Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը կը մեկնի Ֆրանսիա

18:34 / 01.03.2010
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը մարտի 9-ից 11-ը պաշտօնական այցով կը մեկնի Ֆրանսիա։
Այս մասին NEWS.am-ին յայտնի է դարձել տեղեկացւած աղբիւրներից։ Այցի ընթացքում կը քննարկւեն Հայ-ֆրանսիական,ինչպէս նաեւ Հայ-թրքական յարաբերութիւններին ու Ղարաբաղեան համակամարտութեանն առնչւող հարցեր։


Լուրեր Հայաստանից

Արամ Սաֆարեան.– Ադրբեջանական կողմը զզւեցրել է եւրոպացի պատգամաւորներին

16:19 / 01.03.2010
«ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի՝ փետրւարի 17-ից 20-ը Վիէննայում կայացած ձմեռային նստաշրջանում մենք առիթ ենք ունեցել բանավէճի մէջ մտնել ադրբեջանական պատւիրակութեան հետ»,- մարտի 1-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում յայտարարեց ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի պատւիրակութեան ղեկավար, ԱԺ պատգամաւոր Արամ Սաֆարեանը։
Նշելով, որ բանավէճի պատճառն ադրբեջանական կողմի այն դիտարկումն էր, թէ իբր ԼՂ առաջիկայ խորհրդարանական ընտրութիւններն անօրինական են եւ հակասում են միջազգային իրաւունքին, նա տեղեկացրեց, որ հայկական կողմն ի պատասխան հրաւիրել է գործընթացով հետաքրքրւող ԵԱՀԿ ԽՎ-ի իւրաքանչիւր պատգամաւորի՝ ներկայ գտնւել մայիսի 23-ին Լեռնային Ղարաբաղում կայանալիք խորհրդարանական ընտրութիւններին։
ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի պատւիրակութեան ղեկավար Արամ Սաֆարեանը տեղեկացրեց նաեւ, որ ձմեռային նստաշրջանի ընթացքում հայկական պատւիրակութիւնն իր դիրքորոշումն է արտայայտել աֆղանական հարցի առնչութեամբ, մասնակցել է ԵԱՀԿ ԽՎ-ում Ռուսաստանի պատւիրակութեան կողմից կազմակերպւած մի «կլոր սեղանի», որը քննարկել է ազգատեացութեան եւ ազգամիջեան թշնամանքի կանխարգելմանն առնչւող հարցեր։«Ձմեռային նստաշրջանի ընթացքում մենք հանդիպումներ ենք ունեցել նաեւ մի շարք երկրների՝ Յունաստանի, Կանադայի, Գերմանիայի, Հոլանդիայի, Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի պատգամաւորների հետ եւ նրանց հետ քննարկել Ղարաբաղեան հարցի կարգաւորման արդի գործընթացին վերաբերող հարցեր»,- նշեց Ա. Սաֆարեանը՝ աւելացնելով, որ յատկապէս վերջին ամիսների ընթացքում ադրբեջանական քարոզչութիւնը բազմապատկել է Հայաստանին սեւացնելու եւ նրան որպէս «ագրէսօր» ներկայացնելու ջանքերը. «Այս ուղղութեամբ Ադրբեջանը ֆինանսական եւ մարդկային հսկայական միջոցներ է ծախսում. այստեղից հետեւութիւն, որ այդ երկիրը պատրաստ չէ փոխհամագործակցութեան»,- նկատեց նա՝ յաւելելով, որ ըստ իր ունեցած հաւաստի տեղեկութիւնների՝ ադրբեջանական կողմն իր միօրինակ յայտարարութիւններով զզւեցրել է եւրոպացի պատգամաւորներին։
Ասուլիսի միւս բանախօս, ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի պատւիրակութեան անդամ Խաչիկ Յարութիւնեանը, իր հերթին հաստատելով ադրբեջանական կողմի՝ Հայաստանի վրայ անընդհատ «ստւեր գցելու» քաղաքականութիւնը, տեղեկացրեց, որ ԵԱՀԿ՝ Օսլոյում կայանալիք ամառային նստաշրջանի ընթացքում կը ներկայացւի մի բանաձեւի նախագիծ, որը ենթադրում է հակամարտութեան մասնակից երկրների՝ ուժի չկիրառման սկզբունքը։
«Նախատեսւում է նաեւ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժոաօ Սուարեշի զեկոյցը Ղարաբաղեան հակամարտութեան վերաբերեալ, ով պատրաստւում է մարտի 10-ից 13-ը տարածաշրջանային այց կատարել»,- ամփոփեց նա։


