ու անտանելի, երբ՝ ՕՏԱՐ բեռ կրելու դիմաց՝ միայն ճչացի... եւ ասացի՝
Լեզուս էք կտրում, ա՜խ էլ չքաշե՞մ...
Եւ այդ օրւանից դարձայ «օտարական», բոյկոտւած բեռնակիր... եւ իմացայ որ առանց խորասուզւելու կարող եմ հանգիստ խղճով յայտարարել՝ որ ո՛չ ճակատագիրը ու ո՛չ էլ բախտն է տնօրինում մարդու ապագան, այլ այն կարեւոր գործօնը թէ՝ ինչքան բեռ ես ինչքան բեռնակիր, կամ քեզանից կամք դրսեւորում ես թէ ոչ, եւ... հաճոյքով կը տանես լուծը՝ եզան փոխարէն....
Թող ես թքնեմ քո ճակատին՝ Ո՛վ մարդկային արդարութիւն...




Ձերդ՝ Վարդան Դաւթեան
2010-11-19

ՏՐԱՄԱԳԻԾ
ԽՈՍՏՈՎԱՆԵՆՔ՝ ՄԵՐ ՄԵՂՔԵՐԸ...
ԵՒ...ԱՄՈՔԵՆՔ ՀՈԳՈՒ ՎԷՐՔԵՐԸ ...
Բոլոր զոհերի, եւ Դոկտ. Լեւոն Դաւթեանի Յիշատակին...

Ճիշտ մէկ տարի անցաւ այն աղէտից, որի հետեւանքով՝ երկաթեայ թռչունը մէկ ակնթարթում փոշու վերածեց 168 հոգու կեանք, եւ դրանց մէջ նաեւ 47 Հայերի, որոնք անմեղութեամբ զոհւեցին, երբ խանդավառութեամբ չւում ին դէպի կարօտի փեշերը...
Կեանքը այնպէս է սլանում, որ չգիտես ե՞րբ պիտի դադարես ապրելուց՝ դրա անսպասելի կանգառի առջեւ ստիպողաբար կանգնելով , ու ե՞րբ պիտի անձնատուր լինես մահւան հրեշտակին, ու որտե՞ղ....
Անցաւ մէկ տարի, ու զոհերից իւրաքանչիւրին յիշելով, ինչ որ երեւոյթներ են ժապաւէնի նման անցնում աչքերիդ առջեւից, որոնց դառնութիւնը վստահ զգացել են այս կարօտի զոհերից իւրաքանչիւրը...
+++
Ահա երբ ակամայ սողում ես այս միտքտ փորող մտածումների մէջ՝ նոր յիշում ես, թէ՝ կեանքտ ինչպէ՞ս անցաւ ու ինչպէ՞ս ես ուզում ստուգել՝ որ մեղաւոր ես, թէ անմեղ... ու եթէ մեղաւոր ես՝ ինչքանո՞վ, եւ կամ ի՞նչն է մեղքը կշռելու եւ չափելու չափանիշը...
+++
Հասարակութեան մէջ որոշ իրողութիւնների ու երեւոյթների ականատես լինելիս, շատ յաճախ անարդարութիւններին ակունք տւող մեղաւոր անձ «չգտնելով», մեղք ենք գործում ու մեղանչում ենք Արարչի դէմ՝ իբր կացութիւն ստեղծող... եւ ոչ չարութիւն փրկող... մեղանչում ենք պատւիրազանցութեամբ ու անբարշտութեամբ, անամօթաբար..., մինչ անբարիշտները մեր կողքին են, եթէ՝ դրանք մենք չլինենք...
+++
Կեանքն իր բազմահաճոյք ու երանելի կողմերով, ունի նաեւ այնպիսի զարհուրելի ու մահացու զառիվարներ, որոնց շատ քչերն են կարող դիմանալ: Մանաւանդ, երբ այդ զարհուրելի երթը դու չես գնում, այլ քեզ տմարդօրէն գլորում են, անհոգութեամբ, սառնասրտութեամբ ու դեռ հաճոյքո՜վ... Ու նրանք այն վերեւից... քա՜հ քա՜հ լիաթոք ծիծաղներին միացնում են նաեւ վար ընկնողի գլորւելու կենացը... ի յաճս ոմանց, որոնց պիտի զեկուցեն տապալւողի կործանման գործընթացը՝ մինչեւ վերջ...
Եւ գլորւողներից շատ քչերն են որ չեն տապալւում: Նորից են գլորւում, նորից են կանգնում, նորից են կործանման փորձի ենթարկւում, նորից ու նորից... բայց չեն տապալւում...Այս տեսակ մարդիկ, թէեւ չեն կործանւում, սակայն այնպիսի վէրքեր են ստանում իրենց հոգիների վրայ, որոնց ամոքելը գրեթէ անհնարին է...
+++
Այդպիսիք, որոնք անարդարութեանց բազմապիսի ճնշումներից սեղմւում են կեանքի արհեստական «դէպքեր»-ի ու միտումնաւոր դաւադրութիւնների ծանրութեան տակ, այլ նաեւ ոտնահարւած «որդ»ի նման անմարդկայնօրէն ճզմւում են նաեւ անծանօթների ու «Ծանօթ»-ների ճնշիչ, տմարդօրէն ճզմիչ հայեացքների ծանրութեան ներքոյ...
«Ծանօթ»-ներ ու անծանօթներ, որոնց մեղքի բաժինը ոչ միայն շատ էլ քիչ չի սրանց անդունդ գլորելու «հերոսական» ակտի մէջ, այլ իրենք՝ այս «հերոս» դարձած հրոսակները, հէնց իրենք՝ մինչեւ երկինք սլացող մեղքերի, պատւիրազանցութիւնների ու զանցառումների ամօթաբեր արխիւներ ունեն, (սակայն թաքնւած գզրոցներում...)...
Այս տեսակ հրոսակներն ընդհանրապէս միասին են: Միասին ու համախոհ են թէ՛ «գործելիս» ու թէ՛ խորհուրդներ առաջարկելիս եւ շատ յաճախ էլ, երբ թքնում ես ճակատներին, երկինք են դիտում անձրեւ փնտրելու համար...
+++
Բայց իրականում հակառակն է պատահում: Ամօթահար են «հերոս»-ների զոհերն ու անընդհատ մեղքի զգացում են ապրում, նրանց փոխարէն... Սրանք, այս պատահական կամ միտումնաւոր զոհերը, արեգակի ջերմ ու ոսկեայ ճառագայթների տակ ցուրտ են զգում, եւ լուսին կանթեղի արծաթէ լուսարձակ շողերի տակ խաւարի անբարում են գտնում իրենց... եւ այդ բոլորը խաւարամիտ «հերոսներ»-ի ներշնչումների շնորհիւ... Եւ ո՞վ է մեղաւոր ու ի՞նչն է մեղքը...
Եւ ինչպէ՞ս չվիրաւորւի հոգիտ, երբ այդ բոլոր ճզմումներն ու սեղմումները պոռթկալ է ուզում ու պոռթկումն էլ «մեղք» է երեւի... մեղաւորների աշխարհում... Ու ինչպէ՞ս չպոռթկաս, երբ չքնաղ քաղաքի բոլոր անցորդներին ու նոյնիսկ գեղեցկուհիներին ուրւական ու շարժուն կմախքներ ես տեսնում... Ինչպէ՞ս չպոռթկաս, երբ նոյնիսկ երազում էլ դրախտի մէջ Յուդայի կողքին նստած՝ նրա հետ միասին սուրճ ես խմում ու դժոխային անեկտոտներ ես պատմում...
Գորշ աղւէսների հետ պար ես բռնում ու օձերի հետ սեղանի նստում... դու, որ մեղաւոր չես... բոլորովին...Նա չդիմացաւ այս ցնորհային տեսիլքներին: Ու հոգիդ ինչպէ՞ս չվշտանայ ու խոր վէրք չստանայ, երբ մեղաւորները դառնում են «խրատող»-ներ՝ յանցաւորներով լեցուն անկիւններ ունեցող այս անցաւոր աշխարհում..., այս չքնաղ քաղաքում, ուր պոռթկալը մեղք է, մեղանչում... բայց ո՞ւմ դէմ մեղանչել... եւ ինչո՞ւ...
+++
Սուրբ գրոց բառարանի մեկնութեամբ, մեղք նշանակում է՝ որեւիցէ խօսք, խորհուրդ, բաղձանք, գործ կամ՝ զանցառութիւն, հակառակ աստւածային օրինաց, կամ այն օրինաց նայելով թերի:
Մեղքը իբրեւ այդ՝ կւչւում է նաեւ անարդարութիւն...Եւ ամօթի կոպիտ պատասխանը անարդարներին ասում է Պօղոս Առաքեալը,- «Հաճոյ թւեցաւ Աստուծոյ, որպէսզի Յիսուս, որ մեղք չգիտէր, ըլլար մեղքի համար քաւութեան զոհ, վասն զի Աստւած զանիկա որ մեղք չէր գիտէր, մեզի համար մեղաւոր սեպեց, որ մենք անոր միջոցովը Աստծոյ արդարներն ըլլանք»...
Իսկապէս ինչն է՞ արդարութիւն ու որն է՞ անարդարութեան չափը: Ինչն է՞ մեղքն ու ո՞վ է մեղաւորը... եւ ո՞վ է ստուգում այդ բոլորը, եթէ մենք իւրաքանչիւրս մեզ Պօղոս Առաքեալ չհամարենք... Ու մեզ մեղաւորներից ու անմեղներից ո՞վ է կարող մեկնաբանել Քրիստոսի զոհ մատուցւելու աղափարը, որպէսզի մեզանից ոմանք անամօթաբար «արդարներ ըլլանք»... Ու դեռ փառք տանք Աստծուն՝ կենդանի Քրիստոսին, մեզ արդար «ձեւացրած» լինելու համար...
+++
Մինչ փառք ենք տալիս, մեղք էլ ենք գործում: Մինչ փառք ենք տալիս, մարդ էլ ենք գլորում: Մինչ փառք ենք տալիս, հրոսակների ոհմակին ձեռք ենք պարզում ու թալանիչ խմբեր կազմաւորում:
Մինչ փառք ենք տալիս, արեգակին խաւարեցնում ու լուսնի պսպղուն շողերի առջեւ մոխրագոյն շղարշ ենք քաշում, խաւարը առյաւէտ տիրական դարձնելու համար:
Մինչ փառք ենք տալիս, խաւարամիտների բանակի հետ լափելու ու յօշոտելու դաշինք ենք կնքում:
Մինչ փառք ենք տալիս, այրւած սրտերն ու վէրքերը քացախով ենք շփում:
Մինչ փառք ենք տալիս, փառահեղ փառաբանւողի դէմ ենք մեղանչում ու փառքի փէշերը գետին տրորում......
Եւ մինչ դեռ «փառք» ենք տալիս ու «փառաբանում» ենք... կուրանալով ուրանում ենք, բոլոր այն ինչքը, որի համար դեռ փառք պիտի տանք... եւ կուրանալով չենք տեսնում բոլոր այն անարդարութիւններն ու հոգու եւ ոգու անմարդկային ճզմումները, որոնց ջարդւելու տհաճ, բայց խեղճ ձայնն ենք լսում: Մեր անմիտ ու անհաշիւ սեղմումներից առաջացած փշրւելու ողբն ու աաղաղակը... ու մենք «փառք»... ենք տալիս ու բաժակներ բարձրացնում...

