Թուրքիայում
կրակել են
Աթաթուրքի վրայ

Հոկտեմբեր 02, 2010 12:15
Թուրքիայի Իզմիրի նահանգում գտնւող Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի հսկայ ժայռաքանդակի վրայ անյայտ անձը կամ անձինք կրակահերթ են արձակել։
Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ՝ Իզմիրի նահանգի Բուջայի քաղաքապետը յայտնել է, թէ «ցաւով» նկատել է, որ Աթաթուրքի ժայռաքանդակը յարձակման է ենթարկւել։
«Ես քննադատում եմ այս յարձակումը։ Ոչ ոք չի կարող մեր երկրի միասնութիւնը խախտել։ Ես կոչ եմ անում համապատասխան մարմիններին զբաղւել այս հարցով։ Ես ամաչելով եմ ասում, բայց պատրաստ եմ գնալ եւ Աթաթուրքի քանդակի մօտ հերթապահել»,-նշել է քաղաքապետը։

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Կարևորւել է

Հայ-Իրանական

տնտեսական համագործակցութիւնը



2010թ. հոկտեմբերի վերջին նախատեսւում է ՀՀ վարչապետի այցը Իրանի

Իսլամական Հանրապետութիւն


Վարչապետ Տիգրան Սարգսեանը երէկ ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետութեան առևտրի, արդիւնաբերութեան և հանքերի պալատի նախագահ Մոհամմադ Նահավանդիանի գլխաւորած պատւիրակութեանը։ Հանդիպմանը ներկայ էին նաև Հայաստանի Հանրապետութիւնում Իրանի Իսլամական Հանրապետութեան արտակարգ և լիազօր դեսպան Սէյէդ Ալի Սաղայիանը ու Հայաստանի Հանրապետութեան առևտրա–արդիւնաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսեանը։
Ողջունելով հիւրերին` վարչապետը բարձր է գնահատել երկու երկրների միջև ձևաւորւած բարեկամական յարաբերութիւնների մակարդակը և կարևորել տնտեսական փոխգործակցութեան խորացումը։
Զրուցակիցները քննարկել են տնտեսական համագործակցութեան ընդլայնման հնարաւորութիւնները` ընդգծելով ոլորտում առկայ մեծ ներուժի լիարժէք իրացման անհրաժեշտութիւնը։ Մասնաւորապէս, Մոհամմադ Նահավանդիանը առաջնային է համարել երկկողմ ապրանքա–շրջանառութեան ծաւալի մեծացումը ու գործակցութեան խորացումը արդիւնաբերութեան, զբօսաշրջութեան ու ենթակառուցւածքների զարգացման ուղղութեամբ, ինչը ողջունել է կառավարութեան ղեկավարը։ Երկուստէք կարևորւել է Հայաստանի և Իրանի մասնաւոր հատւածների միջև կապերի ակտիւացումը ու առևտրային ծառայութիւնների մատուցման բնագաւառում համագործակցութեան սերտացումը։ Այդ համատեքստում քննարկւել են Հայ-Իրանական համատեղ ձեռնարկութիւնների ստեղծման հեռանկարները։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են առաջիկայ բարձր մակարդակի պաշտօնական այցերին։ Նշւել է, որ 2010թ. հոկտեմբերի վերջին նախատեսւում է ՀՀ վարչապետի այցը Իրանի Իսլամական Հանրապետութիւն։ Մոհամմադ Նահավանդիանը հրաւիրել է Տիգրան Սարգսեանին Թեհրան կատարելիք այցի շրջանակներում այցելել Իրանի առևտրի, արդիւնաբերութեան և հանքերի պալատ` իրանցի գործարարներին Հայաստանի տնտեսական հնարաւորութիւնները ներկայացնելու համար։

