Կը Մնա՞ն, Արդեօք, Արծւաբեր Վանքի Գոնէ Փլատակները

Եկեղեցա–ճարտարապետական գեղանի ու վերերկրային յօրինւածքները դարեր շարունակ զարդարել են պատմական Հայաստանը:
Բարձրադիր վայրերում կառուցւած համալիրները, հոգեւոր կենտրոններն ու սրբատեղիները յօրինւած են այնպիսի տաղանդով, որ կարծես փորւած են ժայռի մէջ, ձուլւած բնութեանն ու երկնքին, կամ էլ ասես երկնքից են իջեցւել ու դրւել ի վերուստ նախասահմանւած տեղում:
Մեր քարեղէն հրաշքներն, անգամ աւերւած ու կիսաքանդ, այսօր էլ իրենց վեհութեամբ ու առինքնող գեղեցկութեամբ հիացմունք ու խոնարհում են առաջացնում, թէկուզ հեռու մեզանից, ինչ-որ գծւած սահմաններից այն կողմ, բայց միշտ անթեղւած մեր ու մեր սերունդների հոգու` սահմաններ չճանաչող քարտէզներում:
1894-1896-ին եւ 1915-1923-ին թուրք բարբարոսները ոչ միայն ոչնչացրին մէկ ու կէս միլիոն խաղաղ հայ բնակչութեան, այլեւ իւրացրին նրանց հողն ու ողջ ունեցւածքը, երգն ու զրոյցը: Կորան բազմաթիւ ձեռագիր մատեաններ, ինչպէս նաեւ կործանւեցին անկրկնելի տաճարներ, կոթողներ, վանքեր ու սրբատեղիներ, ոչնչացրին այն ամէնը, ինչ վկայում էր հայ ժողովրդի գոյութեան մասին եւ իր վրայ կրում էր Մեսրոպեան տառերը:
Օսմանեան թուրքերը շատ լաւ էին հասկանում, որ պէտք է ոչնչացնել հայ ժողովրդի յուշարձանները` վանքերն ու եկեղեցիները` նրա ստեղծագործ տաղանդի ոգին: Հայկական վանքերի ու եկեղեցիների, պատմա–ճարտարապետական յուշարձանների աւերումը, հայկական մեծարժէք ձեռագրերի ոչնչացումը մեծ հարւած էր ոչ միայն հայ եկեղեցուն, հայ ժողովրդին, հայկական մշակոյթին, այլեւ համաշխարհային մշակոյթին ու գիտութեանը:
Այո, յատկապէս շատ են պատմական Հայաստանի արեւմտեան մասում մնացած կոթողները, որոնք այսօր մասամբ իւրացւել են նւաճողների կողմից: Քաղաքական, տուրիստական ու այլ նկատառումներից ելնելով` այսօր վերանորոգւում կամ պահպանւում են դրանց չնչին մասը միայն, իսկ մնացածը մատնւած է աւերումի, կործանման ու ոչնչացման:
Որոշ յուշարձանների մասին լռում են նաեւ հայկական աղբիւրները. դրանք կամ ուսումնասիրւած չեն, կամ դրանց մասին կցկտուր տեղեկութիւններ կան` հիմնւած աւանդոյթների կամ բանահիւսութեան վրայ: Իսկ որ ամենաամօթալի է` դեռեւս ամբողջութեամբ հաշւառւած ու ուսումնասիրւած չեն անգամ Արեւելեան Հայաստանի ճարտարապետական կոթողները, ուր մնաց թէ` Արեւմտեան Հայաստանինը: Արժանին պէտք է մատուցել բոլոր այն ուսումնասիրողներին, որոնց շնորհիւ մենք կարող ենք ասել, որ գոնէ հաշւառւել ու հնարաւորինս ուսումնասիրւել են մինչ օրս մնացած բազում կառոյցների բեկորները:
Չուսումնասիրւած ու մշակութային ժառանգութեան մէջ չներառւած այդ հարիւրաւոր կառոյցներից մէկն էլ Արծւաբեր վանքն է` անցեալի իր պատմութեամբ, աւանդոյթով, ճարտարապետութեամբ, խորհրդաւոր խցերով:
Արծւաբեր վանքը (Ալթըն Սաչ) գտնւում է Վանի Էրճիշ գաւառի Սալմանաղա գիւղում, ծովահայեաց բլրի վրայ: Այն 13-րդ դարի կառոյց է: Ըստ աւանդոյթի, այստեղ են պահւել Թովմաս առաքեալի մասունքները: 1671թ. կատարւած վերանորգման ընթացքում արեւմտեան հատւածում աւելացւել է ժամատունը: 18-րդ դարի վերջում վանքն աւերւել ու թալանւել է, սակայն կանգուն էր մինչեւ անցեալ դարասկիզբ: Իսկ ներկայումս մնացել են վանքի փլատակները միայն: Կան տեղեկութիւններ, որ սրբատեղին նախաքրիստոնէական շրջանում պատկանել է արեւորդիներին, ապա վերածւել հայկական եկեղեցու:
Ինչպէս տարածաշրջանի մի շարք եկեղեցիներ, այն եւս մշակությաին ժառանգութեան պահպանման ցուցակում գրանցւած չէ: «Ակոս» թերթին տւած հարցազրոյցում Վանի մշակոյթի եւ զբօսաշրջութեան նախարար Զեքի Թաշթայջն ասում է, որ վանքը, չունենալով որեւէ գրանցում, մինչ օրս չի ենթակւել ուսումնասիրութեան:
Արծւաբեր վանքի մասին հայկական աղբիւրներում երկար պրպտումներիս արդիւնքում որեւէ ուսումնասիրութեան կամ գրառումի չհանդիպեցի, իսկ թուրքական աղբիւրները լեփ-լեցուն էին սխալ, թերի կամ թուրքայնացւած տեղեկութիւններով:
Այս ամէնի կողքին քիչ թէ շատ հաւաստի տեղեկութիւններ կարող են տալ թերեւս գիւղի բնակիչները, որոնց յիշողութեան մէջ դեռեւս թարմ են մնացել անցեալ դարասկզբի իրողութիւնները, որոնց արդիւնքում էլ վանքը վերածւեց իսկական աւերակի:
Գիւղացիները պատմում են, որ վանքը քանդւել է պաշտօնական հրամանով. Դելիչայի ոստիկանական զօրքերի պահակակէտի կառուցման նպատակով: Քանդելու գործընթացը յանձնարարւել է բնակիչներին, իսկ երբ որեւէ մէկը ըմբոստացել է` դաժանօրէն պատժի է ենթարկւել: Աւերակների մնացուկները քանդւել ու թալանւել են հետագայում տեղի հասարակ բնակիչների կողմից` առանց որեւէ պաշտօնական հրամանի, իսկ սրբատաշ քարերը գործածւել են գիւղացիների կողմից տարբեր նպատակների` անգամ կովերի առաջ լցնելու համար: Այս ամէնի մասին գիտի ամէն մի գիւղացի, իսկ վանքի իրական պատմութիւնն ու յուշարձանի պահպանումը թողնենք ճարտարագէտներին. գուցէ մի օր այն եւս կարժանանայ ուշադրութեան ու լրջօրէն կուսումնասիրւի:


ՎԵՐԱ ՍԱՀԱԿԵԱՆ

Օգտագործւած լուսանկարը չի պատկանում Արծւաբեր Վանքին–Վ.

EL MUNDO.– ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԱՊԱԳԱՆ ՄԵԾ ՆՇԱՆԱԿՈՒԹԻՒՆ ՈՒՆԻ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՄԱՐ


Լեռնային Ղարաբաղի ապագան մեծ նշանակութիւն ունի Թուրքիայի համար եւ ԵՄ համար: Այդ մասին գրում է իսպանական EL Mundo թերթը:
Թերթի թղթակցի կարծիքով, ԵՄ-ը մրցում է Ռուսաստանի հետ Կասպից ծովի նաւթի եւ գազի պաշարների համար, իսկ Ադրբեջանը փորձում է գտնել ղարաբաղեան հարցի լուծման ուղին: «Ադրբեջանի մերձեցումը Ռուսաստանի հետ բացատրւում է այն բանով, որ ոչ Թուրքիան, ոչ ԵՄ-ը ոչ էլ ԱՄՆ-ն բաւականաչափ բան չեն արել Ղարաբաղի համար», - մէջբերում է EL Mundo-ն թուրք փորձագէտ Գիւներ Օզկանի կարծիքը:
Յօդւածում բերւում են նաեւ Հայաստանի նախագահի մամլոյ քարտուղարի խօսքերը այն մասին, որ եթէ Ադրբեջանը սկսի ռազմական գործողութիւններ, ապա ոչինչ չի խանգարի Հայաստանին ճանաչել Ղարաբաղի անկախութիւնը:
«Յայտարարութիւնը հնչել էր Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից յետոյ, որից առաջ Իլհամ Ալիէւը յայտարարել էր, որ «եթէ բանակցութեան յոյսերը սպառւեն» Ադրբեջանը իրեն իրաւունք է վերագրում «ազատել երկիրը պատերազմի միջոցով»:
Երկու տարի առաջ ԵԱՀԿ-ն սահմանել է այսպէս կոչւած «մադրիդեան սկզբունքները», համաձայն որոնց Հայաստանին առաջարկւում է դուրս բերել զօրքերը Ղարաբաղի սահմանամերձ տարածքներից, փոխարէն անկլաւի անկախութեան ճանաչմանը: Սակայն ոչ Բաքուն, ոչ էլ Երեւանը չեն ճանաչում այդ փաստաթուղթը, ունենալով տարաձայնութիւններ կապւած փախստականների վերադառնալու եւ Լաչինի անկախութեան հարցերում:

Նազիկ Ավդալեանը՝ Աշխարհի Ախոյեան


Կօրէայի Գոյան քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնութիւնում Հայաստանի ներկայացուցիչ Նազիկ Ավդալեանը նւաճել է աշխարհի չեմպիոնի կոչումը: Վերջին անգամ օլիմպիական մարզաձեւերում աշխարհի չեմպիոն ունեցել էինք 7 տարի առաջ, իսկ ծանրամարտում՝ 18 տարի առաջ:
Պոկում վարժութիւնում Նազիկ Ավդալեանը բարձրացրեց 119 կգ ծանրաձողը։ Ավդալեանը 1 կգ -ով գերազանցում էր Ռուսաստանի ներկայացուցիչ Սլիվենկոյին: Հրում վարժութիւնում մեր մարզիկը ելոյթը սկսեց 141 կգ-ից և յաջողեց հէնց առաջին փորձից: Ավդալեանի հիմնական մրցակից Օկսանա Սլիվէնկոն ելոյթներն աւարտւեց 146 կգ-ով:
Ավդալեանը չեմպիոնի կոչման համար պէտք է բարձրացներ նոյնքան, սակայն պատւիրեց 147, որպէսզի հրում բարձութիւնում ևս փոքր ոսկի նւաճէր:
Նազիկը բարձրացրեց այդ քաշը և դարձաւ աշխարհի չեմպիոն: Երկամարտի 266 կգ արդիւնքում Ավդալեանը զբաղեցրեց 1-ին հորիզոնականը:

«ՆՈՐ ՕՍՄԱՆՆԵՐ»Ի ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ

«Ցաւօք, միայն այդ թուրքի լակոտը չէ, որ նման տեսակէտ ունի: Օրերս թուրքական Taraf Daily թերթի սիւնակագիր Սեւան Նիշանեանը յայտարարեց, որ «Մենք կսպանենք քեզ, ինչպէս այդ շանը` Հրանտ Դինքին»...


Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դաւութօղլուն օրերս «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութեան փակ նիստին յայտարարել էր, թէ ներկայիս Թուրքիան Օսմանեան կայսրութեան ժառանգորդն է:
«Մեզանում մնացել է օսմանների ժառանգութիւնը: Մեզ անւանում են նոր օսմաններ: Այո, մենք նոր օսմաններ ենք եւ պարտաւոր ենք ուշադրութիւն դարձնել տարածաշրջանի երկրներին»,- ասել էր նա: Եւ թէեւ յայտարարութիւնից երկու օր անց Դաւութօղլուն հերքեց, թէ Թուրքիայի կառավարութեան արտաքին քաղաքականութիւնը որակել է որպէս նէոօսմանիզմ, այնուհանդերձ այդ հերքումն ազդեցութիւն չունեցաւ, քանի որ նախկինում ասած միտքը հաստատում էր Թուրքիայի այսօրւայ վարած արտաքին քաղաքականութիւնը: Օսմանները ինչպէս են լուծում «տարածաշրջանային խնդիրները»` յայտնի է:
Պարզապէս, այժմ իրենց ծրագրերն իրականացնում են նոր չափանիշներով, ֆիզիկապէս կոտորելը զուգակցում են նաեւ ձուլելով ու ահի մթնոլորտում պահելով:
Նոյեմբերի սկզբին Թուրքիայի խորհրդարանում քրդական հարցին նւիրւած քննարկումների ընթացքում Ժողովրդահանրապետական կուսակցութեան փոխնախագահ, իր հակահայկական եւ հակաքրդական կեցւածքով յայտնի Օնուր Օյմէնի յայտարարութիւնը, թէ` «քրդական հարցի կարգաւորման ճանապարհին պէտք է օրինակ լինեն Դերսիմի 1937-1938 թւականի քրդական կոտորածները», խնդիրների կարգաւորման նէոօսմանական տարբերակի բացայայտումն էր:
Յիշենք, ինչպէս նախորդ շաբաթ Ֆրանսիայի Նանսի քաղաքի աւագ դպրոցի 13-ամեայ ուսանող Մուստաֆա Դողանը հեռացւեց քոլէջից` Հայոց Ցեղասպանութեան փաստը ժխտելու համար: Շարադրութիւն գրելիս նա յայտարարել էր, որ «եթէ հայերին ցեղասպանութեան են ենթարկել, ուրեմն հայերը դրան արժանի էին»: Սրանով թուրք երիտասարդը առաջին հերթին ընդունում է Ցեղասպանութիւնը, իսկ երկրորդ հերթին` հպարտանում Ցեղասպանութիւն իրականացնելու մտքով: Եւ թէե Մուստաֆա Դողանը գրաւոր ներողութիւն խնդրեց իր արտայայտած մտքերի համար, սակայն դա արեց ոչ թէ` որ այդպէս էր մտածում, այլ պատժից խուսափելու համար:
Ցաւօք, միայն այդ թուրքի լակոտը չէ, որ նման տեսակէտ ունի: Օրերս թուրքական Taraf Daily թերթի սիւնակագիր Սեւան Նիշանեանը յայտարարեց, որ «Մենք կսպանենք քեզ, ինչպէս այդ շանը` Հրանտ Դինքին», «Թուրք երիտասարդութիւն, քո առաջին գործն է երկրի երեսից ջնջել հայերին եւ քրդերին` յանուն թուրքերի եւ մարդկութեան», «Մահ հայերին» եւ այլ սպառնալիքներով մօտ 400 նամակ է ստացել թուրք ազգայնականներից, որոնց հետեւում կանգնած է թուրք զինւորականութիւնը:
Իսկ «Էրգենեկոնի» հետաքննութեան ժամանակ պարզւեց, որ Ֆաթիմա Չինգիզ անունով մի թրքուհի հաւաքագրւել էր թուրքական զինուժի կողմից եւ պարտաւորւել մանրամասն տեղեկութիւններ հաւաքել Թուրքիայի էթնիկ հայերի մասին: Ցանկում տեղ էին գտել «Ագոս» թերթի բաժանորդները, հայկական կազմակերպութիւնների եւ եկեղեցիների անդամներ, որոնք որակւել են «ակտիւ» կամ «ոչ ակտիւ»: Ըստ հրապարակւած նիւթերի` Ֆաթիման ծառայում է S-1 եւ S-2 գաղտնի խմբերին, որոնց նպատակն էր սպանել Թուրքիայի հայ համայնքի մտաւորական առաջնորդներին: Ցուցակում ներառւած են նաեւ թուրք գործիչներ, ովքեր հրապարակայնօրէն խօսել են Հայոց Ցեղասպանութեան մասին:
Պարզ է, որ արիւնարբու թուրքը եւրոպական չափանիշներին հասնել չի կարող, սակայն պարզ է նաեւ, որ ցեղասպան ազգին Եւրամիութիւն թողնելով եւ այդ ոճիրը ի վերջոյ չդատապարտելով` վաղ թէ ուշ ողջ Եւրոպան կարող է հասնել թուրքերի մակարդակին:
Դէպի եւրաինտեգրում ընթացող Թուրքիայում այսօր բազմաթիւ են հայերը, ովքեր տասնամեակներ ի վեր չեն համարձակւում խօսել իրենց արմատների մասին, ովքեր այսօր էլ բռնի կրօնափոխ են լինում: Դա հաստատում է Պոլսոյ Պատրիարքի տեղապահ Արամ Աթեշեանը` «Հիւրիէթ» թերթին օրերս տւած հարցազրոյցում:
Այս երեւոյթը, թուրք աշակերտի պահւածքը, «Էրգենեկոնի» հետաքննութիւնը, Հրանտ Դինքի սպանութիւնը եւ բազմաթիւ այլ փաստեր պատասխանն են այն մարդկանց, ովքեր- նոյնիսկ հայերիս մէջ կան- պնդում են, թէ այսօրւայ թուրքը օսմանեան թուրքը չէ:
Թուրքը չի փոխւում: Այսօր Թուրքիայի բարեպաշտ երեւալուն խանգարում են հայերն ու Ցեղասպանութիւնը, որը խարան է նրանց ճակատին: Դրանից կատաղած` այսօր Հայաստանը ոչնչացնելու նոր ծրագիր են մշակել:
Միայն թէ այս անգամ սիրաշահելով, մեր պետութիւնը «քնքշօրէն» գրաւելով, մասնաբաժին ունենալով մեր տնտեսական պոտենցիալից: Թուրքը չի փոխւել, փոխւել ենք մենք, որ թուրքի վայրագութիւններից դաս չքաղելով` առաւել միամիտ ենք դարձել, մոռանալով, որ քանի ոճրագործը չի ընդունել իր մեղքը, իր գործածը համարում է հերոսութիւն, նա պատրաստ է կրկնել ոճիրը:

ՍԵՒԱԿ ՅԱԿՈԲԵԱՆ

ԱՐԿԱԴԻ ՏԷՐ-ԹԱԴէՈՍԵԱՆ.–
«ԱԴՐԲԵՋԱՆՆ ԱՅՍՕՐ ՊԱՏՐԱՍՏ ՉԷ ՎԵՐՍԿՍԵԼ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹԻՒՆՆԵՐԸ»

Երեւան (Երկիր) - Ադրբեջանն այսօր պատրաստ չէ վերսկսել ռազմական գործողութիւնները, ըստ armtoday.info-ի` յայտարարել է Արցախեան պատերազմի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տէր-Թադէոսեանը:
Նրա կարծիքով` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիէւն իր յայտարարութիւններն անում է Թուրքիայի յանձնարարութեամբ, իսկ Թուրքիան խելացի ու խորամանկ արտաքին քաղաքականութիւն է վարում եւ Բաքւի շուրթերով միջազգային հանրութեանը նախապատրաստում է Հայաստանի դէմ պատերազմի:
Ա. Տէր-Թադէոսեանի խօսքերով` Ադրբեջանը մշտապէս գլուխ է գովում, թէ ժամանակակից զէնք ունի, սակայն «դրա կիրառման համար անհրաժեշտ է խելք եւ պատրաստւած մասնագէտների հսկայական բանակ»:
Գեներալի կարծիքով` ռազմական գործողութիւնների վերսկսման հաւանականութիւնը շատ փոքր է, սակայն, նրա կանխատեսումներով, պատերազմի վերսկսման դէպքում Ադրբեջանը նախնական շրջանում յաջողութիւն եւ առաւելութիւն կունենայ, սակայն յետոյ «շնչահեղչ կլինի»:
Դա յայտնի է նաեւ Լեռնային Ղարաբաղի զինւորական ղեկավարութեանը, որը պատրաստ է իրադարձութիւնների նման զարգացմանը:
Ըստ Ա. Տէր-Թադէոսեանի` Ադրբեջանին «գլխապտոյտ յաջողութիւնից յետոյ մեծ հիասթափութիւն է սպասելու», եւ նա կորցնելու է իր տարածքի մեծ մասը:

ԲՐՈՆԶԷ ՎԵՐՋԱԲԱՆ


Հարաւկօրէական Գոյան քաղաքում շարունակւող ծանրամարտի առաջնութիւնում մեր մարզիկները նւաճեցին հերթական մեդալները: Կանանց մինչեւ 75 կգ քաշայինների մրցաշարում Հռիփսիմէ Խուրշուդեանը ցոյց տալով 267 կգ (120+147) արդիւնք, բոլոր առումներով զբաղեցրեց 3-րդ տեղը եւ Հայաստանին պարգեւեց հերթական 3 բրոնզէ մեդալները:
Մրցաշարի յաղթող դարձաւ Ղազախստանի ներկայացուցիչ, անզուգական Սւետլանա Պոդոբեդովան, ով սահմանեց համաշխարհային նոր ռեկորդներ` 292 132+160, եւ վստահ նւաճեց չեմպիոնի կոչումը: Երկրորդ տեղը զբաղեցրեց չինուհի Լէյ Չաոն, ով ընդամէնը 2 կիլոգրամով առաջ անցաւ Հռիփսիմէ Խուրշուդեանից` 269 (120+149):
Այդպիսով, մեր ծանրորդները Հարաւային Կօրէայից Հայաստան են վերադառնում 12 մեդալներով (3 ոսկի, 4 արծաթ, 5 բրոնզ):
Ի դէպ, թիմային հաշւարկով մեր հաւաքականն առայժմ երրորդն է, Չինաստանից եւ Ղազախստանից յետոյ։

