Showing posts with label ՋԱՒԱԽՔ. Show all posts
Showing posts with label ՋԱՒԱԽՔ. Show all posts

Չախալեանի պաշտպանութեան յանձնախումբը

կոչ է անում նախագահներին լուծել

ջաւախքահայ գործչի խնդիրը


«Վահագն Չախալեանը այն ջաւախքահայ գործիչներից է, որը հետևողականօրէն հանդէս է գալիս վրաց իշխանութիւնների կողմից ջաւախքահայութեան նկատմամբ իրականացւող խտրական քաղաքականութեան դէմ»




18:00 • 21.01.11
Վահագն Չախալեանի պաշտպանութեան յանձնախումբը յայտարարութիւն է տարածել Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի՝ Հայաստան կատարելիք այցի կապակցութեամբ:
«2008թ. յուլիսի 21-ին վրացական իշխանութիւնների կողմից Ախալքալաքում ձերբակալւել է ջաւախքահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալեանը: 2009թ. ապրիլի 7-ին Վրաստանի առաջին ատեանի դատարանը ակնյայտ օրինախախտումներով ուղեկցւող դատավարութեան արդիւնքում դատապարտել է նրան 10 տարւայ ազատազրկման մի շարք շինծու մեղադրանքներով, որոնք ուղղակիօրէն առնչւում են Ջաւախքի Հայ բնակչութեան իրաւունքների պաշտպանութեանն ուղղւած նրա քաղաքական և հասարակական գործունէութեանը: Վրաստանի Վերաքննիչ և Գերագոյն դատարանները թողել են վճիռն անփոփոխ:
Վահագն Չախալեանը այն ջաւախքահայ գործիչներից է, որը հետևողականօրէն հանդէս է գալիս վրաց իշխանութիւնների կողմից ջաւախքահայութեան նկատմամբ իրականացւող խտրական քաղաքականութեան դէմ: Թէև նրա հանրային գործունէութիւնն ընթանում էր բացառապէս օրինականութեան սահմաններում, սակայն ժողովրդի մէջ նրա հեղինակութիւնը և անկախ ու անկաշառ գործչի նրա համբաւը ստիպեցին վրաց իշխանութիւններին կազմակերպել նրա չեզոքացման գործողութիւնը, որի արդիւնքում նա այսօր բանտում է:
Սոյն թւականի յունւարի 22-ին պաշտօնական այցով Հայաստան է ժամանում Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: Վահագն Չախալեանի պաշտպանութեան մտաւորականների յանձնախումբը կոչ է անում Հայաստանի և Վրաստանի նախագահներին քննարկել և արդարացի լուծում տալ Վահագն Չախալեանի խնդրին` անյապաղ նրան ազատ արձակելով»,- ասւում է յայտարարութիւնում:
Յայտարարութիւնը ստորագրել են Վահագն Չախալեանի պաշտպանութեան մտաւորականների յանձնախմբի անդամներ Ալէք Ենիգոմշեանը, Երւանդ Մանարգանը, Լևոն Խեչոեանը, Կարինէ Խոդիկեանը, Աշօտ Ադամեանը, Տիգրան Խզմալեանը։



Tert.am

Որքանո՞վ է այսօր պահպանւում

Ջաւախքի հայկականութիւնը


«Տարածաշրջանում «ժողովրդավարութեան ու ազատութիւնների դրօշակիր» Վրաստանը խստիւ արգելում է հայալեզու գրականութեան մուտքը Ջաւախք և ընդհանրապէս իր վերահսկողութեան տարածք»


«Վրաստանի իշխանութիւնները պէտք է գիտակցեն, որ իրենց համար լաւագոյն տարբերակը մնում է ջաւախահայութեան իրաւունքների ամբողջական յարգումը»



Դեկտեմբեր 27, 2010թ. 11:04
Ո՞րն է Ջաւախքի նշանակութիւնը Հայ ժողովրդի ու Հայաստանի համար: Ինչքան էլ որ պատասխանը ակնյայտ լինի, անհրաժեշտ է դա ամրագրել:
Այս նպատակների և առաջադրանքների իրականացման համար մղւող պայքարի առաջամարտիկները, 2000-ական թւականներին, եղել էին մի խումբ երիտասարդներ, Վահագն Չախալեանի ղեկավարութեամբ:
Որքանո՞վ է այսօր պահպանւում Ջաւախքի հայկականութիւնը և ի՞նչ միտումներ են առկայ:
Վրացական իշխանութիւնների կողմից Վահագն Չախալեանին հակաօրինականօրէն 10 տարւայ ազատազրկման ենթարկումը և միւս երիտասարդների դէմ հալածանքները այդ հարցի լաւագոյն պատասխանն են:
Տարիներ ի վեր Ջաւախքի իրավիճակը բնութագրւում է երեք գործօններով. վրացական համակողմանի գրոհ և հայկական գործօնի ու ընդհանրապէս հայութեան արտամղման փորձ, արտագաղթ, և այս երկուսին զուգահեռ` ՀՀ իշխանութիւնների յանցագործ անտարբերութիւն, երբեմն ուղղակի մեղսակցութիւն վրացական իշխանութիւնների քայլերին, ինչպէս Վահագն Չախալեանի և ընկերների դէմ հալածանքների պարագայում:
Հայաստանի Հանրապետութիւնում ժողովրդագրական համաղետն ու արտագաղթը երկրում տիրող համակարգի ուղղակի հետևանքն են: Իսկ Ջաւախքից արտագաղթը արդիւնքն է վրացական ագրէսիւ քաղաքականութեան ստեղծած անապահովութեան մթնոլորտի, սոցիալ-տնտեսական անմխիթար վիճակի, ու այս իրականութիւնների դիմաց ՀՀ-ից`ակնկալւող օժանդակութիւնների բացակայութեան ստեղծած հոգեբանական մթնոլորտի: Սոցիալ-տնտեսական անմխիթար իրավիճակը իր հերթին գլխաւորաբար հետևանքն է և’ վրաց իշխանութիւնների և’ ՀՀ իշխանութիւնների ուշադրութեան բացակայութեանն ու անտարբերութեանը: Վերջին հաշւով, հետևաբար, Ջաւախքի հայկականութիւնը հարւածներ է ստանում և յետընթաց է ապրում վրացական ուղղակի քաղաքականութեան և ՀՀ անտարբեր և յաճախ մեղսակից քաղաքականութեան արդիւնքում:
Ջաւախքում վրացական ագրէսիայի ու հայկական գործօնի դուրս մղման փորձերի օրինակներն անհամար են: Երկու երևոյթների մատնանշումը բաւարար է իրականութեան պատկերն ունենալու համար:
Ջաւախք այցելող ցանկացած մարդ անմիջապէս կզգայ ահաբեկման և վախի այն մթնոլորտը, որ տիրում է շրջանում: Այս մթնոլորտը հաստատւել է նաև տեղի Հայ գործակալների ակտիւ մասնակցութեամբ: Մշակութային սահմանափակ և ամենաանմեղ միջոցառումներն անգամ տեղի են ունենում ուժային կառոյցների խիստ վերահսկողութեան ներքոյ:
Տարածաշրջանում «ժողովրդավարութեան ու ազատութիւնների դրօշակիր» Վրաստանը խստիւ արգելում է հայալեզու գրականութեան մուտքը Ջաւախք և ընդհանրապէս իր վերահսկողութեան տարածք:
Վրաստանի իշխանութիւնների կողմից Ջաւախքի նկատմամբ իրականացւող քաղաքականութիւնը արդիւնք է մի կողմից նրա փոքր-կայսերական նկրտումներին և միւս կողմից նրա հակահայկական բարդոյթներին: Իր այդ կարճատես քաղաքականութեամբ Վրաստանն իրականում իր իսկ գերեզմանն է փորում, որովհետև յաջողութեան պարագայում այդ քաղաքականութիւնը յանգեցնելու է ոչ թէ վրացական, այլ թրքական Ջաւախքի գոյացմանը:
Պատմութեան ընթացքում Վրաստանի ժողովուրդները երբէք կայուն և երկարատև բնակութիւն չեն հաստատել խստաշունչ կլիմայով յատկանշւող Ջաւախքում և երբէք մեծամասնութիւն չեն կազմել այնտեղ: Իրենց ազգայնամոլական հակահայկական քաղաքականութեան յաջողութեան պարագայում ևս Ջաւախքը վրացիներով չի բնակեցւելու, այլ թրքերով, լինեն նրանք այսպէս կոչւած մեսխեթցի կամ.այլ թուրքեր: Չենք խօսում անգամ այն մասին, որ իրենց ներկայ ժողովրդագրական աղէտալի վիճակի պատճառով, վրացիները, ցանկութեան պարագայում անգամ, չեն կարողանայ բնակեցնել Ջաւախքը: Իրենց հակահայկական քաղաքականութեան յաջողութեան պարագայում ո’չ միայն Հայաստանն է ամբողջութեամբ շրջապատվելու թուրքերով, այլ Վրաստանն ինքը կորցնելու է արևելեան և արևմտեան թուրքերի միջև աշխարհագրական կամուրջ լինելու իր ներկայ կարգավիճակի ներկայացրած նշանակութիւնը և դրանից բխող առաւելութիւնները: Այդ պարագայում թուրքերը կարիք չեն ունենալու Վրաստանի «ծառայութիւններին»: Եթէ Վրաստանին չի յուզում իր իսկ քաղաքականութեան արդիւնքում սպասւելիք այս հեռանկարը, ապա Հայաստանին ու հայերիս շատ է յուզում և մենք թոյլ չեն տայ դրա իրականացումը:
Հայերը իհարկէ թոյլ չեն տայ: Բայց ի՞նչ են անում Հայաստանի այսօրւայ իշխանութիւնները:
ՀՀ ներկայ իշխանութիւնները ո’չ միայն համապատասխան քայլերի չեն դիմել պաշտպանելու համար ջաւախահայութեան թէկուզ և փոքրամասնական համարւող իրաւունքները, այլ ընդհակառակը` գործնական յանցաւոր մասնակցութիւն են բերել ջաւախահայութեան դիմադրութեան ոչնչացմանը` Վահագն Չախալեանի կալանաւորում ու վրաց իշխանութիւններին յանձնում: Նրանք ո’չ մի աշխատանք չեն կատարել ՀՀ հետ Ջաւախքի տնտեսական համալրման ուղղութեամբ: Ընդհակառակը, Բավրայի սահմանակէտը և մաքսային ծառայութիւնը մշտապէս խոչընդոտել և արհեստական դժւարութիւններ են ստեղծել ապրանքափոխանակման համար: Այս իշխանութիւնները լուռ են մնացել Ջաւախքում վրացական բոլոր ոտնձգութիւնների դիմաց:
ՀՀ իշխանութիւնները իրենց դաւաճանական քաղաքականութիւնն արդարացնում են երկրի աշխարհագրական դիրքով և հետևաբար Վրաստանից կախւած լինելու պատճառաբանութեամբ: Մինչ կախւածութեան իրողութիւնը ամբողջապէս զուրկ չէ ճշմարտութիւն լինելուց, այն երբէք չի կարող արդարացնել իշխանութիւնների անտարբերութիւնն ու յատկապէս վրաց իշխանութիւններին մեղսակցութիւնը: Իրականում կախւածութիւնը երկկողմանի է: Մինչդեռ, իր այս քաղաքականութեամբ ՀՀ իշխանաւորները վրացական կողմին քաջալերում են անխափան շարունակել իրենց գրոհը:
Արդարև, խնդրի դրւածքն այնպիսին չէ, որ աշխարհագրականօրէն Վրաստանից իր կախւածութեան հետևանքով Հայաստանն անկարող լինի Ջաւախքի հարցում ավւլի վճռական լինելուց: Վրաստանի հետ իր յարաբերութիւններում, Ջաւախքը Հայաստանի համար թոյլ կէտ չի հանդիսանում: Ընդհակառակը: Հայաստանը Վրաստանի նկատմամբ ունի լծակներ ու Ջաւախքն այդ լծակներից ամենակարևորն է: Հայաստանը ամբողջութեամբ մեկուսացած և ամբողջութեամբ Վրաստանի ողորմածութեանը ենթակայ կլինի միայն այն օրը, երբ այլևս հայկական Ջաւախք գոյութիւն չի ունենայ:
Իրականում հայկական իշխանաւորների այդ կեցւածքը պայմանաւորւած է ոչ միայն պետականութեան ու ազգի նկատմամբ նրանց ունեցած յանցաւոր անտարբերութեամբ, այլև Վրաստանի ու Վրաստանով անցնող ճանապարհների հետ կապւած տնտեսական սեփական շահերով:
Իշխանութիւնների այս քաղաքականութիւնը երբէք զարմանալի չէ: Իրենց գերիշխանութեան տարածքում ոչ միայն հակաժողովրդական, այլև ազգն ու պետականութիւնը դէպի վերացում առաջնորդող քաղաքականութիւն վարող իշխանութիւններից չի կարելի ջաւախահայութեան իրաւունքների պաշտպանութիւն ակնկալել: Նրանց ջաւախքեան և ընդհանրապէս վրացական քաղաքականութիւնը պարզապէս ընդհանուր ազգադաւ քաղաքականութեան շղթայի մի օղակն է:
Ջաւախքի խնդիրը չի կարող լուծւել ՀՀ ներկայ իշխանութիւնների օրոք: Ինչպէս բոլոր միւս հարցերի, նոյնպէս և այս հարցի լուծումը պահանջում է համակարգափոխութիւն:
Դա չի նշանակում, որ մինչև ՀՀ-ում համակարգափոխութեան իրականացումը Ջաւախքում ոչինչ չի կարելի անել: Իհարկէ, ոչինչ չի կարող փոխարինել այն ամէնին, ինչ կարող է իրականացնել պետութիւնը: Բայց երբ օրւայ իշխանությիւնները ոչ միայն թերանում են իրենց անելիքներում, այլև հակառակ քայլերի են դիմում, մեզ մնում է, որ այդ աշխատանքները իրականացնեն ոչ պետական կառոյցները և հասարակական նախաձեռնութիւնները: Խօսքը վերաբեւում է Ջաւախքի հայկականութեան պահպանմանը, ջաւախաբնակ հային` հողին կառչած մնալը ամրապնդելու միտող քայլերին` տնտեսական, մշակութային, հոգեբանական և այլն բնագաւառներում:
Բոլոր դէպքերում, և հակառակ ամէն ինչի, Ջաւախքի համար գոյութիւն ունի երկու տարբերակ:
1.Վրաստանի կազմում` շրջանի կարգավիճակ, որտեղ երաշխաւորւած կլինեն Հայ բնակչութեան ազատ ինքնադրսևորման բոլոր պայմանները:2.Արցախի ճակատագիր. այսինքն միացում փաստացի Հայաստանի Հանրապետութեանը:Երրորդ տարբերակը, այսինքն Ջաւախքի նախիջևանացումը, այլ խօսքով նրա հայաթափումը և հայերի համար այդ տարածքի կորուստը, բացառւում է: Վրացական ազգայնամոլութիւնը ձգտում է դրան, վայելելով իր արևմտեան ու արևելեան հարևանների խրախուսանքն ու օժանդակութիւնը: Բայց հայերը դա թոյլ չեն տայ: Ջաւախքի նախիջևանացման ցանկացած փորձի պատասխանը լինելու է Ջաւախքի Արցախացումը:
Վրաստանի իշխանութիւնները պէտք է գիտակցեն, որ իրենց համար լաւագոյն տարբերակը մնում է ջաւախահայութեան իրաւունքների ամբողջական յարգումը: Իսկ դա ապացուցող առաջին քայլերից մէկը, այլ միջոցառումների կողքին, պէտք է լինի Վահագն Չախալեանի ազատ արձակումը:


Ալէք Ենիգոմշեան,

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ

Ջաւախքում նման իրավիճակի ստեղծման

հարցում մեղաւոր է նաև Հայաստանը

«Մենք 100 օր կորցրել ենք միայն այն պատճառով, որ Հայաստանում չենք

կարողացել գտնել տեղ, որտեղ կարելի է խօսել Ջաւախքի խնդիրների

մասին»


«Չախլեանի դատավարութիւնն անցել է խայտառակ պայմաններում, անգամ

չի չթոյլատրւել, որ պաշտպանութիւնն իրականացնի նրա ֆրանսահայ

փաստաբանը»


13:58 • 23.12.10

«Երբ կկտրատէք ամանօրեայ խոզի բուդը, մի պահ յիշեք, որ մեզնից մի քանի ժամւայ ճանապարհի վրայ բանտում է ջաւախքահայ գործիչ Վահագն Չախալեանը»,- այսօր ջաւախքահայութեան խնդիրներին նւիրւած համաժողովի ժամանակ ասաց «Սարդարապատ» նախաձեռնութեան անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալեանը:
Նա շնորհակալութիւն յայտնեց ԳԱԱ Պատմութեան ինստիտուտի տնօրէն Աշոտ Մելքոնեանին՝ ջաւախքահայութեան խնդիրների վերաբերեալ համաժողովի անցկացման համար ինստիտուտի դահլիճը տրամադրելու համար: Խզմալեանը տեղեկացրեց, որ իրենք այսօրւայ համաժողովն անցկացնելու համար երեք ամիս շարունակ տարբեր դռներ են թակել, սակայն որևէ մէկը դահլիճ չի տրամադրել: «Մենք 100 օր կորցրել ենք միայն այն պատճառով, որ Հայաստանում չենք կարողացել գտնել տեղ, որտեղ կարելի է խօսել Ջաւախքի խնդիրների մասին»,- ասաց Տիգրան Խզմալեանը:
«Երկիր» միութեան համակարգող Ռոբերտ Թաթոեանը ներկայացրեց Վահագն Չախալեանի դէմ յարուցւած քրգործի, դատավարութեան պատմութիւնը՝ յիշեցնելով, որ դատավարութիւնն անցել է խայտառակ պայմաններում, անգամ չի չթոյլատրւել, որ Չախալեանի պաշտպանութիւնն իրականացնի ֆրանսահայ փաստաբանը: «Այն ցինիզմը, որ այս գործի նկատմամբ դրսևորւեց, մենք չէինք սպասում»,- ասաց Ռոբերտ Թաթոեանը՝ աւելացնելով, որ պէտք է բոլոր ատեաններում բարձրաձայնել այս խնդիրների մասին:
«Ջաւախքը պատմականօրէն հայկական բարձրաւանդակի անբաժան մասն է կազմել: Հայերը եղել են այդ շրջանի բնակչութեան ջախջախիչ մեծամասնութիւնը: Այսօր ևս հայերը Ջաւախքի բնակչութեան մեծամասնութիւնն են: Ջաւախքն անգնահատելի նշանակութիւն ունի Հայաստանի անվտանգութեան համար»,-յայտարարեց համաժողովին մասնակից, «Սարդարապատ» նախաձեռնութեան անդամ Ալէք Ենիգոմշեանը: Նա նշեց, որ այսօր հայութեան առջև դրւած հիմնական խնդիրը Ջաւախքի հզօրացումն ու «հայկականութեան ապահովումն է»:
Ենիգոմշեանի խօսքով, այն որ Վահագն Չախալեանն այսօր բանտում է, նրա ընկերներն ու հարազատները հետապնդւում են, նշանակում է, որ Ջաւախքում հայերի նվազագոյն պահանջները չեն բաւարարւում և նրանց իրաւունքները ոտնահարւում են վրացական իշխանութիւնների կողմից: Միաժամանակ, Ջաւախքում նման իրավիճակի ստեղծման հարցում, Ենիգոմշեանի խօսքով, մեղաւոր է նաև Հայաստանը:


Tert.am


Իսկ Ջաոախքի հայաթափման մասին

վրացիները լռում են



Դեկտեմբեր 22, 2010թ. 15:39
ԵԽԽՎ մոնիտորինգային կոմիտէի նախագահ Դիկ Մարտին երեքշաբթի ժամանել է Վրաստան: Նա հանդիպում է ունեցել Վրաստանի պետնախարար Էկա Թքեշելաշվիլիի հետ: Քննարկւել է իրավիճակը Վրաստանի օկուպացւած տարածքներում:
‹‹Զրոյցի գլխաւոր թեման եղել է էթնիկ զտումների արդիւնքում իրենց տներից արտաքսւած մարդկանց վերադարձի հնարաւորութիւնը››,- նշում է Թքեշելաշվիլին: Մարտին հանդիպելու է նաև անվտանգութեան խորհրդի քարտուղար Գիգա Բոկերիայի հետ:


ArmAr.am

Վրացիները հայահալած քաղաքականութԻւն

են իրականացնում հայերի

ձեռքով


«Իրավիճակն աւելի վատ է, քան Ստալինի և Բերիայի իշխանութեան տարիներին»

«Վրացերէնը պէտք է սովորել վրացերէնի, այլ ոչ թէ Հայերէնի դասաժամերին»

Հայ երեխան Ջաւախքի դպրոցում սկսում է վրացական
լեզւամտածողութիւն դրսևորել, ինչը միջազգային նորմերի կոպիտ խախտում է»

«Վրաստանի իշխանութիւնների քաղաքականութիւնը պատահական չէ, ունի յստակ ու պետական կարգաւորում»


12:40 • 15.12.10
Ջաւախքում Հայահալած և այդ ճանապարհով Հայաթափման քաղաքականութիւնը շարունակւում է։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ահազանգեց ՀՀ ԱԺ պատգամաւոր, «Ջաւախք» հայրենակցական միութեան նախագահ Շիրակ Թորոսեանը։
Ըստ նրա՝ Վրաստանում ստալինա–բերիա–կան ռեժիմ է ստեղծւել, իրավիճակն աւելի վատ է, քան Ստալինի և Բերիայի իշխանութեան տարիներին։ Տասնեակ Հայ ակտիւիստներ քաղաքական հայեացքների համար հեռացել են Ջաւախքից։ Ցաւալին, ըստ Թորոսեանի, այն է, որ հայահալած քաղաքականութիւնը Վրաստանի իշխանութիւններն իրականացնում են ՏԻՄ մարմինների և իրաւապահների ձեռքով, որոնց աշխատակիցների մեծ մասը հայեր են։ Նման «հայ» պաշտօնեաներին
Թորոսեանը խամաճիկներ անւանեց։
Թորոսեանի խօսքով՝ թէև Հայ–վրացական բարեկամութեան ամրապնդման պաշտօնական յայտարարութիւններ են հնչում, սակայն իրականում առաջընթաց չկայ։
«Շարունակւում է սրւել սահմանի խնդիրը։ Եթէ նախկինում միայն Բավրայի հատւածում էր սրւած, ապա այս տարի Տավուշի և Լոռու տարածաշրջանների սահամանային կէտերում լուրջ խնդիրներ առաջացան վրացի իրաւապահների ոչ իրաւական քայլերի արդիւնքում»,– նշեց Թորոսեանը։
Պատգամաւորը նշեց, որ այս տարի Ջաւախքի կրթական համակարգում բացասական նոր դրսևորումներ են առաջ եկել։ Առաջինը Ջաւախքի դպրոցներում Հայերէն դասաժամերի կտրուկ նւազեցումը և դրա հաշւին վրացերէն առարկաների դասաաժամերի կտրուկ աւելացումն է։
«Վրացերէնը պէտք է սովորել վրացերէնի, այլ ոչ թէ Հայերէնի հաշւին։ Հայ երեխան Ջաւախքի դպրոցում սկսում է վրացական լեզւամտածողութիւն դրսևորել, ինչը միջազգային նորմերի կոպիտ խախտում է»,– ընդգծեց բանախօսը։Այս ուսումնական տարում Վրաստանի իշխանութիւնների հրահանգով Ջաւախքի դպրոցներից հեռացւել են մեծ թւով Հայոց լեզւի և Հայոց պատմութեան ուսուցիչներ։ Նրանց թւում են նաև Շիրակ Թորոսեանի ծնողները։
Թէև ՀՀ ԿԳ նախարար Արմէն Աշոտեանի՝ Վրաստան կատարած այցի ընթացքում համաձայնութիւն էր ձեռք բերւել Ջաւախքի դպրոցներում վերականգնել հայագիտական առարկաների դասաժամերի քանակը, սակայն, ըստ Թորոսեանի, Վրաստանի ԿԳ նախարար Դմիտրի Շաշկինը հարցին լուծում չի տւել՝ տեղափոխելով այն յաջորդ տարի։ «Վրաստանի իշխանութիւնների քաղաքականութիւնը պատահական չէ, ունի յստակ ու պետական կարգաւորում»,– ընդգծեց Թորոսեանը։ Նա յիշեցրեց Վրաստանի ԱԳ նախարարի խօսքերը, որոնք հնչեցւել էին Երևանում։ Լրագրողի՝ Ջաւախքի վերաբերեալ հարցին Գրիգոլ Վաշաձէն պատասխանել էր. «Ես չգիտեմ՝ ինչ է Ջաւախքը։ Նման տարածք քարտէզի վրայ գոյութիւն չունի»։
Շիրակ Թորոսեանը նաև նշեց, որ վրացական իշխանութիւները Ջաւախքի խնդիրները կոծկելու քաղաքականութիւն են իրականացնում։ Պատգամաւորը նաև մեծ խնդիր է համարում այն, որ Վրաստանի հայկական եկեղեցիները չվերադարձւեցին Հայ առաքելական եկեղեցու վրացահայոց թեմին, Հայ Առաքելական եկեղեցուն Վրաստանում իրաւական կարգավիճակ չտրւեց, չստացւեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցելութիւնը Վրաստան։ Թորոսեանը տեղեկութիւններ ունի, որ Վրաստանի հոգևոր առաջնորդն իր առողջական խնդիրների պատճառաբանութեամբ անընդհատ ձգձգում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցելութիւնը Վրաստան։ «Մինչդեռ մենք հետևում և տեսնում ենք, որ նա շատ առոյգ է և այցեր է կատարում Վրաստանի մարզեր»,– նշեց Թորոսեանը։




Tert.am






Wikileaks.-

Նալբանդեանն ասել է, որ ջաւախքահայերի

հակազդեցութիւնը վտանգաւոր կլինի

Վրաստանի համար



19:51 • 30.11.10
Wikileaks–ի հրապարակած գաղտնի փաստաթղթերից մէկում ներկայացւած է իրավիճակը Հայաստանում 2008 թ. օգոստոսին ՝ ռուս–վրացական պատերազմի ժամանակ։ Այս մասին յայտնում է novostink.ru–ն։Մասնաւորապէս, Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակաւոր հաւատարմատար Ջոզեֆ Փենինգտոնի նամակում նշւում է, որ Հայաստանի իշխանութիւններին գնալով աւելի է սկսում անհանգստացնել Վրաստանի հետ կապեր հաստատելու ուղղութեամբ հայկական կողմի ջանքերի նկատմամբ վրացականի կողմի անընկալունակութիւնը։
Փենինգտոնի խօսքերով, առաւել անքաղաքավարի էր հաւանաբար այն, որ օգոստոսի 15–ին Վրաստանի արտգործնախարարը Հայաստանի տարածքով Վրաստան կատարած թռիչքի ընդմիջման ժամանակ հրաժարւել էր Երևանի օդակայանում մի քանի րոպէով հանդիպել ՀՀ ԱԳՆ առաջնորդի հետ։
«Հայաստանի նախագահը քննադատութիւնների ենթարկւեց տեղի ԶԼՄ–ների կողմից այն բանի համար, որ նա «իբրև» չի կարողացել զանգել Վրաստանի նախագահին՝ ՌԴ նախագահի հետ ունեցած հեռախօսազրոյցից յետոյ։ Հայերը կարծում են, թէ իրենց բարի մտադրութիւններին սառը ցնցուղով են պատասխանում»,– ասւում է նամակում։
Փենինգտոնի տւեալներով՝ Հայաստանի նախագահը փորձել է նոյն օրը զանգահարել Վրաստանի և Ռուսաստանի նախագահներին՝ միակողմանի դիրքորոշում ցուցաբերելուց խուսափելու համար։ Սակայն կարողացել է զանգահարել միայն Ռուսաստանի նախագահին։ Մի քանի անյաջող զանգերից յետոյ, Սարգսեանը նամակ է ուղարկել Սաակաշվիլիին, որում ցաւակցութիւն է յայտնել վրացական կողմին։
Փենինգտոնը նշում է, որ միևնոյն ժամանակ Հայաստանի ղեկավարութիւնը Վրաստանի հասցէին բարեացակամ տոնով է արտայայտւում, թէկուզև եղել են առաջարկներ փոխել տոնը այն դէպքում, եթէ Վրաստանը նոյն ոճով շարունակի։
«Հայաստանի արտգործնախարար Նալբանդեանի խօսքերով՝ Հայաստանը փորձել է օգնել Վրաստանին՝ ընդունելով աւելի քան 4000 փախստական և առաջարկելով մարդասիրական միջանցք բացել Հայաստանի տարածքով։ Նա նշել է, որ Հայստանի համար լաւ յարաբերութիւններ են պէտք Վրաստանի հետ ոչ միայն տնտեսական տեսանկիւնից, այլև՝ տարածաշրջանի կայունութեան գործում նրա աւանդի համար։ Չնայած այդ ջանքերին, Սաակաշվիլին աւելի քան մէկ շաբաթ հրաժարւել է պատասխանել Հայաստանի նախագահի զանգերին, իսկ Վրաստանի վարչապետն արհամարհել է իր Հայ գործընկերոջը։ Վրաստանի ԱԳՆ առաջնորդը հրաժարւել է օգոստոսի 15–ին մի քանի րոպէով հանդիպել Հայաստանի ԱԳՆ առաջնորդին»,– ՀՀ արտգործնախարարին վկայակոչում է Փենինգտոնը։
«Մեզանից էլ ի՞նչ են նրանք ուզում։ Հայաստանը ձեռնպահ է մնում Վրաստանի հասցէին ուղղւած ցանկացած բացասական արտայայտութիւնից, և նման յայտարարութիւնների դէպքում Ջաւախքի հայերի հակազդեցութիւնը «շատ վտանգաւոր կլինի Վրաստանի համար»։ Սա այն խաղաքարտը չէ, որը Հայաստանը պատրաստւում է խաղարկել Վրաստանի դէմ, այլ ուղղակի իրականութիւնն է»,– յայտարարել է Նալբանդեանը։ Այս մասին ասւում է նամակում։