+++
Եւ մեր յուսախաբւած խեղճ համաքաղաքացին իրապէս կորցնում է ճշմարտութեան ճամբան: Փառք տա՞լ թէ չտա՞լ... եւ ո՞ւմ, ինչի՞ դիմաց... Փառաբանել ու ճզմե՞լ, թէ ծնկաչոք փառք տալ Աստծուն իր տւածների ու չտւածների համար... ... Եւ վերջապէս ո՞վ պիտի պոռթկալու արտօնութիւն շնորհի իրեն, երբ պոռթկումը մարդու ամենաարդարացի իրաւունքն է այս բոլոր անարդարութիւնների դիմաց, ...եւ որի վերացման ու մարդկանց արած ու չարած մեղքերը քաւելու համար Քրիստոսն իր արիւնը թափեց խաչւելով...
Ու մեղանչելու ժամանակ, իբրեւ իշխանաւորներ չմոռանանք, որ մեր վաւերականութիւնն ու իրաւասութիւնը այն ժամանակ է օրինական ու ժողովրդական, որ կոպալը դնենք կողմ, ու ժողովրդի հետ խօսել իր արժանապատւութեան ու մարդկային արժէքների չափանիշների համապատասխան... եւ շարունակութիւնը կասեմ վերջում...
+++
Այս ամէնը մէկ կողմ: Ո՞վ է բուժելու արնոտած սրտերի խոցերը... եւ ո՞վ է ամոքելու հոգիների վէրքերը... Փառքը թողէք իր տեղը, միայն ցոյց տւէք ծիրանագոյն արեգակի լուսաւոր ճամբան, եւ կամ բացէք պսպղուն լուսնի ուղին, որտեղ փայլուն ու երջանիկ աւազներ են լողում..
.+++
Մեղաւոր գտնելու կարիք չկայ...: Ի սէր Աստծոյ, փառք տւէք անկեղծօրէն ու անարդարութիւն գործէք ճիշտ իր ոճով... եւ վերջում... աւելի լաւ է, փառք տալուց առաջ, խոստովանենք ու մեղայ գանք... քանզի դրան աւելի շատ կարիք ունենք......
Եւ այդ ամենից առաջ՝ յիշենք թէ քա՜նի՞ սիրտ ենք փշրել, քա՜նի՞ չիրականացւած յոյսեր ենք թաղել...
Ու ճանաչելով լուսահոգի դկտ. Լեւոն Դաւթեանին, նա էլ այսպէս կը մտածէր... համոզւած եմ... Վկան Աստւած է, Այն՝ Ով Իր լուսեղէն շողերի մէջ է փայփայում բոլոր այն զոհերի հոգիները, եւ անարդարութեան զոհ դարձած՝ բոլոր ճնշւածներին...
Ու մէկ անգամ նորից մտաբերենք, յիշենք՝ թէ քա՜նի՞ սիրտ ենք փշրել, քա՜նի՞ չիրականացւած յոյսեր ենք թաղել...


ՁԵՐԴ՝
ՎԱՐԴԱՆ

ՏՐԱՄԱԳԻԾ
Ո՞րն է մեր յենւելու պատը...,
Ամուր շաղախով...

Թէեւ մանկութիւնից մուսուլման խաղընկերներ շատ եմ ունեցել, սակայն շփումներս նրանց հետ աւելի սեղմացան, երբ պատանի տարիքից արդէն պարսկական դպրոց յաճախեցի: Մեր դպրոցի աշակերտութեան թւի կէսը մուսուլման ու միւս կէսը հայեր էին: Չափազանց սերտ ու բարեկամական ընկերութեան մթնոլորտ էր տիրում դպրոցում: Աւելի շատ հետաքրքրւած էինք միմեանց սովորութիւններով, աւանդութիւններով ու կրօնական հարցերով:
Եւ այդ բոլորը կատարւում էին յարգանքի ու բարեկամական սահմաններում: Այդ ժամանակաշրջանից սկսեցի հետաքրքրւել Իսլամի ու դրա սկզբունքների մասին, այնպէս որ հարցադրումներս սկսեց դպրոցի «Ֆեղհ»-ի ուսուցչից ու շարունակւեց... մինչե՜ւ հասայ Ղոմ...:
Յետոյ երիտասարդ տարիքում իմացայ, որ այն ինչ, որ ես եմ կատարում կոչւում է՝ «Բաղդատական Աստւածաբանութիւն», որը նաեւ համալսարանական գիտական ճիւղ է:Շփումներս ծաւալւեցին ու ուսումնասիրութեան ուղղութեամբ ոտքս բացւեց իսլամական գիտական կենտրոններ ու բարձրաստիճան կրօնապետների րասենեակները: Տարիներ առաջ ուսումնասիրութիւններս լրացնելու նպատակով բարձրաստիճան կրօնապետների գրասենեակը կրօնական Ղոմ քաղաքում:Հանդիպման վայրում, որտեղ լեցուն էր կրօնական հազարաւոր գրքերով «ծալապատիկ» նստած էի, երբ այաթօլլահը ներս մտաւ ու տեղաւորւեց իր անկիւնում:
Սկզբնական բարեգալստեան խօսքից յետոյ, նա անմիջապէս ինձանից ուզեց, որ թիկունքս յենեմ պատին... եւ անմիջապէս տրամաբանեց, որ այս պատը շատ ամուր է... ապաւինէք այս պատին ու վստահէք դրա ամրութեանը...
+++
Վերադարձին, Ղոմից մինչեւ Թեհրան, եւ երկար տարիներից սկսած մինչեւ այսօր մտածեցի նրա այս խօսքի մասին ու ինչ որ ենթադրութիւններ կատարեցի: Երբ շատ եմ խորհում, աւելի հաստատ համոզում է պատում մտքիս, այն բանի մասին, որ մեր համայնքային որոշ հարցերի լուծման հարցում, պետական շրջանակների հետ զուգընթաց ինչ մեծ դերակատարութիւն ունեցաւ այդ ամուր պատը...
+++
Պատը տարբեր իմաստներ է կարող ունենալ: Կարող է պատնէշ, արգելք նշանակի, գուցէ ամուր յենակ՝ վստահութեամբ թիկնելու համար, եւ կարելի է նաեւ փտած լինելով փլւի մարդկանց գլխին...: Բայց մենք այսօր խօսում ենք այն պատի մասին, որը յենակ լինելով կարելի է վստահօրէն թիկնել դրան, եւ այդ ամուր պատին ապաւինելով, ամենայն վստահութեամբ կատարել՝ անկատարելին...պատ, որ պաշտպան լինելով, նաեւ յենարան է...
Բայց պատ լսելիս չեմ կարող չյիշել մանկական դասընկեր Վահիկին, որ մեռաւ «Քուչէ Մադադ»-ի գարաժի ցեխէ պատն իր վրայ փլւելով, ձմռան մի տխուր ու ձիւնոտ օր, երբ դպրոցից տուն էր վերադառնում կէսօրին, երբ տարրական երրորդ բաժանմունքի աշակերտ էինք......
Եւ այսօր էլ չեմ կարող մոռանալ Վահիկին, երբ համայնքում դեռ չփտած պատեր են փլւում սերունդների ու նրանց ապագայի վրայ եւ արդիւնքում հողաթումբ դառնում հազարաւոր իղձերի, փափագների ու չիրագործւած նպատակների գերեզմանների վրայ...Վատատեսութեան ու անվստահութեան սերմ չեմ ուզում ցանել, թէեւ ոմանք իրենց բառով ու բանով ու գործով հէնց դա են փոխանցում հանրութեանը:
Եկէք խօսենք այն պատի մասին, որին ապաւինելով պիտի ամրակուռ կամքով անկարելին դարձնենք կարելի: Համայնքի մէջ բարեբախտաբար բազմաթիւ են նման պատերը (ապաւինելու վստահելի յենակ-պատերը), որոնք ճիշտ ու նպատակայարմար ձեւով չօգտագործելու դէպքում՝ դժբախտաբար անպայմանօրէն վերածւելու են փթած փլւող պատերի, որոնք յենարան դառնալու փոխարէն բեռ են դառնում մարդկանց ուսերին ..: Դրանցից կարեւորներն են՝ եկեղեցին, դպրոցը, միութիւնը, ... եւ այլն:
Հայոց Եկեղեցին մինչեւ այն ժամանակ է վստահելի պատ, որին կարելի է ապաւինել որպէս հաւատացեալներ, երբ քարոզում է Աստծոյ պատգամը՝ Հայոց Առաքելական եկեղեցու սկզբունքներով, որը միաժամանակ խօսք ունի ասելու 21-րդ դարի մարտահրաւէրների մասին, եւ որը միաժամանակ հիմնւելով Աստւածաշնչին ու մեր եկեղեցու (Հայոց Առաքելական) հիմնական համոզումներին ու հաւատամքին, հանգոյցները ատամի փոխարէն՝ ձեռքով բացելու ելքեր է առաջադրում: Եկեղեցին՝ իր դիտարաններով ու ամուր պարիսպներով...
Դպրոցն էլ ամէն համայնքերում ճակատագրական դերակատարութիւն ունի սերունդներին մեր ազգային աւանդութիւնների ու սովորութիւնների համաձայն դաստիարակելու եւ կրթելու ուղղութեամբ: Այսքանը լոզունգանման կարգախօս էր, որ ընդհանրապէս ասւում է, երբ խօսքը վերաբերում է դպրոցներին՝ կրթական օջախներին: Բայց դպրոցը ներկայ ժամանակաշրջանում ունի նաեւ ուրիշ իմաստ ու բացատրութիւն, որը հրամայական անհրաժեշտութիւն լինելով, գործադրական ուժ պիտի ստանայ մարմինների կողմից. այսպիսով, դպրոցն իրականութեան մէջ ընտանիքի հետ համահաւասար նշանակութիւն ունեցող մի ուրիշ ընտանիք է, եւ որի վերահսկումը պահանջում է կրկնակի հոգատարութիւն՝ թէ՛ դաստիարակների եւ թէ՛ ընտանիքների կողմից:
Դպրոցն այն վայրն է, որտեղ համահաւասար իրաւունքներով մուտք են գործում տեղական զանազան մշակոյթներ, սովորութիւններ, վարք ու բարք, դաստիարակութիւն ու աւանդութիւններ ունեցող հայորդիներ: Իրականութեան մէջ դպրոցն համարւում է երեխայի հասարակական կեանքի առաջին փորձադաշտը: Առողջ ու հարազատ ասպարէզ, որը անուշադրութեան հետեւանքով կարող է վերածւի փլւող պատերով շրջապատւած մի աւերակի...:
Ուշադրութիւ՛ն դպրոցի պատասխանատուների, եւ ուշադրութիւ՛ն ընտանիքների կողմից: Այս մասին բոլորովին չեմ ուզում օրինակներ թւել, քանզի յանձնառու եւ փորձառութիւններով հարուստ պատասխանատուները լաւապէս գիտեն թէ՝ խօսքն ինչի մասին է... Այստեղ էլ հարկաւոր են վստահելի շաղախով բարձրացւած ամուր պատեր..., պաշտպան ու յենակ դարձած պարիսպներ՝ իրենց դարպասներով:
Պարագան նոյնն է միութիւններում: Ճիշտ այնպէս, որ այս սիւնակում հարցերը չենք քննարկում 360 աստիճան տրամագծի տեսադաշտում, այստեղ էլ եկեղեցին ու դպրոցն ու միութիւնն ու նման հանրային վայրերը չենք տեսնում միայն չորս պատերով շրջապատւած կացարաններ, որտեղ մարդիկ աղօթում ու սովորում ու մարզւում են՝ ե՛ւ մտքով, ե՛ւ հոգով...
Այդ տեսակ վայրերում տեսնում ենք դրանցից ամենակարեւորը: Թիկնելու համար յարմար ու վստահելի պատի մասին է խօսքը: Այն պատը, որին թիկնելով, ու ապաւինելով դրան որպէս յենարան, կարողանալու ենք անկարելին դարձնել կարելի...
Դեռ այդ հերոսական ակտի սպասելիքն էլ չունենք: Պարզապէս կատարել այն ինչ կարելի է... Պարզապէս նրա համար, որ եթէ առաջխաղացք չենք ունենում, գոնէ չնահանջենք, բաւարարւենք տեղքայլով... թէեւ այսքան սեմինարներից ու համագումարներից ու գնալ-գալուց ու «վերաորակաւորումներից»... ու... յետոյ ամօթ է այսպիսի եզրայանգումի հասնելը...
+++
Եթէ իրատեսօրէն մօտենանք հարցերին, համոզւած կը լինենք, որ այստեղ ոչինչ չի չափազանցւել: Եւ բոլորս էլ համոզւած ենք, որ՝ որակ է իջել... մակարդակ է անձնատուր եղել... բառի բուն իմաստով որակ է իջել, այն էլ ոչ թէ աննշան, այլ ահռելի չափով... որը սարսափ է առաջացնում համայնքի ապագայով սրտցաւ հետաքրքրւողների մէջ... եւ գուցէ հէնց այդ պատճառով է, որ ոմանք, հեռու ափերից արդէն խաչ են պատրաստում են փլւած համայնքի շիրիմի վրայ տնկելու համար...
Ահա այդ դաւադրութիւնը խափանելու համար է, որ բոլորս միասին, առանց զառանցումային լոզունգներ ու կարգախօսներ շեփորելով պիտի վերականգնեցնենք մեր համայնքի պատշաճ վարկն ու որակը, փառքն ու պատիւը, շուքն ու հրապուրանքը, եւ բոլոր այն ինչը, որ խլւեց մեզանից չգիտես սկսած ո՞ր ժամանակաշրջանից եւ ինչո՞ւ...
+++
... Բայց այդ ամենից առաջ, նախ պիտի ճշտել թէ՝ որն է մեր համայնքի վստահելի պատը, որին թիկնելով պիտի շտկենք մեր թիկունքը..., պատ՝ որը նաեւ պարիսպ է, խոր արմատներով ու ամուր շաղախով... ... Եւ որը օժտւած է հզօր դիտարաններով... Իսկ թէ՝ այդ պատը, ինքն ինչի՞ն է յենւել... երբեմն «յենարան»ներն իրենք՝ թիկնում են փլւած պատերին... թող ստուգեն ստուգիչները...
+++

Թող ների ինձ, բայց թողէք Վահիկն ու իր վրայ փլւած պատը մնայ հէնց պատմութեան մէջ ու որեւէ առիթ չստեղծւի նրան յիշելու համար...Միայն թէ չմոռանանք, որ այսօր ոչ միայն դպրոցների, միութիւնների ու եկեղեցիների շէնքերն ու պատերն են կարեւոր, այլ նաեւ այն ին՛չ որ կատարւում են այնտեղերում...
Այս մասին մոռացել ենք կարծես, եթէ այդպէս է՝ թո՛ղ Վահիկը չիմանայ..., եւ բոլոր նրանք, որոնք թէ՛ Հայոց դպրոց, թէ՛ Հայոց եկեղեցի, եւ թէ՛ Հայկական միութիւններ են յաճախել, ու այս օրերին պատրաստւում ենք ոգեկոչել նրանց անմոռաց յիշատակը՝ Թեհրան – Երեւան տխուր չւերթի վերջին ուղեւորներին..., Արմէն, Արա, Թադէ, Նայիրի, Շողեր, եւ.... շատեր...
ՁԵՐԴ՝
ՎԱՐԴԱՆ

Thursday, April 29, 2010

Իմ Ընկեր՝ Գալօն...


