ԹՈՒՐՔԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ ԲԱԺԱՆՒԵԼ Է ԵՐԿՈՒ ՄԱՍԻ

Ինչպէս յայտնի է, Պոլսոյ Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆեանի առողջութեան անշրջելի վատթարացման պատճառով թուրքահայ համայնքը նոր գահակալ ընտրելու խնդրի առջեւ է կանգնել:
Պատրիարքարանի կրօնական ժողովը, որը համայնքի կողմից ընտրւած օրինական մարմին է ու պատրիարքի հիւանդութիւնից յետոյ տնօրինում է գործերը, ցանկանում է, որ համայնքը աթոռակից պատրիարք ընտրի եւ ընտրութիւն անցկացնելու թոյլտւութիւն ստանալու համար դիմել է Թուրքիայի իշխանութիւններին:
Պատրիարքարանի կրօնական ժողովի ատենապետ եւ աթոռի լուսարարապետ Արամ արքեպիսկոպոս Աթեշեանը, Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ եպիսկոպոս Չուլջեանը եւ Գերմանիայի հայերի հոգեւոր թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչեանն այն երեք թեկնածուներն են, որոնք մասնակցելու են աթոռակից պատրիարքի ընտրութիւններին:
Սակայն աթոռակից պատրիարք ընտրելուն կողմնակից չէ Հայ համայնքային մարմինների ղեկավարների աջակցութեամբ ստեղծւած Նախաձեռնող խորհուրդը: Այդ մարմինը ընտրութիւն անցկացնելու թոյլտւութիւն ստանալու համար առանձին դիմում է յղել Թուրքիայի իշխանութիւններին, առաջարկելով ոչ թէ աթոռակից, այլ նոր պատրիարք ընտրել: Նախաձեռնող խորհուրդը պատճառաբանում է, թէ պատրիարքութեան ողջ պատմութեան ընթացքում` 1461 թւականից ի վեր, աթոռակից պատրիարքներ չեն եղել:
«Հայելի» ակումբում Սահակ եպիսկոպոս Մաշալեանը երէկ ներկայացնելով խնդիրը, նշեց, որ ընտրութեան հարցում Կրօնական ժողովի եւ Նախաձեռնող խորհրդի դիրքորոշումների տարբերութիւնը պոլսահայ համայնքում լուրջ քննարկումների պատճառ է դարձել. «Աթոռակից պատրիարք ընտրելու կողմնակիցները նշում են, որ Մեսրոպ պատրիարքը ցմահ պաշտօնավարելու համար է ընտրւած եւ այժմ չի կարող հրաժարւել պատրիարքական աթոռից, քանի որ յիշողութեան կորուստ ունի: Ուստի պէտք է որպէս պատրիարք մնայ, իսկ նոր ընտրւած ղեկավարը կարող է նրան միայն աթոռակից լինել:
Համայնքի միւս հատւածն էլ ասում է, թէ պատրիարքը միայն պաշտօն է, ի ծնէ տրւած իշխանութիւն չէ, հետեւաբար կարելի է հիւանդ պատրիարքի փոխարէն նոր պատրիարք ընտրել»:
Ամէն դէպքում պատրիարքարանի նոր ղեկավարն ընտրութիւններից յետոյ կուտակւած խնդիրները լուծելու համար շատ անելիքներ ունի. «Կարեւոր է իրաւական կարգավիճակ ձեռք բերելը, համայնքի գործունէութիւնը այսօրւայ պահանջներին համապատասխան կազմակերպելը: Այդ ամէնը կարեւոր է նախեւառաջ համայնքի ներքին խաղաղութեան համար»:
Իսկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը որեւէ կերպ չի միջամտում պոլսահայ համայնքի որոշումներին. «Մայր Աթոռն ունի կրօնական, բարոյական իշխանութիւն, եւ այդ վիճակը նրան չի արտօնում ընտրութիւններին միջամտել կամ թեկնածուներից որեւէ մէկի մասին կարծիք յայտնելով, նախապատւութիւն տալ: Կարեւորը ժողովրդի կամքն է եւ այդ կամքը Մայր Աթոռի համար ընդունելի է»:
Սահակ եպիսկոպոս Մաշալեանը կարծում է, որ թուրքական իշխանութիւններն ընտրութիւնների հետ կապւած տարբեր առաջարկներ կարող են անել, եւ համայնքը պետք է պատրաստ լինի ու լուծումներ մշակի բոլոր հնարաւոր դէպքերի համար. «Կարող են ասել, թե նոր պատրիարք ընտրէք: Կարող են ասել նաեւ, թէ աթոռակից պատրիարք ընտրէք: Չի բացառւում, որ համայնքին ընդհանուր համաձայնութեան գալու իշխանութիւններին մէկ դիմում ուղղելու առաջարկ լինի: Չի բացառւում նաեւ, որ ասեն, թէ պատրիարքը կենդանի է ու նոր ընտրութիւնների կարիք չկայ»:

ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐԵԱՆ
«Հայոց Աշխարհ»

«Ճշմարտութի՛ւն Սումգայիթի ոճրագործութեան մասին»
Սումգայիթեան ջարդերի օրւայ կապակցութեամբ ցոյց է տեղի ունեցել Վաշինգթոնում

11:09 / 27.02.2010
Փետրւարի 26-ին Վաշինգտոնի տարածաշրջանի Հայ երիտասարդութիւնը ոտքի էր ելել իր ընդվզումը յայտնելու 22 տարի առաջ Սումգայիթում տեղի ունեցած ոճրագործութեան դէմ:
Հայ երիտասարդների դաշնութիւնը, Ամերիկայի Հայ եկեղեցու երիտասարդական կազմակերպութիւնը և բազմաթիւ Հայ երիտասարդներ, որոնք ներկայացնում էին համայնքի բոլոր թևերը, մի քանի տասնեակ մարդ, հաւաքւել էին Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանութեան առջև և պահանջում էին դատապարտել Սումգայիթի ոճիրը: Նրանց ձեռքին եղել են պաստառներ հետեւեալ բովանդակութեամբ. «Սումգայիթի ցեղասպանութիւնը ոճիր է մարդկութեան հանդէպ», «Ազատութիւն Լեռնային Ղարաբաղին», «Ճշմարտութիւն Սումգայիթի ոճրագործութեան մասին», «Սումգայիթի յանցագործները ցայսօր անպատիժ են», «Մենք դատապարտում ենք հայերի ջարդերը Ադրբեջանում» եւ այլն:
Ցուցարարները պահանջել են պատժել Սումգայիթի և դրան յաջորդած Բաքւի, Կիրովաբադի, Շահումեանի, Մարաղայի և այլ հայաբնակ վայրերում ցեղասպանութիւն կազմակերպած և իրագործած անձանց, դադարեցնել հակահայ հիստէրիան Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ:

Լուրեր Հայաստանից

ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԸ «ՍԵՂՄՈՒՄ Է»

Բաքւում, խօսելով Ղարաբաղեան հակամարտութեան մասին, հէնց այսպէս է արտայայտւել Եւրոմիութեան յատուկ ներկայացուցիչը Հարաւային Կովկասում` Պիտեր Սեմնեբին:
Ինչպէս նախորդ համարում տեղեկացրել էր «Ազգը» , Սեմնեբին փետրւարի 23-ից եռօրեայ այցով Ադրբեջանում է: «Իմ այցելութեան նպատակներից է նախապատրաստել Եւրոմիութեան որոշ նոր ղեկավարների այցերը տարածաշրջան», նշել է Սեմնեբինՙ «Թրենդի» տեղեկացմամբ: Ղարաբաղի հարցի վերաբերեալ ԵՄ-ի ներկայացուցիչը նկատել է, որ «տարածաշրջանում իրավիճակը փոփոխւում է», եւ ստատուս քվոն չի կարող անվերջ շարունակւել. «Ես յոյս ունեմ, որ այն ազդակները բանակցային փուլում, որոնք արձանագրւեցին նախորդ տարի, կը պահպանւեն եւ կը բերեն զգալի արդիւնքների: Համենայն դէպս, մենք ամէն ինչ կանենք դրա համար, մանաւանդ որ ժամանակն էլ սեղմում է», յայտարարել է Սեմնեբին: Հետաքրքրական է, որ «ժամանակի մասին» ԵՄ-ի նման կառոյցի ներկայացուցիչը առաջին անգամ խօսում է Բաքւում. միգուցէ Բաքուն առաւե՞լ կարիք ունի «յիշելու ժամանակի մասին»:
Իր այցի շրջանակներում ԵՄ-ի պաշտօնեան հանդիպումներ կունենայ ինչպէս Ադրբեջանի ղեկավար շրջանակների, այնպէս էլ այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ:
Հ. Ա.
«Ազգ»