Tert.am

Վրաց պատրիարքարանը վախենո՞ւմ

է Հայոց Կաթողիկոսի Ջաւախք


այցելութիւնից




Նոյեմբեր 25, 2010թ. 10:01
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի այցելութիւնը Վրաստան, ամենայն հաւանականութեամբ, այլեւս չի կայանայ: Եւ այդ հաւանականութեան մեծացման հիմնական պատճառը, այդուհանդերձ, կաթողիկոսի` Ջաւախք այցելելու ցանկութիւնն է:
Նոյեմբերի երկրորդ կէսին Ամենայն Հայոց Կաթողիկոսի Վրաստան կատարելիք հովվապետական այցի առնչութեամբ Մայր աթոռից վերջերս տեղեկացրին, որ այցը հետաձգւում է: «Նկատի առնելով Վրաստանի պատրիարք Իլիա Երկրորդիՙ արտասահմանում բուժումից յետոյ վերականգնողական շրջանի անհրաժեշտութիւնը եւ պատրիարքի ցանկութիւնը` ուղեկցելու Հայոց Կաթողիկոսին Թբիլիսի եւ Ջաւախք միջեկեղեցական եւ հովվապետական այցելութեան ողջ ընթացքում` Վրաց եկեղեցին դիմել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնին` վերանայելու Հայոց Հայրապետի Վրաստան այցի թւականը», նշւած էր Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում Գերագոյն հոգեւոր խորհրդի ժողովի մասին ներկայացնող հաղորդագրութեան մէջ:
Ըստ այդմ, Գերագոյն հոգեւոր խորհուրդը նոյեմբերի 13-14-ին Էջմիածնում, Կաթողիկոսի նախագահութեամբ, «ընդառաջ խնդրանքին հետաձգել է Վեհափառի Վրաստան այցը` նկատի ունենալով հետաձգման վերաբերեալ նաեւ Վիրահայոց թեմի եւ Ջաւախքի փոխառաջնորդութեան խնդրանքը»:
Ըստ էութեան, քանիցս Հայոց Կաթողիկոսի այցելութիւնը հետաձգելու տարբեր պատճառները գնալով պակաս հիմնաւոր են դառնում: Ի վերջոյ, եթէ վատառողջ է վրաց պատրիարքը, Հայոց Կաթողիկոսը կարող էր նաեւ մենակ այցելել Ջաւախք` առանց ուղեկցութեան:
Ինչեւէ, Վրաստանի պատրիարք Իլիա Երկրորդը, որ բուժումից յետոյ, ստացւել էր, որ չի կարող ուղեկցել հայոց կաթողիկոսին, պարզւում է, որ ամենայն հանգստութեամբ կարողանում է այցեր իրականացնել: Մասնաւորապէս երէկ պատրիարքը այցելել է Գուրիի շրջան, որտեղ մասնակցել է հասարակական գործիչ Էկվտիմե Տակաիշվիլու տուն-թանգարանի բացմանը: Բացի այդ, նա եղել է Աչիի կիրճում գտնւող Ս. Գէորգի եկեղեցում:
«Ազգը» տեղեկացրել է, որ դեռեւս յունիս ամսին էր նախատեսւում Ամենայն Հայոց Կաթողիկոսի պաշտօնական այցը Վրաստանի պատրիարք Իլիա Երկրորդին, որից յետոյ Նորին Սրբութիւնը հովվապետական այցով պիտի լինէր Վիրահայոց թեմում` Թբիլիսիում եւ Ջաւախքում:
Ժամանակին մեր թերթը գրել էր, որ Ջաւախք հովվապետական այցի հաւանականութիւնն այնքան փոքր է, որ դրան կարելի է չհաւատալ: 1894-ից ի վեր Հայոց որեւէ կաթողիկոս չի այցելել Ջաւախք, երբ հայկական սփիւռքի շատ երկրներում են եղել մեր կաթողիկոսները:
Մինչդեռ Ջաւախքում վաղուց են սպասում Հայոց Կաթողիկոսի այցելութեանը, սպասում են ոչ միայն հաւատի, այլեւ ընդհանրապէս Հայ հոգեւոր առաջնորդի տեսնելու, օրհնութիւն ստանալու ակնկալիքով: Եւ սա այն դէպքում, երբ Ջաւախքում դժւարութեամբ են յաղթահարւում տասնեակ տարիներ առանց եկեղեցու ու հոգեւորականի ապրած ժամանակների սովորութիւնները, որոնց համաձայն ջաւախքցին հազւադէպ է մտնում եկեղեցի:


Ա.ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ,

Ազգ
ArmAr.am

Սաակաշվիլին Ջաւախքը մօտեցնում է Թբիլիսիին
15:51 • 16.11.10
Երէկ տեղի է ունեցել Թբիլիսին և Ախալքալաքը կապող ճանապարհի բացումը։ Բացման արարողութեանը մասնակցել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։Ինչպէս յայտնում է GHN–ը, 224 կմ երկարութեամբ նոր ճանապարհը թոյլ կտայ Թբիլիսիից Ախալքալաք հասնել 2,5 ժամում՝ նախկին 8 ժամւայ փոխարէն։
Ճանապարհաշինական աշխատանքների համար ծախսւել է 209 մլն դոլար, նախագիծը ֆինանսաւորւել է ԱՄՆ կառավարութեան և «Հազարամեակի մարտահրաւէր» հիմնադրամի աջակցութեամբ։Նշենք, որ 224 կմ երկարութիւն ունեցող ճանապարհի շինարարութեան համար պահանջւել է 2 տարի։

Tert.am

Վրացական կողմի հակաՀայկական
հերթական պահւածքը

ՎՐԱՍՏԱՆՈՒՄ, ԱՅՍՕՐ
ՖԱՇԻԶՄՆ Է ԽՕՍՈՒՄ...

«Դուք իրաւունք չունէք Հայերէն գրքերը ձեզ հետ Ջաւախք տանել, չի թոյլատրւում, դրանք պէտք է թողնէք այստեղ՝ մեզ մօտ»

«Մենք այստեղ տեսնում ենք և՛ վրացական քարոզչութեան, և՛ արևմուտքի արժէքների կեղծ բնոյթը. որ նրանք մի բան ասում են, բայց իրականում հնարաւոր չէ, որ արևմուտքում չիմանան, թէ ինչ ֆաշիստական ռեժիմ է Վրաստանում ձևաւորւել»
Հայերէնով գրքեր, թերթեր կամ ամսագրեր արգելւում է անցկացնել Վրաստան՝ անկախ դրանց բովանդակութիւնից: «Դուք իրաւունք չունէք գրքերը ձեզ հետ Ջաւախք տանել, չի թոյլատրւում, դրանք պէտք է թողնէք այստեղ՝ մեզ մօտ»,-Հայաստան-Վրաստան սահմանային բոլոր անցակէտերում նման պատասխան են տալիս, երբ Վրաստան մեկնող Հայ ուղևորների ձեռքում վրաց սահմանապահները յայտնաբերում են գրքեր, ամսագրեր կամ պարզապէս գրահրատարակչական այլ նիւթեր։
Նոյն ճակատագրին է արժանացել մի քանի օր առաջ Հայ երիտասարդների կողմից Ջաւախք ուղարկւած գրքերի, թերթերի ու ամսագրերի հերթական խմբաքանակը, որը վրաց սահմանապահները Նինոծմինդայի մաքսակէտից յետ են դարձրել: Սոյն խմբաքանակի մէջ ներառւող գրքերը չեն պարունակել հակավրացական որևէ քարոզչութիւն, այլ եղել են տարբեր բնագաւառներին վերաբերող գրականութիւն՝ սկսած խոհարարութիւնից, գեղարւեստական գրականութիւնից մինչև հայկական դրօշը և գերբը պատկերող պաստառներ: Սակայն վրաց մաքսաւորները դրանք համարել են հակաօրինական և գրքերի խմբաքանակը անցկացնելու փորձը որակել են պետական դաւաճանութիւն վրացական պետութեան նկատմամբ։ Այդ խմբաքանակից մէկական նմուշ վերցնելով՝ նրանք արգելել են դրանք Վրաստան տեղափոխել: Ի դէպ, յատկանշական է, որ սոյն խմբաքանակի մէջ եղել են նաև Հայաստանի Հանրապետական կուսակցութեան պաշտօնական ամսագրերը, որոնք ևս վրաց մաքսաւորնեը փաստօրէն հակապետական քարոզչութիւն են համարել:
Բավրայի մաքսակէտում մի քանի օր պահւած գրքերի խմբաքանակը յետ վերցնող Վահրամ Միրաքեանը վրացական կողմի այս քայլը որակեց ֆաշիզմ։ «Մենք այստեղ տեսնում ենք և՛ վրացական քարոզչութեան, և՛ արևմուտքի արժէքների կեղծ բնոյթը. որ նրանք մի բան ասում են, բայց իրականում հնարաւոր չէ, որ արևմուտքում չիմանան, թէ ինչ ֆաշիստական ռեժիմ է Վրաստանում ձևաւորւել: Լաւագոյն օրինակը այս գրքերի պատմութիւնն է: Եթէ անջատողական գրականութիւն լինէր, եթէ ահաբեկչական գրականութիւն լինէր, միանշանակ հասկանալի կլինէր, բայց եթէ Պարոյր Սևակի գիրքն են բռնում սահմանին, սա նշանակում է, որ էնտեղ ֆաշիստական ռեժիմ է գործում»-ասել է Վահրամ Միրաքեանը:
Սակայն վրացական կողմի նման ակնյայտ հակաՀայկական պահւածքին հայկական կողմը որևէ լուրջ պատասխան մինչև հիմա չի տալիս: Վահրամ Միրաքեանը այս փաստը բացատրում է նրանով, որ մենք այժմ միայն մտածում ենք ճանապարհների մասին։
-Վրաստանի ուղղութեամբ հայկական քաղաքականութիւնը ներկայ պահին կարելի է բնութագրել այսպէս՝ ամէն ինչ անել, մենակ ճանապարհը չփակւի։ Այսինքն՝ ամեն ինչ ներել: Եւ սրա շրջանակներում էլ այս բարձիթողի վերաբերմունքն է Ջաւախքի և վրացաՀայութեան նկատմամբ: Սրանով Վրաստանը աստիճանաբար թուլացնում է հայկական գործօնը Վրաստանում, որի հետևանքները ապագայում շատ տխուր կարող են լինել Հայաստանի համար»,-նշել է Վահրամ Միրաքեանը:

Դերենիկ Մալխասեան
Գիւմրի

Վրաստանի իշխանութիւնները
կրկին ի ցոյց են դրել իրենց
լկտի կեցւածքը
«Վրաստանի իշխանութիւնների նման պահւածքի վերաբերեալ, ՀՀ
իշխանութիւնները մինչ օրս հրապարակային որևիցէ կեցւածք չեն դրսևորել,
պահպանելով քար լռութիւն տեղի ունեցածի մասին»
Նոյեմբեր 12, 2010թ. 17:50
Վերջերս Հայ–վրացական սահմանային անցակէտում տեղի է ունեցել մի միջադէպ, որի ժամանակ Վրաստանի իշխանութիւնները կրկին անգամ ի ցոյց են դրել Հայաստանի ու Ջաւախքում բնակւող հայերի նկատմամբ իրենց լկտի կեցւածքը, համահունչ ՀՀ իշխանութիւնների վարած պարտւողական և ամորֆ քաղաքականութեան։
«Ոսկէ Աշուն» ամսօրեակի շրջանակներում Ջաւախքի Ախալքալաք շրջանում և քաղաքում կազմակերպւել էին մշակութային միջոցառումներ, որտեղ իրենց մասնակցութիւնը պէտք է ունենային նաև Երևանից հրաւիրւած ուսանողական–մշակութային խմբեր։
Նախատեսւած էր, որ հոկտեմբերի 24–ին Ախալքալաք քաղաքում կայանալիք գլխաւոր միջոցառմանը որպէս հրաւիրեալ պէտք է ներկայ գտնւէր նաև ՀՀ Սպորտի և երիտասարդութեան հարցերի նախարարի տեղակալ Արսէն Քարամեանը։ Վերջինիս այցելութեան կապակցութեամբ Վրաստանի պատկան մարմինները դիւանագիտական պատշաճ իրազեկում էին ստացել։ Նշւած օրը Բավրայի սահմանային անցակէտում վրացական կողմի աշխատակիցները Արսէն Քարամեանին թոյլ չեն տալիս ազատ տեղաշարժւել Վրաստանի տարածքով և երկար ժամանակ տեղում սպասեցնում են։
Որոշ ժամանակ անց Թբիլիսիից ժամանած յատուկ աւտոշարասիւնը իր մէջ ներառելով փոխնախարարի աւտոմեքենան շարժւում է Թբիլիսի, արգելելով փոխնախարարի մուտքը Ախալքալաք։
Մէկ–երկու օր փաստացի գտնւելով պատանդի կարգավիճակում, օգտւելով վրացական «յայտնի հիւրասիրութեան» վայելքներից, Արսէն Քարամեանը Բագրատաշէնի սահմանային անցակէտով վերադառնում է ՀՀ։
Վրաստանի իշխանութիւնների նման պահւածքի վերաբերեալ ՀՀ իշխանութիւնները մինչ օրս հրապարակային որևիցէ կեցւածք չեն դրսևորել, պահպանելով քար լռութիւն տեղի ունեցածի մասին, ինչը մէկ անգամ ևս խօսում է Վրաստանի իշխանութիւնների կողմից Հայաստանի Հանրապետութեան ու հայերի նկատմամբ ցուցաբերւող ակնյայտ արհամարհական և նւաստացուցիչ դրսևորման մասին։
Մի կողմից այս միջադէպը ապացոյց է այն իրողութեան, որ Վրաստանի իշխանութիւնները իրական շրջափակման մէջ են վերցրել Ջաւախքը և այնտեղ բնակւող հայութեանը, վերջինիս հայկականութիւնը խեղդելու և իրենց Հայատեաց նկրտումները անխափան շարունակելու գործելաոճով, միւս կողմից էլ Հայաստանի համար այս հերթական խայտառակութիւնն ուղղակի արդիւնք է ՀՀ իշխանութիւնների կողմից Վրաստանի նկատմամբ պարտւողական և մշտապէս զիջողական քաղաքականութեան, ինչպէս նաև Ջաւախքում բնակւող հայերի նկատմամբ նրանց աններելի կեցւածքի անփոփոխ շարունակման։
Իբր Հայաստանի «աշխարհագրական աննպաստ դիրքով» պատճառաբանւած, բայց իրականում իրենց սեփական տնտեսական գործարքներով ու շահերով պայմանաւորւած, ՀՀ իշխանական վերնախաւի կողմից իրականացւող այս քաղաքականութիւնը ընդամենը մի օրինակ է Հայաստանի ու Հայ ժողովրդի նկատմամբ այդ վերնախաւի ցինիկ և դաւաճանական վերաբերմունքի շղթայում։

Ջաւախք տարածաշրջան
Վրաստանի քարտէզի
վրայ գոյություն չունի !!!
Վրաստանի ԱԳ նախարար
14:43 • 04.10.10
«Ես չգիտեմ` ինչ է Ջաւախքը. այդպիսի տարածաշրջան Վրաստանի քարտէզի վրայ գոյութիւն չունի»,- այսօրւայ ասուլիսին ասաց Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձէն՝ պատասխանելով Հայ լրագրողի այն հարցին, թէ եթէ Վրաստանը ժամանակին վաւերացնէր Ազգերի, փոքրամասնութիւնների և տարածաշրջանային լեզուների մասին ԵԽ կոնվենցիան, միգուցէ այսօր Ջաւախքում չլինէ՞ին կրթական և լեզւական հարցերի շուրջ առաջացած տարբեր խնդիրները։
Վրացի նախարարն ասաց, որ չի տեսնում, թէ ինչ խնդրի մասին է բարձրացւած հարցը։ Ըստ նրա, Վրաստանում 103 Հայկական դպրոց է վերանորոգւել, որոնք համալրւել են համակարգչային տեխնիկայով։ Աւելին, նրա խօսքով, Վրաստանում աւելի շատ ուշադրութիւն են դարձրել հայկական դպրոցներին, քան վրացական:
Վրացի նախարարը յաւելեց, որ դպրոցականները բազային կրթութիւն ստանում են հայերէն, վրացական բուհերում ուսանելու համար «Սամցխէ-Ջաւախեթիից եկած դիմորդները հիմնական քննութիւնները հայերէն են տալիս»:

Tert.am

«Մեզ չթոյլատրւեց

հանդիպել Էդւարդ Նալբանդեանի հետ»



Օրեր առաջ ԱԺ պատգամաւոր, «Ջաւախք» հայրենակցական միութեան նախագահ Շիրակ Թորոսեանը ահազանգել էր, թե Թբիլիսիում յատուկ ծառայութիւնների կողմից վերջերս Հայ մանկավարժների սև ցուցակ է պատրաստւել, որում ներառւած են հիմնականում Հայոց Լեզւի և պատմութեան առարկայ դասաւանդող մանկավարժները և որոնց այլևս չի թոյլատրւում աշխատել ոչ միայն Վրաստանի, այլև Ջաւախքի հայկական դպրոցներում:
Այսօր նման ահազանգ է հնչեցնում Թբիլիսիի հայկական ասամբլեեան. «Վրաստանում Հայոց Լեզւի դէմ «կռիւ» է սկսւել։ Ջաւախքում սկսել են կրճատել Հայոց Լեզւի ջատագովներ հանդիսացող ուսուցիչներին»։
Հայկական ասամբելեայի համակարգող Առնոլդ Ստեփանեանը նշել է որ Վրաստանի հայկական դպրոցների թիւը տարեցտարի կրճատւում է։ Առնոլդ Ստեփանեանի խօսքով՝ Վրաստանի իշխանութիւնները թոյլ չեն տալիս, որպէսզի հայկական դպրոցները զարգանան: Վրաց իշխանութիւնների միտումը հասկանալի է. «Նորմալ գիտելիք չունեցող համայնքին աւելի հեշտ է կառավարել»,- նշեց նա։
Թբիլիսիի հայկական ասամբլեան ահազանգում է՝ Վրաստանի, մասնաւորապէս՝ Ջաւախքի հայկական դպրոցները լուրջ բարեփոխումների կարիք ունեն։ Ըստ Ստեփանեանի՝ այս հարցին պէտք է պետական մակարդակով լուծում տրւի, մինչդեռ.«Հայաստանի կառավարութիւնը չի համագործակցում մեզ հետ»,-դժգոհում է Ստեփանեանը:
«Ես մտադիր էի հանդիպել և այդ հարցը ներկայացնել վերջերս Վրաստան այցելած Հայաստանի արտգործնախարարին։ Ցաւօք, և ինձ, և այն անձանց, ովքեր ցանկութիւն ունէին բարձրաձայնել հայութեան խնդիրները, չթոյլատրւեց հանդիպել Էդւարդ Նալբանդեանի հետ»,- ընդգծեց Ստեփանեանը։
ArmAr.am



Մուղնու Սբ. Գէորգ եկեղեցին կը վերականգնւի

Խոստանում են վրացիները



13:45 • 14.08.10
Թբիլիսիի Մուղնու Սբ. Գէորգ հայկական եկեղեցու վերականգնողական ծրագիրը կազմւած է երեք փուլից։ Առաջին՝ հետազոտութիւնների փուլը, արդէն աւարտւած է։
Ինչպէս այսօր լրագրողներին տեղեկացրեց մշակոյթի փոխնախարար Արևիկ Սամուէլեանը՝ մինչև այս տարւայ սեպտեմբերի վերջ կներկայացւի եկեղեցու էսքիզը, իսկ վերջնական նախագիծը վրացական կողմը կներկայացնի տարւայ վերջին։
Ըստ նրա՝ այս պայմանաւորւածութիւնը ձեռք է բերւել օգոստոսի 5–12–ը։ Այդ օրերին Վրաստանում էր հայկական պատւիրակութիւնը։ «Եկեղեցին դարձաւ խթան՝ ցաւալի խթան, որը բերեց համագործակցութեան», – ասաց նա։Յիշեցնենք, որ Մուղնու Սբ. Գէորգ եկեղեցին փլուզւեց 2009թ. նոյեմբերին։ Այս տեղեկութիւնը մեծ արձագանք ստացաւ հասարակութեան մէջ։
Փոխնախարարը տեղեկացրեց, որ կատարւելիք աշխատանքների վերջնական քննարկումը կանցկացւի Հայաստանում՝ վրացական պատւիրակութեան մասնակցութեամբ։ Իսկ վերականգնողական աշխատանքները կսկսւեն արդէն միւս տարի։Սամուէլեանը չկարողացաւ ասել, որքան ֆինանսական միջոցներ կպահանջի եկեղեցու վերականգնումը։
Եկեղեցու վերականգման աշխատանքների ժամկէտները և անհրաժեշտ գումարը յայտնի կդառնայ, երբ պատրաստ կը լինի վերջնական նախագիծը։ Միաժամանակ, նա տեղեկացրեց, որ նախագծային աշխատանքները իրագործելու համար վրացական կողմը յատկացրել է 26 հազար ամերիկեան դոլար։
Մուղնու Սբ. Գէորգ եկեղեցին գտնւում է Թբիլիսիի Սոլոլակի թաղամասում, որը, փոխնախարարի ներկայացմամբ, նոյնպէս ամբողջութեամբ վթարային իրավիճակում է, քանի որ բլրի տակ ոչ շատ մեծ խորութեան վրայ հոսում են ստորգետնեայ ջրեր։Բոլոր աշխատանքներն արւելու են համատեղ՝ երկու կողմերի մասնակցութեամբ։ Աւելացնենք, որ պատւիրակութիւնն այցելել է նաև Նորաշէնի Սբ. Աստւածածին եկեղեցի, որը նոյնպէս վերականգման կարիք ունի։ Վրացական կողմը հաւաստիացրել է, որ յաջորդ տարի բիւջէում կնախատեսւի գումար յուշարձանի հետազոտութիւնների համար։