Իմ Ընկեր՝ Գալօն...

Երեկոն դանդաղ վրայ էր հասնում ու գիշերային խաւարը պարելով մաղւում էր աշխարհի այս ծայրամասում: Դրա հետ միասին, մեղմ անձրեւն էլ շաղւում էր իր գլխի վրայ կուտակւած սեւ ամպերի փէշերից...
Իր ամենասիրած պահերն ու պատկերներն էին, որոնք մէկտեղւած շնորհւում էր իմ ընկեր՝ Գալոյին: Այս տեսակ տեսարանը գուցէ տխուր ու մռայլ պահեր թւան ոմանց համար, իսկ Գալոյի համար ուրախութեան ու զւարճութեան խորախորհուրդ ու աննկարագրելի ապրումների ակնաղբիւրներ էին...Նա միշտ էլ սիրել է անձրեւը, դա լինի յորդ կամ մեղմօրէն շաղւող:


Եւ արեւամուտը՝ որտեղ աշխարհից յոգնած արեգակն արդէն մայր մտնելով, հրաժեշտ է տալիս աշխարհական բոլոր գեղեցիկ ու գէշ երեւոյթներին: Ու պահը խորհրդաւորւում է մթնշաղով, երբ ահա ինչպէս Աստւածաշունչն է նկարագրում՝ խաւարն անջատւում է լոյսից...
Եւ նրա խորհրդաւոր պահերն հարստացնում էր դիմացի ալեկոծւող ծովը, որի կոհակներն իրար հետ խաղ բռնելով, անմոռանալի յուշեր թարմացնող մեղեդիներ էին նւագում Գալոյի ականջի տակ..., մեղեդիներ, որոնցից իւրաքանչիւրը ինչ որ դրւագ, դէպք ու քաղցր պահերի յուշեր էր թարմացնում նրա արդէն իսկ յոգնած մտքի ծալքերում:
...Իսկ ամենաշատը յիշում էր տարրական դպրոցի հայոց լեզւի դասագրքերից մէկում տպագրւած «Է՜յ նաւավար» բանաստեղծութիւնը, որ նա երբեք չկարողացաւ գոց անել ու հէնց այդ պատճառով էլ պատժւեց դասարանում՝ մի ոտքն ու ձեռքերը բարձրացրած կանգնելով պատի տակ՝ մէկ դասաժամի չափ...
Յիսուն տարիներ դրանից անցնելով, դեռեւս չի կարող հասկանալ, թէ ինչո՞ւ չկարողացաւ գոց անել այդ «ոտանաւոր»-ը, բայց յիշում է, որ հէնց այն ժամանակ այդ դասը կարդալիս, յատուկ տխրութիւն, թախիծ էր պատում իրեն, ու այդ պատճառով էլ անգամներ լացելու համար մատը բարձրացնելուվ օր. Եւգինէից իրաւունք էր ստանում դասարանից «դուրս գնալ»...Անցնող աւելի քան յիսուն տարիների ընթացքում, հայոց դպրոցն իր մանրամասութիւններով, նկարագրւել էլ հէնց իրենց լեզւի դասագրքի շապիկին տպագրւած շէնքի նման... քարէ պատւանդան ունեցող երկյարկանի մի շէնք, որի կենտրոնական մասի տանիքը թիթեղապատ էր, ճակատում գրւած՝ ԴՊՐՈՑ:
Բակում երեխաներն են վազվզում ու երեւի դրանցից մէկը պատժւելուց նեղացած թիկնել է բակի նստարանին: Գրքի շապիկի միւս նաղշերը՝ բոցավառւած ջահն ու զանգակը, դասագրքերը՝ Խաչատուր Աբովեանի ու Յովհաննէս Թումանեանի պատկերներով, այնքան էր տպաւորել նրան, որ կարծես ամէն օր դրանց հանդիպում է այդ սուրբ տաճարում...

+++

Թեհրանի «Թունեան» ու «Նայիրի» դպրոցներն յաճախած Գալուստը, որին կրճատւած Գալօ էինք անւանում, ընտանիքի նիւթական աննպաստ պայմանների բերումով չկարողացաւ ուսումը շարունակել ու բաւարարւեց միայն «Քուշեշ» դպոցի 9-րդ դասարանի աւարտման վկայագրով ու աշխատանքի դաշտ իջաւ ու կարճ ժամանակում, սակայն շատ տանջանքներ ու զրկանքներ ընդունելով, դարձաւ յաջողած արհեստաւոր ու գործարար:
Գալօն, որ երբէ՛ք չմոռացաւ իր մանկութեան զրկանքները, ոչ մի ջանք չխնայեց մանաւանդ հայոց դպրոցներին նիւթական շօշափելի օժանդակութիւններ կարտարելով: Այսօր էլ, երբ աւելի քան յիսուն տարիներ են անցել այն քաղցր ու երջանիկ օրերից, իր մանկութեան դպրոցն յիշելիս տեսնում է միայն այնքան հետաքրքիր ու գրաւիչ դասագրքի շապիկի պատկերը՝ կանթեղով ու զանգակով, թիթեղեայ տանիքով, չարաճճի աշակերտներով ու նոյնիսկ բակի նստարանին թիկնած պատժւած աշակերտով, որն իր մէջ չգիտես ինչո՞ւ դասընկերոջ՝ ծոյլ Սուրիկին էր յիշեցնում:
Եւ այդ ամբողջ տարիների ընթացքում, ոչ թէ երազի նման, այլ կարծես իրապէս Խաչատուր Աբովեանն ու Յովհաննէս Թումանեանը իրենց ուսուցիչներն էին ու ամէն օր դասարան էին մտնում ու իրենք էլ ի յարգանս դրանց՝ ոտքի էին կանգնում... Ինչ մեծ պարծանք՝ նրանք, այդ հսկաներն են եղել իրենց ուսուցիչները... Գալօն նաեւ ոչ միայն չմոռացաւ իր մանկութիւնը, որ դժւար անցնելով, երջանիկ պահեր աւանդ թողեց նրան, աչքերի բիբերի նման պահեց հայոց լեզւի դասագրքերը, որոնք իր մենութեան ընկերներն էին:
Նոյնիսկ դասագրքերից մէկի մէջ դեռ ծալւած պահւել էր ճերմակ ու մաքուր թաշկինակը, որի վրայ ձեռքերի թաթը դրւած դասարանի սեղանին , ամէն առաւօտ ուսուցչուհին քննում էր նաեւ ձեռքերն ու եղունգները: Հակառակ իր առնական ու մարզւած մարմնին, ու նիւթական բարձր կարողութեան, Գալօն ամենաչնչին հարցով ընկճւում ու ծալւում էր, չափազանց դիւրագրգիռ ու յուզւող էր, մանաւանդ, եթէ նրան ընկճէր փոքրիկներին կապւող խնդիրները: Նրա մենութիւնը, ընկճումը, յուզումն ու տխրութիւնը բաժանւում էր հէնց այդ դասագրքերի հետ:
Դասագրքեր, որոնք տարիներ անցնելով գուրգուրանքով էին պահւում, ու մանաւանդ ամառանոց գնալիս, իր անբաժան ընկերներն էին, ու ճամբորդութեան համար անհրաժեշտ գոյքերի ցանկի մէջ առաջին տեղն էր գրաւում: Այդպիսի պահերում, նա յաճախ էր թերթում երջանիկ մանկութիւնն յիշեցնող դասագրքերը: Կարդում էր պատահական կտորներ, ու մանրամասօրէն յիշում էր թէ՝ այդ դասը սովորելիս ի՞նչ ապրումներ է ունեցել...
Կարդում էր Խնկօ Ապէրի կենսագրութիւնը, «Դոդոշ»-ը, «Է՜յ Նաւավար»-ը, «Իմ ընկեր Նեսօն», «Երջանիկ խրճիթ»-ը, «Գառնուկ Ախպեր»-ը, «Ոսկի Ձկնիկը», «Կաքաւն ու Աղւեսը», «Տաղ Հայաստանին», «Մարտոյի Բոստանը», «Հնարգաէտ Մոսին», «Կօշիկ սրբող Թոմասը», «Արեւի Մօտ», եւ...:
Ե՛ւ կարդում էր, ե՛ւ արտասւում, ե՛ւ կարդում էր ե՛ւ յիշում... ու ամենից շատ Գալոյին հետաքրքրում էր տարրական միջոցներով տպագրւած այնքան գեղեցիկ նկարչութիւն-նկարները...

+++
Այդ երեկոյ, երբ երեկոն մօտենում էր ու գիշերային գեղեցիկ խաւարը մեղմօրէն շաղւում էր իր ծովափնեայ ամառանոցի վրայ ու անձրեւն էր նազանքով մաղւում, Գալօն առաջին անգամ տխրեց այդ պահից ու մտածեց, թէ դա լինելու է իր կեանքի ամենատխուր անձրեւն ու իրիկունը:Նա քիչ առաջ «Ալիք» օրաթերթ կայքէջում ընթերցել էր, «Քուշեշ» դպրոցի փակման վերաբերող մի հաղորդագրութիւն...Տխրեց, շատ տխրեց ու պահարանից հանեց իր այդ տեսակ պահերի, անկեղծ ընկերոջը: Այս անգամ ոչ թէ պատահմամբ, այլ գիտակցօրէն ընտրեց տարրական երրորդ բաժանմունքի դասագիրքն ու կարդաց «Մեր դպրոցը» բանաստեղծութիւնը: Կարդաց ու արտասւեց, կարդաց ու...
...Եւ այսպէս կարդաց.-Մեր դպրոցը մի սուրբ տաճար,Մեր դպրոցը վառ կանթեղ,Հալածում է մութն ու խաւար,Լոյս է սփռում ամեն տեղ:+++Մեր դպրոցը կրթում է մեզ.Ազնւացնում մեր հոգին,Ու հարազատ ծնողի պէսԳուրգուրում է ամենքին:

+++

Եկէ՛ք, եկէ՛ք մեր դպրոցը,
Ուսում առէք, մարդ դառէք,
Անհանգչելի լոյս է ծոցը,
Մութ աշխարհին լոյս տարէք:
+++
.., ...., ..., ....,

Ձերդ՝
ՎԱՐԴԱՆ

Ամոքենք ոգու վէրքերը...
Եւ ազատւենք մեղքի պարաններից...

Հասարակութեան մէջ որոշ իրողութիւնների ու երեւոյթների ականատես լինելիս, շատ յաճախ անարդարութիւններին ակունք տւող մեղաւոր անձ «չգտնելով», մեղք ենք գործում ու մեղանչում ենք Արարչի դէմ՝ իբր կացութիւն ստեղծող... եւ ոչ չարութիւն փրկող... մեղանչում ենք պատւիրազանցութեամբ ու անբարշտութեամբ, անամօթաբար..., մինչ անբարիշտները մեր կողքին են, եթէ՝ դրանք մենք չլինենք...
+++
Կեանքն իր բազմահաճոյք ու երանելի կողմերով, ունի նաեւ այնպիսի զարհուրելի ու մահացու զառիվարներ, որոնց շատ քչերն են կարող դիմանալ:
Մանաւանդ, երբ այդ զարհուրելի երթը դու չես գնում, այլ քեզ տմարդօրէն գլորում են, անհոգութեամբ, սառնասրտութեամբ ու դեռ հաճոյքո՜վ... Ու նրանք այն վերեւից... քա՜հ քա՜հ լիաթոք ծիծաղներին միացնում են նաեւ վար ընկնողի գլորւելու կենացը... ի յաճս ոմանց, որոնց պիտի զեկուցեն տապալւողի կործանման գործընթացը՝ մինչեւ վերջ...Եւ գլորւողներից շատ քչերն են որ չեն տապալւում:
Նորից են գլորւում, նորից են կանգնում, նորից են կործանման փորձի ենթարկւում, նորից ու նորից... բայց չեն տապալւում... Այս տեսակ մարդիկ, թէեւ չեն կործանւում, սակայն այնպիսի վէրքեր են ստանում իրենց հոգիների վրայ, որոնց ամոքելը գրեթէ անհնարին է...