ArmAr.am


Աղթամարի Սուրբ Խաչը՝


առանց խաչի


Սեպտեմբերի 19-ին, երբ համայն հայ ժողովուրդը իր աչքերը սեւեռած դէպի Աղթամար կղզի՝ անձկութեամբ հետեւում էր Ս. Խաչ եկեղեցու ճակատագրին, Քրեսենտա հովտի (ԱՄՆ) Հայոց Առաքելական Ս. Եկեղեցու Դաստիարակչական յանձնախումբը գեղեցիկ գաղափար էր յղացել՝ նոյն օրը կազմակերպելու համահայկական տարողութիւն ունեցող եւ օրւայ ամենահրատապ հարցը հանդիսացող «Ս. ԽԱՉ ԵԿԵՂԵՑՈՒ ՊԱՏԱՐԱԳԸ՝ ԿՐՕՆԱԿԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹԻ՞ՒՆ ԹԷ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՇԱՀԵՐԻ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ» դասախօսութիւն-քննարկումը՝ ազգային բազմավաստակ գործիչ Յարութ Սասունեանի մեկնաբանութեամբ:
Արդարե՛ւ, յաւարտ ս. պատարագի եւ պատշաճ հիւրասիրութեան՝ ներկաները շտապեցին՝ տեղ գրաւելու ազգային առաջնորդարանի դահլիճում, ուր տեղի էր ունենալու դասախօսութիւնը:Լուսի Սանոսեանը, յանուն Քրեսենտա հովտի Հայց. Առաք. Ս. Եկեղեցու Դաստիարակչական յանձնախմբի, ներկաներին բարի գալուստ մաղթելուց յետոյ՝ համառօտ ակնարկ նետեց Աղթամարի Ս. Խաչ եկեղեցու պատմութեանը, ապա ներկայացրեց հասարակական հանրածանօթ գործիչ, բազմակի շքանշանակիր, «Կալիֆորնիա կուրիէր» թերթի հրատարակիչ Յարութ Սասունեանի կենսագրականը եւ բեմ հրաւիրեց նրան՝ ունկնդրելու անհամբեր սպասւած այս դասախօսութիւնը:
Աղթամարի Ս. Խաչ եկեղեցին, որ կերտւել է 10-րդ դարում, Արեւմտահայաստանում, Թուրքիայի տարածքում հայ ժողովրդի կողմից կառուցւած 2538 հինաւուրց եկեղեցիներից եւ 451 պատմական վանքերից ԻՒՆԵՍԿՕ-ի պահպանւող յուշարձանների ցուցակում տեղ գտած եւ կանգուն մնացած սակաւաթիւ կոթողներից մէկն է: Յ. Սասունեանը վերադառնալով այս քաղաքական ներկայացման սկիզբը հանդիսացող 2007 թւականը՝ նշեց, որ թուրքերը ի ցոյց արեւմտեան պետութիւնների՝ սկսեցին վերանորոգել Աղթամարի Ս. Խաչ եկեղեցին՝ հանդէս գալով որպէս հայասէր եւ ազգային փոքրամասնութիւնների ու պատմական յուշարձանների պաշտպան:
Սակայն, Ս. Խաչ եկեղեցու վերաբացումը որպէս թանգարան եւ տարին մէկ պատարագ մատուցելու իրաւունքը, բնականաբար, անընդունելի էր հայ ժողովրդի կողմից: Պրն. Սասունեանը արդար հպարտութեամբ նշեց, որ սկզբից մինչ այսօր ինքը անդրդւելի է մնացել իր երեք սկզբունքային պայմաններում.
1 - Ս. Խաչը պաշտօնապէս պէտք է ճանաչւի որպէս ԵԿԵՂԵՑԻ՝ իր գմբէթին մշտական խաչի տեղադրումով, եւ ոչ թէ թանգարան:
2 - Ս. Խաչ եկեղեցին պէտք է տնօրինւի անմիջապէս Պոլսոյ հայոց պատրիարքարանի կողմից եւ ոչ թէ՝ Թուրքիոյ զբօսաշրջիկութեան նախարարութեան:
3 - Ս. Խաչ եկեղեցում պէտք է մատուցւեն հերթական օրինաւոր պատարագներ: Եւ իր այս սկզբունքային պայմանները հիմնաւորեց ասելով. «Եթէ 2007 թւականից առաջ Ս. Խաչ եկեղեցում դեռեւս կարելի էր աղօթել, ապա թանգարանի վերածւելուց յետոյ՝ հնարաւոր չի լինի այնտեղ աղօթել եւ մոմ վառել, որովհետեւ որպէս թանգարան՝ կը վերահսկւի ոստիկանութեան կողմից՝ թանգարանների պահպանման ներքին օրէնքների համաձայն»:
Ապա Յ. Սասունեանը պարզեց սեպտ. 19-ի պատարագին առնչւող մեր Նւիրապետական Ս. Աթոռներում ստեղծւած իրավիճակը:Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը, առանց երկմտելու եւ տատամսելու, կայացրեց իր խիզախ որոշումը, մերժելով Կիլիկեան միաբանութեան մասնակցութիւնը այս քաղաքական խեղկատակութեան:
Ս. Էջմիածինը, ընդառաջելով Պոլսոյ հայոց պատրիարքութեան հրաւէրին, դժբախտաբար, համաձայնել էր իր մասնակցութիւնը բերել մէկ եպիսկոպոսով եւ մէկ վարդապետով: Երուսաղէմի պատրիարքութիւնը մտադիր էր մասնակցել արարողութեան՝ Աղթամար ուղարկելով մի բարձրաստիճան հոգեւորականի:Իրօք, շատ նուրբ կացութիւն էր ստեղծւել եւ հայ ժողովրդից պահանջւում էր ծայր աստիճանի զգօնութիւն:
Հարցը հետեւեալն էր՝ 2007 թւականին Պոլսոյ պատրիարք Տ. Մեսրոպ արք. Մութաֆեանի կողմից պատրաստւած խաչը երեք տարուց ի վեր պահւում էր Վանի թանգարանում: Թուրքական պետութիւնը խոստացել էր այն տեղադրել Ս. Խաչ եկեղեցու գմբէթին՝ սեպտեմբերի 19-ին կայանալիք պատարագից առաջ: Եւ ահա, պատարագին կարճ ժամանակ էր մնացել, երբ հասաւ ցնցիչ լուրը: Թուրքական կառավարութիւնը, դրժելով իր տւած խոստումը, որոշում է խաչը տեղադրել ոչ թէ եկեղեցու գմբէթին, այլ շրջափակի գետնին՝ առաջ քաշելով անհիմն պատճառներ:
Պատճառների շարքում են տեղադրւելիք խաչի ծանրութիւնը, իտալացիների կողմից վերանորոգւած եկեղեցու գմբէթի դիմադրողականութիւնը խաչի ծանրութեան եւլն: Տեսնում էք, ինչպիսի նրբազգացութիւն եւ հոգատարութիւն՝ հայկական եկեղեցու անվտանգութեան նկատմամբ...
Եւ խաչը, նոյնիսկ եկեղեցու շրջափակից, ցոյց տւեց իր զօրութիւնը՝ մէկ բռունցք դարձնելով հայ ժողովրդին:Արդարե՛ւ, յուրախութիւն բոլորիս՝ Մայր Աթոռն ու Երուսաղէմի պատրիարքութիւնը առկախեցին իրենց մասնակցութիւնը թուրքական այս քաղաքական նպատակներ հետապնդող տգեղ շոուին: Ապա անդրադառնալով Հայաստանի պետութեանը՝ Յարութ Սասունեանը նշեց, որ Երեւանը այս հարցի կապակցութեամբ մինչեւ վերջ պահեց լռութիւն՝ բացառութեամբ ՀՀ արտաքին գործերի եւ մշակոյթի նախարարութեանց համանման յայտարարութիւնների: Մենք մասնակցելու հրաւէր չենք ստացել:
Թուրքական կառավարութիւնը հաւանաբար անդրադառնալով իր սխալին՝ պատարագից մի քանի օր առաջ Թուրքիայի վարչապետ Էրդողանի գրասենեակը յիսուն հրաւիրագրեր է ուղարկում մեր հայրենաբնակ հասարակական կազմակերպութիւնների ղեկավարներին, մամլոյ ներկայացուցիչներին եւ Լիբանանի «Ազդակ» օրաթերթի խմբագրին՝ մասնակցելու սեպտ. 19–ի արարողութեանը՝ խոստանալով հոգալ իրենց երթեւեկի ու կեցութեան բոլոր ծախսերը:
Սակայն, Ս. Խաչը իր զօրութեամբ փակել էր բոլոր հրաւիրեալների ճանապարհը՝ դէպի Աղթամար: Յ. Սասունեանը այնուհետեւ դրւատանքով նշեց Հայաստանի Հանրային խորհրդի մերժողական կեցւածքը, բարձր գնահատեց սեպտ. 19-ին Ծիծեռնակաբերդում կայացած եկեղեցական արարողութիւնն ու ժողովրդական հաւաքը եւ ներբողեց Հայ Ասպետների Արագածի գագաթին կատարած բողոքի ցոյցը՝ միաժամանակ ընդունելով, որ հայ ժողովուրդը կարող էր աւելին անել:
Յ. Սասունեանն իր խօսքն աւարտեց՝ ողջ հայութեանը կոչ անելով միասնական ուժերով տէր կանգնել մեր սրբութիւններին եւ պատմական հողերին՝ յամառօրէն պահանջելով մեր արդար իրաւունքների առաւելագոյնը, եւ այս պահանջատիրութեան արդար իրաւունքը սրբութեամբ կտակելու մեր յաջորդ սերունդներին:Դասախօսութեան աւարտին տեղի ունեցաւ շատ հետաքրքիր ու կառուցողական քննարկում: Յ. Սասունեանը մեծ ուշադրութեամբ լսեց ներկաների կողմից ներկայացւած առաջարկները եւ համբերութեամբ ու սիրով պատասխանեց իրեն ուղղւած բոլոր հարցերին՝ դրանց տալով յստակ եւ համոզիչ պատասխաններ:Համոզւած եմ, որ Սփիւռքում հայ մշակոյթին նւիրւած որեւէ ձեռնարկ, ի մասնաւորի նման համահայկական տարողութեամբ, վկայութիւն է մեր կենսունակ գոյութեան եւ գոյատեւելու մեր աննկուն կամքի ու ցանկութեան:
Ահա թէ ինչպիսի ազգապահպան եւ շնորհակալ աշխատանքի են նւիրւած են Քրեսենտա հովտի Հայց. Առաք. Ս. Եկեղեցու հոգեւոր մատակարար Տ. Արտակ քհնյ. Դեմիրճեանը, հոգաբարձութիւնն ու Դաստիարակչական յանձնախումբը՝ ԱՄՆ-ի Արեւմտեան թեմի առաջնորդ Տ. Մուշեղ արք. Մարտիրոսեանի բարձր հովանու ներքոյ:
Վարձքներդ կատար:

ՆԱԶԱՐԷԹ ԿԻՐԱԶԵԱՆ

«ԱԼԻՔ»

«Հայկական հարցը

Թուրքիայի ներքաղաքական

ակտուալ խնդիր է դարձել»



Ե’ւ նամազը, և’ խաչի «գաղտնագողի» տեղադրումը, և’ սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած պատարագը միմեանց կապւած գործընթացներ են, միայն զարմանալի է, թէ Թուրքիան ինչու՞ նման քայլ կատարեց: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք յայտնեց Կովկասեան ինստիտուտի փոխտնօրէն, քաղաքագէտ Սերգէյ Մինասեանը` յաւելելով, որ, այնուամենայնիւ, «գաղտնագողի» տեղադրւած խաչը դժւար թէ թրքական կողմին լուրջ դիվիդենտներ բերի:
«Կարծում եմ, որ եթէ խաչը տեղադրւէր ըստ պայմանաւորւածութեան, ապա թէ’ ինֆորմացիոն դաշտում, թէ’ Հայ-թրքական գործընթացում, թէ’ Թուրքիա-Եւրոպա և թէ’ Թուրքիա-ԱՄՆ յարաբերութիւններում Թուրքիան աւելի շատ կշահէր, քան հիմա»,- ասաց քաղաքագէտը և աւելացրեց, որ պատարագը տեղի ունեցաւ առանց հայկական լուրջ մասնակցութեան, խաչը տեղադրւած է, իսկ արդիւնքում Թուրքիան ոչինչ չի շահում:
Ս. Մինասեանը կարծում է, որ գործողութիւնների այսկերպ դասաւորւածութիւնը կապւած է Թուրքիայի ներքաղաքական խնդիրներից. «Հայկական հարցը դարձել է Թուրքիայի ներքաղաքական ակտուալ խնդիրներից մէկը, և, կարծում եմ, որ խաչի տեղադրումը Թուրքիայի իշխանութեան կողմից հապճեպ արձագանք էր Անիի Մայր տաճարի նամազին»:


ԱՅՍՕՐ, 13:28
Aysor.am

Մայր Աթոռ.-

Անիի Մայր տաճարում նամազը

քաղաքական սադրանք էր


«Դա փորձ է ժխտելու հայկական

պատկանելութիւնը Անիի մայր տաճարի, որ աղօթազրկւել է Հայոց

Ցեղասպանութեան հետեւանքով»


«Թրքական իշխանութիւնները շարունակում են իրենց քայլերը` ուղղւած

հայկական յիշատակների ոչնչացմանը եւ Հայոց Պատմական սրբավայրերի ու

մշակութային արժէքների իւրացմանը»




Հոկտեմբեր 02, 2010 14:12
Մայր Աթոռ սուրբ Էջմիածինն արձագանքել է Անիի Մայր տաճարում հոկտեմբերի 1-ին կազմակերպւած նամազի փաստին:
Ստորեւ ներկայացնում ենք Մայր Աթոռի յայտարարութիւնը.
«Վրդովմունքով տեղեկացանք, որ Թուրքիայի իշխանութիւնների արտօնութեամբ հոկտեմբերի 1-ին «Ազգայնական շարժում» կուսակցութեան կողմից նամազ է կազմակերպւել Անիի Հայոց Սուրբ Աստւածածին մայր տաճարում:
Սոյն քայլը քաղաքական սադրանք է եւ որեւէ առնչութիւն չունի հոգեւոր-բարեպաշտական զգացումների եւ կրօնական ազատութեան ու իրաւունքների հետ: Միաժամանակ դա փորձ է ժխտելու հայկական պատկանելութիւնը Անիի մայր տաճարի, որ աղօթազրկւել է Հայոց Ցեղասպանութեան հետեւանքով: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտում այսօրինակ գործողութիւնները, որոնք սերմանում են անհանդուրժողութիւն եւ հայատեացութիւն: Բացարձակապէս անընդունելի է նաեւ քրիստոնէական սրբավայրի տրամադրումը նամազի համար` այն դէպքում, երբ հետեւողականօրէն արգելւում է քրիստոնէական ժառանգութեան իրաւատէրերին պաշտամունք մատուցել իրենց իսկ տաճարներում: Այսպիսով, թուրքական իշխանութիւնները շարունակում են իրենց քայլերը` ուղղւած հայկական յիշատակների ոչնչացմանը եւ Հայոց Պատմական սրբավայրերի ու մշակութային արժէքների իւրացմանը:
Ակնյայտ է նաեւ, որ սոյն քայլով Թուրքիան վերստին ի դերեւ է հանում Հայաստանի եւ միջազգային հանրութեան ջանքերը` ի նպաստ Հայ-թրքական երկխօսութեան հաստատման եւ յարաբերութիւնների կարգաւորման»:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Ադրբեջանը փորձելու է
դեկտեմբերին ՄԱԿ-ում
անցկացնել
հակահայկական բանաձեւը
Հոկտեմբեր 01, 2010 18:22
Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը փորձ կկատարի ՄԱԿ-ի Գլխաւոր Ասամբլէայում անցկացնել հակահայկական բանաձեւը՝ «օկուպացւած» տարածքների մասին: Ադրբեջանական APA գործակալութեան փոխանցմամբ, «դա իր արտացոլումն է գտել լիագումար 65-րդ նիստի աշխատանքներում»:
Աւելի վաղ բանաձեւի նախագիծը յետ էր կանչւել Ադրբեջանի կողմից Ղարաբաղեան հարցի կարգաւորման միջազգային միջնորդների ճնշման տակ:
Հակահայկական բանաձեւը անցկացնելու Բաքւի նոր փորձը հաընկնում է ԵԱՀԿ գագաթաժողովի աշխատանքների հետ, որը կայանալու է դեկտեմբերի 1-2-ին Ղազախստանում: Դժւար չէ ենթադրել, որ պաշտօնական Բաքուն կակտիւանայ այդ ուղղութեամբ, եթէ մինչ այդ իրեն ձեռնտու զարգացումների չհասնի:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Վրացիները պահանջում են
հայերի համար փակել
«Վերին Լարսը»

