Showing posts with label ՄԻՋԱԶԳԱՅԻՆ. Show all posts
Showing posts with label ՄԻՋԱԶԳԱՅԻՆ. Show all posts

«Ալ-Քաիդան» պատրաստւում է

պայթեցնել Լոնդոնի կենտրոնը



Յունւար 10, 2011 10:34
«Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբաւորումը ծրագրել էր Լոնդոնի կենտրոնում պայթիւնների մի ամբողջ շարք իրականացնել:
Այդ մասին գրում է Telegraph-ը՝ վկայակոչելով յատուկ ծառայութիւնների գաղտնի փաստաթղթերը, որոնք յայտնւել են խմբագրութեան տրամադրութեան տակ: Մասնաւորապէս, «Ալ-Քաիդան» պատրաստւում է մեքենայ պայթեցնել Լոնդոնի կենտրոնում, մահապարտի պայթեցում իրականացնել եւ պատանդներ վերցնել, որպէսզի քաղաքական, հոգեբանական եւ տնտեսական վնաս հասցնի երկրին: Կան փաստեր, որոնք վկայում են բրիտանական օդանաւակայանների վրայ յարձակման մտադրութեան մասին:
Պարբերականը նշում է, որ հէնց այդ պատճառով բրիտանական իշխանութիւնները բարձրացրել են անվտանգութեան մակարդակը զգալիից մինչեւ լուրջ վտանգի աստիճանի:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Եգիպտոսում Քրիստոնեաները երդւել

են խաչը պաշտպանել

արեամբ և հոգով



14:03 • 05.01.11
Եգիպտոսի Ասիւտ քաղաքում երէկ մօտ 500 քրիսատոնեայ փողոց է դուրս եկել՝ բողոքի ակցիայի: Այս մասին յայտնում է Associated Press-ը:
Բողոքի ակցիայի մասնակիցները հաւաքւել են Ասիւտում՝ իշխող կուսակցութեան գրասենեակի առջև: Ցուցարարները երդւել են խաչը պաշտպանել «արեամբ և հոգով»: Նրանք կառավարութեանը նաև մեղադրել են քրիստոնեայ Ղպտիներին պաշտպանելու համար ոչ բաւարար միջոցառումներ ձեռնարկելու համար: Նշենք, որ քրիստոնեայ Ղպտիները կազմում են Եգիպտոսի բնակչութեան տասը տոկոսը:
Բացի այդ, քրիստոնեայ Ղպտիները ոստիկանների վրայ քարեր են նետել: Տուժածների մասին սակայն տեղեկութիւն դեռևս չկայ:
Յիշեցնենք, որ Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը օրեր առաջ ամանորեայ պատարագի ժամանակ ղպտիական եկեղեցում տեղի ունեցած ահաբեկութեան համար մեղադրել էր օտարերկրեայ կազմակերպութիւններին, սակայն հետաքննութեան նախնական տւեալների համաձայն, ահաբեկութեան ետևում կանգնած են տեղի ծայրայեղականները: Կասկածեալների թւում է իսլամական «Սալաֆիա» խմբաւորումը:
Հետաքննութեան վարկածով՝ահաբեկութեան կազմակերպիչների վրայ հաւանաբար ազդել է «Ալ Ղաիդա» ահաբեկչական ցանցը:

Tert.am

Հուգօ Չավէզի եւ Հիլարի Քլինթոնի

անսպասելի ձեռքսեղմումը



Յունւար 02, 2011 23:20
Բրազիլիայի նախագահի երդմնակալութեան արարողութեան ժամանակ տեղի է ունեցել անսպասելի ու նշանակալից իրադարձութիւն: Ձեռք են սեղմել գաղափարական թշնամիներ Հիլարի Քլինթոնն ու Հուգօ Չավեզը:ԱՄՆ պետքարտուղարն ու Վենեզուէլայի նախագահը լայն ժպիտով են իրար դիմաւորել, բարեւել են, յետոյ կատակել են եւ խաղաղ զրուցել են ինչ-որ բանի մասին: Այդ փաստը մեծ հետաքրքրութիւն է առաջացրել, քանի որ դեռեւս անցած շաբաթ Վենեզուէլան հրաժարւեց ընդունել ԱՄՆ դեսպանի հաւատարմագրերը: Ի պատասախան` ԱՄՆ-ն վիզայից զրկեց Վենեզուէլայի դեսպանին, հաղորդում է BBC-ն:

ԼուրերՀայաստանից - NEWS.am

Wikileaks-ը հրապարակեց գաղտնի փաստաթղթերը.