+++
Այդպիսիք, որոնք անարդարութեանց բազմապիսի ճնշումներից սեղմւում են կեանքի արհեստական «դէպքեր»-ի ու միտումնաւոր դաւադրութիւնների ծանրութեան տակ, այլ նաեւ ոտնահարւած «որդ»ի նման անմարդկայնօրէն ճզմւում են նաեւ անծանօթների ու «Ծանօթ»-ների ճնշիչ, տմարդօրէն ճզմիչ հայեացքների ծանրութեան ներքոյ...«Ծանօթ»-ներ ու անծանօթներ, որոնց մեղքի բաժինը ոչ միայն շատ էլ քիչ չի սրանց անդունդ գլորելու «հերոսական» ակտի մէջ, այլ իրենք՝ այս «հերոս» դարձած հրոսակները, հէնց իրենք՝ մինչեւ երկինք սլացող մեղքերի, պատւիրազանցութիւնների ու զանցառումների ամօթաբեր արխիւներ ունեն, (սակայն թաքնւած գզրոցներում...)...
Այս տեսակ հրոսակներն ընդհանրապէս միասին են: Միասին ու համախոհ են թէ՛ «գործելիս» ու թէ՛ խորհուրդներ առաջարկելիս եւ շատ յաճախ էլ, երբ թքնում ես ճակատներին, երկինք են դիտում անձրեւ փնտրելու համար...

+++

Բայց իրականում հակառակն է պատահում: Ամօթահար են «հերոս»-ների զոհերն ու անընդհատ մեղքի զգացում են ապրում, նրանց փոխարէն... Սրանք, այս պատահական կամ միտումնաւոր զոհերը, արեգակի ջերմ ու ոսկեայ ճառագայթների տակ ցուրտ են զգում, եւ լուսին կանթեղի արծաթէ լուսարձակ շողերի տակ խաւարի անբարում են գտնում իրենց... եւ այդ բոլորը խաւարամիտ «հերոսներ»-ի ներշնչումների շնորհիւ... Եւ ո՞վ է մեղաւոր ու ի՞նչն է մեղքը...Եւ ինչպէ՞ս չվիրաւորւի հոգիտ, երբ այդ բոլոր ճզմումներն ու սեղմումները պոռթկալ է ուզում ու պոռթկումն էլ «մեղք» է երեւի... մեղաւորների աշխարհում...
Ու ինչպէ՞ս չպոռթկաս, երբ չքնաղ քաղաքի բոլոր անցորդներին ու նոյնիսկ գեղեցկուհիներին ուրւական ու շարժուն կմախքներ ես տեսնում... Ինչպէ՞ս չպոռթկաս, երբ նոյնիսկ երազում էլ դրախտի մէջ Յուդայի կողքին նստած՝ նրա հետ միասին սուրճ ես խմում ու դժոխային անեկտոտներ ես պատմում... Գորշ աղւէսների հետ պար ես բռնում ու օձերի հետ սեղանի նստում... դու, որ մեղաւոր չես... բոլորովին...
Նա չդիմացաւ այս ցնորհային տեսիլքներին: Ու հոգիդ ինչպէ՞ս չվշտանայ ու խոր վէրք չստանայ, երբ մեղաւորները դառնում են «խրատող»-ներ՝ յանցաւորներով լեցուն անկիւններ ունեցող այս անցաւոր աշխարհում..., այս չքնաղ քաղաքում, ուր պոռթկալը մեղք է, մեղանչում... բայց ո՞ւմ դէմ մեղանչել... եւ ինչո՞ւ...

+++

Սուրբ գրոց բառարանի մեկնութեամբ, մեղք նշանակում է՝ որեւիցէ խօսք, խորհուրդ, բաղձանք, գործ կամ՝ զանցառութիւն, հակառակ աստւածային օրինաց, կամ այն օրինաց նայելով թերի: Մեղքը իբրեւ այդ՝ կւչւում է նաեւ անարդարութիւն...Եւ ամօթի կոպիտ պատասխանը անարդարներին ասում է Պօղոս Առաքեալը,- «Հաճոյ թւեցաւ Աստուծոյ, որպէսզի Յիսուս, որ մեղք չգիտէր, ըլլար մեղքի համար քաւութեան զոհ, վասն զի Աստւած զանիկա որ մեղք չէր գիտէր, մեզի համար մեղաւոր սեպեց, որ մենք անոր միջոցովը Աստծոյ արդարներն ըլլանք»...
Իսկապէս ինչն է՞ արդարութիւն ու որն է՞ անարդարութեան չափը: Ինչն է՞ մեղքն ու ո՞վ է մեղաւորը... եւ ո՞վ է ստուգում այդ բոլորը, եթէ մենք իւրաքանչիւրս մեզ Պօղոս Առաքեալ չհամարենք... Ու մեզ մեղաւորներից ու անմեղներից ո՞վ է կարող մեկնաբանել Քրիստոսի զոհ մատուցւելու գաղափարը, որպէսզի մեզանից ոմանք անամօթաբար «արդարներ ըլլանք»... Ու դեռ փառք տանք Աստծուն՝ կենդանի Քրիստոսին, մեզ արդար «ձեւացրած» լինելու համար...

+++

Մինչ փառք ենք տալիս, մեղք էլ ենք գործում: Մինչ փառք ենք տալիս, մարդ էլ ենք գլորում: Մինչ փառք ենք տալիս, հրոսակների ոհմակին ձեռք ենք պարզում ու թալանիչ խմբեր կազմաւորում: Մինչ փառք ենք տալիս, արեգակին խաւարեցնում ու լուսնի պսպղուն շողերի առջեւ մոխրագոյն շղարշ ենք քաշում, խաւարը առյաւէտ տիրական դարձնելու համար: Մինչ փառք ենք տալիս, խաւարամիտների բանակի հետ լափելու ու յօշոտելու դաշինք ենք կնքում:
Մինչ փառք ենք տալիս, այրւած սրտերն ու վէրքերը քացախով ենք շփում: Մինչ փառք ենք տալիս, փառահեղ փառաբանւողի դէմ ենք մեղանչում ու փառքի փէշերը գետին տրորում......
Եւ մինչ դեռ «փառք» ենք տալիս ու «փառաբանում» ենք... կուրանալով ուրանում ենք, բոլոր այն ինչքը, որի համար դեռ փառք պիտի տանք... եւ կուրանալով չենք տեսնում բոլոր այն անարդարութիւններն ու հոգու եւ ոգու անմարդկային ճզմումները, որոնց ջարդւելու տհաճ, բայց խեղճ ձայնն ենք լսում: Մեր անմիտ ու անհաշիւ սեղմումներից առաջացած փշրւելու ողբանւագ աղաղակը... ու մենք «փառք»... ենք տալիս ու բաժակներ բարձրացնում...
+++

Եւ մեր յուսախաբւած խեղճ համաքաղաքացին իրապէս կորցնում է ճշմարտութեան ճամբան: Փառք տա՞լ թէ չտա՞լ... եւ ո՞ւմ, ինչի՞ դիմաց... Փառաբանել ու ճզմե՞լ, թէ ծնկաչոք փառք տալ Աստծուն իր տւածների ու չտւածների համար... ... Եւ վերջապէս ո՞վ պիտի պոռթկալու արտօնութիւն շնորհի իրեն, երբ պոռթկումը մարդու ամենաարդարացի իրաւունքն է այս բոլոր անարդարութիւնների դիմաց, ...եւ որի վերացման ու մարդկանց արած ու չարած մեղքերը քաւելու համար Քրիստոսն իր արիւնը թափեց խաչւելով...
Ու մեղանչելու ժամանակ, իբրեւ իշխանաւորներ չմոռանանք, որ մեր վաւերականութիւնն ու իրաւասութիւնը այն ժամանակ է օրինական ու ժողովրդական, որ կոպալը դնենք կողմ, ու ժողովրդի հետ խօսել իր արժանապատւութեան ու մարդկային արժէքների չափանիշների համապատասխան... եւ շարունակութիւնը կասեմ վերջում...
+++

Այս ամէնը մէկ կողմ: Ո՞վ է բուժելու արնոտած սրտերի խոցերը... եւ ո՞վ է ամոքելու հոգիների վէրքերը... Փառքը թողէք իր տեղը, միայն ցոյց տւէք ծիրանագոյն արեգակի լուսաւոր ճամբան, եւ կամ բացէք պսպղուն լուսնի ուղին, որտեղ փայլուն ու երջանիկ աւազներ են լողում...
+++

Մեղաւոր գտնելու կարիք չկայ...: Ի սէր Աստծոյ, փառք տանք անկեղծօրէն ու արդարութիւն գործենք ճիշտ իր ոճով... եւ վերջում... աւելի լաւ է, փառք տալուց առաջ, խոստովանենք ու մեղայ գանք մեր գործած բազում մեղքերի համար ... քանզի դրան աւելի շատ կարիք ունենք...
... Որպէսզի բացենք մեր ձեռքով կապւած մեղքի պարանները...


Ձերդ՝
ՎԱՐԴԱՆ
2010-04-19

vartandav@yahoo.com

ՏՐԱՄԱԳԻԾ
Յորդոր՝ պոչ կտրողներին...

Եւ նրանց՝ որոնք արմատներ չունեն...


Մի առ ժամանակ առաջ, երբ Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցի մտայ, հանդիպեցի համայնքի երեւելի ազգայիններից մէկին, որին չափազանց յարգում եմ, եւ որի խօսքն ինձ համար եղել է միշտ արժէքի ու բարոյականութեան չափանիշ...Մի քանի րոպէ զրուցելուց յետոյ՝ զարմանալի արտայայտութիւն լսեցի նրանից... գուցէ իր կողքիններին ինչ որ բան համոզելու համար... կատարեց այդ արտայայտութիւնը, բայց վերջին հաշւով՝ կատարեց: Նա զարմանալիօրէն ասաց. «Լսել եմ այսինչը... պոչդ կտրել ու դրել է շալակդ...»...

Այդպիսի արտայայտութիւն բոլորովին չէի սպասում նրանից: Թէ՛ զարմանքս ու թէ՛ անակնկալի գալս ինձ պարտաւորեց, որ առայժմ ոչինչ չպատասխանեմ ու բաւարարւեմ միայն բացատրութիւններ պահանջելուց: Բայց, նա խուսափեց նաեւ բացատրութիւն տալուց:

* * *

... Մտայ եկեղեցի եւ աղօթեցի բոլորիս համար, ու մանաւանդ նրանց համար, որոնք հանգամանքը, վարկն ու նիւթական շահերը վեր են դասում համայնքի շահերից եւ այդ բոլորը պահպանելու համար՝ ի՜նչ գործեր ասես, որ չեն անում... այն էլ երկար տարիներ ազգային կեանքի վաստակ ունենալով իրենց թիկունքին եւ ո՛չ՝ շալակին...Ու աղօթքից յետոյ մտածեցի, թէ ինչու չպատասխանեցի նրան, ո՛չ թէ նրան ու նրանց..., այլ բոլոր նրանց՝ որոնք այսպիսի խօսքեր են շեփորում, հակառակ այն իրողութեանը, որ նրանք Քրիստոսի ուսուցումների համաձայն, գոնէ ձեւականօրէն ու հէնց իրենց խանդավառութիւն պատճառելու համար, պիտի աւելի խոհեմ, հեռատես ու մանաւանդ ներող լինեն, նոյնիսկ եթէ մեղք էլ չես գործել
...Շիտակն ասեմ՝ փոշմանեցի չասելու համար, բայց եթէ ասէի, որ ասում եմ, անկախ այն բանից, թէ «Ո՞վ է պոչս կտրել ու շալակս դրել...» անպայման կասէի, թէ «Յանձնառութեան բեռ կրող մարդու շալակին ու յոռի երեւոյթների մասին արտայայտւելու սեփական թիկունք ունեցող մարդու շալակին, այդպիսի որակումներից բացի, ընդհանրապէս արդէն բեռ կայ...
Բեռ, որը տանելը չկարողացող մարդիկ առհասարակ իրենք եւս յաւելեալ բեռ են դառնում այդ խեղճ ու տկար շալակին...Եւ ասում եմ ահա, թէ այն պոչ-ը, որի մասին առակ է հիւսել ժողովուրդը՝ դա գող կատւի պոչն է, եւ ոչ թէ՝ համայնքի իրականութիւնները քողազերծող խեղճ մի լրագրողի... որն իր մասնագիտական ու իրաւացի պարտականութիւնները կատարելու ճամբին անդադար պատժւում է..., Նրանք այդպիսի կատուներ են փնտրում՝ պոչերը կտրելու եւ ոչ թէ շալակին դնելու համար... եւ վճռական ու վճռակամ են այդ հարցը մինչեւ վերջ հետապնդելու համար...Նմաններն ընդհանրապէս պոչ չունեն...
Նրանք ունենում են արծւի տեսողութիւն ու կատւի հոտառութիւն եւ առանց վարանումների ու սակարկութեան՝ համայնքի համայնական շահերն են պաշտպանում՝ «գող կատուներ»-ի պոչերը շալակներին դնելու համար...Նրանց շալակն այնքան բեռնաւորւած է ծանր հոգսերով ու մտահոգութիւններով, որ նոյնիսկ եթէ իրենց պոչն էլ աւելացնեն դրանց կողքին, ոչինչ չի պատահի... թող դրանով չխանդավառւեն հասարակ «պոչաւորները...»:
21-րդ դարի առաջին տասնամեակն ենք գլորել արդէն, եւ երբ ամբողջ աշխարհը յատուկ յարգանք է տածում յանձնառու լրագրողներին, մենք այստեղ նախնադարեան չափանիշերով դեռ ճշմարիտ խօսող մարդկանց ահաբեկում եւ կրակի մէջ հրկիզելու փորձեր ենք կատարում... Դա բռնապետերի ու կամակոր բռնակալների յատուկ ոճն է... Ամօթ է եւ առաւելաբար ցաւալի..., որ մեր ժողովրդավար հասարակութեան մէջ է կատարւում այդ բոլորը... Այդ տեսակ անբարեկիրթ ու անբան մարդկանց յատուկ բամբասանքների փոխարէն՝ շատ լաւ կը լինէր, եթէ կատարւող քննադատութիւններին պատասխանւէր տրամաբանօրէն եւ ո՛չ թէ՝ ամբոխավարի ոճով «գրւած» յերիւրանքներով...
Կամ ամենակտրուկ ու վճռական ձեւով գործնական քայլերի դիմելով՝ փաստւէր թէ՝ լրագրողը «ստում է»... Այն ժամանակ «կտրւած պոչը շալակին դրած...» լրագրողը փաստացի տւեալներով կապացուցէր թէ՝ որն է յերիւրանք ու որտեղից են սկսում ձրի ստախօսութեան սահմաններն ու ո՞ւր է հասնում այդ խճճւած կծիկի պոչը...Ո՜վ պոչ կտրողներ, եթէ կարծում էք դժւար է հասկացւում բառերիս իմաստը, կարիք չկայ շատ նեղութիւն տաք Ձեզ:
Կարիք էլ չկայ 360 աստիճան տրամագծի չափ Ձեր շուրջը պտտել... Բաւական է հէնց հինգ աստիճան... միայն այսքանի չափ ձեր շուրջը դիտել ու գտնել կծիկի պոչը, որն այնքան էլ խճճւած չի թւում... Չգիտեմ՝ այս հարցի որ բաժինն է բարդ ու անհասկանալի...Ահա այսքան հեշտ ու դիւրըմբռնելի հարց, որին պատասխանելու փոխարէն՝ փորձում են կատու գտնել ու պոչը կտրել ու դնել շալակին... մինչ գող կատուն, որի պոչը պիտի կտրել ու դնել շալակին, շատ էլ հեռու չէ կատու փնտրողներից...

* * *
Սիրելի՛ք,
Հարցադրման ընդհանրապէս մաքրելը ո՛չ խելացի է, ո՛չ էլ ճիշտ է եւ ո՛չ էլ նպատակայարմար 21-րդ դարում ապրող քաղաքակիրթ մարդու անհատականութեանը... Դա, անկասկած, ժողովրդին (շատ ներողութիւն ընթերցողներից) յիմար համարել ու դրանց գիտակցութիւնն ու հասկացողութիւնը կասկածի տակ տանել է նշանակում: Ժողովուրդը այն սակաւաթիւ պնակալէզները չեն, որ մի փոր հացի համար կամ ինչ-ինչ նկատառումներով..., ամէ՜ն ինչի կը դիմեն՝ նոյնիսկ ստախօսութեան՝ ախտն ու հիւանդութիւնը կոծկելու համար:
Սիրելի՛ք, ժողովուրդը սեփական գիտակցութիւնից ու ճանաչողութեան ու դատողութեան կարողականութիւններից բացի՝ ունի նաեւ թէ՛ սեփական աչք, թէ՛ ականջ, եւ թէ՛ հասարակագիտական հոտառութիւն:
Եւ այդպիսի ժողովուրդը տեղեկատւութեան սարսափելի թռիչքի ժամանակաշրջանում երբեք չի ցանկանայ, որ տհաս մարդու նման՝ ուրիշները իր փոխարէն թէ՛ դիտեն, թէ՛ լսեն, թէ՛ խօսեն, եւ թէ՛ դատեն... Իսկ երբ հարցը կապւում է համայնքի թերթի լրագրողի վարկաբեկմանը, որը ազատ լրագրող լինելով՝ պատասխանատու է նախ իր խղճին ու ապա իր համապատասխան հիմնարկութեանը, դա արդէն համարւում է սարսափելի եւ կոպիտ սխալ, որի հետեւանքները կը դառնան խիստ անցանկալի:
Այսօր ո՛չ Ռեզաշահի եւ ո՛չ էլ ստալինեան բռնապետական համակարգում եւ ո՛չ էլ Սադդամ Հուսէյնի Իրաքի եւ.... մէջ ենք ապրում ու աշխատում. այսպիսի մի պայմաններում մանաւանդ լրագրողն ունի իրեն պաշտպանելու յատուկ օրէնքները: Եւ վերջապէս, Ձեր դիմացինը սկսնակ լրագրող չէ, որ այսքան հեշտ ու սուս ու փուս պոչը կտրէք ու դնէք շալակին... թէեւ սկսնակի պարագայում էլ այդպիսի իրաւունք չի վերապահւել որեւէ մէկի:
Այս լրագրողը խօսում է 1973 թւականից այս կողմ ունեցած իր գործունէութեամբ ձեռք բերւած տեղեկութիւնների ու փորձառութեան պաշարն իր տոպրակի մէջ ունենալու վստահութեամբ ու երաշխիքով: Երաշխիք ու փորձառութիւն, որի մէջ թաքնւած են հազար ու մի գաղտնի եւ բացայայտւած տեղեկութիւններ... Ճիշտ այսօրւայ նման... Լրագրողը եթէ չունենայ նման տւեալներ, նոյնիսկ գրիչ ու սրիչ ձեռք բռնելու իրաւունք չպիտի ունենայ...
Թէեւ հաւատքիս ու համոզումներիս կապակցութեամբ բոլորովին կարիք չեմ զգում ապացոյց ներկայացնել, բայց յարմար եմ համարում ի լուր «անտեղեակ»-ների՝ մատնանշել, որ հէնց այս պոչ կտրած կատուն ոչ միայն այն թափթփուկներից չէ, որ ոմանց թիկունքում թաքնւած, քաղաքական յետին նպատակներ հետապնդելով, ամէն օր ինչ-որ երեւոյթ պատրւակելով՝ թշնամութեան դրօշ են ծածանում ու սուր են ճօճում ազգային կառոյցի ու իշխանութեան դէմ, այլ նոյների դէմ կուրծք է դէմ տւել դեռ 80-ական թւականներին՝ պաշտպանելու համար համայնքի միակ ու օրինական ազգային կառոյցը:
Եւ ահա նոյն առաքելութեամբ է, որ այսօր գրիչ է շարժում... Թող յիշեն բոլոր նրանք, որոնք «մոռացել» են այն օրերը կամ թերեւս անարխիա տիրող այն պայմաններում բոլորովին հրապարակի վրայ էլ չէին...Եւ այսօր էլ նոյն համոզումներով ու վճռականութեամբ եւ ամբողջական նւիրումով ու ուժով կանգնած եմ օրինապահ եւ իրողութիւնները չմերժող ազգային օրինական կառոյցի կողքին, անշուշտ այն համոզումով որ երբէք չեմ լռելու անարդարութիւնների հանդէպ...
Յիշում եմ Պօղոս Առաքեալին...–«...Եղբայրներ, ... երբ մէկ տեղ հաւաքւէք, ձեզանից իւրաքանչիւրն ինչ շնորհ որ ունենայ... թող ծառայեցնի եկեղեցու շինութեանը»: (Ա կորնթաց. 14: 26-27)

* * *

Եւ մի խուրհուրդ էլ այն բոլոր ազգայիններին, որոնք անկեղծ աշխատանքի նպատակով՝ ազգային ծառայութեան դաշտ են իջել: Վարձքներդ ի կատար, բայց հակառակ ծաւալւող ներշնչումներին՝ այդ ասպարէզում խաղ չեն անում ընդհանրապէս: Այդ տեսակ խաղերում եթէ չիմանանք խաղի օրէնքները, մենք ինքներս դառնում ենք խաղալիք... Թող դուրս գան այդ վտանգաւոր խաղից ու որպէս լիիրաւ ազգայիններ՝ պահեն իրենց անհատականութիւնն ու արժանապատւութիւնը՝ անկախ այն բանից, թէ որին է դուրեկան դառնալու թէ ով է սրտնեղւելու: Քաջութիւնը դժւար գործ չէ. մի քիչ կամք ու արժանապատւութեան հասկացողութիւն է պահանջում... Իսկականը ժողովուրդն է ու դրա աննկուն կամքը...

* * *
Թոյլ տւէք հարցն այսքանով... փակել (առայժմ) ու բարեկամաբար խորհուրդ տալ թէ՝ բարեկամներ, ժողովրդին մարդու տեղ դրէք... եւ գող կատւին փնտրէք ուրիշ տեղ... եւ պոչի համար էլ յարմար տնօրինում կատարէք... Եւ կարեւորը՝ արդեօք վստահ էք, որ ինչ որ պատւական սկզբնաաղբիւրում արմատներ ունէ՞ք...


Ձերդ Վարդան

ԱՅՍՕՐ ՀԻՒԱՆԴ ՍԿԱՈՒՏԸ ՕԳՆՈՒԹԵԱՆ ԿՈՉ Է
ՈՒՂՂՈՒՄ...
ՄԵԶ ԲՈԼՈՐԻՍ...

Երբ մտաբերում եմ, որ արդէն հասնում եմ 54 տարեկանի սահմաններին, մի տեսակ անծանօթ զգացում է պատում միտքս ու երանի եմ տալիս այն տարիներին երբ մօտենում էի 44 տարեկանին, եւ... այսպէս երբ նոյն տարիքում փափագում էի որ լինէի՝ 34 տարեկան...եւ այսպէս շարունակ...
Երկարակեցութիւնն ու մահից փախչելը, մարդու բնազդից անբաժան յատկութիւն է, ու մարդ արարածը մարդկային ամբողջ պատմութեան ընթացքում ոգի ի բռին պայքարել է յանուն երկարակեցութեան ու անընդհատ ելքեր է որոնել անխուսափելի մահից փախչելու համար։ Ապրել... կարեւոր չի թէ՝ ի՞նչ պայմաններում եւ առողջական ի՞նչ կարգավիճակով. Միայն ապրել...
Բնական բնազդից ելնելով՝ խոր ծերութեանը հասած մարդն էլ սարսափում է մահից ու ցանկանում է գէթ մէկ վարկեան աւել ապրել՝ նոյնիսկ առողջական ամենավատ ու տաժանակիր պայմաններում...
Մարդու երկարակեցութեան տենչը ագահութիւն չի՛, դա բնական ցանկութիւն է, նոյնիսկ ինձ նմանւող ու իմ պայմաններում գտնւած անհատների համար որոնք «իշխանաւորներ»ի կողմից կատարեալ բոյկոտի ենթարկւելով իրենց գրեթէ «անգործածելի» են համարում... (մինչ իրենք էլ գիտեն, որ ձախողութեան է մատնւել իրենց գրած ու գործադրած սցենարը եւ ապարդիւն «ջանք»երը...)։
Դրանցից բացի, մտքով առողջ մարդը յոյսով է ապրում, բայց այն պարագային էլ, երբ մարդ չգիտի մէկ ժամ յետոյ ի՞նչ է պատահելու իրեն, դարձեալ ցանկութիւն ունի երկու ժամ եւս աւել ապրի տեսնելու համար թէ՝ ինչեր են պատահելու յառաջիկայ մէկ ժամւայ ընթացքում...յոյս է, եւ յոյսը՝ լոյս...
+++