Լուրեր Հայաստանից

Վրաց-ռուսական սահմանի «Վերին Լարս» անցակէտը վերսկսեց աշխատանքը



10:58 / 01.03.2010
Գրեթէ եռամեայ ընդմիջումից յետոյ վրաց-ռուսական սահմանի «Վերին Լարս» անցակէտը այսօր՝ մարտի 1-ին վերսկսեց աշխատանքը:
Անցակէտի աշխատանքի վերսկսման համաձայնութիւնը ձեռք էր բերւել վրացի եւ ռուս փորձագէտների միջեւ Երեւանում եւ Կազբեգիում` Շւէյցարիայի ներկայացուցիչների մասնակցութեամբ, եւ հաստատւել էր Ռուսաստանի ու Վրաստանի ԱԳՆ-ների նոտաներով:
Անցակէտով կարող են անցնել միայն աւտո–տրանսպորտային միջոցները: Հետիոտն անցումը, նաեւ մերձակայ բնակավայրերի բնակիչների մեղմացւած անցման ռեժիմը նախատեսւած չէ: Վրաստանի եւ Ռուսաստանի քաղաքացիներին, որոնք ցանկանում են հատել սահմանը, անհրաժեշտ է վրացական կամ ռուսական վիզաներ ստանալ Շւէյցարիայի դեսպանատանը:
Ինչպէս ՌԻԱ Նովոստիին յայտնել է Ռուսաստանի ԱԴԾ ներկայացուցիչ Ալեքսանդր Սոլոդը, ԱՊՀ երկրների, Հարաւային Օսիայի եւ Աբխազիայի քաղաքացիները կարող են հատել պետական սահմանը՝ միայն ունենալով օտարերկրեայ, ծառայողական կամ դիւանագիտական անձնագրեր, նաւաստու անձնագիր, կամ Ռուսաստան վերադառնալու հաւաստագիր:
Յիշեցնենք, որ անցակէտը չի գործում 2006 թւականից: Այն փակւել էր ռուսական կողմի՝ վերանորոգման պատրւակով:
2009թ. մայիսին կայացաւ շինարարութեան աւարտման հանդիսաւոր արարողութիւնը, իսկ հոկտեմբերի վերջին Մոսկւան եւ Թբիլիսին պատրաստակամութիւն յայտնեցին այն բացելու վերաբերեալ:
«Վերին Լարսի» թողունակութիւնը օրական 7 հազար մարդ է:

Լուրեր Հայաստանից

Երեւան է ժամանում Եւրամիութեան բարձրաստիճան պատւիրակութիւնը




01.03.2010
Հեղինէ Բունիաթեան
Երկուշաբթի երեկոյեան (այսօր) Երեւան է ժամանում Եւրամիութեան բարձրաստիճան պատւիրակութիւնը՝ կառոյցում ներկայումս նախագահող երկրի՝ Իսպանիայի արտգործնախարար Միգել Անխել Մորատինոսի ղեկավարութեամբ։ Հայաստանեան ղեկավարութեան հետ Եւրամիութեան պատւիրակութեան հանդիպումները կսկսւեն երեքշաբթի առաւօտեան. այդ մասին «Ազատութիւն» ռադիոկայանին յայտնեց «Հայաստանի եւրոպական բարեկամներ» կազմակերպութեան նախագահ Մայքլ Քեմբեքը։
Վերջինիս տեղեկութիւններով` բարձր մակարդակով իրականացւող այս այցի շրջանակներում դիւանագէտները մտադիր են քննարկել ոչ միայն Հայաստան - Եւրամիութիւն յարաբերութիւնները, այլեւ լայնօրէն անդրադառնալ Հայ - թրքական յարաբերութիւնների կարգաւորմանն ու գործընթացին նոր թափ հաղորդելու հնարաւորութեանը։
«Հայաստանի նախագահի եւ արտգործնախարարի հետ հանդիպումներում եւրոպացի դիւանագէտները հիմնականում անդրադառնալու են Հայ - թրքական հաշտեցման գործընթացին, քանի որ հէնց դա է այս այցի առանցքային նպատակներից մէկը», - ասաց Մայքլ Քեմբեքը։
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանի, արտգործնախարար Էդւարդ Նալբանդեանի ու քաղաքական ուժերի հետ բանակցութիւններից բացի, Եւրամիութեան բարձրաստիճան պատւիրակութիւնը կը հանդիպի նաեւ Հայաստանի նախարարութիւններին եւ վարչական օղակներին խորհրդատւութիւններ տրամադրող եւրոպացի փորձագէտներին։ Վերջիններս, Հայաստանի կառավարութեան խնդրանքով եւ Եւրամիութեան աջակցութեամբ, արդէն շուրջ կէս տարի է՝ աշխատում են Երեւանում եւ խորհրդատւութիւններ տրամադրում պետական կառոյցներին՝ բարեփոխումներ իրականացնելու եւ առկայ խնդիրները լուծելու ուղղութեամբ։ Ծրագիրն իրականացւում է անցած տարի մեկնարկած Արեւելեան գործընկերութեան շրջանակներում, որի նպատակն է սերտացնել պաշտօնական Բրիւսելի յարաբերութիւնները նախկին խորհրդային վեց երկրների, այդ թւում՝ Հայաստանի հետ:
«Հայաստանը ներկայումս միակ երկիրն է, որտեղ Եւրամիութիւնը նման ծրագիր է իրականացնում։ Նախկինում այդօրինակ խորհրդատւական խմբերը միայն Եւրամիութեանը անդամակցութեան յայտ ներկայացրած երկրներում էին գործում։ Սա շատ հետաքրքիր ձեռնարկ է, եւ այժմ, այդ փորձագէտների հետ Մորատինոսի հանդիպումը նպատակ ունի խթանել Հայաստանի կողմից իրականացւող բարեփոխումները եւ է'լ աւելի ամրապնդել Հայաստան - Եւրամիութիւն յարաբերութիւնները», - ասաց «Հայաստանի եւրոպական բարեկամներ» կազմակերպութեան նախագահը։
Երեւանեան հանդիպումներից յետոյ Եւրամիութեան բարձրաստիճան պատւիրակութիւնը կայցելի նաեւ Վրաստան եւ Ադրբեջան։

Աբդուլլահ Օջալանին ձերբակալել են MOSSAD-ի գործակալնե՞րը


13:49 • 01.03.10
Քիւրդստանի բանւորական կուսակցութեան (PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանին իրականում ձերբակալել են Իսրայէլի կենտրոնական հետախուզութեան` MOSSAD-ի գործակալները և յանձնել Թուրքիային:
Այս մասին է գրում Քէնիայում լոյս տեսնող Daily Nation թերթը:
Պարբերականի փոխանցմամբ` Օջալանի ձերբակալութեան հարցում Թուրքիայի այն ժամանակւայ վարչապետ Բիւլենթ Էջևիթն աջակցութիւն է խնդրել իր իսրայէլցի գործընկերոջից` Բենիամին Նեթանեահուից:
Այնուհետև MOSSAD-ի ղեկավար Էֆրաիմ Հալևին հրահանգել է PKK-ի առաջնորդի ձերբակալութեան համար ձևաւորել յատուկ գործակալների խումբ:
Թերթի տեղեկացմամբ` 6 հոգուց բաղկացած գործակալների խումբը կարողացել է շահել Օջալանի վստահութիւնը քրդերենին տիրապետելու շնորհիւ:


Tert.am

Էրդողանը սպառնում է Հայաստանին ու ԱՄՆ-ին

13:54 / 01.03.2010
Թուրքիայում Բարեփոխումների դիտորդական խմբի համաժողովին մասնակցելուց յետոյ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կազմակերպւած մամուլի ասուլիսում պատասխանել է լրագրողի հարցին` կապւած մարտի 4-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի օրակարգ մտնող՝ Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող բանաձեւի հետ:
«Մեր շփումները շարունակւում են: ԱՄՆ կատարած իմ վերջին այցի ընթացքում էլ ենք քննարկել այդ հարցը: Մեր մի խումբ պատգամաւոր ընկերները ներկայ պահին այդ խնդրի հետ կապւած ԱՄՆ-ում են: Մեր դիրքորոշումը յայտնի է: Շւէյցարիայում սկսւած գործընթաց կայ, որը շարունակւում է: Հաւատում եմ, որ արդիւնք կը լինի, եթէ փոխադարձաբար շարունակւեն բարի մտադրութիւնները: Եթէ մարտի 4-ին կամ ապրիլի 24-ին սխալ քայլ արւի` այս գործընթացը կը ձախողեն: Կարծում եմ կոնգրէսի անդամները այս նրբութիւնը հաշւի կառնեն»,-նշել է Թուրքիայի վարչապետը:

Լուրեր Հայաստանից

Սերժ Սարգսեան.–
«Մենք հազար տարի ապրել ենք որպէս եղբայրներ եւ կը շարունակենք այդպէս»

28.02.2010
Հայաստանի եւ Վրաստանի նախագահները, Վրաստանի Բաթումի քաղաքում կայացած հանդիպումից յետոյ պատասխանելով լրագրողների հարցերին, հաւաստիացրել են, որ երկու երկրների միջեւ յարաբերութիւնները աննախադէպ ջերմ են։
Հայաստանի նախագահի կայքէջի հաղորդագրութեան համաձայն, Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հրաւէրով երկօրեայ մասնաւոր այցով հարեւան երկիր մեկնած Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը Բաթումում հանդիպել է իր գործընկերոջ հետ։ Երկու երկրների նախագահները քննարկել են Հայ-վրացական բարեկամական յարաբերութիւնների խորացման եւ տնտեսական փոխգործակցութեանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարւել «Վերին-Լարս» հսկիչ-անցագրային կէտի բացման ուղղութեամբ տարւող աշխատանքներին:
Հանդիպման աւարտին նախագահներ Սերժ Սարգսեանը եւ Միխեիլ Սահակաշվիլին պատասխանել են լրագրողների հարցերին:
Վրաստանի նախագահը ողջունել է Հայ գործընկերոջը եւ նշել, որ իր երկիրը միշտ էլ ուրախանում է Հայաստանի յաջողութիւններով եւ ցաւում նրա խնդիրների համար, ինչպէս եւ Հայաստանը: «Ես կարծում եմ, այսպիսի անամպ յարաբերութիւնները, այսպիսի մտերմիկ համագործակցութիւնը ոչ միայն մեր վաստակն է, թէեւ մեծ է նաեւ մեր դերը, այն, առաջին հերթին, մեր ժողովուրդների վաստակն է»,- ընդգծել է Միխեիլ Սահակաշվիլին եւ յաւելել. – «Ամռանն այս քաղաք շատ հայեր են այցելում, մարդիկ նրանց ուրախութեամբ են հիւրընկալում: Այստեղ ապրում են նաեւ շատ էթնիկ հայեր, կայ հայկական եկեղեցի: Բոլոր էթնիկ խմբերը համերաշխ են ապրում, եւ մենք շատ հպարտ ենք դրա համար ու համարում ենք այն մեր ձեռքբերումը»:
Հայաստանի նախագահը շնորհակալութիւն է յայտնել հրաւէրի, ջերմ ընդունելութեան համար եւ ասել, որ շատ էր լսել Բաթումի քաղաքի մասին, եւ տեսնելով այն, մեծ տպաւորութիւններ ունի: Սերժ Սարգսեանը եւս մէկ անգամ վերահաստատել է հայ-վրացական հիանալի Յարաբերութիւնները եւ վստահութիւն յայտնել, որ այդպէս կը լինի մշտապէս. «Մենք հազար տարի ապրել ենք որպէս եղբայրներ եւ կը շարունակենք այդպէս»:

«Ազատութիւն»