Tert.am


Ռուսաստանի ջաւախահայերը անիծում են վրաց
չինովնիկին ու համարում գործակալ
Յուլիս 30, 2010 21:10
Ռուսաստանի ջաւախահայութիւնը բողոքում է Վրաստանի ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Նալբանդովի յայտարարութիւնների հետ կապւած, ով նշել է, որ վիրահայոց կողմից «վիճելի» եկեղեցիները հայերին վերադարձնելու պահանջը համարել է հիմքից զուրկ, քանի որ «պատմաբանները պարզել են, որ դրանք վրացական են»:
«Ռուսաստանի ջաւախահայութիւնը կարծում է, որ Նալբանդովը յատուկ ծառայութիւնների գործակալ է եւ վրաց ժողովրդի վտանգաւոր թշնամի: Նա Ռուսաստանի հասցէին կեղտոտ արտայայտութիւններ անելու համար նշանակւած յատուկ դրածոյ է, ով լարում է ազգամիջյանի վճակը եւ հայերին Վրաստանից քշելու պատւէր է կատարում»,- ասւած է NEWS.am-ին ուղարկւած ջաւախահայերի յայտարարութեան մէջ:
«Մենք` Ռուսաստանի ջաւախահայերս, Ալեքսանդր Նալբանդովին յայտարարում ենք Հայ ազգի թշնամի եւ կոչ ենք անում աշխարհի հայերին տարածել այս տեղեկութիւնը, որպէսզի բոլորն իմանան մեր ազգի ծպտւած թշնամու մասին: Մենք կոչ ենք անում աշխարհի բոլոր հայերին, այսուհետ իրենց տուն չթողնել այդ քաղաքացուն եւ խուսափել նրա հետ որեւէ շփումից, իսկ Հայ պատմաբաններին խնդրում ենք նրա անունը մտցնել բոլոր պատմական աղբիւրների մէջ, որպէսզի մեր սերունդներն իմանան եւ անիծեն նրա տոհմը` որպէս թշնամու»,- ասւած է յայտարարութիւնում:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Վահագն Չախալեանի յայտարարութիւնը Ռուսթավիի
քրէակատարողական հիմնարկից
13:24 • 16.07.10
«2010թ. յուլիսի 5-ին Վրաստանի Գերագոյն դատարանը որոշում ընդունեց, որով հրաժարւեց իմ հօր՝ Ռուբէն Չախալեանի, կրտսեր եղբօր՝ Արմէն Չախալեանի և իմ գործն ընդունել վարոյթ՝ թողնելով մեր նկատմամբ կայացւած դատավճիռներն անփոփոխ: Այս որոշումը սպասելի էր. գերագոյն դատարանը, ինչպէս մինչ այդ՝ առաջին ատեանի ու վերաքննիչ դատարանները, հլու հնազանդ ենթարկւեց վրացական իշխանութիւնների կամքին՝ ոտնահարելով արդար դատավարութեան տարրական սկզբունքները:
Դատարանի այս որոշումը համահունչ է Ջաւախքահայութեան քաղաքական, քաղաքացիական, լեզւա-կրթական, կրօնական և մշակութային իրաւունքների ոտնահարման վրացական իշխանութիւնների քաղաքականութեանը վերջին շրջանում նոր թափ հաղորդելու միտումներին.
* Քաղաքական և տնտեսական ճնշման են ենթարկւում, ոստիկանութեան հսկողութեան տակ են գտնւում Ջաւախքում գործող հայկական հասարակական-քաղաքական կազմակերպութիւնների ակտիւ անդամները, ազգային գործիչները, Հայ ակտիւիստներին ստիպում են հեռանալ երկրից.
* Նոր դրսևորումներ է ստանում Վրաստանի հայաբնակ շրջանների (Սամցխէ-Ջաւախք-Ծալկա) ցաղային-ժողովրդագրական պատկերի փոփոխման վրացական իշխանութիւնների աւանդական քաղաքականութիւնը. վերսկսւել է աջարների Ջաւախք վերաբնակեցման գործընթացը,
* Վրացերէնի իմացութեան բարելաւման պատրւակով միջոցներ են ձեռնարկւում հայկական դպրոցների վրացականացման գործընթացի արագացման ուղղութեամբ, աշխատանքից են ազատւում իշխանութիւններին անցանկալի Հայ ուսուցիչները,- Նոր անուններով է համալրւում ջաւախքահայութեան իրաւունքների պաշտպանութեամբ զբաղւող գործիչների Վրաստան մուտքն արգելող «սև ցուցակը»:
Առկայ իրավիճակից միջազգային հանրութեան հետզհետէ աճող մտահոգութեանը իշխանութիւնները պատասխանում են ապատեղեկատւութիւն տարածելով և կտրականապէս ժխտելով Հայ բնակչութեան նկատմամբ խտրականութեան փաստերը: Այս պայմաններում ջաւախքահայութեան շրջանում հետզհետէ ուժեղանում են դժգոհութեան, օտարւածութեան, հիասթափութեան և անտարբերութեան տրամադրութիւնները: Դրա վերջին և ամենավառ վկայութիւնը մայիսի 30-ի Վրաստանի ՏԻՄ ընտրութիւնների ջաւախքահայութեան կողմից փաստացի բոյկոտն էր, ինչը վրացական իշխանութիւններին ստիպեց կեղծել Ջաւախքում դրանց արդիւնքները՝ «նկարելով» 75-78% մասնակցութիւն և ստեղծելով իշխող կուսակցութեան օգտին քւէարկած «մեռեալ հոգիների» ստւար բանակ:
Հաշւի առնելով վերոնշեալը՝ ես վերահաստատում եմ իմ և իմ ընտանիքի անդամների նկատմամբ արդարութեան վերականգնման համար միջազգային բոլոր ատեաններում պայքարելու վճռականութիւնը:
Մնում եմ այն համոզման, որ բանտերի ու հալածանքների միջոցով ջաւախքահայութեան բողոքը լռեցնելու միտւած բոլոր քայլերը չեն հասնելու իրենց նպատակին: Մեր պայքարը յանգեցնելու է նրան, որ վրացական իշխանութիւնները վաղ թէ ուշ ստիպւած են լինելու ենթարկւել առկայ խնդիրները երկխօսութեան միջոցով լուծելու հրամայականին:
Երկխօսութեան դաշտ ստեղծելու համար վրացական իշխանութիւնները առաջին հերթին պարտաւոր են վերջ տալ ճնշումների, սպառնալիքների ու բռնութիւնների լեզւով ջաւախքահայութեան հետ խօսելու իրենց քաղաքականութեանը և մասնաւորապէս`
* Դադարեցնել ջաւախքահայ հասարակական- քաղաքական գործիչների հետապնդումները,
* Բեկանել իմ հօր, կրտսեր եղբօր և իմ նկատմամբ ընդունւած անարդար դատավճիռները, փոխհատուցել այս անօրինական գործընթացների հետևանքով առաջացած բոլոր վնասները,
* Թոյլ տալ վերադառնալ հալածանքների արդիւնքում երկրից հեռացած բոլոր Հայ ակտիւիստներին,
* Կատարել իմ ձերբակալութեանը նախորդած դէպքերի արդար և անկողմնակալ հետաքննութիւն,
* Վերացնել Վրաստան մուտք գործելու վրայ արգելք դրւած Հայ գործիչների «սև ցուցակը»:
Ջաւախքահայութեանը յուզող քաղաքական, քաղաքացիական, լեզւա-կրթական, կրօնական եւ մշակութային խնդիրներին պէտք է տրւեն ազգային փոքրամասնութեան պաշտպանութեան գործող միջազգային նորմերի տառից և ոգուց բխող լուծումներ:
Վրաստանի հայաբնակ շրջանների ցեղային-ժողովրդագրական պատկերի արհեստական փոփոխմանն ուղղւած բոլոր ծրագրերը պէտք է կասեցւեն:
Միջազգային կառոյցները պարտաւոր են յստակ կեցւածք որդեգրել Հայ բնակչութեան նկատմամբ վրացական իշխանութիւնների կողմից իրականացւող խտրական քաղաքականութեան անհանդուրժելիութեան վերաբերեալ: Երկակի չափանիշները, անորոշ և լղոզւած քայլերը միմիայն աւելի են խորացնելու խնդիրները, մեծացնելու են անկայունութիւնը և անկանխատեսելի զարգացումների հաւանականութիւնը»:
Tert.am

Ջաւախքում հայերէնը զիջում է իր դիրքերը


«Վրացիները այս առումով ադրբեջանիցիներից աւելի այլանդակ են և թոյլ չեն տալիս որևէ հայատառ դասագիրք մեծ քանակութեամբ` առաւել ևս հայ ժողովրդի պատմութեան վերաբերեալ, ներմուծւի Ջաւախք»