Մարդիկ ըստ իրենց ֆիզիկին ու ապրելակերպին եւ կամ ճակատագրի, ապրում են 88, 76, 69, 55, 47, 35, եւ կամ դեռ շատ երիտասարդ, պատանի ու անչափահաս՝ 25, 21, 14, 15, եւ դեռ աւելի քիչ տարիներ։
Երբեմն մահն անխուսափելի է տարբեր պատճառներով, իսկ երբեմն էլ հնարաւոր է կանխել դեռահաս մահը։ Իսկ երբ դեռահաս մահը վրայ է հասնում լոկ նիւթական պատճառներով, ահա վիշտը դառնում է ահաւոր անտանելի, անմխիթարելի, եւ դառնում է այնքան ահարկու հարւած՝ որի մեղքը բարդւում է իւրաքանչիւր ծանօթ կամ անծանօթի ուսերին, նոյնիսկ առանց պատճառի...
Մարդկային զգացմունքները ընդհանրապէս չեն ունենում խղճի ու մարդկութեան փոխըմբռնման կամ ճանաչողական սահմաններ ու խոչընդոտներ։ Այսպիսի պահերին, երբ մի մարդու կեանքը, եւ այս պարագային մի 16 ամեայ երիտասարդ–պատանու կեանքն է շաղկապւած համայնքի կամ նոյնիսկ ողջ սփիւռքի առատաձեռնութեան ու մեծահոգութեան հետ, բոլորս ենք մեր ուսերին առնում դրան կենսատու ձեռքեր հասցնելու պարտականութիւնը։
Եւ այս մարդասիրական գործընթացում իւրաքանչիւրս իրեն յանձնառու եւ պատասխանատու է զգում՝ իրեն տեղաւորելով այդ պատանու ծնողների ու պարագաների դերի մէջ, որի կեանքը կախւած է լումաների...
+++

Մեր համայնքի միութիւններից մէկի 16 ամեայ անդամ–սկաուտը, որ տանջւում է ուղեղային ծար հիւանդութիւնից, իր սկաուտական բարի գործերից բացի նաեւ բացակայելու է կեանքի ասպարէզից... եթէ չհասնեն օգնական ձեռքեր...Այդ սկաուտը, որ տարիներ շարունակ ուխտել է այսպէս.–
Երդւում եմ պատւովս,

Հաւտարիմ լինել Աստծուն,

Ազգին եւ Հայրենիքին,

Միշտ օգնել ուրիշներին,

Եւ գործել իբրեւ պարտականութեանս գիտակից Արի,

Եւ վեհանձն մարդ՝

Հնազանդւելով Հայ սկաուտի դաւանանքներին։.

......................................

Նա, այս պատանի սկաուտը, այս անգամ ինքն է օժանդակ ձեռքեր որոնում բոլոր նրանց միջից, որոնք դեռ իրենց խղճի անկիւններում կարելի է գտնել մարդասիրութեան վեհ հասկացողութիւն, գնահատելու գիտակցութիւն, եւ մարդ փրկելու տենչանք...
Օգնենք, իւրաքանչիւրս՝ իր կարողութեան ու հնարաւորութեան սահմաններում, որպէսզի այս կայտառ պատանին դեռ արեւներ շօշափի, դեռ արշալոյսներ գրկի, ու դեռ գրկաբաց դիմաւորի՝ Ձեր մեծահոգութեան շնորհիւ իր առջեւ բացւող կեանքին...Նա էլ յոյս ունի տեսնել իր 26, 36, 46, եւ գուցէ 96–րդ տարեդարձները...
Թող անկատար չմնայ այս բնական ու տարրական փափագը՝ Ձեր օժանդակութեամբ
... Նրա տւեալները պահւում են մեզ մօտ։


ՁԵՐԴ՝
ՎԱՐԴԱՆ

ՇԱՆԹԵՐՈՎ ՎԱՌԵՆՔ ՏԱՐԻՆ ԼՈՒՍԱՒՈՐՈՂ ԿԱՆԹԵՂՆԵՐԸ
ՇՆՈՐՀԱՒՈՐ ՆՈՐ ՏԱՐԻ


Վերջապէս՝ 2009 թւականը, իր բոլոր դառը իրականութիւններով ու քաղցր իրադարձութիւններով, կարծես մտադիր է դանդա՜ղ դանդա՜ղ գլորւել ու անցնել պատմութեան գիրկը... եւ աւելի շատ պիտի մաղթենք, որ անցնող տարւայ ընթացքում պատահած տխուր ու ցաւալի երեւոյթներն էլ դրա հետ թաղւեն պատմութեան անդունդներում։
Ի դիմաց մաղթում եմ, որ տեւական ու յաւերժական ներկայութիւն լինեն բոլոր այն ինչերը, որոնք բարեբեր էին, ու նպաստեցին մեր ժողովրդի առաւել խանդավառութեանն, ու ցնծութեան առիթներ ստեղծեցին։
Թէեւ պատահած ողբալի դէպքերը, դրանց շարքում՝ Թեհրան–Երեւան տխուր չւերթի աղէտը եւ Հայ– թրքական յարաբերութիւնների արձանագրութիւնների ստորագրումը, գերադասում էին ցնծութեան առիթ ստեղծող իրադարձութիւններից, սակայն ամանորեան սեմին չեմ ուզում խօսել դրանց մասին՝ առանձնաբար։


+++

Թւում է, որ հէնց երէկ էր, երբ 2009 թւականի ամավերջի բլոգիս «Տրամագիծ»-ը գրելու համար, սարսափելի ճնշումներ էի բանեցնում արդէն իսկ յոգնած ու սարսափազդու պատահարներով լեցւած ուղեղիս...: Ուղեղ, որն արդէն իսկ իր անկարող ու սահմանափակ տարողութիւնից աւել խնդրահատոյց ու նողկալի երեւոյթների եւ անպատասխան մնացած հարցերի ամբար էր դարձել... եւ այդ կուտակւած դաժան տեղեկութիւնների խտացումն այնքան էր ճնշում գանգիս, որ քիչ էր մնում պայթել...
Ահա այս պայմաններում է, որ ժողովրդական ասացւածքով ասում ենք՝ «վերեւ ենք տալիս...»: Բայց ինչպէս չպայթե՞լ ու չպոռթկա՞լ, երբ մանաւանդ շեշտում ու յիշեցնում են, որ հասարակութեան կապւող հարցերն ու յոռի երեւոյթները, որոնք բացայայտ իրականութիւններ են բոլորիս ,չռւածե աչքերիս առջեւ՝ չ պ ի տ ի դ ր ս եւ ո ր ւ ե ն ...

+++
Ոչ միայն ես, այլ ամենաթարմ ու երիտասարդ միտքն էլ, չի կարող այսքան բացայայտելիք իրականութիւններ բանտարկելով իր ուղեղի մէջ, թաքցնի իր սահմանափակ տարողութիւն ունեցող գանգի միջուկը համարւող ,թաքստոցեի մէջ... Բայց անկախ քո կամքից դրանք բոլորը դառնում են հզօր զսպանակ, որոնք օրերից մի օր, ակամայից եւ Ֆիզիկայի օրէնքների համաձայն կը ձգւեն ու բիգ բանգ- ի նման Ֆիզիկապէս կը շառաչեն ու... յետոյ չգիտեմ ինչ կը պատահի...եւ ո՞վ իր վրայ կառնի դրա ցաւալի հետեւանքների պատասխանատւութիւնը...... Ճիշտ այնպէս, ինչպէս բազում ու երկարատեւ անտարբերութեան կեցւածք ցուցաբերւելու հետեւանքով, ու սարսափելի երկունք ապրելով ճարահատւած ծնւեց այս սիւնակը՝ «Տրամագիծ»ը... առաջին անգամ «Ալիք» օրաթերթում։
Բայց ես հէնց սկզբից, աւելի քան չորս տարի առաջ, որպէս նպատակ եւ ընթերցողների հետ կնքած ուխտ, գրեցի այսպէս.- «Մարդը առհասարակ հետաքրքրւող արարած է: Դրանով հանդերձ՝ շատ քչերն են, որ իրենց շրջապատի երեւոյթներն ու իրողութիւնները դիտում են 180 աստիճան տրամագծի վրայ եւ այդ ուղղութեամբ: Մենք փորձում ենք դրանք դիտել 360 աստիճան եւ աւելին՝ 360+5 տրամագծի վրայ: Երբեմն էլ մեր շրջապատն է յուշում՝ դիտել այդ տրամագծի դիտանկիւնից:
Յամենայն դէպս՝ այս սիւնակը նպատակ ունի երեւոյթները քննարկել 360+5 տրամագծի ուղղութեամբ»:
Ստիպւած եմ վերյիշել այս պարագան, քանի որ ոմանց մօտ այն սխալ ըմբռնումը կայ, որ այն ինչ որ 360 աստիճանից վեր տրամագծում է գտնւում, անպայման վիրաւորական է, վարկաբեկիչ է, խռովարար է, նախապաշարումներով է, քէնախնդրութիւն է, թշնամանք է, ստախօսութիւն է, եւ...եւ նման հասկացութիւններ, որոնք ծնւում են միայն հիւանդ մտքերից ու բարդոյթներով յագեցւած վատառողջ հոգեվիճակներում գտնւող մարդկանց մօտ:
Այդպիսիք ընդհանրապէս չեն սիրում տեսնել այդ (+5) (յաւելեալ) աստիճան տրամագծի ուղղութեամբ գտնւող անկիւնի մէջ թաքնւած (թաքցրած) իրողութիւններն ու իրականութիւնները... Եւ այդպիսիք են, որ հերքում են՝ թէ՛ այդ (+5) անկիւնը եւ թէ՛ դրա ընդմիջում թաքցրածը: Ահա մանկական եւ նախամարդու ժամանակաշրջանային տրամաբանութիւն՝ այն ինչ որ չես տեսնում, ուրեմն՝ չկայ... (աւելի ճիշտը՝ այն ինչ որ չես ուզում տեսնել, չկան...)։
Իրականութեան մէջ յատուկ խնդիրների ու մտքերի արծարծումը այս սիւնակում, որոնք ներկայացւում են զանազան թեմաների ու վերնա•րերի տակ, եւ որ նաեւ արդարացնում են հէնց սիւնակի գոյութեան փիլիսոփայութիւնը, արդար ու ճշմարիտ դատողութեան ու մտածողութեանը սովորութիւն դարձնելու կարիքի ծնունդն են, անկեղծ մօտեցումներ ունենալու հրամայական անհրաժեշտութիւնն է: Աւելի շուտ ճշմարիտ մտածելու, իրատես լինելու եւ իրողութիւնները առանց նախապաշարումների ընդունելու եւ ըստ ճշտմարտութեան քննարկելու եւ դատելու փորձեր ենք կատարում:
Իսկ թէ՝ ինչո՞ւ այս բոլորը ամանորեան ՏՐԱՄԱԳԾԻ մէջ՝ պարզապէս այն պատճառով, որ Նոր Տարին այն բացառիկ իրադարձութիւններից է, երբ ակնարկ ունենալով անցեալին, խորհելու եւ վերանայելու առիթ է ստեղծւում իւրաքանչիւր անհատի համար։ Յետդարձ ակնարկ՝ որտեղ էլ երեւան են գալիս նկատւած ու չնկատւած փորձանքներն ու փորձութիւնները։
Եւ այս փորձութեան ընդմիջից, ոմանք պարզ ճակատով են դուրս գալիս՝ իրականութիւններն ընդունելով, եւ ոմանք էլ՝ ամօթահար են դառնում՝ իրողութիւներին թիկունք անելով, հերքելով, մերժելով եւ չնդունելով բոլոր այն իրողութիւնները, որոնք պարզ ու յստակ ու վճիտ են բոլորի, եւ մանաւանդ գիտակից ու իրատես հասարակութեան համար:
... Ու ես այս սիւնակով նաեւ համբերութեան ու իրատեսութեան փորձաքար եմ հրամցնում բոլոր նրանց, որոնք պատասխան տալու հանգամանքներում են գտնւում, բայց չեն պատասխանում... Յիշեցնեմ, որ պատասխանելը տարբերւում է ցեխարձակումներից ու անհիմն «տրամաբանութիւն»-ներից, որոնք նաեւ ենթակայի հասարակական հասկացողութեան ու մշակութային մակարդակի ցուցանիշերն են...