«ԵՎՐՈՆԻՒԶ»-ԻՆ ԲՈՂՈՔՆԵՐԸ ՇԱՏԱՆՈՒՄ ԵՆ

Հ.Ա.
Բելգիայի հայերի համագումարը պաշտօնական նամակ է ուղարկել միջազգային «Եւրոնիւզ» հեռուստաընկերութեանը, որով իր բողոքն ու տարակուսանքն է յայտնել վերջին ժամանակներում այդ ալիքի ադրբեջանամէտ քարոզչութիւնից: Նամակում բելգիահայերը մասնաւորապէս անդրադարձել են «Եւրոնիւզ»-ի պատրաստած ռեպորտաժին` ադրբեջանցի փախստականների մասին: «Ազգ» -ը գրել էր, որ վերոյիշեալ ալիքը, պատրաստելով ռեպորտաժ հայկական Ղարաբաղի մասին, ամենայն հաւանականութեամբ Ադրբեջանի կողմից ենթարկւել է ճնշումների եւ նոր ռեպորտաժ է պատրաստել արդէն Ղարաբաղից գաղթած ադրբեջանցի փախստականների մասին: Բելգիահայերի կարծիքովՙ հեռուստաալիքն այս վերջին նիւթով արտայայտում է միայն ադրբեջանական կողմի տեսակէտը. «Դուք արտայայտել էք միայն Ադրբեջանի դիրքորոշումը, սակայն այս հին եւ դժւարին հակամարտութիւնն աւելին է, քան երկկողմանի լինելը: Իհարկէ, մենք գիտակցում ենք, որ ադրբեջանական կողմի տեսակէտները նոյնպես պէտք է արտայայտւեն, սակայն մեզ տարակուսանք է պատճառում, որ դուք այդքան յոժարակամ էք ընդունում Բաքւի ցանկութիւնները: Մենք նաեւ զարմացած ենք այն փաստից, որ դուք, հրապարակելով այդ ռեպորտաժը, միւս` հայկական կողմին էլ հնարաւորութիւն չտւեցիք կարծիք յայտնելու: Այնինչ առանց այդ երկկողմանի կարծիքների եւրոպացի հեռուստադիտողի համար անհնար է յստակ պատկերացնել հակամարտութեան ողջ էութիւնը», ասւած է նամակում:
Բելգիահայերը, կոնկրէտ անդրադառնալով «Եւրոնիւզ»-ի «ադրբեջանական» ռեպորտաժին, նամակում գրել են, որ ադրբեջանցի փախստականների կեանքի նկարագրումն ու ցուցադրումը կարող են վրէժի ցանկութիւն առաջացնել լսարանում: «Ձեր ռեպորտաժով, փաստօրէն, տարածւում է հակահայկական ռասիզմը, որն արդէն իսկ կայ. ոչ միայն Ադրբեջանում, այլեւ Թուրքիայում, ինչպէս նաեւ Եւրոպայի թուրքական համայնքներում «թշնամի հայի» պրոպագանդան բերել է բռնութեան դէպքերի»: Բելգիահայերի տարակուսանքն աւելի է սրւել, երբ «Եւրոնիւզը» հրապարակեց Ադրբեջանի նախագահի հետ «մեծ ու բովանդակ» հարցազրոյցը ( «Ազգ» -ը գրել էր Ալիեւի այդ հարցազրոյցի մասին): Նամակում նշւած է, որ Ալիեւի հարցազրոյցից յետոյ էլ «չերեւաց» հայերի տեսակէտը: «Այնինչ Ղարաբաղի հակամարտութիւնը լիարժէք հասկանալու համար պէտք է յիշել 1915-ի ցեղասպանութիւնը եւ այն, որ Թուրքիան ու Ադրբեջանը միշտ ցանկացել են միաւորել իրենց տարածքները: Սրա պատճառով է, որ ԽՍՀՄ փլուզումից յետոյ Ադրբեջանը թուրքերի օժանդակութեամբ յարձակւեց Բաքւում եւ Սումգայիթում ապրող հայերի վրայ եւ կազմակերպեց նրանց ջարդը: Չնայած այս ամէնին, Ղարաբաղի հայերը դիմացան: Այժմ հարց է առաջանում. սխա՞լ են արել արդեօք նրանք», հարցնում են բելգիահայերը «Եւրոնիւզ»-ին եւ կոչ են անում «աւելորդ կրակ չբացել թուրք-ադրբեջանական «ակտիւ գազի» նմանւող ազգային ծայրայեղութեան ֆոնին: Բելգիահայերը յորդորում են նաեւ. «Միակողմանի վերաբերմունք չգործածել այս հարցում, քանի որ միայն այդ պարագայում կը ցրւի այն վախի մթնոլորտը, որը կայ ինչպէս Հայաստանում եւ Ղարաբաղում, այնպէս էլ աշխարհասփիւռ հայութեան կեանքում»:
Նամակը ստորագրել է Բելգիայի հայերի համագումարի ղեկավար Միշել Մահմուրեանը:

Լոնդոնի Tate Modern ժամանակակից արւեստի թանգարանը ներկայացնում է Արշիլ Գորկու ցուցահանդէսը
24.02.2010 Լուսինէ Գրիգորեան, Լոնդոն
Մինչեւ մայիսի 3-ը Լոնդոնի Tate Modern ժամանակակից արւեստի թանգարանը ներկայացնում է Արշիլ Գորկու ցուցահանդէսը` վերջին 20 տարիների առաջին խոշոր ցուցադրութիւնը Եւրոպայում: 12 սենեակներում ներկայացւած 120 կտաւները պատմում են ազգութեամբ Հայ ամերիկացի նկարչի ազգային ու անձնական ողբերգութեան ու յուշերի մասին:
«1920-40-ական թւականներին ստեղծւած այս նկարները բերւել են տարբեր աշխարհահռչակ թանգարաններից ու անձնական հաւաքածուներից, դրանք արտացոլում են տարբեր ոճեր, որոնցով տարւել է Գորկին` ռէալիզմ, սիւռէալիզմ, աբստրակցիոնիզմ։ Նրա ոճը, գոյները, ձեռագիրը խիստ կապւած են կեանքի ու ապրումների հետ եւ փոփոխւել են տարիների ընթացքում», - ասում է ցուցահանդէսի համակարգող Մաթիւ Գէյլը:
Նկարների ընտրութիւնը կատարւել է ԱՄՆ-ի Ֆիլադելֆիա քաղաքում։ Գէյլի փոխանցմամբ, ցուցահանդէսի տրամաբանութիւնը թոյլ են տալիս աւելի մանրամասնօրէն ծանօթանալ Գորկու ուշ շրջանի ստեղծագործութիւններին: Եւ դա նպատակային է, քանի որ Գորկին շարունակաբար վերամշակել է իր իսկ աշխատանքները:
Այստեղ են նաեւ հանրայայտ «Նկարիչը եւ նրա մայրը» կտաւի երկու տարբերակները, որ յատկապէս յայտնի են Ատոմ Էգոյեանի «Արարատ» ֆիլմից:
Ցուցահանդէսի համակարգողը շեշտում է, որ այս կարգի ցուցահանդէս կազմակերպելը դժւար է ու ծախսատար: Այն երեք կառոյցների` Ֆիլադելֆիայի արւեստի, Լոս Անջէլեսի ժամանակակից արւեստի թանգարանների ու Tate Modern-ի համագործակցութեան արդիւնքն է: Հիմնական հովանաւորը Terra ամերիկեան արւեստի հիմնադրամն է, սակայն աջակցել են նաեւ Հայ բարերարներ ու հիմնադրամներ` Վաչէ եւ Թամար Մանուկեանները, Գալուստ Գիւլբենկեան, Բենլեան ու Սուրբ Սարգիս բարեգործական հիմնադրամները, Լարի Գագոսեանը, Արմէն եւ Նունէ Սարգսեանները:
«Ես եւ իմ երկու բարեկամները` Լարի Գագոսեանն ու Վաչէ Մանուկեանը ներդրում ունենք այս ցուցահանդէսի մէջ թէ՛ ֆինանսական, թէ՛ նաեւ գաղափարական: Սա պատմական ցուցահանդէս է, քանի որ ծագումով Հայ որեւէ նկարիչ այս մասշտաբի ցուցահանդէս չի ունեցել եւրոպական մայրաքաղաքներում», - ասում է Արմէն Սարգսեանը:
Արշիլ Գորկին տեսել է Հայոց Ցեղասպանութիւնը, մօր սովամահ լինելը, կարողացել է գտնել հօրն ու հաստատւել Միացեալ Նահանգներում եւ հասել որոշակի յաջողութիւնների կեանքի վերջին տարիների ընթացքում, բայց այդպէս էլ չի հաշտւել Արեւմուտքի բարքերի հետ։ Ընտանեկան դժւարութիւնները, քաղցկեղը, նրան նկարելու կարողութիւնից զրկած աւտովթարը, հօր մահը Գորկուն հասցրել են ինքնասպանութեան 1948-ին: Ցեղասպանութեան յիշողութիւնը շարունակաբար շեշտւում է ցուցահանդէսի ընթացքում: Այս մասին բաւական մանրամասնօրէն խօսւել է նաեւ մամուլում: Ցուցահանդէսին անդրադարձել են բոլոր խոշոր բրիտանական պարբերականները:
Արշիլ Գորկու լոնդոնեան ցուցահանդէսի համակարգող Մաթիւ Գէյլի համար սակայն, ամենակարեւորը մասնագէտների կարծիքն է. - «Ես յատկապէս ոգեւորւած եմ նկարիչների արձագանքով, որ Գորկիի արւեստը այսօր էլ նրանց համար կարեւոր է եւ ազդեցութիւն ունի նրանց ստեղծագործութիւնների վրայ: Ինձ համար սա ամենակարեւորն է»։
Մաիւ Գէյլը հաւաստիացնում է, որ թուրքական կողմից որեւէ բողոք կամ դժգոհութիւն չի եղել, սակայն չի բացառում, որ նման մասշտաբի իրադարձութիւնը կարող է քաղաքական հետեւանքներ ունենայ։
120 նկարները անցած հոկտեմբերից Յունւարի 10-ը ցուցադրւել են Ֆիլադելֆիայի Արւեստի թանգարանում, Լոնդոնից դրանք կը տեղափոխւեն Լոս Անջէլեսի Ժամանակակից արւեստի թանգարան, որտեղ կը ցուցադրւեն յունիսի 6-ից սեպտեմբերի 20-ը: Իսկ մինչ այդ՝ Tate-ում կլին
են նաեւ Գորկուն նւիրւած հանդիպումներ, այդ թւում` Ատոմ Էգոյեանի հետ հանդիպում ապրիլի 21-ին:

«Ազատութիւն»

Քլինթոնին յիշեցրել են Ցեղասպանութեան վերաբերեալ իր նախկին դիրքորոշման մասին

13:47 • 26.02.10
ԱՄՆ Կոնգրէսի հայկական խմբի համանախագահ Մարկ Քիրքը, ելոյթ ունենալով Կոնգրէսի Արտաքին յատկացումների ենթայանձնաժողովում, յիշեցրել է Հիլարի Քլինթոնին, որ նախկինում նա աջակցել է Կոնգրէսում Հայոց Ցեղասպանութեան բանաձևի ընդունմանը։ Այդ մասին հաղորդագրութիւն է տարածել Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը։
Մասնաւորապէս, անդրադառնալով մարտի 4-ին Կոնգրէսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովում Հայոց Ցեղասպանութեան բանաձևի քւէարկութեանը, Քիրքը նշել է, որ «յոյս ունեմ, որ մենք դա կանենք, յոյս ունեմ, որ Ներկայացուցչական պալատը դա կանի, և յոյս ունեմ, որ Դուք դա թոյլ կը տաք»։
Իր հերթին Հայոց Ցեղասպանութեան բանաձևի ճանաչման ջատագով Ադամ Շիֆն ասել է, որ չի կարծում, թէ Հայաստանի և Թուրքիայի հաշտութեան հեռանկարը կարող է պատրւակ դառնալ «Հայոց Ցեղասպանութեան անժխտելի փաստը չճանաչելու համար»։ Ադամ Շիֆը Բարաք Օբամայի վարչակազմին յորդորել է աջակցութիւն ցուցաբերել բանաձևին և «առնւազն չընդդիմանալ դրա շուրջ քւէարկութեանը»։
Հայ Դատի յանձնախմբի գործադիր տնօրէն Արամ Համբարեանը, նկատել է, որ վերջին մի քանի շաբաթւայ ընթացքում արւած յայտարարութիւնները ցոյց են տալիս, որ Օբամայի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչները որոշել են հրապարակաւ չընդդիմանալ Ցեղասպանութեան բանաձևի ընդունմանը։
Անդրադառնալով Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին յատկացւած 2011թ. ֆինանսական օգնութեանը՝ Արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի անդամ Բրեդ Շերմանը ողջունել է Օբամայի վարչակազմի այդ քայլը` նշելով, սակայն, որ «Կոնգրէսը պէտք է մեծացնի ֆինանսական օգնութիւնը»։ Նա նաև ընդգծել է, որ մինչ Օբամայի վարչակազմը պահպանել է Հայաստանին և Ադրբեջանին յատկացւող ռազմական ֆինանսական օգնութեան հաւասարակշռութիւնը, ռազմական ուսուցմանն ուղղւած օգնութեան չափաբաժինը հաւասար չէ։ Բրեդ Շերմանը նաև կոչ է արել «յատուկ օգնութիւն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղին»։ Ակնկալւում է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի գրաւոր պատասխանը։


