Թուրքերին քաղցրաբլիթո՞վ են խաբել

16:27 • 02.03.10
«Նման յայտարարութիւնները Թուրքիայի զայրոյթի մեղմանն են ուղղւած: Տարբեր եւրոպական պետութիւնների պաշտօնեաներ բազմիցս յայտարարել են, որ իրենք դէմ են այս կարգավիճակում Թուրքիայի անդամակցութեանը Եւրամիութեանը:
Սակայն ամենակարևոր պետութիւններից Ֆրանսիան և Գերմանիան չեն թաքցնում իրենց բացասական դիրքորոշումն այս հարցի շուրջ»,- այսօր հրաւիրած ասուլիսում ասաց թուրքագէտ Ռուբէն Մելքոնեանը` անդրադառնալով ԵՄ գործող նախագահ, Իսպանիայի արտգործնախարար Միգել Անխել Մորատինոսի` այսօր Երևանում արած այն յայտարարութեանը, թէ Իսպանիան կողմ է, որպէսզի Թուրքիան դառնայ Եւրամիութեան անդամ:
Ըստ թուրքագէտի` թուրքական բուռն զայրոյթը մեղմելու համար միգուցէ որպէս մարտավարութիւն նախընտրւել է նման տիպի յայտարարութիւնը, «սակայն չեմ կարծում, որ դա Եւրամիութեան պաշտօնական քաղաքականութիւնը կարող է լինել»:
Բանախօսը նշում է, որ նախագահող երկրի կարծիքը կարևոր է, սակայն կարևոր է նաև անդամ երկրներից ուժեղ պետութիւնների, մասնաւորապէս` Ֆրանսիայի և Գերմանիայի կարծիքը:
Նա այդ յայատարարութիւնը կապեց Հայ-թրքական յարաբերութիւնների, մասնաւորապէս, ԱՄՆ կոնգրէսում քննարկւելիք Ցեղասպանութեան բանաձևի հետ: «Դրա համար էլ պատահական չէր, որ մեսիջն արւեց Հայաստանից»,- նշեց մասնագէտը:
ԱԺ «Ժառանգութիւն» խմբակցութեան ղեկավար Ստեփան Սաֆարեանի խօսքով` այդ յայտարարութիւնն առաջարկ էր Թուրքիային` վաւերացնել Հայ-թրքական Արձանագրութիւնները: «Դա, որպէս քաղցրաբլիթ, ապահովում է նման հեռանկար Թուրքիայի համար, եթէ Թուրքիան վաւերացնի այդ Արձանագրութիւնները»,- նշեց նա:
Սաֆարեանը միաժամանակ ասաց, որ Եւրամիութիւնում Իսպանիայի նախագահութիւնից թուրքերը լուրջ սպասումներ ունեն:


Tert.am

Սահմանային դիրքերում Հայ զինծառայող է սպանւել


15:57 / 02.03.2010
Մարտի 1-ին ՀՀ Տաւուշի մարզի սահմանային դիրքերում արձանագրւել է հակառակորդի կողմից հրադադարի խախտման հերթական դէպքը, ինչի արդիւնքում սպանւել է Հայաստանի զինւած ուժերի զինծառայող:
Հայաստանի Պաշտպանութեան Նախարարութեան տեղեկատւութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից NEWS.am-ին յայտնում են, որ ժամը 13.30-ի սահմաններում, Տաւուշի մարզի Չինարի գիւղի մերձակայքում գտնւող մարտական յենակետում թիւ 21127 զօրամասի գնդացրային ջոկի հրամանատար, պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Սարգիս Հենրիկի Ոսկանեանը (ծնւած 1981թ.), հակառակորդի կողմից արձակւած կրակոցից գլխի շրջանում ստացել է մահացու հրազէնային վերք: Կատարւում է հետաքննութիւն:

Լուրեր Հայաստանից

Ադրբեջանցի հաքերները գրոհել են Xocali.net կայքը, որն սկսել է գործել փետրւարի 24-ից