+++

...Այսօր եւս, երբ արդէն փորձեր եմ կատարում սիւնակի տարեվերջի համարում Ամանորեան բարեմաղթանքների կողքին նաեւ գնահատումներ կատարել համայնքի անցնող տարւայ իրադարձութիւնների կապակցութեամբ, առաջին հերթին խորը կսկիծով ու ցաւով եմ մտաբերում մի տխուր յուշ։
Ամէն տարի ամանորի սեմին, դեկտեմբերի 31–ի կէսօրին համեստ հաւաք էինք ունենում «Ալիք»–ի յարկի տակ, որն այս տարի չիրականացաւ անցնող տարւայ ընթացքում իրանահայութեանը պատահած տխուր դէպքերի պատճառով։ Բայց երբեք չեմ կարող մոռանալ, որ 2009–ի ամանորին, առաջին անգամը լինելով ակամայից բացակայեցի իմ այնքան սիրելի եւ գաղափարական ու մարդկային կաղապարիս կազմութեան բնօրրանն համարւող՝ «ԱԼԻՔ»–ի ամանորեան համեստ ու ընտանեկան ջերմ տօնահանդէսից...որի ծանրութիւնը դեռեւս սաստկօրէն եմ զգում հոգուս վրայ։
Թերեւս այլեւս ինձ չպիտի համարէի այդ հզօր ու ամրակուռ ընտանիքի անդամը...։ Ու դա ինձ համար թէեւ սաստիկ ցաւալի, բայց վերջակէտ չէր համարւում, սակայն գուցէ՝ վերանայման առիթ...

+++

Ու դարձեալ փոքր ուղեղիս մոխրագոյն ու գոյնզգոյն բջիջները ուռչում ու պայթեցնում են այդ բոլորն իր մէջ պարունակող՝ գանգս... Բիգ Բանգ, բայց այս անգամ ոչ թէ անծայրածիր տիեզերքում, այն էլ քանի բիլիոն տարիներ առաջ, այլ հէնց մեր մոլորակում եւ մեր օրերում, ամանորի սեմին... եւ արդիւնքո՞ւմ...

+++

Մտորումներիս մէջ, «իմ» զբօսայգու հարազատ անկիւնում զրուցում եմ բարեկամիս հետ, որ նոր է վերադարձել այն գիւղից, որտեղ գտնւում է իր արդիւնաբերական միաւորը եւ յաճախ է լինում այնտեղ: Չգիտեմ ինչպէ՞ս ու ե՞րբ է ներխուժել մենաստան,սե, բայց դժգոհ չեմ նրա հետ զրուցակից լինելուց: Սրտակից բարեկամիս հետ կիսում եմ վշտերս ու մտահոգութիւններս, եւ այն մասին, թէ՝ արդեօք ճիշտ եմ եղել այսինչ բացայայտումը կատարելու եւ կամ չկատարելու համար թէ՝ ոչ:
Թէեւ չեմ յիշում նոյնիսկ մի պարագայ, որ փոշմանած լինեմ մի երեւոյթ ակնարկելու համար՝ այս քանի տարիների ընթացքում, եւ աւելի քան 100-ի հասնող տրամագծերի մէջ: Բայց հիմա տատանւում եմ՝ գրել թէ չգրել...
Երկարախօսութիւններիս վերջ տալու համար բարեկամս ասաց.- պարապ ես ջանըմ, ինչերի՜ մասին ես մտածում ու արիւնտ պղտորում, մեր գիւղը ոչ տէր ունի ոչ էլ դիւան, ոչ գոմ ունի, ոչ էլ նախրատուն, ոչ ջուր ունի ոչ էլ աղբիւր, ոչ օր ունի ոչ էլ արեւ, հալա քիւխէն (տանուտէրը) էլ երբեմն է իր գիւղն այցելում, դու ասում ես ինչ եմ գրե՞լ, ինչ չեմ գրե՞լ..., ո՞վ է տէ՞րը, ո՞վ է տանտէրը, ո՞ւր է մարագը, ո՞վ է Մակարը... ի՜նչ ես իզուր ցեխ կոխրճում...

+++

...Չեմ ուզում երեսիս բերել, որ նա ճշմարիտ է: Ոչ էլ ուզում եմ հաւատալ նրան, բայց ինչ որ անկեղծութիւն ու ճշմարտութիւն կայ բարեկամիս խրատների մէջ: Բայց իսկապէս աչք պիտի փակել ու չտեսնել ձեւացնել այսքան կեղծիք ու անճշմարտութի՞ւն..., անշուշտ ո՛չ...Չեմ էլ ուզում Նոր Տարւայ սեմին ինքս դառնամ խաւարամիտ ու չլսեմ նրա խրատները...բաց որոշում եմ մի վերջնագիր տալ՝ երկու կէտանոց. արդէն պարզ են ասելիքները, միայն մէկ անգամ եւս պիտի հաստատեմ դրանք՝ այս վերջնագրով, երկու կէտերով.

-1. Չեմ փոշմանել ո՛չ մի գրութեան համար

–2. (Չպիտի վախենալ (+5) աստիճան տրամագծի անկիւնից) ...


+++

Իսկ լուսանցքում, եւ այն էլ Ամանորի սեմին չեմ կարող անտարբեր մնալ ու չյիշել բոլոր այն անարդարութիւնները, որոնք հրկիզելով խոցեցին հարիւրաւոր իրաւազրկւածների սրտերը, սկսած՝ խեղճ Սուրիկից մինչեւ ես, մինչեւ ցրտին ու ձիւնին յաղթահարող խեղճ փերեզակը, ու մինչեւ կաղելով քայլող՝ խեղճ Փիշուլիկը...
Ես չեմ կարող աչքերս փակել այդ բոլորի առջեւ, մենք իրանահայերս, անկեղծ ու հիւրասէր, համեստ ու քչախօս, հիւրասէր ու շարմով, ամօթխած ու , երկչոտե... Մենք երբեք այսպէս չենք եղել... Այդ ինչ եղաւ մեզ... ու այդ հիւանդագին վարքագիծը ո՞ր սեւ քամին բերեց ու որտեղի՞ց...

+++

Ամավերջին ու Նոր Տարւայ սեմին, սրտագին մաղթանքս է, որ կայծակնային շանթահարումների հետ, Արարիչն Աստւած այնպիսի շողեր արձակի, որ խաւարն ընդմիշտ վերանայ խաւարամիտների մշուշ պատած ուղեղներից ու իմաստութեան լոյսը սփռի համայն մարդկութեան երկնակամարի վրայ։
...Ու այդ կայծակնային շանթարձակումներով վառենք նաեւ խաւարած տները լուսաւորող կարմիր մոմերը, ու նոր գալիքը ողջունելով՝ միմեանց շնորհաւորենք փայլուն Նոր Տարին..., անդունդներում թողնելով տխուր անցեալը...
Շնորհաւոր Նոր Տարի՝ արդարութեան տիրակալութեան վարդագոյն յոյսերով։



Ձերդ՝
ՎԱՐԴԱՆ


«ՄԱՐԴՈՒԿ»ՆԵՐ ԴԱՐՁԱԾ՝ ԽԱՂԱԼԻՔՆԵՐԻՆ...

ԿԱՄ 23/4/4–Ի ՆՈՏԱՆԵՐ

Շատ կը ցանկանայի, որ դա՝ ինձ այնքան հարազատ տարածքը իմ սեփական մենաստաը լինէր, թէեւ երբեմն սրտնեղւում եմ դրանից։ Ճիշտն ասած՝ ոչ թէ իրենից, այլ իր նստարաններից, որոնք երբեմն իրենց գիրկն են բացում պատահական ու անծանօթ անցորդների դիմաց՝ այնպիսի պահերին, երբ ինքը նրանց շատ էլ չի կարօտում։
Կամ աւելի ճիշտը՝ միմեանց չեն կարօտում այդ երկուսը՝ նստարանն ու անցորդը։Խօսքն այն զբօսայգու մասին է, որ արդէն տարիներ շարունակ, իր հետ ու իր ծառերի ու նստարանների հետ եմ կիսում իմ յոյզերն ու տագնապները, սրտնեղութիւններս ու ցնծութիւնները, ու ...յաճախ էլ ես եմ լսում նրանց հեքիաթներին։Բայց ես այս անտրամաբանական աշխարհում, տրամաբանական պատճառ ունեմ իրենից, իրենցից սրտնեղւելու համար։
Ձմռանը, երբ մարդիկ ցրտից փախչելով, լքում են այս պարտէզն իր բոլոր հաճելի մասնիկներով, ու կողքից էլ անցնում են արագ քայլերով, ես սիրայօժար կերպով ու ցանկութեամբ եմ այցելում իրեն ու հաճոյքով տեղաւորւում եմ իր այնքան սառ նստարաններին, որոնք այնքան ջերմ խօսքեր ունեն ասելու ինձ...
Իսկ ամռանը, երբ մենք երկուսս էլ հաճոյքով միմեանց կողքին ենք զգում, (ես աւելի շատ քան ինքը), շատ յաճախ, ոչ միայն նստելու տեղ չեմ գտնում այնտեղ, այլ կարծես ծամածռութեամբ ժիժինում են ինձ... իրենց այն տեղը դնելով։ Ի հարկէ նրանց այս վարւելակերպը իրենց չեմ վերագրում, քանի որ նրանք աւելի շատ են շփւում «մարդկանց» հետ, ու վարակւում են դրանցից ոմանց՝ անցանկալի «վարք»ագծերից։

+++

Յամենայն դէպս, ես այդ մենաստան կոչւող պարտէզից, երբեք չեմ սրտնեղւում։ Ես սիրում եմ դրանց (նրանց)՝ տարւայ բոլոր եղանակներում, ու պահերում, բայց ամենաշատը սիրում եմ նրա աշունը եւ գուցէ հէնց դրա համար է, որ ելնելով իմ «էգոիստական» վարքագծից, ոմանց նման ցանկանում են, այդ պարտէզը իր ամբողջութեամբ՝ ինձ պատկանէր...
Ամբողջութեամբ ու ամէն եղանակներում, քանզի դրա ամէն պահն ու ժամանակն ու եղանակն ու երկինքը, ամպամած թէ՝ արեւաշող, խանդավառ, թէ՝ թախծոտ սրտերով այցելուներով... ինձ համար դուրեկան ու մտերիմ էին։ Մէկ խօսքով աշխարհի ամենաանկեղծ ու վճիտ վայրն էր, ու է... Եթէ «մարդիկ» չխանգարեն։

+++

Հակառակ իմ անկեղծ ցանկութեան, Թեհրանի փոքրիկ հրապարակներից մէկում գտնւող 6359 քառակուսի մետր տարածութիւն ունեցող այս հոյակապ հանրային պարտէզը ոչ միայն ինձ չէր կարող պատկանել, գէթ մի պահի համար, եւ որով կարող էի դառնալ դրա «անկաշկանդ» տիրակալ»–ը, բայց այդ էլ չպատահեց... Զարմանա՜լի աշխարհ է... ոմանց համար դա իրականացւում է մէկ ակնթարթում՝ որպէս յաւերժակա՛ն գոյք..., Իսկ իմ յաւերժութեան երկայնութեամբ կատարւած երազանքը՝ ընդամէնը մէկ ակնթարթի պայմանով տիրանալու համար դրան, երբեք չիրականացաւ...
Այդ պարտէզը տիրանալու իմ տենչը գուցէ գալիս էր այն ծառից, որը միշտ էլ յուզել է ինձ։ Այն ծառը, որի ճիւղերի տակ պատսպարում է ինձ ոչ միայն տեղացող անձրեւներից, այլ (երեւակայութեանս մէջ) այնպիսի «մարդկանց»–ից, որոնք ոչ մի ջանք չեն փախցնում ինձ առաջնորդել դէպի ճահիճ ու աւելին՝ ոտքերով ու ճանկերով եւ ամենայն ուժգնութեամբ փորձում են թաղել ինձ այդ ճահճի մէջ...եւ մոռացութեան տալ բոլոր այն յուշերը՝ որոնց հետ ապրում են տարբեր սերունդների մարդիկ... մեր քաղաքում։
Նոյն մտորումների մէջ, ինձ յուշում է իմ այնքան սիրած ծառը թէ՝ «Ա՜յ անբան մա՛րդ, «մարդ»–իկ տաս անգամ 6359 քառակուսի մետրեր են «այս կողմ» – «այնկողմ» անում, առանց...՞–ի, դու ի՞նչ հոգ ես տանում, այս՛ 6359 քառակուսի մետրն էլ քե՛զ...»։ Երանի այդպէս լինէր՝ առանց զեղծումի...

+++

Ծառն ինձ մեօրեայ անտրամաբանական աշխարհում՝ «տրամաբանական» խորհուրդ է տալիս..., բայց հարցը սրանում է՛ թէ այս օրերին՝ ո՞րն է տրամաբանութիւնը, եւ ո՞րը՝ «տրամաբանութին»։ Եւ թէ՝ ո՞րն է դրանց միմեանցից զանազանող սահմանը, դարպասը, որտեղից մուտքը խստիւ արգելւած է ոմանց համար, իսկ ոմանց էլ հրաւէր է ուղւում այնտեղից անցնելու համար...