«Թերթ»

Աթէնքում Ադրբեջանի դեսպանատան դիմաց ՀՅԴ երիտասարդները բողոքի ցոյց են կազմակերպելու


19:45 / 26.02.2010
Վաղը` փետրւարի 27-ին, Աթէնքում Ադրբեջանի դիւանագիտական ներկայացուցչութեան շէնքի առջեւ ՀՅԴ Յունաստանի Երիտասարդական կազմակերպութեան նախաձեռնութեամբ բողոքի ցոյց է տեղի ունենալու:
ՀՅԴ Յունաստանի Երիտասարդական թեւի տարածած յայտարարութեան մէջ, մասնաւորապէս նշւում է. «1988 թւականից ի վեր՝ իւրքանչիւր տարւայ փետրւարի 28-ին, ամբողջ հայութիւնը յիշում է ադրբեջանական Սումգայիթ քաղաքի Հայ խաղաղ բնակչութեան դէմ Ադրբեջանի իշխանութիւնների կազմակերպած արիւնալի ոճիրը, որին զոհ գնացին նաեւ Կիրովաբադի, Ղազախի, Խանլարի, Դաշքեսանի, Բաքւի եւ այլ բնակավայրերի հայեր»:

Լուրեր Հայաստանից

Լրացաւ Անդրանիկ Օզանեանի ծննդեան 145-ամեակը


26.02.2010 15:48 GMT+04:00 /PanARMENIAN.Net/ «Ես չհասցրի գործս աւարտել», - գրել է զօրավար Անդրանիկը: Հայ ժողովրդի ամենապատւելի զոօրավարի յիշատակը ժողովուրդը 145 տարի անց եւս փառաբանում է` յիշելով 19-20-րդ դդ. ազգային-ազատագրական պայքարում նրա կատարած քաջագործութիւնները:
Անդրանիկ Օզանեանը ծնւել է 1865 թ. փետրւարի 25-ին, Արեւմտեան Հայաստանի Շապին Գարահիսար բնակավայրում (Օսմանեան կայսրութեան Տրապիզոնի վիլայեթում, այսօր` Թուրքիայի Գիրեսուն գաւառ): 20-րդ դարի սկզբին նրա անունը թնդում էր ողջ երկրում եւ ահուսարսափ էր տարածում հայերի թշնամիների մօտ: Զորավար Անդրանիկը Հայ ժողովրդի թշնամիների դէմ պայքարում էր ոչ միայն Արեւմտեան Հայաստանում, այլեւ Արեւելեան Հայաստանում, Իրանում, Բալկաններում:
Անդրանիկ զօրավարի կամաւորական բանակը Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին թուրքական եաթաղանից փրկել է հազարաւոր հայերի:
1919 թ. Անդրանիկ Օզանեանը լուծարում է կամաւորականների իր գունդը, զէնքը յանձնում է Ամենայն հայոց կաթողիկոսին եւ հեռանում է Եւրոպա, որպէսզի նոր ուժեր հաւաքագրի` Կիլիկիայի հայկական պետականութիւնը վերականգնելու համար:
Զօրավարն իր կեանքի վերջին տարիները անց է կացնում ԱՄՆ-ում: Նա մահացել է 1927 թ. օգոստոսի 31-ին, Ֆրէզնոյում: 1928 թ. Յունւարին նրա զինակիցները սիրելի զօրավարի դին տեղափոխել են Փարիզ եւ թաղել «Պեր-Լաշեզ» գերեզմանոցում: 2000 թ. Զօրավար Անդրանիկի դին երկրորդ անգամ է տեղափոխվում, այս անգամ բերւելով Հայաստան: Այն իր վերջին հանգրւանն է գտնում «Եռաբլուր» գերեզմանոցում:

Մոսկւա-Երեւան չւերթի օդանաւում ծեծկռտուք է եղել.
կայ վիրաւոր


15:40 / 26.02.2010
Փետրւարի 23-ին, ժամը 3.50-ի սահմաններում, ոստիկանութեան «Զվարթնօց» օդանաւակայանի գծային բաժնում ահազանգ է ստացւել, որ Մոսկւա-Երևան չւերթի օդանաւի սրահում վիճաբանութիւն է տեղի ունեցել:
Ինչպէս NEWS.am-ը տեղեկանում է Ոստիկանութեան մամուլի ծառայութիւնից, նոյն օրը, ժամը 4.30-ին, ուղեկցորդուհի Նատալեա Շ.-ն յայտնել է, որ ուղևոր, 1979 թ. ծնւած Սերգէյ Վարդանեանը օդանաւում տեղի ունեցած վիճաբանութեան ժամանակ շշով հարւածել է 1979 թ. ծնւած Կարէն Գրիգորեանի գլխին և պատճառել վնասւածք: Կ. Գրիգորեանին տրւել է դատաբժշկի ուղեգիր: Կատարւում է հետաքննութիւն:

Լուրեր Հայաստանից

Խոջալու. ո՞րն է իրականութիւնը

Փետրւար 26, 2010 17:5
Այս տարի լրանում է Խոջալուի դէպքերի 18-րդ տարելիցը (1992թ. փետրւարի 26-28)։ Ադրբեջանական կայքերը և հեռուստատեսութիւնը հեղեղւած են Խոջալուի դէպքերի մասին պատմող պատմութիւններով և ֆոտոռեպորտաժներով։ Ադրբեջանն ամբողջ ուժգնութեամբ գործի է դրել քարոզչամեքենան։
Հակաքարոզչական անդրադարձ, այսինքն՝ դէպքերի իրական պատկերը ներկայացնելուն ուղղւած քայլեր հայկական կողմից իրականացւում են անձնական, սակայն ոչ պետական մակարդակով։ Օրերս Երևանում «Այլատեացութեան կանխարգելման նախաձեռնութիւն» հասարակական կազմակերպութիւնը ներկայացրեց նոր կայք, որը բացայայտում է 1991-1994 թթ. Ղարաբաղեան պատերազմի ժամանակ Խոջալու գիւղում տեղի ունեցած իրադարձութիւններին վերաբերող մօտ 20 լուսանկարների կեղծ լինելը: «Xocali.net» կայքի հեղինակները պնդում են, որ ադրբեջանական քարոզչութիւնն ակտիւօրէն օգտագործում է կեղծ նիւթեր, որոնք ոչ մի կապ չունեն Աղդամի ռազմական գործողութիւնների հետ։
1992-ին ԼՂՀ պաշտպանութեան բանակն իր վերահսկողութեան տակ վերցրեց Ստեփանակերտից 10 կմ արևմուտք տեղակայւած Խոջալու ադրբեջանական ռազմական պլացդարմը, որտեղ գտնւում էր նաև օդակայանը։ Ադրբեջանական զօրքերն ամէն կերպ փորձում են ռազմական այդ գործողութիւնները ներկայացնել որպէս բնակչութեան էթնիկ զտում։ Այժմ Ադրբեջանի իշխանութիւնները փորձում են տեղի ունեցածը հայերի կողմից իրականացւած ցեղասպանութիւն ճանաչել՝ դրա համար գործի դնելով քարոզչական հնարաւոր և անհնարին բոլոր միջոցները։
Ինչպէս «7օր»-ի հետ զրոյցում նշել է քաղաքագէտ Լևոն Մելիք-Շահնազարեանը, ռազմական գործողութիւնների ժամանակ հիմնականում տեղի է ունեցել Խոջալուում գտնւող ահաբեկչական ապօրինի ջոկատների ոչնչացում, որոնք ռմբակոծում էին Խոջալուի շուրջ գտնւող ԼՂՀ բնակավայրերը, փակել էին հիմնական ճանապարհը և թոյլ չէին տալիս, որ Ստեփանակերտը սնունդ և դեղորայք ստանար։