Ադրբեջանի հաքերային–խափանարարական
պետական առշաւ



14:35 / 02.03.2010
Մարտի 1-ի լոյս 2-ի գիշերը Xocali.net կայքը հաքերային յարձակման է ենթարկւել: Գրոհը իրականացւել է 81.17.90.144 ցանցային IP-հասցէից, որը պատկանում է Bakinternet Network ինտերնետ-պրովայդերին` գրանցւած Բաքու քաղաքում:
Այս կապակցութեամբ «Այլատեացութեան կանխարգելման նախաձեռնութիւնը» հաղորդագրութիւն է տարածել, որում ասւում է. «Ադրբեջանական քարոզչական մեքենայի նենգափոխութիւններն ու կեղծիքները բացայայտող Xocali.net կայքը սկսել է գրոհվել արդէն իսկ իր շնորհանդէսի օրւանից` փետրւարի 24-ից: Սակայն յարձակումներն առաւել զանգւածային դարձան, երբ ադրբեջանական լրատւամիջոցների կողմից կայքը կոտրելու ուղղակի կոչ տարածւեց: Զուգահեռաբար լրատւամիջոցները տարածում էին Ադրբեջանի ԱԳՆ մամլոյ ծառայութեան ղեկավար Էլհան Պոլուխովի` Ադրբեջանի քաղաքացիներին ուղղւած կոչը` աւելի ակտիւ լինելու Ինտերնետում հայերին հակազդելու գործում:
Յիշեցնենք, որ կայքեր արգելւած մուտքի փորձը քրէական յանցագործութիւն է, այդ թւում` և Ադրբեջանում:
«Այլատեացութեան կանխարգելման նախաձեռնութիւնը» յայտարարում է, որ անկախ դէպի Xocali.net կայք մուտքն արգելափակելու փորձերից` նշւած կայքում զետեղւած տեղեկատւութիւնը, ինչպէս նաև ադրբեջանական քարոզչութեան այլ կեղծարարութիւնների վերաբերեալ տեղեկատւութիւնը կը շարունակի տարածւել բոլոր տեղեկատւական ալիքներով:
Xocali.net կայքը, որի շնորհանդէսը կայացաւ փետրւարի 24-ին Երևանում, իրենից ներկայացնում է համալրող տեղեկատւական շտեմարան, ուր ադրբեջանական և միջազգային աղբիւրների հիման վրայ ներկայացւած են ադրբեջանական նենգափոխութիւններն Աղդամի ոբբերգական դէպքերի վերաբերեալ, որոնց հետևանքով 1992 թ. փետրւարի 26-ին զոհւեցին Խոջալուի խաղաղ բնակիչները":
Ամօթալի իրողութիւն է, բայց փաստ, որ չնայած ՏՏ ոլորտի հայ «մասնագէտների» ու պետական պաշտօնեաների ամպագոռգոռ յայտարարութիւններին, թէ Հայաստանի պետական ու կարեւոր նշանակութեան կայքերն արդէն իսկ պաշտպանւած են, իրականում Հայաստանի ինտերնետային կայքերը բառիս բուն իմաստով «տկլոր» են արտաքին յարձակումների դիմաց, դրանց անվտանգութեան մակարդակը ձգտում է զրօ–ի։ Իսկ սա շատ մտահոգիչ է, քանի որ ժամանակակից աշխարհում «թուր ու թֆանգով» պատերազմները արդէն վաղուց իրենց տեղը զիջել են զարգացած տեխնոլոգիաների կիրառմամբ պատերազմներին, եւ տեղեկատւական անվտանգութիւնը վճռորոշ նշանակութիւն կարող է ունենալ ցանկացած հակամարտութեան մէջ։ Սթափւել է պէտք, քանի դեռ ուշ չէ։

Լուրեր Հայաստանից

Ադրբեջանի պաշտպանութեան նախարարի խորհրդական է նշանակւել Թուրքիայի զինեալ ուժերի գնդապետը !!!



01 Մարտ 2010 07:25
Ունալ Օդեմիշը Թուրքիայի զինեալ ուժերի գնդապետը նշանակւել է Ադրբեջանի պաշտպանութեան նախարարի խորհրդական:
Ինչպէս հաղորդում է APA գործակալութիւնը՝ յղում անելով թուրքական «Afyonhaber» կայքին, Աֆեոն քաղաքի ժանդարմերիայի գնդի հրամանատար, գնդապետ Ունալ Օդեմիշը իր պարտաւորութիւնները ստանձնելու համար մօտ օրերս կը ժամանի Բաքու:
Գնդապետ Օդեմիշը՝ որը մասնակցել է Աֆեոնում անցկացւած մի շարք գործողութիւններում, 6 ամսւայ ընթացքում կզբաղեցնի Ադրբեջանի պաշտպանութեան նախարար Սաֆար Աբիևի խորհրդականի պաշտօնը:
Ադրբեջանի պաշտպանութեան նախարարութեան մամլոյ ծառայութիւնը առայժմ այդ տեղեկութիւնը չի հաստատել:

Հայաստանում բժշկական օնլայն հետազոտութիւններ են անցկացւելու

18:43 / 01.03.2010
Մարտի մէկին Հայաստանի հեռաբժշկութեան միութեան եւ Ամերիկայի Միացեալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալութեան (ԱՄՆ ՄԶԳ) միջեւ կնքւող պայմանագրի շնորհիւ Հայաստանում սկիզբ կը դրւի Հեռաբժշկութեան մեթոդի կիրառման առաջին լուրջ փորձին:
Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրոյցում ասաց Հայաստանի հեռաբժշկութեան ասոցիացիայի նախագահ Արմէն Աւոյեանը` աւելացնելով, որ արդէն մէկ ամիս անց Հայաստան կը բերւեն թւային (Digital) սարքաւորումներ, որոնց շնորհիւ հնարաւոր կը լինի Երեւանը կապել հեռաւոր շրջանների հետ, եւ հիւանդին ստուգել, բժշկական խորհրդատւութիւն կամ բուժում նշանակել՝ առանց նրան տեղաշարժելու: «Երեւանի կենտրոնական գրասենեակ է հրաւիրւելու մասնագէտը, որի կարիքը ունի որևէ հեռաւոր շրջանում գտնւող հիւանդը, եւ օրինակ` գիւղի փոքր ամբուլատորիայի բժիշկը ստետասկոպը կը դնի հիւանդի թոքերը կամ սիրտը լսելու, եւ օնլայն կերպով նոյն աղմուկը կամ սրտի ձայնը կը կարողանայ լսել կենտրոնական գրասենեակում գտնւող բժիշկը»,- ասաց Ա. Աւոյեանը` աւելացնելով, որ հեռաբժշկութեան թւային սարքերի հիմնական առաւելութիւնն այն է, որ դրանց շնորհիւ մատչելի է դառնում նեղ մասնագէտի խորհրդատւութիւնը հեռաւոր շրջանում, բացի այդ, հիւանդը չի տեղաշարժւում իր բնակութեան վայրից:
«Հեռաբժշկութեան նման ծրագրեր կամ սարքաւորումներ մեր հարեւան երկրներում չկան, Հայաստանն առաջինն է սկսում կիրառել զարգացած երկրներում լայնօրէն կիրառւող հեռաբժշկութեան թւային սարքաւորումները»,- ասաց Հայաստանի հեռաբժշկութեան ասոցիացիայի նախագահը ` աւելացնելով, որ ծրագրւում է սարքաւորումները ձեռք բերել եւ փորձնական ծրագիրը սկսել մէկ ամիս անց։ Ծրագիրը կսկսւի հաւանաբար, Գիւմրիից:
Տեղեկացնենք, որ ծրագիրը ֆինանսաւորում է ԱՄՆ ՄԶԳ-ն։ Յատկացւող գումարը դեռ վերջնական յստակեցւած չէ, այն կախւած է ձեռքբերւող սարքաւորումների քանակից, սակայն, օրինակ` թւային մոնիտորը, որը չափում է պուլսը, ճնշումը, արեան թթւածնով յագեցւածութիւնը, արժէ մօտ 4000 դոլար:


Լուրեր Հայաստանից

Յիշատակի Միջոցառումներ Բուխարեստում


20:53 / 01.03.2010
Փետրւարի 28-ին Բուխարեստի Հայոց եկեղեցում կատարւել է Սումգայիթի եղերագործութեան զոհերի ոգեկոչման եւ Յիշատակի արարողութիւն:
Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայութիւնից NEWS.am-ին յայտնում են, որ ներկաներին իրենց խօսքն են ուղղել Ռումինիայում Հայաստանի դեսպան Եղիշէ Սարգսեանը, Եզրաս քահանայ Բոգդանը, Ռումինիայի Հայոց Միութեան փոխնախագահ, Ռումինիայի խորհրդարանի պատգամաւոր Վարուժան Փամբուկչեանը:
Ռումինիայում Հայաստանի դեսպանութեան, Հայ Առաքելական եկեղեցու Ռումինիայի թեմի, Ռումինիայի Հայոց միութեան մասնակցութեամբ տեղի է ունեցել ծաղկեդնում եկեղեցու տարածքում գտնւող խաչքար-յուշարձանին:

Լուրեր Հայաստանից

Հայերը և թուրքերը կը վերականգնե՞ն պատմական կամուրջը

15:46 • 01.03.10
Հայերի և թուրքերի միջև համաձայնութիւն է ձեռք բերւել համատեղ ուժերով վերականգնել Ախուրեան գետի կամուրջը:Թուրքական Radikal օրաթերթի փոխանցմամբ` 10-րդ դարում` Բագրատունեաց թագաւորութեան ժամանակաշրջանում կառուցւած և պատմական «Մետաքսի ճանապարհին» գտնւող կամուրջը վերականգնելու նախաձեռնութեամբ հանդէս է եկել Թուրքիայի Տնտեսական քաղաքականութեան հետազոտութիւնների հիմնադրամի նախագահ դոկտ. պրոֆ. Գիւվեն Սաքը:
Թուրքական պարբերականի փոխանցմամբ` կամուրջը վերականգնելու նախաձեռնութեան առնչութեամբ Գիւվեն Սաքը երևանեան այցելութեան ժամանակ հանդիպումներ է ունեցել Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսեանի, ՀՀ մշակոյթի փոխնախարար Արև Սամուէլեանի, ինչպէս նաև սփիւռքի ներկայացուցիչների հետ: Բացի այդ, Գիւվեն Սաքի նախաձեռնութիւնն արժանացել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գիւլի հաւանութեանը:


Tert.am

Բեռլինում յարգել են Սումգայիթի ջարդերի զոհերի յիշատակը

21:06 / 01.03.2010
Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում փետրւարի 27-ին տեղի են ունեցել Սումգայիթի զոհերի յիշատակի 22-րդ տարելիցին նւիրւած միջոցառումներ` կազմակերպւած գերմանահայ համայնքային կազմակերպութիւնների կողմից:
Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայութիւնից NEWS.am-ին յայտնում են, որ Բեռլինի Սբ. Լուիզեն եկեղեցիում տեղի է ունեցել սգոյ պատարագ, այնուհետեւ Շարլոտենբուրգի թաղապետարանի դահլիճում կազմակերպւել է Սումգայիթի զոհերի յիշատակի 22-րդ տարելիցին նւիրւած յիշատակի երեկոյ: Միջոցառման ընթացքում ելոյթ են ունեցել Գերմանիայում Հայաստանի դեսպան Արմէն Մարտիրոսեանը, Գերմանիայում Լեռնային Ղարաբաղի մշտական ներկայացուցիչ Գայեանէ Ափինեանը եւ յայտնի հայագէտ ու գիտնական Թեսսա Հովմանը: Միջոցառմանը մասնակցել են նաեւ Գերմանիայի յունական եւ իրանական համայնքների ներկայացուցիչներ եւ գերմանացիներ:
Միջոցառմանը ցուցադրւել են փաստավաւերագրական տեսանիւթեր սումգայիթեան ողբերգութեան վերաբերեալ:

Լուրեր Հայաստանից

Ադրբեջանցիները հակահայկական քարոզչութիւն են իրականացնում հայալեզու կայքերով
15:06 • 01.03.10
Այսօրւանից ադրբեջանական news.az կայքի թիմը գործարկել է ադրբեջանական նոր կայք` armenia.az: Այն թողարկում է միայն հայերէն նորութիւններ։
«Հայերէն նորութիւններ Ադրբեջանից» կարգախօսով կայքը, փաստօրէն, առաջին անգամ Ադրբեջանում ներկայացնում է հայերէն նորութիւններ։
Նախագծի ղեկավար Էլնուր Բայմանովի խօսքով` այն նախատեսւած է ինչպէս Հայաստանի հայերի, այնպէս էլ Բաքւում և Լեռնային Ղարաբաղում բնակւող հայերի համար:

Tert.am

Ռուսաստանի հայերը ծաղկեպսակ են դրել Սումգայիթեան զոհերի յիշատակին

16:04 / 01.03.2010
Մոսկւայում` Սբ. Յարութիւն եկեղեցու տարածքում կայացել է ծաղկեպսակ դնելու արարողութիւն` 1988թ. Սումգայիթում տեղի ունեցած ողբերգութեան զոհերի յիշատակին:
Ինչպէս NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ մամուլի ծառայութիւնից, միջոցառմանը մասնակցել են Ռուսաստանում ՀՀ դեսպանութեան անձնակազմը` դեսպան Օլէգ Եսայեանի գլխաւորութեամբ, Ռուսաստանի հայերի միութեան վարչութեան անձնակազմը, Մոսկւայի Հայ հասարակական կազմակերպութիւնների ներկայացուցիչներ, Մոսկւայում բնակւող բազմաթիւ հայեր:
Արարողութեանը ելոյթ են ունեցել Հայ առաքելական եկեղեցու Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի թեմի առաջնորդ Եզրաս սրբազանը եւ դեսպան Եսայեանը, այնուհետեւ Սբ. Յարութիւն եկեղեցում մատուցւել է Սումգայիթի անմեղ զոհերի հոգեհանգստի պատարագը:
ՌԴ-ում Հայաստանի դեսպանութեան եւ Ռուսաստանի հայերի միութեան նախաձեռնութեամբ կազմակերպւել է նաեւ կլոր սեղան «Սումգայիթեան ջարդերը Ադրբեջանում: Խոջալուի դէպքերի իրական պատկերը: Փաստերը ստի դէմ, անցեալի եւ ներկայի զուգահեռները» խորագրով:
Միջոցառմանը մասնակցել են Հայաստանի դեսպանութեան անձնակազմը, Ռուսաստանի հայերի միութեան անդամներ, Հայ առաքելական եկեղեցու սպասաւորներ, լրատւամիջոցների, հայկական երիտասարդական եւ ուսանողական կազմակերպութիւնների ներկայացուցիչներ եւ փորձագէտներ:

Լուրեր Հայաստանից