Ալիևը՝ Հայաստանի, Արցախի,

Մեդվեդևի և Պուտինի

մասին




02:20 • 29.11.10

Wikileaks-ը ժամեր առաջ հրապարակել է Միացեալ Նահանգների պետքարտուղարութեանը պատկանող 250 հազար գաղտնի փաստաթղթեր: Այդ նիւթերի հրապարակման պահին Wikileaks-ը ենթարկւել է հաքերային յարձակման, ինչի մասին կայքը տեղեկացրել է Twitter սոցիալական ցանցի միջոցով: Այդ պատճառով գաղտնի փաստաթղթերը հրապարակւել են բրիտանական Guardian, ամերիկեան New York Times, գերմանական Der Spiegel, իսպանական El Pais և ֆրանսիական Le Monde պարբերականների կայքերում:
ԱՄՆ-ի պետքարտուղարութեանը պատկանող և 2004 թւականից մինչև 2010թ. մարտն ընկած ժամանակահատւածին վերաբերող այդ գաղտնի փաստաթղթերը ինֆորմացիա են պարունակում նաև Թուրքիայի, Իսրայէլի, Իրանի, Ադրբեջանի, Հայ-թրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացի և Ղարաբաղեան հիմնախնդրի կարգաւորման վերաբերեալ: Այդ տեղեկութիւնները բրիտանական Guardian պարբերականից թուրքերենով իր կայքում տեղադրել է Hurriyet օրաթերթը, և այն որոշ կրճատումներով ներկայացնում ենք ձեր ուշադրութեանը:
2007թ. օգոստոսի 31-ին թւագրւած մի փաստաթղթում նշւում է, որ նոյն թւականի օգոստոսի 17-ին հանդիպել են իսրայէլական Mossad գաղտնի ծառայութեան ղեկավար Մեիր Դագանը և Միացեալ Նահանգների փոխպետքարտուղար Բիլ Բըրնսը: Հանդիպման ընթացքում պաշտօնեաները քննարկել են Մերձաւոր Արևելքում տիրող իրավիճակը և յատկապէս կենտրոնացել են Իրանի խնդրի վրայ: Հանդիպման ընթացքում Բըրնսը և Դագանն անդրադարձել են նաև Թուրքիային: Mossad-ի ղեկավարը ԱՄՆ փոխպետքարտուղարին ասել է, որ Թուրքիայում աստիճանաբար թափ են հաւաքում իսլամիստները և տարակուսել, թէ իրեն աշխարհիկ կարգերի պահապանը համարող թուրքական բանակը մինչև երբ է պատրաստւում լուռ մնալ:
Ինչ վերաբերում է Իրանին, ապա Դագանը յայտարարել է, թէ Իրանում ուժի միջոցով ռեժիմի փոփոխութեան համար անհրաժեշտ է անել աւելին:
2010թ. փետրւարի 25-ին թւագրւած փաստաթղթում տեղ են գտել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Միացեալ Նահանգների փոխպետքարտուղար Բիլ Բըրնսի միջև կայացած հանդիպման մանրամասները: Փաստաթղթում նշւում է, որ Ալիևը Ռուսաստանի Դաշնութեան նախագահ Դմիտրի Մեդվեդևի և վարչապետ Վլադիմիր Պուտինի հասցէին շատ կոպիտ, փողոցային ժարգոնով է արտայայտւում: Նոյն կերպ Ադրբեջանի նախագահը խօսում է նաև Հայաստանի և Թուրքիայի միջև մեկնարկած բանակցային գործընթացի և Ղարաբաղեան հիմնախնդրի կարգաւորման մասին:
Ալիևը Բըրնսին ասում է, թէ ապրիլի 24-ը որպէս դամոկլեան սուր ճոճւում է Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման և Հայ-թրքական մերձեցման գործի գլխին: Բացի այդ, Ալիևն առաջարկում է, որպէսզի Հայ-թրքական գործընթացը քննարկւի ապրիլից յետոյ` Ղարաբաղեան հիմնախնդրի հարցում առաջընթաց ապահովելու համար: Ադրբեջանի նախագահն ԱՄՆ պետքարտուղարին ասում է նաև, որ իրենք պատրաստ են աւելի ճկուն լինել Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման գործընթացում, փոխարէնը Միացեալ Նահանգները պէտք է մեծացնի ճնշումը Հայաստանի վրայ:
Փաստաթղթում նշւում է նաև, որ Ալիևն ասել է, թէ ինքը զգում է, որ Մեդվեդևի և Պուտինի միջև հակասութիւններ կան, և ՌԴ նախագահի ու վարչապետի համար ադրբեջաներենով ասել է. «Երկու գլուխ մէկ կաթսայում չի եփւի»:
Հանդիպման ընթացքում Բըրնսը Միացյալ Նահանգների անունից կարծիք է յայտնում, թէ Հայաստանի և Թուրքիայի միջև յարաբերութիւնների կարգաւորման գործընթացը քաղաքական հող է նախապատրաստելու Ղարաբաղեան հիմնախնդրի կարգաւորման հարցում Երևանի` աւելի ճկուն գործելու համար
Հանդիպման ընթացքում Ալիևը Միացեալ Նահանգների փոխպետքարտուղարին պատմում է Թուրքիայի Էներգետիկայի նախարար Թաներ Եըլդըզի` Ադրբեջանի պետական նաւթային ընկերութեան նախագահին տւած խորհրդի մասին: Ըստ Ալիևի` Եըլդըզն ասել է. «Ինչո՞ւ էք փչացնում ձեր յարաբերութիւնները Ռուսաստանի հետ: Մի՞թէ իրականում Nabucco-ի կարիքն ունենք»:Ինչ վերաբերում է ադրբեջանա-իրանական յարաբերութիւններին, ապա Ալիևը դրանք որակում է լարւած և անկայուն: Ալիևը յայտարարում է նաև, որ Իրանը շարունակում է քաղաքական սադրանքներն Ադրբեջանի դէմ:
Բըրնսի հետ հանդիպման ընթացքում Ալիևը խօսում է նաև Ռուսաստանի հետ կնքւած գազային համաձայնագրի մանրամասների մասին: Ըստ Ալիևը` ադրբեջանական կողմը գնացել է այդ քայլին, որպէսզի թոյլ չտայ Թուրքիային դառնալ էներգետիկ կենտրոն:


Tert.am


ՄԱԿ–ը հետկոնֆլիկտային

երկրներին աջակցելու մասին

բանաձև է ընդունել




ՄԱԿ-ի Գլխաւոր վեհաժողովի 65-րդ նստաշրջանում հետկոնֆլիկտային երկրներին աջակցելու մասին բանաձև է ընդունւել։
ՄԱԿ-ի անդամ երկներն այդ բանաձևում ընդգծում են խաղաղութեան հաստատաման գործում ՄԱԿ-ի յանձնախմբի աշխատանքների արդիւնաւէտութեան բարձրացման անհրաժեշտութիւնը։
Այդ յանձնախումբը զբաղւում է հակամարտութիւնից դէպի խաղաղութիւն անցնելու ճանապարհին գտնւող երկներին օգնութիւն ցուցաբերելով։