Նա ընդգծել է, որ պէտք է նաև հաշւի առնել, որ այդ խմբաւորումները ոչնչացնելուց յետոյ քաղաքում գտնւում էին 2 «Գրադ» կայանի հրթիռային համակարգ, 2 զրահամեքենայ, 4 «Ալազան» տիպի թնդանօթ և մէկ 100 մմ տրամաչափի թնդանօթ. «Եթէ հաշւի առնենք նաև, որ այդ պահին Աղդամում կուտակւած է եղել 34 հազարանոց բանակ, ապա համոզւում ենք, որ դրանով կանխւել է նաև յարձակումը Ստեփանակերտի վրայ»։ Աղդամ քաղաքի շրջակայքում իսկապէս սպանւել է որոշակի թւով խաղաղ բնակչութիւն, այն, ինչն այսօր իր քարոզչութեան մէջ շահարկում է Ադրբեջանը, սակայն, Լևոն Մելիք-Շահնազարեանի խօսքերով, ադրբեջանական քարոզչութիւնը լռում է և երբեք չի նշում, որ այդ բնակչութիւնն սպանւած է եղել այն տարածքում, որը մինչև 1993-ի ամառը գտնւում էր Ադրբեջանի զինւած ուժերի հսկողութեան տակ։ Հետևաբար, քաղաքագէտը համոզւած է, որ այդ բնակչութեանը հայերն սպանել չէին կարող, քանի որ այդ քաղաքում այդ ժամանակ 34 հազարանոց բանակ կար և մեծ քանակով զրահամեքենաներ. «Ես համոզւած եմ նաև փաստերով, որ այդ բնակչութեանը սպանել է ադրբեջանական բանակը, ըստ երևոյթին, պատահական, իսկ դիակներից այլանդակւած են ընդամէնը 7-8-ը։ Դիակներն այլանդակել են արդէն մտածւած»։
Ինչ վերաբերում է հայկական կողմի քարոզչական աշխատանքներին, նա նշել է, որ դրանք իրեն չեն բաւարարում և ոչ միայն Խոջալուի հարցով. «Ես հասկանում եմ նաև, որ ճիշտը քարոզելն աւելի դժւար է, քան սուտը, բայց, այնուամենայնիւ, համարում եմ, որ մենք այս հարցերում շատ աւելի պասիւ ենք, քան Ադրբեջանը։ Բաւական է միայն ասել, որ հարիւր երկրից աւելի դեսպանատներում Ադրբեջանն այս տարի Խոջալուին վերաբերող ինչ-որ միջոցառումներ է իրականացնում, որտեղ իր սուտն է առաջ տանում։ Նոյնիսկ այն նկարներն է ցուցադրում, որոնք արդէն ապացուցւած է, որ կեղծւած են»։
Նրա կարծիքով կամաւորական հիմունքներով հնարաւոր ամէն ինչ արւում է, և ժամանակն է պետական մակարդակով քարոզչութեամբ զբաղւելը։ Այդ հարցով արդէն պէտք է զբաղւի պետութիւնը, քանի որ ամէն օր ոչ միայն պարտւում ենք, այլև յետ ընկնում ու կորցնում մեր դիրքերը։ Նա նշել է, որ պետութեան և բնակչութեան համար կարևոր են ինչպէս պատերազմը, այնպէս էլ քարոզչական պատերազմը. «Եթէ մենք այսօր դրանով չզբաղւենք և չօգտագործենք նաև մեր սփիւռքահայութեան հնարաւորութիւնները, մենք կարող ենք վաղը շատ ծանր կացութեան առջև կանգնել, եթէ արդէն չենք կանգնել։ Դա պէտք է կարգաւորւի։ Մենք այսօր քարոզում ենք, կոպիտ ասած, ամէն մէկս մեր խելքի փչածը. իրականում մենք պէտք է խփենք միևնոյն մեխին և միևնոյն ուղղութեամբ»։
Ե՞րբ, ի վերջոյ, Հայաստանի Հանրապետութիւնը կըմբռնի քարոզչութեան և քարոզչական պատերազմի ողջ ուժն ու ազդեցութիւնը։

Արփի Բեգլարեան
7օր