Հայերէնի պահպանման խնդիրը առկայ է ոչ միայն հեռաւոր Սփիւռքում, այլև Հայաստանին ամենամօտ գտնւող Ջաւախքում: Ըստ Ջաւախքի բնակիչների` հայերէնը ժամանակի ընթացքում զիջում է իր դիրքերը, չնայած այն հանգամանքին, որ հայկական հին բնակավայր Ջաւախքում գլխաւորապէս հայերն են ապրում և խօսակցական լեզուն էլ` հայերէնն է:
«Վերջին տարիների ընթացքում վրացերէնն է դառնում առաջնային»,- Aysor-ի հետ զրոյցում յայտնեց Ջաւախքի Սաթխա գիւղի բնակչուհի Ռուզաննա Ստեփանեանը:
Ռ. Ստեփանեանը, սակայն, խնդիրը դպրոցների մէջ չի տեսնում, այլ կարծում է, որ «սովորողը, եթէ խելացի է, կարող է և’ լաւ հայերէն սովորել, և’ վրացերէն, և’ ուրիշ լեզուներ էլ»:
Յիշեցնենք նաև, որ Վրաստանում` ցանկացած վայրում, ցանկացած տիպի աշխատանք կատարելու համար վրացերէնի իմացութիւն է պահանջւում, մինչդեռ Ջաւախքում մինչ օրս վրացերէնի դասաւանդումը խիստ ցածր մակարդակի վրայ է դրւած: Այս մասին բարձրաձայնում են ոչ միայն Ջաւախքի բնակիչները, այլև հասարակական ու քաղաքական գործիչները:
«Մանկապարտէզներում լեզուներ են սովորեցնում` հայերէն, ռուսերէն, վրացերէն»,- յայտնեց Ռ. Ստեփանեանն ու ընդգծեց. «Հայերէնի համար յատկացւած դասաժամերն աւելի շատ են, քանի որ կարևորը հայերէնը լաւ տիրապետեն, չէ՞ որ իրենք հայ են»:
Հէնց այս առիթով էլ 2 երեխաների մայրը նշեց, որ գիւղում երեխաները գրական լեզւի պակաս ունեն, և ինքն ամէն գնով ցանկանում է այդ բացը լրացնել: Իր խօսքում նա ընդգծեց, որ առաջին հերթին կարևոր է հայերէնի իմացութիւնը` անկախ ամէն ինչից:
44-ամեայ Սպիրիդոնը, սակայն, նշեց, որ գիւղում կրթութեան մակարդակն էլ շատ ցածր է: Ըստ նրա` երիտասարդներն այստեղ ուսման մէջ էլ ապագայ չեն տեսնում:
«Ոչինչ չունենք` ո’չ կրթութիւն, ո’չ մի հետաքրքրութիւն, ո’չ մի ապագայ չենք կարող գտնել, դրա համար էլ երիտասարդները միայն գիւղից փախնելու մասին են մտածում»,- ընդգծեց պարոն Սպիրիդոնը:
Հայերէնի խնդիրներին Aysor-ի հետ զրոյցում անդրադարձաւ նաև ԱԺ պատգամաւոր Հայկ Սանոսեանը, ով նշեց, որ Ջաւախքում հայերէնի իմացութեան մակարդակը պահելու համար պարբերաբար գրականութիւն է ներմուծում Հայաստանից: Մինչդեռ այս հարցում, ևս, վերջին ժամանակներում խնդիրներ են առաջացել, և ոչ բոլոր դէպքերում ու ոչ բոլորին է յաջողւում հայերէնով գրականութիւն կամ նոյնիսկ մամուլ հասցնել Ջաւախք:
«Դասագրքերի առումով բաւականին մեծ խնդիր կայ. Հայաստան-Վրաստան սահմանի բոլոր անցակետէրում Վրաստանի իշխանութիւնները յանձնարարել են ոչ մի գիր ու գրականութիւն թոյլ չտալ, որ ներմուծւի Ջաւախք»,- մեզ հետ զրոյցում յայտնեց Գիտութիւնների ազգային ինստիտուտի աշխատակից, գրականագէտ Նւէր Վիրաբեանը, ով նշեց նաև, որ չնայած խնդրի վերաբերեալ քննարկում և պայմանաւորւածութիւն է ձեռբերւել երկու պետութիւնների կրթութեան և գիտութեան նախարարների կողմից, սակայն արդիւնք մինչև հիմա չի գրանցւել:
Ն. Վիրաբեանը փաստեց, որ շատերն իրենից էլ են դասագրքեր խնդրում` Ջաւախք տանելու համար և մասնաւոր հիմունքներով են դասագրքերը տեղափոխւում` մէկն իր ճամպրուկում թաքցրած, մէկն այլ միջոցով:
«Նրանք այս առումով ադրբեջանիցիներից աւելի այլանդակ են և թոյլ չեն տալիս որևէ հայատառ դասագիրք մեծ քանակութեամբ` առաւել ևս հայ ժողովրդի պատմութեան վերաբերեալ, ներմուծւի Ջաւախք»,- ընդգծեց գրականագէտն ու յաւելեց, որ Ջաւախքում Հայոց Պատմութիւնը, Հայոց լեզուն և մնացած առարկաները դասաւանդւում են նախորդ սերնդի համար Հայաստանում տպագրւած դասագրքերով, քանի որ նոր հրատարակութիւնները չի յաջողւել ուղարկել:
Ինչ վերաբերում է Ջաւախքի, ինչպէս նաև Վրաստանի միւս շրջանների հայկական դպրոցներում դասաւանդող ուսուցիչների վերապատրաստմանը, Ն. Վիրաբեանի խօսքերով` այս հարցն այսպէս, թէ այնպէս լուծւում է:
«Մի ժամանակ այն իրականացւում էր Ամենայն Հայոց կաթողիկոսի հովանաւորութեամբ, հիմա` Խ. Աբովեանի անւան հայկական պետական մանկավարժական համալսարանում գործում է Սփիւռքի կենտրոն, որտեղ իրականացւում է նաև մեր ներքին Սփիւռքի` Ջաւախքի հայկական դպրոցների ուսուցիչների ամենամեայ վերապատրաստումը»,- մանրամասնեց գրականագէտը:
Ն. Վիրաբեանի համոզմամբ, սակայն, խնդիրը պէտք է լուծւի միջկառավարական մակարդակով, այլապէս` «Խոստումներ են հնչում, սակայն սայլը տեղից չի շարժւում»:
15.06.2010, 13:22
Aysor.am

Քոքս.–
Երևանի զուսպ արձագանքը Բաքւին մոլորութեան հնարաւորութիւն է տալիս

ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանն այսօր ընդունել է Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի նախկին փոխխօսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսին:
Ինչպէս յայտնում է ՀՀ Նախագահի մամլոյ գրասենեակը, հանդիպման ժամանակ Սերժ Սարգսեանն ասել է, որ բարոնուհու և նրա համախոհների աւանդական դարձած այցելութիւնները Հայաստան և Արցախ, հայկական կողմի հետ նրանց արդիւնաւէտ համագործակցութիւնը բարձր գնահատանքի են արժանի:
«Մէկ անգամ ևս շնորհակալութիւն Ձեզ և Ձեր ընկերներին` երկար տարիների հետևողական աշխատանքի համար»,- ասել է նախագահը:
Բարոնուհի Քոքսը նախագահ Սարգսեանին պատմել է իր` թւով արդէն 70-րդ այցելութեան ընթացքում ստացած տպաւորութիւնների մասին: Նա ասել է, որ ինչպէս նախորդ այցերին, այնպէս էլ այս անգամ ուրախութեամբ արձանագրել է, որ թէ Երևանում, և թէ Ստեփանակերտում մեծ դրական փոփոխութիւններ են կատարւում:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի և Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների վերջին զարգացումներին: Քերոլայն Քոքսն ասել է, որ միջազգային հանրութիւնը միանշանակ բարձր է գնահատում Հայաստանի` հարևան երկրների հետ խնդիրները բանակցութիւնների և համագործակցութեան միջոցով լուծելու դիրքորոշումը: Սակայն, բարոնուհու խօսքով, Հայաստանի զուսպ արձագանքը Ադրբեջանի ստայոդ ակտիւ քարոզչութեանը վերջինիս հնարաւորութիւն է տալիս յաճախ մոլորութեան մեջ գցելու նոյն այդ հանրութեանը:

ԱՅՍՕՐ, 19:25
Aysor.am

Հայերն Ախալցխայում բնակւել են

14-րդ դարից ի վեր

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ մշակոյթի նախարարութեան պատմամշակութային ժառանգութեան գիտահետազոտական կենտրոնի տնօրէն Յակոբ Սիմոնեանը խօսեց Վրաստանի Ախալցխա քաղաքում Երևման Սուրբ Խաչ եկեղեցու շուրջ ստեղծւած իրադրութեան մասին:
Բանախօսը նշեց, որ մարտ ամսին, ահազանգ ստանալով, որ Երևման Սուրբ Խաչ եկեղեցու տարածքում հողային աշխատանքներ են ընթանում, կենտրոնը արշաւախումբ է կազմակեպել` տեղում իրավիճակը աւելի հանգամանալից ուսումնասիրելու համար:
«Երևման Սուրբ Խաչ եկեղեցին յայտնի է եղել դեռևս 18-19-րդ դարի հետազոտողներին»,- նշեց Յակոբ Սիմոնեանը:
Ինչ վերաբերում է հողաշինական աշխատանքների արդիւնքին, ապա ըստ Յ. Սիմոնեանի, գտնւել են հայատառ արձանագրութիւններ:
«Խորանի արևելեան պատի մէջ` ներքուստ, շարւած էին 4 խաչքարեր, որոնցից 3-ն ունէին հայերէն արձանագրութիւններ»,- տեղեկացրեց Յ. Սիմոնեանը և յաւելեց, որ այդ խաչքարերի մէջ կարևորագոյնն այն խաչքարն էր, որի վրայ նշւած էր 1366 թւական:
Ըստ նրա, կարող ենք ասել, որ այդ վկայութիւնը առայժմ մեզ յայտնի գոյութիւն ունեցող ամենահնագոյնն է, որ փաստում է, որ այս տարածքում հայերը բնակւել են 14-րդ դարից ի վեր:
«Այն մտացածին տեսակէտը, որ Ախալցխայի շրջանը հայաբնակ չի եղել և այդտեղ միայն Կարնոյ գաղթից յետոյ են հաստատւել հայկական էթնիկ տարրերը, չի համապատասխանում իրականութեանը. այդտեղ եղել է հզօր հայկական համայնք, որն իր հետևից թողել է բազմաթիւ խաչքարեր և դրանից կարևորագոյնը Երևման Սուրբ Խաչի խաչքարերն են»,- ընդգծեց Յակոբ Սիմոնեանը:

ԱՅՍՕՐ, 15:08
Aysor.am

Գիւղում մէկ եկեղեցի և մէկ քահանայ` ամբողջ շրջանի համար


Ջաւախքի Սաթխա գիւղի բնակիչները հպարտանում են, որ իրենց գիւղում հայկական եկեղեցին գտնւում է բարեկարգ վիճակում, մինչդեռ վրացականը` «անտէրութեան մատնւած` փլատակների է վերածւելու»:
«Որտեղ Հայ` այնտեղ եկեղեցի» արտայայտութիւնը բնորոշ է նաև Ջաւախքին: Ինչպէս ամէն տեղ, այնպէս էլ Ջաւախքում, հայերն առանձնայատուկ դերակատարում ու կարևորութիւն են տալիս Հայ Առաքելական եկեղեցուն:
Այնուամենայնիւ, շուրջ 5500 բնակչութիւն ունեցող Սաթխա գիւղի համար կայ մէկ գործող եկեղեցի, սակայն քահանան էլ մէկն է` ամբողջ շրջանի համար: Գիւղի բնակիչները ստիպւած շրջանի քահանային այլ բնակավայրից կանչում են` ցանկացած ծէս կատարելու համար, իսկ եկեղեցական գլխաւոր տօների ժամանակ` քահանան ստիպւած է մէկ օրւայ ընթացքում մի քանի շրջանում տարբեր ժամերի պատարագ մատուցել:
Aysor-ի հետ զրոյցում Ջաւախքի Սաթխա գիւղի բնակչուհի տիկին Արուսեակը նշեց, որ, չնայած հոգևորականի պակասը լրացւում է, սակայն ինքը դէմ չէր լինի, որ գիւղի հոգևորականը լինէր հէնց գիւղից:
«Հաւանաբար մեր գիւղից ոչ մէկ չի ցանկացել ճեմարանում ուսում ստանայ, յետոյ գայ ու այստեղ քահանայութիւն անի, թէ չէ հէնց մեր գիւղից կլինէր մեր քահանան»,- քահանայի բացակայութեան հանգամանքը մեկնաբանեց տիկին Արուսեակը:
Աղանդաւորական խմբեր կան նաև Ջաւախքում: Տիկին Արուսեակը չի սրտնեղւում դրանից, քանի որ «ամէն մէկն իր պաշտամունքն ունի, և իրեն ոչինչ չի կարող ստիպել, որ ինքն իր հաւատը փոխի` աղանդաւոր դառնայ»:
Նշենք, որ Նինոծմինդա շրջանի, այդ թւում Սաթխա գիւղի հոգևոր սպասաւոր տէր Արմաշ քահանայ Պօղոսեանը, հրաժարւեց Aysor-ի հետ խօսել Ջաւախքում առկայ հոգևոր խնդիրներից, ինչպէս նաև այն խոչընդոտներից, որոնք առաջանում են Վրաստանում` մինչ օրս Հայ առաքելական եկեղեցու պետականօրէն գրանցւած չլինելու հանգամանքից ելնելով:
Յիշեցնենք, որ Հայ առաքելական եկեղեցու` Վրաստանում պետականօրէն գրանցում ստանալու խնդիրը կարևորւում է ոչ միայն հոգևոր, այլև մշակութային ժառանգութեանը տէր կանգնելու տեսանկիւնից: Եզակի չեն այն դէպքերը, երբ Վրաստանում հայկական եկեղեցիները վերանորոգելու պատրւակով, դրանցում հայերէն մակագրութիւնները հիմնովին ոչնչացւում են, քանդւում է հայկական եկեղեցիներին բնորոշ բեմը և եկեղեցին վերջնականապէս վրացականացւում է, շատ դէպքերում էլ հիմնայատակ ոչնչացւումեն հայկական եկեղեցիներն ու դրանց շրջապատող ցանկացած հայկական տարր` սկսած խաչքարերից մինչև հայկական մակագրութիւններով գերեզմանաքարեր:

Լիլիթ Բունիաթեան
05.06.2010, 13:43
Aysor.am

Ջաւախքցին աշխատանք է սիրում … որտե՞ղ գտնի

Ջաւախքի Սաթխա գիւղը, որն ունի շուրջ 5500 բնակչութիւն և 700 տնտեսութիւն, իր օրւայ ապրուստը վաստակում է անասնապահութեամբ ու գիւղատնտեսութեամբ: Բնակիչների խօսքով նաև` այստեղ խնդիր կարելի է գտնել ցանկացած ոլորտում:
«Մերն ապրելիք չէ, քաշելիք է. ամէն պրոբլեմ էլ կայ, ի՞նչ ունենք որ. ոչ մի բան էլ չունենք, մի հատ հաւի ու կովի ապրուստով ենք մնացել»,- Aysor-ի հետ զրոյցում նշեց գիւղի բնակիչ 44-ամեայ Սպիրիդոն Ստեփանեանը, ով ներկայացաւ որպէս «գիւղի տրակտորիստ»:
Ս. Ստեփանեանի խօսքերով, սակայն, իրենց չի յաջողւում նոյնիսկ բաւարար պայմաններով գիւղատնտեսութեամբ զբաղւել, քանի որ «ոչ մէկը չկայ, որ օգնութեան ձեռք մեկնի»: Այսպէս, օրինակ, 20 լիտր վառելիք գնելու դիմաց, ըստ նրա, 1 կով են պահանջում (նոյն գինն է):
«4 մեշոկ կարտոշկայ կտանինք Թիֆլիս, 2-ը ձեռքներիցս կառնեն, Հայաստան կուգանք` Հայաստանում ռաստամոժկայ կուզեն, էլ ինձ որտեղի՞ց 60 լարի, որ 4 մեշոկ կարտոշկայ ռաստամոժկայ անեմ»,- նկարագրեց Ս. Ստեփանեանն ու յաւելեց, որ իրենց վիճակը «2 քարի արանքից էլ է բեթար. յետևը սուր, առաջը թուր, չգիտեն` ի՞նչ պէտք է անեն»:
Գիւղացին ասաց, որ ոչ մի լաւ բան չեն տեսնում և ոչ մի լաւ բանի յոյս էլ չունեն: Գիւղում վերջին 22 տարւայ ընթացքում տեղի ունեցած միակ փոփոխութիւնը, ըստ նրա, ոռոգման ջուրն է, որը եթէ չլինէր «գիւղում միայն չոր գերեզմանները կմնային»:
«Մեր պրոբլեմն առաջին հերթին դակումենտերն են: Մեզ ո’չ Հայաստանն է պէտք, ո’չ Վրաստանը, մեզ մի դակումենտ տան` գնանք Ռուսաստան, մեր ապրուստը կճարինք, ուրիշ ոչ մի բան պէտք չէ»,- յայտնեց Ս. Ստեփանեանը, ով արտագնայ աշխատանքի մէջ է միայն տեսնում գիւղի բնակչութեան խնդիրնների լուծումը, և յաւելեց. «Մենք պէտք է դուրս գանք, մենք աշխատաւոր ժողովուրդ ենք, մենք ջաւախքցի ենք, մենք կռիւ չենք սիրէ, մենք աշխատանք ենք սիրում»:
Ըստ նրա` համապատասխան փաստաթղթեր տրամադրելու հարցում իրենց կարող է օգնել միայն վրացական իշխանութիւնը, քանի որ «Հայաստանն իր անելիքն արել է` ջաւախքահայերին տալով երկքաղաքացիութեան իրաւունք»: Այս առիթով նա նշեց, որ գիւղից շուրջ 670 երիտասարդ, երկքաղաքացիութիւն ստանալով, կարողացել է մեկնել Ռուսաստան` արտագնայ աշխատանք կատարելու: Իսկ առհասարակ փաստաթուղթ ստանալու համար էլ, Ս. Ստեփանեանի խօսքերով` «100 լարի են պահանջում, որով մի ընտանիքը 2 ամիս կարող է ապրել»:
«Խօսք են տւել, բայց արդէն 5 ամիս է մեզ ոչ մի դակումենտ չեն տւել: Երեխաս բանակի տարիքին է, էլի բանակից չենք խուսափի, բայց տղես Վրաստանի քաղաքացի է, իսկ մենք Վրաստանից ոչինչ չենք տեսնի, ու՞մ համար ծառայի»,- սրտնեղւեց գիւղացին, բայց յաւելեց, որ եթէ բանակից խուսափող լինէր, կամաւոր կերպով չէր մասնակցի Արցախի ազատագրական հերոսամարտին:
65-ամեայ Նազիկ Բրոյեանը, սակայն, չի դժգոհում իրենց վիճակից, չնայած, իր խօսքերով, գիւղում ապրում են ինքն ու ամուսինը` երկու թոշակառու, ովքեր իրենց թոշակով ոչինչ չեն կարողանում անել:
«Երեխաներս Ռուսաստան կապրին` 4-ը, մեր ամբողջ ապրուստն էնտեղից կուգայ: Ամէն ամառ թոռներս կուգան մեզ մօտ արձակուրդ, հայրենի գիւղի գետերը, լեռները, այս լաւ վայրերը տեսնելու»,- թոռների գլուխը շոյելով պատմեց տիկին Նազիկը:
Տիկին Նազիկի խօսքերով` գիւղում գրեթէ չկայ մի ընտանիք, որում արտագնայ աշխատանք կատարողներ չլինեն: Մինչդեռ գիւղի բնակչուհի Ռուզաննա Ստեփանեանը նշեց, որ իւրաքանչիւրն ինքն է որոշում ի՞նչ աշխատանք և որտե՞ղ կատարի: Նա համոզւած է, որ ցանկութեան դէպքում` մարդիկ այդ նոյն աշխատանքը կարող են գտնել ինչպէս Վրաստանում, այնպէս էլ Հայաստանում: Միևնոյն ժամանակ նկատեց, որ գիւղից հեռանում են հիմնականում երիտասարդները, ովքեր «Սաթխայում ապագայ չեն տեսնում»:
Անկախ խնդիրներից` բոլորը միակարծիք էին այն հարցում, որ գիւղն աջակցութեան կարիք ունի, և եթէ գիւղում էլ ստեղծւեն ապրելու, սովորելու ու գործելու պայմաններ` «ոչ ոք էլ ոչ մի տեղ չի գնայ»:

Լիլիթ Բունիաթեան
ԱՅՍՕՐ, 13:32
Aysor.am