Sunday, October 17, 2010

Անգելա Մերկել.–

Անգելա Մերկել.–
Նրանց, ովքեր գերմաներէն չեն խօսում,
մենք ուրախ չենք տեսնել Գերմանիայում
«Շատ խնդիրներ կապւած են արաբական երկրներից և Թուրքիայից եկած ներգաղթեալների հետ, ովքեր գալով Գերմանիա զբաղւում են յանցաւոր գործունէութեամբ»
13:27 • 17.10.10
Գերմանիայի փորձերը` կառուցել բազմամշակութային հանրութիւն, որում տարբեր մշակոյթների ներկայացուցիչները կապրէին լիարժէք համաձայնութեան մէջ, ձախողւել են։ Այսպիսի խոստովանութիւն է արել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ ելոյթ ունենալով Քրիստոնէա–դեմոկրատական միութեան երիտասարդական թևի հետ Պոտսդամում կայացած հանդիպման ժամանակ։
«1960–ականներին ԳԴՀ իշխանութիւններն օտարերկրեայ աշխատաւորներին կոչ արեցին գալ երկիր, և հիմա նրանք այստեղ են ապրում։ Այն ժամանակ մենք խաբում էինք ինքներս մեզ՝ յայտարարելով, որ նրանք չեն մնայ Գերմանիայում և կգնան։ Սակայն դա հեռու է իրականութիւնից»,– կանցլերի խօսքերն է մէջբերում BBC–ն։
Մերկելը նաև ասել է, որ այսօր ներգաղթեալները, ովքեր ապրում են Գերմանիայում, պէտք է լուրջ քայլեր գործադրեն գերմանական հանրութեանն ինտեգրւելու համար, մասնաւորապէս, սովորեն գերմաներէն։ «Նրանց, ովքեր գերմաներէն չեն խօսում, մենք ուրախ չենք տեսնել Գերմանիայում»,– ասել է կանցլերը։
Վերջին սոց–յարցումները ցոյց են տալիս, որ Գերմանիայի բնակչութեան 30%–ի կարծիքով՝ երկրում չափից դուրս շատ են ներգաղթեալները։ Բացի դրանից մի շարք գերմանացի քաղաքական գործիչներ յայտարարում են, որ գերմանական հանրութեան շատ խնդիրներ կապւած են արաբական երկրներից և Թուրքիայից եկած ներգաղթեալների հետ, ովքեր գալով Գերմանիա զբաղւում են յանցավոր գործունէութեամբ։

Tert.am

Ընկերվար միջազգայնականի
ԱՊՀ-ի,
Կովկասի եւ Սեւ ծովի
յանձնախմբի ժողովը
կայանալու է Բաքւում
2010 թ. հոկտեմբերի 11-12-ը
«Ալիք»– Հոկտեմբերի 11-12-ը Բաքւում կայանալու է Ընկերվար միջազգայնականի (Սոցինտերն) ԱՊՀ-ի, Կովկասի եւ Սեւ ծովի յանձնախմբի ժողովը (նախորդ ժողովը գումարւեց Երեւանում, ս. թ. յունիսի 11-12-ը): Յանձնախմբի ժողովին մասնակցելու են տարածաշրջանից եւ Եւրոպայից սոցիալիստական եւ սոցիալ-դեմոկրատական կուսակցութիւնների ներկայացուցիչներ:
Յանձնախմբի ժողովի օրակարգում են՝ տարածաշրջանի հակամարտութիւնները, տարածաշրջանի երկրներում զարգացումները եւ տարածաշրջանում սոցիալ դեմոկրատիայի զարգացման հնարաւորութիւնները:Յանձնախմբի ժողովին մասնակցելու է Հայ Յեղափոխական Դաշնակցութեան պատւիրակութիւնը:
Պատւիրակութեան կազմում են՝ ՀՅԴ Բիւրոյի անդամ, յանձնախմբի համանախագահ Մարիօ Նալբանդեանը եւ ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանը: ՀՅԴ պատւիրակութեան մասնակցութիւնը առայժմ երաշխաւորւած չէ, որովհետեւ Թբիլիսիից Բաքու թռիչքի համար անհրաժեշտ աւիատոմսերը ենթականերին վաճառելու համար՝ ԱԶԱԼ ադրբեջանական աւիաուղիների Թբիլիսիի գրասենեակը պահանջում է նրանց այցի մասին համաձայնութիւն՝ ադրբեջանական դեսպանատնից կամ Ադրբեջանի ներքին գործերի նախարարութիւնից:
Այս խնդիրների կարգաւորմամբ զբաղւում է Սոցինտերնը:Սոցինտերնը սոցիալ դեմոկրատական, սոցիալիստական եւ աշխատաւորական կուսակցութիւնների համաշխարհային կառոյց է, որը համախմբում է 170 կուսակցութիւններ եւ կազմակերպութիւններ՝ բոլոր մայրցամաքներից: Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը 1996 թ. սեպտեմբերին նորից դարձաւ Սոցինտերնի անդամ, որին կուսակցութիւնը առաջին անգամ անդամագրւել էր 1907 թ.: 2003 թ. ՀՅԴ-ն դարձաւ Սոցինտերնի լիիրաւ անդամ՝ դառնալով ԱՊՀ-ի երկրներում միակ կուսակցութիւնը, որն ունի այդպիսի կարգավիճակը:
Սոցինտերնի 13-րդ համագումարում, որը կայացել է 2008 թ. յունիսին՝ Աթենքում, դաշնակցական Մարիա Թիթիզեանն ընտրւեց կազմակերպութեան փոխնախագահ: Սոցինտերնի խորհուրդը 2008 թ. նոյեմբերին Մեքսիկոյում ընտրեց ՀՅԴ Բիւրոյի անդամ Մարիօ Նալբանդեանին Սոցինտերնի ԱՊՀ-ի, Կովկասի եւ Սեւ ծովի յանձնախմբի համանախագահ:
ՀՅԴ Կանանց խումբը Սոցինտերնի կանանց կազմակերպութեան անդամ է: ՀՅԴ երիտասարդական կազմակերպութիւնը՝ ՀԵԴ-ն, Երիտասարդ սոցիալիստների միջազգային միութեան անդամ է, եւ Սոցիալիստ երիտասարդների եւրոպական համայնքի դիտորդ անդամ:

ՀՅԴ ՄԱՄԼՈՅ ԴԻՒԱՆ (ԵՐԵՒԱՆ)

Անդրադարձ Թեհրանում կայացած
«Ադրբեջանի Հանրապետութիւն, անցեալի
փորձառութիւններ, ապագայի հեռանկարներ»
համագումարին
«ԱԼԻՔ» – Թւականիս սեպտ. 19-ին Թեհրանի Պետական համալսարանի «Ֆերդոսի» դահլիճում նախաձեռնութեամբ Կովկասի հարցերի ուսումնասիրութեան կենտրոնի կայացաւ «Ադրբեջանի Հանրապետութիւն, անցեալի փորձառութիւններ, ապագայ հեռանկարներ» խորագրով համագումար, որին ներ կայ էին իրանցի ու ադրբեջանցի փորձագէտներ, որոնք հանդէս եկան տարբեր զեկոյցներով:
Համագումարը հիմնականում բաղկացած էր երկու նիստերից՝ հետեւեալ խորագրերով՝ Իրան-Ադրբեջան երկկողմանի յարաբերութիւններ եւ Ադրբեջանի արտաքին քաղաքականութիւնը:Համագումարին, ուր ելոյթներով հանդէս են եկել իրանցի ու ադրբեջանցի փորձագէտներ եւ երկու երկրներում դեսպանները, հնչել են բազմաթիւ տեսակէտներ՝ երկու երկրների յարաբերութիւնների, նաեւ՝ Ղարաբաղի հիմնահարցի մասին:
Արծարծւած թեմաներին անդրադարձել են Իրանի, ինչու չէ նաեւ Հայաստանի լրատւամիջոցները,ինչպէս՝ ԻՍՆԱ-ն եւ «News.am»-ը*):Համագումարի բացման բաժնում ելոյթ է ունեցել Իրանի հանր. նախագահութեան խորհրդարանական հարցերով տեղակալ հոջ. Միրթաջէդդինը, որը խօսել է Ղարաբաղի հիմնահարցի վերաբերեալ՝ ադրբեջանամէտ եղանակով:ԻՍՆԱ-ն անդրադարձել է նրա ելոյթների որոշ բաժիններին, որը ներկայացնում ենք թարգմանաբար: Նա ասել է. «Ղարաբաղը իրականում Ադրբեջանին պատկանող տարածք է, որի բռնագրաւումը եւ մասնատումը չեմ ընդունում:
Իրանը իր ցանկութիւնն է յայտնել Ղարաբաղի հարցի կարգաւորման համար, որին Ադրբեջանն ընդառաջել է, սակայն Հայաստանը չի ընդառաջել»:Նա իր ելոյթի մի այլ բաժնում աւելացրել է. «Իրականում, Իրանի հիմնական խօսքը հետեւեալն է, որ հարեւան երկրները կարող են կարգաւորել այդ հարցը, եւ Իրանը, Թուրքիան ու Ռուսաստանը կարող են օժանդակել հակամարտութեան կարգաւորմանը: Իրականութեան մէջ, այդ երկրները կարող են միմեանց հետ համախմբւելով՝ կարգաւորել այդ հակամարտութիւնը»:
«NEWS.am»-ը իր հաղորդած լուրի մի բաժնում այսպէս է գրել. «Անդրադառնալով իրանա-ադրբեջանական յարաբերութիւններին՝ Սէյէդ Մոհամմադռեզա Միրթաջջէդինը նշել է, որ Իրանը կրօնական առումով ոչ մի նմանութիւն չունի իսլամական որեւէ այլ երկրի հետ: Ադրբեջանի բնակչութեան 95 տոկոսը շիա մահմեդականներ են: Փոխնախագահի ասութեամբ՝ Իրանում լաւ գիտեն, թէ Ադրբեջանում ինչ նշանակութիւն է տրւում կրօնին»:
Նա Ադրբեջանի ղեկավարութեանը կոչ արեց աւելի մեծ ուշադրութիւն ցուցաբերել այդ ոլորտին:Մէկօրեայ համագումարում ելոյթ ունեցողներից էր Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհամմադ Բաղեր Բահրամին: ԻՍՆԱ-ի համաձայն՝ Բահրամին իր ելոյթի մի բաժնում խօսելով ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման մասին՝ ասել է, որ Ղարաբաղի հակամարտութիւնը մի վէրք է տարածաշրջանում եւ աւելացրել. «Տարածաշրջանի թշնամիների ծրագրերում չի մշակւել այդ հակամարտութեան կարգաւորումը, այլ նրանք ցանկանում են դրա յարատեւումը եւ վէրքի է՛լ աւելի խորացումը, որի բացայայտ օրինակը Մինսկի խմբի դաւադիր քայլերն են, որոնք ոչ միայն չեն կարգաւորել Ղարաբաղի դժւարութիւնը, այլեւ աւելի խորացրել վէրքը»:
Դեսպան Բահրամին աւելացրել է. «Յուսամ, որ պրն. Մոթթաքիի առաջարկը՝ Թեհրանում մի եռակողմ նիստ գումարելու առթիւ, կարողանայ սկիզբ հանդիսանալ Իրանի դերակատարութեան համար՝ Ղարաբաղի դժւարութեան կարգաւորման հարցով եւ ականատեսը լինենք հարցի կարգաւորման. շնորհակալ ենք պրն. Ալիեւին՝ առաջարկն ընդունելու համար»:
Զեկուցաբերի ելոյթի մասին մէջբերում կատարելով՝ «NEWS.am»-ը հաղորդել է.«Ղարաբաղեան հակամարտութիւնն ուղիղ առումով ազդում է Իրանի ազգային քաղաքականութեան եւ շահերի վրայ՝ վնաս պատճառելով դրանց: Իրանա-ադրբեջանական 618- կիլոմետրանոց սահմանի 120 կիլոմետրը գտնւում է անջատողականների բռնազաւթման ներքոյ: Այս փաստը բացասաբար է ազդում Իրանի եւ տարածաշրջանի երկրների յարաբերութիւնների վրայ»,- իրանցի դիւանագէտի խօսքերն է մէջբերել ադրբեջանական «Trend» գործակալութիւնը:
ԻՍՆԱ-ի համաձայն՝ Թեհրանում Ադրբեջանի դեսպանը իր ելոյթի ընթացքում բարձր գնահատելով Իրան-Ադրբեջան յարաբերութիւնները՝ ասաց. «Իրանի ու Ադրբեջանի յարաբերութիւնները շատ լաւ մակարդակում են եւ երկու երկրների միջեւ բարեկամական յարաբերութիւններ են տիրում եւ նման յարաբերութիւն կարելի է տեսնել Իրան-Թուրքիա, Թուրքիա-Ադրբեջան, Իրան-Վրաստան եւ Վրաստան-Իրան յարաբերութիւններում»:
Խօսելով Ղարաբաղեան հիմնահարցի մասին՝ նա նշել է. «Մի առ ժամանակ է, ինչ Ղարաբաղում Ադրբեջանի հողերը բռնագրաււած են: Այս ժամանակաշրջանում Իրանը միշտ շեշտել է Ադրբեջանի հողային ամբողջականութիւնը եւ այդ խնդրին են անդրադարձել նաեւ Իրանի նախագահը եւ արտգործնախարարը»:Համագումարում ելոյթով հանդէս է եկել նաեւ Ադրբեջանի «Արան» գիտա-հետազօտական պարբերաթերթի գլխաւոր տնօրէն Հասան Գոլին, որը Ադրբեջան-Իրան յարաբերութիւնների ընդլայնման հարցով առգոյ արգելքներից մէկը համարեց պատմութեան նկատմամբ երկու երկրների տեսակէտների միջեւ տարբերութիւնը՝ նշելով, որ դա պէտք է վերանայ:
Ադրբեջանի հետազօտողներից Քամալ Ռուինթան Ֆարոխղիզին խօսելով ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման հարցով Իրանի ջանքերի մասին՝ ասել է. «Անցեալում որոշ պատճառներով Ադրբեջանը մօտենալով Արեւմուտքին՝ հեռացաւ Իրանից, իսկ այսօր լաւ մակարդակում են երկու երկրների յարաբերութիւնները»:
Նա իր զեկոյցի մի այլ բաժնում այսպէս ասաց. «Մամուլում արեւմտեան երկրների կողմից փորձ է արւում Ղարաբաղը ռազմավարական առումով կարեւոր չդրսեւորել, սակայն պարզ է, որ Ղարաբաղը ռազմավարական առումով կարեւոր է, եւ այդ հարցը միւս կողմից կարեւոր է նաեւ Իրանի համար, քանզի Իրանը մտահոգ է այդ տարածաշրջանում բախման կապակցութեամբ եւ որեւէ հակամարտութեան դէպքում՝ դա կարող է ազդել Իրանի վրայ»:
Համագումարում Ադրբեջանի Սոցիալ-դեմոկրատ կուսակցութեան գլխաւոր քարտուղար Արազ Ալիզադէն այսպէս արտայայտւեց. «Չի կարելի տարանջատել ադրբեջանցիներին եւ ազերիներին, քանզի անցեալում նրանք իրար կողքի էին, ուստի՝ չպէտք է ուշադրութեան արժանացնել որոշ թերթերի լուրերը, քանի որ յիշեալ ազգերին չի կարելի տարանջատել միմեանցից»:Ահաւասիկ, այսպիսի արտայայտութիւններ են հնչեցւել «Ադրբեջանի Հանրապետութիւն. անցեալի փորձառութիւններ, ապագայ հեռանկարներ» մէկօրեայ համագումարում:
Յիշեցնենք, որ թւականիս օգոստոսի 4-ին նոյն վայրում ու նոյն ինստիտուտի (արտգործնախարարութեան Կովկասի հարցերի ուսումնասիրութեան կենտրոն) նախաձեռնութեամբ կայացել է «Հայաստանի Հանրապետութիւն 2010. անցեալի փորձառութիւններ, ապագայի հեռանկար» համագումարը:Նախատեսւում է՝ նոյնօրինակ համագումար կայացւի մօտ ապագայում՝ այս անգամ Անդրկովկասի երրորդ Հանրապետութեան՝ Վրաստանի վերաբերեալ:
*) Այս նիւթին կից ներկայացնում ենք հայաստանեան չորս քաղաքական կուսակցութիւնների ներկայացուցիչների մեկնաբանութիւնները՝ մասնաւորապէս սոյն համագումարում հնչած նախագահի խորհրդարանական հարցերով օգնական Միրթաջէդդինի խօսքերի առնչութեամբ:

Չինաստանում վաղը սգոյ օր է յայտարարւած



Վաղը՝ Կիրակի օրը Չինաստանում յարգելու են Գանսուի հիւսիսարևմտեան գաւառում
սողանքների հետևանքով զոհւածների յիշատակը: Այս մասին հաղորդում է Բի-Բի-Սի-ն` յղում անելով Չինաստանի Պետխորհրդին:
Երկրի պետական բոլոր հաստատութիւններում, ինչպէս նաև արտերկրում գտնւող Չինաստանի դեսպանատներում ազգային դրօշները իջևցւած կլինեն, իսկ հասարակական վայրերում չեղեալ են յայտարարւած ժամանցային միջոցառումները:
Յիշեցնենք, որ օգոստոսի 8-ին Գանսու նահանգում հզօր սողանքների հետևանքով աւելի քան 1100 մարդ զոհւել է: Հարիւրաւոր մարդիկ համարւում են անյայտ կորած:
ԱՅՍՕՐ, 11:25
Aysor.am


ԱՄՆ-ում գործազրկութիւնը դեռ կմնայ բարձր

մակարդակի վրայ


08:53 • 06.08.10
«Ամերիկեան տնտեսութիւնում գնանկման և կրկնակի անկման հաւանականութիւնը 25% է»,- յայտարարել է ամերիկեան Pacific Investment Management Co. (Pimco) խոշորագոյն ներդրումային հիմնադրամի գլխաւոր տնօրէն և փորձագէտ Մուհամմադ էլ Էրիանը:
Վերջինիս կարծիքով` ԱՄՆ-ում գործազրկութիւնը որոշ ժամանակ կը շարունակի մնալ բարձր մակարդակի վրայ:
Նշենք, որ այսօր ԱՄՆ-ի աշխատանքի նախարարութիւնը կը հրապարակի տւեալներ, որոնք կներկայացնեն յուլիսին երկրում աշխատատեղերի կրճատումը (շուրջ 65 հազարով):
Ինչպէս գրում է «Կապիտալ» օրաթերթը, Pimco-ին պատկանող և Բիլ Գրոսի կողմից կառավարւող Total Return Fund հիմնադրամը խոշոր մասնաւոր հիմնադրամ է, որը միջոցներ է ներդնում պարտատոմսերում: Անցեալ տարի հիմնադրամի ներդրումներից ստացւած եկամուտը կազմել է 12,8%, և այս ցուցանիշով հիմնադրամն առաջ է անցել իր մրցակիցների 67%-ից: Ընթացիկ տարւայ II եռամսեակի վերջում Pimco-ի կառավարման ներքոյ էին գտնւում աւելի քան $1,1 տրէյլուն արժողութեամբ ակտիւներ:
Tert.am

Յունիսի 26-ը` Թմրամոլութեան դէմ պայքարի միջազգային օր


Յունիսի 26-ը նշւում է որպէս Թմրամոլութեան դէմ պայքարի միջազգային օր:
Այդ կապակցութեամբ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և ՀՀԿ երիտասարդական կազմակերպութիւնը նախաձեռնել են «Կեանքն առանց թմրանիւթերի» ծրագիրը, որը տեղի կունենայ «Մոսկւա» կինոթատրոնին յարակից Շառլ Ազնաւուրի հրապարակում ժամը 20:00-ից 22:00-ն:
Միջոցառման համերգային մասին զուգընթաց անցորդներին և ներկաներին կը բաժանւեն տեղեկատւական թռուցիկներ: Այս մասին յայտնեցին ՀՀԿ երիտասարդական կազմակերպութիւնից:

ԱՅՍՕՐ, 11:33
Aysor.am

ՀԱՊԿ երկրները կըքննարկեն Ղրղզստանում տիրող իրավիճակը


Այսօր Մոսկւայում Հաւաքական անվտանգութեան կազմակերպութեան անդամ-երկրների ԱԽ քարտուղարները կը քննարկեն Ղրղզստանում իրավիճակի կայունացմանն ուղղւած միջոցները:
Քննարկմանը ներկայ կգտնւեն ՀԱՊԿ անդամ-երկրների բոլոր, այդ թւում` Հայաստանի ԱԽ քարտուղարները: Այս մասին հաղորդում է ռուսաստանեան «Վեստին»:
Ղրղզսատնի առողջապահութեան նախարարութեան տւեալների համաձայն, անկարգութիւնների հետևանքով զոհւել է 114 մարդ:
Անցած գիշեր Օշում համեմատաբար հանգիստ է անցել, փողոցներում կրակոցներ չեն լսւել: Նախօրէին երեկոյեան ուժայինները և իրաւապահները յատուկ միջոցառումներ են ձեռնարկել: Ջալալ-Աբադում և Օշում շարունակւում է պարետային ժամը:

ԱՅՍՕՐ, 09:38
Aysor.am

Սոցինտերնի համաժողովն աւարտւած է

13 երկրների ներկայացուցիչների մասնակցութեամբ` առաջին անգամ Երևանում մեկնարկել է «Սոցինտերնի» ԱՊՀ, Կովկասի և Սև Ծովի յանձնախմբի ժողովը:
«Սոցինտերնը» սոցիալ դեմոկրատական, սոցիալիստական և աշխատաւորական կուսակցութիւնների համաշխարհային կառոյց է, որին անդամակցում են 170 կուսակցութիւններ և կազմակերպութիւններ` բոլոր մայրցամաքներից:
Թէժ հակամարտութիւններով լի տարածաշրջանում գաղափարական ընդհանրութիւնը կարող է այլընտրանքային լուծման հիմք լինել: Հէնց այս ակնկալիքով ԱՊՀ, Կովկասի և Սև Ծովի` սոցիալիստական կուսակցութիւնների ներկայացուցիչները հանդիպել են Երևանում:
«Մենք պարտաւոր ենք մեր միջոցներով, խաղաղ պայմաններում լուծել տարածաշրջանում առկայ խնդիրները,- համժողովն ամփոփող ասուլիսի ժամանակ ասաց «Սոցինտերնի» գլխաւոր քարտուղար Լուիս Այալլան` Գլոբալ համատեքստում շատ դժւարութիւնների ենք բախւում: Մեզ վրայ խորապէս ազդում են հիմնարար զարգացումները` ֆինանսական, եղանակային, էներգետիկ ճգնաժամերը: Կանգնած ենք խաչմերուկում, որը պահանջում է առաջ գնալու ուղի փնտրել: Սոցիալ-դեմոկրատիան այդ ուղին է»:
«Սոցինտերնի» գլխաւոր քարտուղարի խօսքերով, երկօրեայ ժողովի ընթացքում քննարկւել են իւրաքանչիւր երկրի խնդիրներն ու դրանց առնչւող լուծումները, և «Սոցինտերնի» աշխատանքները ուղղւած են միայն ու միայն ժողովրդավարութեան տարածմանը:
Սոցինտերնի անդամներն առաջիկայում լինելու են Վրաստանում, Բելառուսում և այլ երկրներում:

ԱՅՍՕՐ, 16:00
Aysor.am

Թոնի Բլէրը դարձել է Ղազաֆիի խորհրդականը

19:30 • 05.06.10
Թոնի Բլէրը, որը 1997–2007թթ. զբաղեցրել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտօնը, դարձել է Լիբիայի յեղափոխութեան առաջնորդ Մուամար Ղազաֆիի խորհրդականը։ Այս մասին հայտարարել է Ղազաֆիի որդին՝ Սէյֆ ալ– Իսլամը։
Նրա խօսքով՝ Բլէրը կիրականացնի 65 միլիարդ դոլար ծաւալով պետական հիմնադրամի խորհրդականի պարտականութիւնները։ Սաիֆը նաև ասել է, որ Բլէրն իրենց ընտանիքի ընկերն է և վարչապետի պաշտօնը թողնելուց յետոյ բազմիցս այցելել է Լիբիա։ Այս մասին հաղորդում է բրիտանական The Daily Mail թերթը։

Tert.am

ՄԱԿ ԱԽ-ն կոչ արեց Իսրայէլին դադարեցնել Գազայի շրջափակումը


Իսրայէլական ռազմածովային ուժերի կողմից «Խաղաղութեան նաւախմբի» գրոհի առնչութեամբ քննարկումների ժամանակ ՄԱԿ Անվտանգութեան Խորհուրդը կոչ արեց Իսրայէլին դադարեցնել Գազայի շրջափակումը:
Ինչպէս հայտնում է Ինտերֆաքսը, ՄԱԿ ԱԽ գլխաւոր քարտուղարի տեղակալ Օսկար Ֆերնանդես-Տարանկոն յայտարարել է, որ «եթէ վերջ դրւէր Գազայի շրջանի հակաարդիւնաւէտ ու անընդունելի շրջափակմանը, ապա հնարաւոր կլիներ զերծ մնալ ջարդից, որը տեղի ունեցաւ երկուշաբթի օրը»:
Արաբական երկրների ներկայացուցիչներն օգտագործել են ամբիոնը, որպէսզի հանդէս գան ողբերգալի պատահարի անկախ հետաքննութեան կոչով: Նրանց սատարեցել է երկրների մեծամասնութիւնը:
Իրավիճակի քննարկումը շարունակւել է մէկ ու կէս ժամ, որից յետոյ խորհրդակցութիւններն ընթացել են փակ դռների հետևում: Ըստ աղբիւրի, քննարկման էր դրւած Անվտանգութեան Խորհրդի յայտարարրութեան տեքստը:


ԱՅՍՕՐ, 11:46
Aysor.am

Արաբական երկրների լիգան արտահերթ ժողով է գումարում


Արաբական երկրների լիգան այսօր արտահերթ ժողով է գումարում` «Ազատութեան նաւախմբի» (Free gaza) գրոհի վերաբերեալ միասնական դիրքորոշում ընդունելու համար: Այս մասին հաղորդում է ռուսաստանեան «Վեստին»:
Թուրքիան արդէն անւանել է Իսրայէլի գործողութիւնները ահաբեկչութիւն, յետ է կանչել Իսրայէլում իր դեսպանին և չեղեալ է յայտարարաել բոլոր համատեղ զօրավարժանքները:
Ի պատասխան Թել-Աւիվը յայտարարում է սադրանքի մասին և պնդում, որ գրոհի ժամանակ ձերբակալւածների մեծամասնութիւնը պատկանում է ծայրայեղական պրոիսլամական թուրքական խմբաւորմանը:
Միևնոյն ժամանակ, նախօրէին ՄԱԿ Անվտանգութեան խորհուրդը քննադատել է իսրայէլական զինւորականների կողմից «Ազատութեան նաւախումբը» գրոհելու փաստը` կոչ անելով Իսրայէլին հանել Գազայի շրջափակումը:

ԱՅՍՕՐ, 10:07
Aysor.am

Իսրայէլը թրքական նաւ է գնդակոծել
Անկարա-Թել Աւիվ լարւածութիւնը պայթելու եզրին է
11:14 • 31.05.10
Իսրայէլական ռազմուժը կրակ է բացել Գազայի հատւած մարդասիրական օգնութիւն տանող 6 նաւերի վրայ, ինչի հետևանքով կան զոհեր և վիրաւորներ: Զոհերի թւաքանակի մասին տեղեկութիւնները շատ հակասական են: Իսրայէլական լրատւամիջոցները նշում են 16, իսկ թրքական NTV հեռտուստաալիքը 10 զոհերի մասին:
Թուրքական NTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ 6 նաւերից երեքում 10 տոննայ մարդասիրական օգնութիւն է եղել, միւս երեքում՝ 700 կամաւոր, այդ թւում 1976թ. Նոբելեան մրցանակակիր, իռլանդացի Մեյրիդ Կորիգան Մակգուաերը, եւրոպացի խորհրդարանականներ, հասարակական կազմակերպութիւնների ներկայացուցիչներ, լրագրողներ։
Թրքական Milliyet օրաթերթի փոխանցմամբ` իսրայէլական ռազմածովային ուժերի գլխաւոր թիրախը եղել է Գազայի հատւած մարդասիրական օգնութիւն տանող նաւերի շարքում գտնւող թուրքական Mavi Marmara նաւը: Իսրայէլական ուղղաթիռները դեսանտ են իջեցրել այդ նաւի վրայ, որից յետոյ իսրայէլցի զինւորները կրակ են բացել նաւում:
Թուրքական ԶԼՄ-ները կատարւածը որակում են որպէս քաղաքացիական սպանդ:

Tert.am

Սարկոզին սպառնացել է Մերկելին

11:11 • 15.05.10
Սարկոզին սպառնացել է, որ եթէ Յունաստանին օգնութիւն չտրւի, Ֆրանսիան դուրս կը գայ եւրոգօտուց:
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին միասնական եւրոպական արժոյթի կայունացման ծրագրին աջակցելու հարցում մի շարք երկրների, ամէնից առաջ Գերմանիայի համաձայնութիւնն ստանալու համար սպառնացել է եւրոգօտուց Ֆրանսիայի դուրս գալով:Այս տեղեկատւութիւնը երէկ տարածել են եւրոպական լրատւամիջոցները՝ վկայակոչելով Իսպանիայի վարչապետ Խոզէ Լուիզ Ռոդրիգեզ Սապատերոյին:
Անցած հանգստեան օրերին Բրիւսելի հանդիպման ժամանակ, որն ընթացել է Սապատերոյի նախագահութեամբ, Նիկոլա Սարկոզին «եւրոգօտու բոլոր երկրներից պահանջել է հնարաւոր ամէն ինչ անել Յունաստանին օգնելու համար»: Հակառակ դէպքում նա սպառնացել է եւոգօտուց Փարիզի դուրս գալով: «Սարկոզին բռունցքով
հարւածել է սեղանին ու յայտարարել, որ Ֆրանսիան կը լքի եւրոգօտին»,- գրել է իսպանական El Pais թերթը:

Tert.am

Մեդվեդևը և Օբաման հեռախօսազրոյց են ունեցել

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը և ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հեռախօսազրոյցի ընթացքում քննարկել են երկկողմ յարաբերութիւններին առնչւող, ինչպէս նաև միջազգային օրակարգի մի շարք հարցեր:
Այս մասին յայտնում է Պրայմ-տասս գործակալութիւնը` վկայակոչելով ՌԴ նախագահի մամլոյ ծառայութեանը:
Հեռախօսազրոյցը կայացել է ռուսաստանեան կողմի նախաձեռնութեամբ:
Մեդվեդևը և Օբաման կարծիքներ են փոխանակել իրանական միջուկային խնդրի, մասնաւորապես «վեցնեակի» շրջանակներում ընդհանուր դիրքորոշման հասնելու վերաբերեալ:
Բացի այդ, անդրադարձ է կատարւել Մերձաւոր Արևելքում տիրող իրավիճակին: Մեդվեդևը ներկայացրել է իր գնահատականները` հաշւի առնելով վերջերս Սիրիա և Թուրքիա կատարած այցերի ընթացքում տեղի ունեցած բանակցութիւնները:
Երկու երկրների ղեկավարները պայմանաւորւել են ակտիւացնել համատեղ ջանքերը` տարածաշրջանային խնդիրների կարգաւորման ուղղութեամբ:
«Այդ մասին Մեդվեդևը և Օբաման համապատասխան հանձնարարութիւններ կտան երկու երկրների արտաքին գերատեսչութիւնների ղեկավարներին», - ասւում է հաղորդագրութիւնում:
Դմիտրի Մեդվեդևը և Բարաք Օբաման քննարկել են նաև միջազգային ծովահէնութեան խնդիրը: ՌԴ նախագահը ներկայացրել է ռուսաստանեան նախաձեռնութիւնը` ստեղծել միջազգային դատարան, որը կզբաղւի նման գործերով:
Զրոյցի ընթացքում ԱՄՆ նախագահը ցաւակցութիւն է յայտնել «Ռասպադսկայա» հանքավայրում տեղի ունեցած ողբերգութեան վերաբերեալ:
ԱՅՍՕՐ, 09:41
Aysor.am

Ինչո՞ւ չգնաց Ծիծեռնակաբերդ.
Մեկնաբանում է Չավուշօղլուն
Երեւի պիտի ուրախանա՞նք որ նա Երեւանում չի այրել Հայաստանի եռագոյնը՝ ինչպէս արեցին իր «ցեղ»ակիցները՝ Բաքւում




18:55 • 13.05.10
«Վեհաժողովի կանոնակարգում չկայ որևէ դրոյթ, որը պարտադրի նախագահի այցելութիւն այս կամ այն վայր։ Եւ երբ ես նայում եմ նախորդ նախագահների այցելութիւնների պաշտօնական արարողակարգին, նրանք իրենց պաշտօնական այցելութիւնների սահմաններում նոյնպես չեն այցելել այդ վայրը։ Սա իմ` որպէս ԵԽԽՎ նախագահի անձնական որոշումն էր, ես յարգում եմ Ձեր կարծիքները, բայց բոլորը նաև պէտք է յարգեն իմ որոշումը»,– այսօր Հայաստանի Ազգային ժողովում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ յայտարարեց Եւրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մևլութ Չավուշօղլուն՝ պատասխանելով այն հարցին, թէ ինչու ինքը, ի տարբերութիւն ԵԽԽՎ նախկին երկու նախագահների, չայցելեց Ծիծեռնակաբերդ։
Երբ լրագրողները պնդեցին, որ ԵԽԽՎ երկու նախագահներն էլ այցելել են Ծիծեռնակաբերդ, Մևլութ Չավուշօղլուն պատասխանեց.«Դուք ինձ ասացիք, որ Ռասել Ջոնսթոնն այցելել է, բայց միւս գործընկերներիս այցելութիւնների մասին ես տեղեկութիւններ չունեմ։ Ամէն դէպքում, որևէ կանոն կամ դրոյթ չկայ կանոնակարգում, որը պարտաւորեցնում է այդպիսի այցելութիւնները։ Ես ընդունել եմ իմ անձնական որոշումը և, ինձ թւում է՝ այն յարգանքի արժանի է»։

Tert.am

***) Իւրաքանչիւր միջազգային բնոյթ ունեցող կազմակերպութեան անդամն ունի իր ազգութիւնն ու ազգային արժէքները, ինչպէս նաեւ յուզումներն ու համոզումները։ Սակայն դրանք մինչեւ այն ժամանակ են արդարացնում տւեալի կեցւածքը, երբ խնդիրը անհատական բնոյթ է կրում։ Իսկ այս պարագայում, երբ Չաւուշօղլուն որպէս ԵԽԽՎ –ի անդամ է որեւէ ակտ կատարում, դա արդէն դուրս է մնում ազգայնական նեղ շրջանակներից ու հարկադրաբար պիտի յարգի իրեն հիւրընկալող երկրում ընդունւած կարգն ու կանոնները։ Այսպիսով երեւի պիտի ուրախանա՞նք ու շնորհակալ լինենքնրանից, որ նա Երեւանում չի այրել Հայաստանի եռագոյնը՝ ինչպէս արեցին իր «ցեղ»ակիցները՝ Բաքւում։ Վ.