ՆՈՐ ՍՏԵՐ.–
«ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ` ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՕՐՐԱՆ»...
Գերմանական տարբեր լրատու կայքէջեր իրազէկում են, թէ նոյեմբերի 26-ին Գերմանա–ադրբեջանական ֆորումը Բեռլինում գիտական սիմպոզիում է կազմակերպել, որ կրել է «Լեռնային Ղարաբաղ՝ Ադրբեջանի մշակութային օրրան» վերնագիրը:
Բանավէճի թեման եղել է ԼՂ հակամարտութիւնը: Սիմպոզիումն ընդգծել է Ադրբեջանի մշակութային եւ էնէրգա–տնտեսական նշանակութիւնը: Հայաստանի՝ «Ադրբեջանի տարածքի 20 տոկոսի բռնազաւթումը Լեռնային Ղարաբաղը դարձրել է անտեսւած ճգնաժամային մի գօտի, որ յաճախ բնորոշւում է «սառեցւած հակամարտութիւն» անւամբ:
Այս հակամարտութիւնը ոչ միայն փախստականների համար է կարեւ որ, այլեւ Եւրոպայի՝ նաւթ եւ գազ մատակարարելու առումով: Գերմանիայի համար Ադրբեջանը Կովկասում կարեւորագոյն տնտեսական գործընկեր է, 2008-ին Գերմանիան Ադրբեջանից մօտ 3,4 միլիոն տոննա նաւթ է ստացել:
Էնէրգետիկ մեծ ռազմավարութիւնը նկատի առնելով գերմանական քաղաքական հետաքրքրութիւնից է բխում ԼՂ հակամարտութեան արագ եւ խաղաղ լուծմանը սատարելը», սիմպոզիումում կարծիք է յայտնել կառավարութեան նախկին խօսնակ, նախկին պետնախարար, Գերմանա–ադրբեջանական ֆորումի նախագահ Օտտօ Հաուզերը:

ԱՆ. Հ.,
Գերմանիա

Կառավարութիւնն արձանագրութիւնները ներկայացնում է Սահմանադրական դատարան. իսկ յետո՞յ...