Ադրբեջանն ու Թուրքիան նախ պէտք է անցնեն քաւարանով


«Ժառանգութիւն» կուսակցութեան «ՀԱՅՔ» ուսանողական-երիտասարդական միութիւնը բազմիցս անդրադարձել է Ադրբեջանի հակահայկական քաղաքականութեանը, որոնցից ամենազազրելիներից մէկը 1988թ. փետրւարի 28-ի ոճրագործութիւնն է: 22 տարի առաջ այդ օրը ըստ էութեան մէկնարկեց ադրբեջանական ագրէսիան. Ցեղասպանութեան ենթարկւեց Սումգայիթի հայ բնակչութիւնը:
Մենք ոգեկոչում ենք Սումգայիթի անմեղ զոհերի յիշատակը եւ վստահ ենք, որ եթէ Ադրբեջանը կրկին յանդգնի ոտնձգութիւն իրականացնել մեր որեւէ հայրենակցի հանդէպ, ապա վերստին կստանայ իր արժանի հակահարւածը, ընդ որում' այս անգամ արդէն շատ աւելի հուժկու:
Մենք գտնում ենք, որ Ադրբեջանի եւ նրա յանցակից Թուրքիայի հետ բարիդրացիական յարաբերութիւններ հաստատել հնարաւոր է միայն այն բանից յետոյ, երբ այս երկու երկրները առնւազն կընդունեն եւ կապաշխարեն սեփական մեղքերը' 20-րդ դարում Հայ ժողովրդի եւ մարդկութեան դէմ իրենց գործած յանցագործութիւնները եւ կը վերացնեն դրանց հետեւանքները:
Վաղը' փետրւարի 28-ին, ժ. 11.00-ին Ծիծեռնակաբերդում մենք յարգանքի տուրք կը մատուցենք Սումգայիթի անմեղ զոհերի յիշատակին:


«Ժառանգութիւն» կուսակցութեան «Հայք» ուսանողական-երիտասարդական միութիւն


7օր

Օբամայի վարչակազմը հրապարակային դիրքորոշում չի արտայայտում Հայոց Ցեղասպանութեան բանաձեւի հարցով