+++
Տարւայ չորրորդ եղանակի՝ երրորդ ամսւայ 23–րդ օրն է, որ նստած եմ իմ այդ երջանիկ «մենաստան»–ի անկեղծ նստարաններից մէկի վրայ։ Ճիշտն ասած՝ անյարմար եմ զգում այդ նստելու համար, բայց այս անտրամաբանական աշխարհի ամենատրամաբանական կարգն այն է, որ վերջին հաշւով մէկը պիտի նստի միւսի վրայ...։
Ամէն դէպքում բարձրանալու համար՝ մէկ ուրիշը պիտի խորտակւի, բարձրանալու համար՝ ոտքտ պիտի դնել ուրիշի ուսերին, նոյնիսկ եւ մանաւանդ՝ եթէ գիտես, որ ենթական չունի ծանրութիւնտ տանելու կարողութիւնը...։ Այս բացարձակապէս անմարդկային «դաս»–ն ինձ սերտել է տւել շրջակայքս, շրջապատս, քանզի հէնց իմ ուսերից բարձրանալով՝ շատերն են «տեղ հասել»...։
Սակայն շատ լաւ կը լինէր, որ այդպիսիք իրենց զաւթածների վերջաւորութիւնից զեղչէին պատկանելիութեան այդքան գրգռիչ՝ «ս» տառը։ Ճիշտ այնպէս, որ ես երբեք չեմ ասում՝ պարտէզ«ս», մենաստան«ս», ծառ«ս», տուն«ս», եւ բազմաթիւ ուրիշ բաներ, որոնց չունենալու պատճառով չեմ էլ գործածում այդ՝ «ս» տառը։ Բայց ամենայն համարձակութեամբ ու հպարտութեամբ կարող եմ յամառօրէն շեփորել՝ խիղճՍ..., հոգիՍ, գրպանՍ (թէկուզ դատարկ), թէկուզ անարժէք, եւ...
Անցնենք այս «հասարակ» հարցերից, կարեւորն այն է, որ դեկտեմբերի 23–ին երբ աւելի ցուրտ ու ձիւնոտ պայմանների էի սպասում, զարմանալի կերպով՝ դեռ դեղնաւուն ու չորացած տերեւներ են թափւում ծառերից։ Ու այս պահերին մոռանում եմ, որ սրտնեղւած եմ պարտէզից ու ինչո՞ւ եմ սրտնեղւած...


+++

Տերեւները թափւում են ու իւրաքանչիւրն իր՝ յատուկ նազանքով, շորորով, պարելով ու ճկունութիւն շաղ տալով, ամաչկոտ աղջկայ երկիւղածութեամբ ու ամօթխածութեամբ...
Ահա թափւում են աչքերիս դիմաց, ոտքերիս առջեւ, ու ամէն ինչ՛ նոյնիսկ տերեւները յուշում են այնպիսիներին, որոնք թւում էր թէ մոռացւել են... Այդ օրը՝ 23/4/03–ին, «իմ» պարտէզում թափւող դեղին ու չորացած տերեւներն օդի մէջ թափառումներով, շորորւելով, օրօրւելով ու խաղ գալով, ինձ իրենց թեթեւ թեւերին առնելով տանում են այն փողոցի այն ծառի տակ, ուր անց եմ կացրել իմ մանկութիւնը։
«Իմ» չէ՝ մեր մանկութիւնը, քանզի իւրաքանչիւր անհատի ամբողջ կեանքի իւրաքանչիւր պահն ու վայրը՝ չի անցնում միայնա՛կ։ Թէեւ ինքս ինձ յաճախ «էգոիստ» եմ համարում, սակայն խորապէս համոզւած եմ, որ կեանքն ու դրա որեւէ ժամանակահատւածը՝ չի կարող անցնի միայնակ... Ու այդ պատճառով է, որ իմ հեքիաթների մէջ՝ միշտ ներկայ են այսօր բացակայ՝ իմ մանկութեան բոլոր ընկերները... առանց ընկերի մանկութիւն չեմ պատկերացնում...
Գուցէ եւ ոչ թէ տերեւները, այլ նրանց օրօրն ու շորորն են մտովին ինձ փոխադրել մեր մանկութիւնն սկսւած, ու նկարագիրը կազմաւորող փողոցն ու ժամանակը։ իր ծառերով ու չոլերով, թէք պատերով ու մութ ջրհորով, դպրոցով ու խանութներով...։ Կարծես դեռ դպրոցի առջեւ «դայի Աւետ»–ն է մեզ դպրոց կանչում, թէ՝ զանգն է հնչել։
«Նարդւան» Մամիկոնն է իր երկար հասակը քարշ տալիս հսկայ պայուսակը թիկունքին յենած, որ վազում է պրն. Մովսէսի ճիպոտի հարւածներից փախչելու համար... ու...։

+++

Տերեւն իր մեղմ վայրէջքով ինձ իջեցնում է 1962–3 թւականների Թեհրանի «Հեշմաթիէ» թաղամասի «Մադադ» փողոցի համար 129 տան առջեւ։ Այնտեղ, ուր ծնւել ու մերւել եմ տեղի մշակոյթի ու սովորութիւնների հետ։ Իր անկեղծութեան, գեղջկական մարդասիրական հասկացութիւններով, մարդկանց ճշմարտասիրութեան փայլատակումներով պսպղող աչքերի հետ, ու... իմ այնքան սիրած՝ «Սահակեան» դպրոցի ամենօրեայ՝ քաղցր հնչող զանգերի մեղեդին ականջներիս։
Դպրոցն արձակւել է, ու մենք «տղերքս» տուն վերադառնալու փոխարէն, փողոցում տօնում ենք այդ տարւայ առաջին ձիւնը՝ որի փաթիլները նոր է սկսել տերեւների նման լողալով ու դրանց հետ միասին սառը գետնի վրայ տեղաւորւում ու պատրաստւում են, որպէսզի մինչեւ գարնան կէսերը փռեն իրենց քոչւորի կարպետը... քոչւորների թաղամասում, որտեղ իւրաքանչիւր ընտանիքի ամբողջ կահոյքը տեղաւորւում էր ընդամէնը՝ մի «գառի»–ի (սայլակ) մէջ...։
+++
Փողոցում մենք «տղերք»ս ազդւած տան միջավայրից, իւրաքանչիւրս լոզունգներ ենք աղաղակում։ «Կէցցէ Աբդոլնասերը...», «Մահ ...»–ին, «Կեցցէ Մոսադեղը», եւ նման կարգախօսներ ու լոզունգներ, որոնք իւրաքանչիւրս լսել էինք մեր ծնողներից՝ երբ իրենց տարեկիցների հետ միասին խցկւում էին մեր տան մեծ ռադիոյի կողքին ու թաքուն–թաքուն ռադիոների հաղորդումներ էին լսում։ Լոնդոնի, Անկարայի, Դելհիի, Մոսկւայի, եւ չգիտեմ էլ ինչ ռադիոկայաններին։
Մեր տարեկիցները ո՛չ Աբդոլնասեր, ո՛չ Մոսադեղ ու ոչ էլ Փիշեւարի կամ Արանի էինք տեսել կամ լսել, պարզապէս մեծերի խաղն էինք խաղում փողոցում։ Ես էլ հօրս ընդօրինակելով ողջունում էի Մոսադեղին ու Աբդոլնասերին, եւ մի քանի ուրիշ քաղաքական դէմքերի, որոնց բնաւ չեմ յիշում։ Այն օրերին, մեր մանկական «տրամաբանութեամբ» կեցցէ–ներ ու մահ–եր էինք բացագանչում, պարզապէս որպէս խաղ... ու ոչ մէկս էլ հաշւի առնելով մեր տարիքն ու հասկացողութիւնը, պատասխանատու էլ չէինք մեր ասածների համար։
Մենք փոքրիկ «մարդուկ»–ների խաղն էինք խաղում։ Դա պարզապէս խաղ էր, որ յաճախ ձիւն տեղալիս բացագանչելով վազում էինք ու մեր երեսը տալիս ձիւնի թարմ փաթիլներին... ինչքա՜ն հաճելի, ինչքա՜ն քաղցր ու ինչքա՜ն դուրեկան խաղ՝ որ չէինք ուզում ո՛չ ձիւնը դադարի տեղալուց ու ոչ էլ մեր ծնողները յանդիմանալով տուն կանչեն մեզ...Եւ ինչպէս ասացի, դա միայն խա՛ղ էր, որով խանդավառւում էինք մենք «տղերքս»։
Իսկ այսօր ցաւով մեր շրջակայքում կան տարիքուվ ու հասակով մեծացած բազմաթիւ մարդուկներ, որոնց նմանատիպի կապիկութիւնները բոլորովին էլ չեն նմանում մանկական անկեղծ խաղի...Նրանք խեղճ ու ողորմութեան արժանի մարդուկներ են, որոնք իրենց չունեցած խիղճն ու բարոյականութիւնը «ղռան»–ի դիմաց աճուրդի են հանում, ու լծւում են այնպիսի կառքերի, որոնց էութիւնն անգամ անծանօթ է նոյնիսկ իրենց՝ խեղճ մարդուկներին...
Այս խղճալի արարածները, նոյնիսկ չգիտեն էլ թէ՝ այդ վարձատրութեան դիմաց, ինչո՞ւ եւ ինչ «յանցանք»–ի համար պիտի վարկաբեկել կամ արատաւորել պատւիրատուի կողմից նշան դրւած մարդկանց ու դրանց հեղինակութիւնը...։
Հեղինակութիւն չունեցող մարդկանց աշխատելաոճն է այս. Բոյկոտի ենթարկել բոլոր նրանց, որոնց գոյութիւնը ոչ միայն խանգարում է յիմար մարդուկներ որսալու, այլ աւելի են բացայայտում նրանց բոբիկութիւնը։ Նոյնիսկ եթէ այդ մարդիկ լին(են) ընդամէնը՝ մի մարդ...
+++

Չգիտեմ ինչո՞ւ խօսքերս հասան մինչեւ այստեղ։ Երեւի ներքին պոռթկում էր, որ անկախ ինձանից, երբ լողում էի մանկական յուշերիս գեղեցիկ ու անկեղծ աշխարհում, մեր «մարդուկ»–ախաղն ինձ յուշեց, որ մի պահ էլ հեռանամ երազանքների աշխարհից ու այս անգամ ոչ թէ՛ հօրս ընդօրինակելով, այլ ինքս բացագանչեմ այն ինչ որ փորձում է (են) խեղդել ինձ... դաւադրաբար։

+++

Այսօր՝ չորրորդ եղանակի երրորդ ամսւայ 23–րդ օրն է ու ես արդէն «իմ» սեփականութիւնը դարձրած՝ 6359 քառակուսի մետր տարածք ունեցող պարտէզում, խլացուցիչ գոյներով պար բռնած տերեւների հետ միասին բախտն ունեցայ մի պահ, որ համազօր էր քանի՜ քանի՜ տարիների երկայնութեան, վայելել մանկութիւնս ու այնքան սիրած ծառը՝ որի տակ պատսպարւելով «պոպոք» էինք խաղում ու անկաշկանդ ու լիաթոք ծիծաղում էինք... անկախ այն իրողութիւնից, որ հէնց նոյն օրերում եւս գոյութիւն են ունեցել այնպիսի թուլամորթ ու տկար նկարագիր ու հեղինակութիւն ունեցող մարդուկներ՝ որոնք խաղ չէին անում, այլ իսկական խաղալիքներ էին, ժամանակի հեղինակազերծւած «հեղինակութիւն»–ների ձեռքում։
Ահա այդ մարդուկներից էր Բարթուղը, որ «Նարդւան» Մամիկոնի հօրը՝ մսամթերքային գործարաններից մէկում աշխատող բանւոր Միսակին ծախեց «ղռան»–ների... դիմաց ու այլեւս ոչ մենք ու ոչ էլ Մամիկոնն իր ընտանիքով չտեսանք նրան...


+++


Ամանորեան սեմին ենք, ու չեմ ցանկանում տօնածառների փայլուն շարիկներով ու պսպղող լապտերով խանդավառւած Ձեր սրտերը պղտորեմ դառը իրողութիւններով, սակայն չեմ էլ ուզում, որ տարեմուտի սեմին, չբացենք մեր միամեայ արարքների տետրակն ու մի պահ չյիշենք թէ՝ անցնող տարւայ ընթացքում մարդ ենք եղել, թէ՝ «մարդուկ»–ներ դարձած խաղալիքներ խաղացնողների ձեռքում...,եւ կամ զօսայգու նստարանների նման մեր գիրկը բացե՞լ ենք արդեօք պատահական անցորդի համար...
+++

Բայց դրանք չեն խանգարում, որ մոռանալ պարտէզ«ս», խիղճս, եւ ներողամիտ՝ հոգիս որոնց ակնաղբիւրը եղաւ «Քուչէ Մադադ»–ը եւ իմ այնքան սիրած՝ «Սահակեան» դպրոցը իր քաղցրահնչիւն զանգակով...

ՁԵՐԴ՝
ՎԱՐԴԱՆ