Յարութ Սասունեան
Նոյեմբերի 19-ին նախագահ Սերժ Սարգսեանը հայ-թրքական արձանագրութիւններն աննկատ, առանց հրապարակային յայտարարութեան ներկայացրեց Սահմանադրական դատարան:
Համաձայն Հայաստանի օրէնսդրութեան, բոլոր միջազգային պայմանագրերը պէտք է ներկայացւեն Սահմանադրական դատարան, մինչև Ազգային ժողովում վաւերացման համար դրանց քննարկումը:
Արձանագրութիւնները հոկտեմբերի 10-ին ստորագրւել էին Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարների կողմից, իսկ մինչ այդ, օգոստոսի 31-ին երկու կողմերը հրապարակաւ պարտաւորւել էին «իրենց բոլոր հնարաւոր ջանքերը գործադրել» արձանագրութիւնները «խելամիտ» ժամկէտում վաւերացնելու համար:
Հաշւի առնելով այն փաստը, որ Թուրքիայի արտգործնախարար Ահմէդ Դաւութօղլուն հոկտեմբերի 21-ին արձանագրութիւններն արդէն ներկայացրել էր Թուրքիայի խորհրդարան, նախագահ Սարգսեանը Սահմանադրական դատարան ներկայացնելու ժամանակի ընտրութեամբ, հաւանաբար նպատակադրւել էր խուսափել ձգձգման համար վարչապետ Էրդողանի մեղադրանքներից, նրա՝ դեկտեմբերի 6-ին Վաշինգտոն կատարելիք այցի ընթացքում:
Իրօք, շաբաթւայ վերջին մի թուրք պաշտօնեայ մեղադրեց Հայաստանին արձանագրութիւնների վաւերացման ուղղութեամբ քայլեր չձեռնարկելու մէջ: «Հիւրրիէթ» թերթը մէջբերելով բարձրաստիճան մի թուրք դիւանագէտի խօսքերը, գրեց. «Չեմ կարծում, թէ որևէ մէկը ներկայ պահին կարող է ճնշում գործադրել Թուրքիայի վրայ, երբ Հայաստանը մինչ օրս դրանք չի ներկայացրել խորհրդարան»:
Արձանագրութիւնները Սահմանադրական դատարան ուղարկելն ամենևին էլ չի նշանակում, որ հայ պաշտօնեաները մտադիր են դրանք արագօրէն վաւերացնել, քանզի նրանք յայտարարել էին, որ կը սպասեն, որ նախ Թուրքիան դրանք վաւերացնի: Բացի այդ, թուրք ղեկավարներն արձանագրութիւնների վաւերացումը շարունակ կապում են Արցախի հակամարտութեան կարգաւորման հետ, և ընդհանրապէս դեռ հարցականի տակ է արձանագրութիւնների երբևիցէ վաւերացումը:
Հայաստանի Սահմանադրական դատարանի կայքում նշւած է, որ գործը դատարան ներկայացնելուց յետոյ առաջին քայլով դատարանի անդամներից մէկին յանձնարարւում է նախնական ուսումնասիրութիւն իրականացնել 15-օրեայ ժամկէտում, որը կարող է երկարաձգւել մինչև 10 օրով: Ներկայացման օրւանից սկսած ընդամէնը 90-օրեայ ժամկէտում դատարանը պէտք է յայտարարի իր կայացրած որոշման մասին: Սահմանադրական դատարանի լիազօրութեամբ սահմանւում է, որ դատարանի որոշումը պէտք է հիմք ընդունի ոչ թէ արձանագրութիւնների համապատասխանութիւնը Սահմանադրութեանը, այլև տւեալ միջազգային պայմանագրում ամրագրւած պարտաւորութիւնների համապատասխանութիւնը Սահմանադրութեանը:
Հաշւի առնելով Հայաստանի դատարանների նկատմամբ, ընդհանուր առմամբ հասարակութեան վստահութեան պակասը, հայերի մեծ մասը, յատկապէս նրանք, ովքեր դէմ են արձանագրութիւններին, խիստ կասկածում են, որ Սահմանադրական դատարանը դէմ կարտայայտւի արձանագրութիւնների վերաբերեալ կառավարութեան ունեցած դիրքորոշմանը:
Մամուլի մի շարք ներկայացուցիչներ կասկածի տակ առան Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Յարութիւնեանի ներկայութեան նպատակայարմարութիւնը, երբ նա ուղեկցում էր նախագահ Սարգսեանին, վերջերս կայացած արտերկրեայ «խորհրդատւական այցի» ժամանակ՝ փորձելով համոզել Սփիւռքի հայերին, որ արձանագրութիւնները արտայայտում են Հայաստանի շահերը:
Հաշւի առնելով ներկայացւած արձանագրութիւնների վճռորոշ բնոյթը և դրանց երկարաժամկէտ ազդեցութիւնը Հայաստանի ազգային շահերի վրայ, ակնկալւում է, որ Սահմանադրական դատարանը այս գործին հետամուտ կը լինի ամենայն լրջութեամբ և պատասխանատւութեամբ: Չնայած հայերի մեծամասնութիւնը գերադասում է, որ դատարանը չհաստատի արձանագրութիւնները, սակայն աւելի հաւանական է, որ այն կը հաստատի դրանք՝ մի քանի յստակեցումներ և մեկնաբանութիւններ յաւելելով, որոնք պայմանագրի անքակտելի մասը կը կազմեն մինչև խորհրդարան ներկայացնելը:
Յուսով ենք, որ այդպիսի յստակեցումները նւազագոյնի կը հասցնեն արձանագրութիւնների կործանարար հետևանքները և թոյլ չեն տայ Թուրքիային սխալ մեկնաբանել պայմանագիրը, յատկապէս միջազգային պայմանագրերին կատարւող յղումները, որոնք կարող են խոչընդոտել հետագայ հայկական պահանջներին, և պատմական ենթայանձնաժողովի ստեղծումը, որը կասկածի տակ կարող է դնել Հայոց Ցեղասպանութեան իրողութիւնը:
Միւս կարևոր հարցը, որ Սահմանադրական դատարանը կարող է քննարկել, դա այնպիսի պայմանի յաւելումն է, որը Հայաստանի կառավարութեանն իրաւունք կը տայ միակողմանի չեղեալ յայտարարել այս պայմանագիրը, եթէ Թուրքիան վաւերացումից յետոյ կը խախտի պայմաններից որևէ մէկը:Հոկտեմբերի 4-ին, Լոս Անջելեսում նախագահ Սարգսեանի՝ հայկական համայնքի աւելի քան 60 առաջնորդների հետ հանդիպման ժամանակ ես Հայաստանի կառավարութեանն առաջարկեցի պաշտօնապէս վերապահում աւելացնել արձանագրութիւններում, որը նրանց իրաւունք կընձեռի պայմանագիրը չեղեալ յայտարարել, եթէ վաւերացումից յետոյ 60-օրեայ ժամկէտում Թուրքիան չբացի Հայաստանի հետ սահմանը կամ եթէ բացելուց յետոյ փակի այն:
Յատկանշական է, որ նախագահը հրապարակաւ համաձայնեց իմ առաջարկութեանը և այդպիսի վերապահում աւելացնելու պարտաւորութիւն վերցրեց իր վրայ: Արդէն պարզ է դառնում, որ չնայած բոլոր առարկութիւններին, Հայաստանի կառավարութիւնը մտադիր է մինչև վերջ գնալ արձանագրութիւնների հարցում, ուստի Սահմանադրական դատարանը և Հայաստանի Ազգային ժողովը պէտք է ձգտեն նւազագոյնի հասցնել մեր երկրի ազգային շահերին հասցւող անխուսափելի վնասը՝ աւելացնելով որոշակի վերապահումներ և յստակեցումներ մինչև դրանց վերջնական վաւերացումը:


Յարութ Սասունեան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ
և խմբագիր
Թարգմ. Ռ.Աւագեան

ՀՅԴ-ն ողջունել է հայ-թուրքական յարաբերութիւնների վերաբերեալ Սերժ Սարգսեանի յայտարարութիւնը
16:44 / 28.11.2009
ՀՀԿ 12-րդ համագումարում Սերժ Սարգսեանի ելոյթը Թուրքիայի մասով կարելի է միայն ողջունել: Այս մասին համագումարից յետոյ լրագրողներին յայտնել է ՀՅԴ բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանը: Նա ընդգծել է, որ նախագահի խօսքերը յոյս են ներշնչում, որ Հայաստանը հետագայում աւելի աչալուրջ կը լինի Թուրքիայի հետ յարաբերութիւններում:
Նշենք, որ համագումարում Սերժ Սարգսեանը մասնաւորապէս, նշել էր, որ Հայաստանը պէտք է հետեւողական լինի Թուրքիայի հետ յարաբերութիւններ հաստատելու իր դիրքորոշման հարցում, սակայն դա չի նշանակում, որ մօռացութեան է տրւում Ցեղասպանութեան հարցը: Նա նշել է նաեւ, որ հայ-թուրքական արձանագրութիւնները պէտք է վաւերացւեն խելամիտ ժամկէտներում եւ Թուրքիայի կողմից վաւերացումը ձգձգելը կը բերի նրան, որ Հայաստանը համապատասխան արձագանքի կարժանացնի դա՝ միջազգային նորմերի համաձայն:
Յատկանշանակ է, որ Սերժ Սարգսեանն իր այս ելոյթով շարունակում է հաւատարիմ մնալ հայ-թուրքական արձանագրութիւնները վաւերացնելու իր դիրքորոշմանը, սակայն այդ արձանագրութիւնների դէմ հանդէս եկող ՀՅԴ-ն ողջունում է Սերժ Սարգսեանի ելոյթը:
Լուրեր Հայաստանից

Ղրիմում հայկական վանքը փորձում են վերածել ազգագրական թանգարանի բաժանմունքի


17:09 / 28.11.2009
Դեկտեմբերի 1-ից Ղրիմի Հայկական Սուրբ Խաչ վանքը դառնալու է ազգագրութեան թանգարանի մի բաժանմունք: Այս մասին լրագրողներին յայտնել է Ղրիմի ինքնավար հանրապետութեան գերագոյն ռադայի նախագահ Անատոլի Գրիցենկոն: NEWS.am-ը մտադիր է սրա վերաբերեալ պաշտօնական մեկնաբանութիւն ստանալ Էջմիածնից:
Հայկական Սուրբ Խաչ վանքը պետական նշանակութեան յուշարձան է, որ մի քանի դարերի ընթացքում հայերի հոգեւոր կենտրոնն է եղել եւ ուխտագնացութեան վայր: Տարբեր ժամանակներում այստեղ ապրել ու աշխատել են հայ մշակոյթի բազմաթիւ գործիչներ:
2008-ին Սերժ Սարգսեանն աշխատանքային այցով եղել է Ուկրաինայում եւ մասնակցել Սուրբ Խաչի հիմնադրման 650 ամեակին նւիրւած տօնակատարութեանը: Այդ այցելութեան ժամանակ նրան ուղեկցել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Եուշչենկոն:

Լուրեր Հայաստանից