Հեղինէ Բունիաթեան

Միացեալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման բարդ կացութեան մէջ է յայտնւել, մինչ Կոնգրէսի Ներկայացուցիչների պալատի յանձնաժողովը պատրաստւում է յաջորդ շաբաթ քւէարկութեան դնել Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող բանաձեւը, հաղորդում է «Ասոշիեյթեդ փրես» գործակալութիւնը։
Յիշեցնելով, որ նախագահական քարոզարշաւի ընթացքում թեկնածու Բարաք Օբաման խոստացել է 1915 թւականի իրադարձութիւնները ճանաչել որպէս Ցեղասպանութիւն, «Ասոշիեյթեդ փրես»-ը միաժամանակ նկատում է, որ Կոնգրէսի այդ բանաձեւը կարող է բացասական ազդեցութիւն ունենալ թուրք - ամերիկեան յարաբերութիւնների վրայ։
«Միացեալ Նահանգների նախկին վարչակազմերը մինչ օրս յաջողել են խափանել նմանօրինակ բանաձեւերի ընդունումը՝ հրապարակային եւ կուլիսային բանակցութիւններում որպէս պատճառ բերելով Միացեալ Նահանգների ազգային անվտանգութեան շահերը։ Նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը, սակայն, մինչ այս պահը հրապարակային դիրքորոշում չի արտայայտել շրջանառութեան մէջ դրւած բանաձեւի առնչութեամբ», - հաղորդում է «Ասոշիեյթեդ փրես»-ը։
Բանաձեւը առաջիկայ հինգշաբթի քւէարկութեան է դրւելու Ներկայացուցիչների պալատի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովում, որի ներկայացուցիչները՝ դեմոկրատ եւ հանրապետական օրէնսդիրներ, պնդում են, որ Սպիտակ տունը քւէարկութեանն ընդառաջ իրենց վրայ որեւէ ճնշում չի գործադրում։
Այս յանձնաժողովում հաւանութեան արժանանալու դէպքում բանաձեւը քւէարկութեան կը դրւի Պալատի լիագումար նիստում։
Անդրադառնալով բանաձեւի նախագծին՝ Սպիտակ տան խօսնակ Մայք Համերը «Ասոշիեյթեդ փրես»-ին ասել է. - «Միացեալ Նահանգները շարունակում է հետաքրքւած մնալ փաստերի ամբողջական, բաց եւ արդար ճանաչմամբ։ Մենք շարունակում ենք հաւատալ, որ այդ նպատակին հասնելու համար հայ եւ թուրք ժողովուրդները պէտք է անդրադառնան անցեալի փաստերին՝ ներկայումս յարաբերութիւնների կարգաւորմանն ուղղւած ջանքերի համատեքստում»։
Բուն բանաձեւի վերաբերեալ Սպիտակ տան դիրքորոշման շուրջ խօսնակը մանրամասներ չի հաղորդել։
Միացեալ Նահանգներում Թուրքիայի դեսպան Նամիք Թանը, մինչդեռ, յայտարարել է, թէ Սպիտակ տան այդ լռութիւնը Թուրքիայի հասարակութիւնը կարող է դիտարկել որպէս ճնշում պաշտօնական Անկարայի վրայ՝ Հայ - թրքական արձանագրութիւնները վաւերացնելու համար։
«Անադոլու» լրատւական գործակալութեան փոխանցմամբ` փետրւարի 28-ից մինչեւ մարտի 6-ը ԱՄՆ է այցելելու թուրք խորհրդարանականների պատւիրակութիւն, որի նպատակն է խափանել Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող օրինագծի ընդունումը ամերիկեան Կոնգրէսի կողմից:
Թուրքիա - ԱՄՆ միջխորհրդարանական բարեկամութեան խումբը` Սուաթ Քինիքլիօղլուի գլխաւորութեամբ, ծրագրում է ունենալ մի շարք հանդիպումներ եւ լոբբիստական գործունէութիւն ծաւալել Կոնգրէսում շրջանառւող թիւ 252 բանաձեւ նախագծի դէմ, որի քւէարկութիւնը Ներկայացուցիչների պալատի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովում նշանակւած է մարտի 4-ին:
Քինիքլիօղլուն լրագրողների հետ զրոյցում յայտարարել է, մասնաւորապէս, թէ նման բանաձեւի ընդգրկումը օրակարգում «կարճատեսութիւն» էր եւ չի նպաստի Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ յարաբերութիւնների կարգաւորման գործընթացին:
Թուրք խորհրդարանականը ասել է նաեւ, թէ հանդիպումներում ընդգծելու է թուրք - ամերիկեան յարաբերութիւնների ռազմավարական եւ երկարաժամկէտ կարեւորութիւնը:

Լուսանկարում՝ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամա եւ փոխնախագահ Ջո Բայդէն27.02.2010

Թուրքերը որոշել են վերականգնել Էրզրումի նահանգի հայկական Օշվանքը՝ սակայն այն ներկայացնելով որպէս վրացական

16:52 / 27.02.2010
Էրզրումի նահանգում գտնւող պատմական հայկական Օշվանքը կը վերականգնւի Թուրքիայի Մշակոյթի եւ զբօսաշրջութեան նախարարութեան գումարներով։
Էրզրումի տեղական թերթերից մէկի հաղորդման համաձայն՝ Էրզրումի նահանգի Չամլըեամաչ գիւղում գտնւող Օշվանք եկեղեցին կը վերանորոգւի։ Սակայն նախնական հաշւարկների հիման վրայ տրամադրած 60 հազար թուրքական լիրան չի բաոականացնի եւ Էրզրումի յուշարձանների պահպանութեան վարչութեան տնօրէն Սուաթ Բաքըրը վերանորոգման համար անհրաժեշտ է եւս 200 հազար լիրա ստանալու համար դիմել է թուրքական կառավարութեանը։
Նշենք, որ ցաւօք, Օշվանքը եւ նրանից ոչ հեռւում գտնւող Իշխան եկեղեցին տեղի իշխանութիւնները փորձում են վերագրել վրացական մշակոյթին։ Վրացիները յատուկ այցելում են այդ եկեղեցիներ եւ պնդում թուրքական իշխանութիւններին, որ դրանք վրացական մշակոյթի ժառանգութիւններ են։

Լուրեր Հայաստանից