23:33 • 01.10.10
Վրացի փախստականները պահանջում են արգելափակել «Վերին Լարս» հսկիչ անցագրային կէտը, որով Հայաստանից Վրաստանի տարածքով Ռուսաստան բեռներ են տեղափոխւում։ Այս մասին գրում է վրացական «Ախալի Թաոբա» թերթը։
Փախստականներն իրենց պահանջը բացատրում են այն հանգամանքով, որ Հայաստանը ՄԱԿ-ում չի աջակցել վրացական կողմի ներկայացրած բանաձևին։ Այս կապակցութեամբ փախստականները դիմել են անկուսակցականների շարժման առաջնորդ Մամուկա Գվաձաբիային՝ պահանջելով յստակ միջոցներ ձեռնարկել։
Գւաձաբիայի խօսքով՝ տւեալ հարցը օրակարգից չի հանւել, և ինքը մտադիր է այդ առթիւ խորհրդակցութիւններ անցկացնել տարբեր քաղաքական ուժերի և իշխանութեան ներկայացուցիչների հետ։
Յիշեցնենք, որ «Վերին Լարսը» վերջերս փակւել էր հայկական բեռների համար. ռուս-վրացական սահմանին մի քանի օր կանգնած էր մնացել խաղողով բեռնւած 12 բեռնատար։

Tert.am

Թուրք ազգայնականները
Անիի Մայր տաճարում
նամազ արեցին !!!

Հոկտեմբեր 01, 2010 17:13
Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցութեան ղեկավար Դեւլեթ Բահչելին իր համակիրների հետ այսօր՝ հոկտեմբերի 1-ին իրականացրել է ուրբաթօրեայ նամազը` հայկական Անիի Մայր տաճարում։
Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ՝ նամազից յետոյ ելոյթ ունեցած Դեւլեթ Բահչելին քննադատութեան է ենթարկել թուրքական իշխանութիւններին՝ մեղադրելով Աղթամարում եւ Սումելայում իրականցւած պատարագների համար։
Թուրք աազգայնականը նախատեսում է մինչ Անկարա վերադառնալը, այցելել Կարս, Արդահան եւ Իգդիր։
Նշենք, որ Թուրքիայի մշակոյթի եւ տուրիզմի նախարարութիւնը որոշում էր կայացրել թոյլ տալ «Ազգայնական շարժում» կուսակցութեան ղեկավար Դեւլեթ Բահչելիին եւ նրա կուսակցութեան 40 նահանգային կառոյցների ղեկավարներին՝ հոկտեմբերի 1-ին, Անիի Մայր տաճարում ուրբաթօրեայ նամազ իրականացնել:
Շատ մասնագէտների կողմից հայկական ճարտարապետութեան զարդը համարւող Անիի Մայր տաճարի շինարարութիւնն սկսւել է Հայոց արքայ Սմբատ 2-րդի օրօք՝ 989 թւականին եւ աւարտւել Գագիկ 1-ինի օրոք՝ նրա կնոջ՝ Կատրամիդէ թագուհու օժանդակութեամբ 1001 թւականին։ Անիի մայր տաճարի ճարտարապետն էր Տրդատը, ով նաեւ վերակառուցել էր Կոստանդնուպոլսի Ս. Սոֆիա տաճարի գմբեթը:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

«Իլհամ Ալիևը փող հաշւել գիտէ,


նա պատերազմ չի սկսի»

12:50 • 01.10.10
Ադրբեջանը պատերազմ չի սանձազերծի: Երևանում լրագրողների հետ զրոյցում այսպիսի կարծիք է յայտնել ռուս քաղաքական վերլուծաբան Մատվէյ Գանապոլսկին: Նա նշել է, որ Ադրբեջանի կողմից զինւած յարձակումը Լեռնային Ղարաբաղի վրայ անիմաստ քայլ է: Անիմաստ է՝ հէնց Ադրբեջանի տեսանկիւնից, քանի որ, ըստ վերլուծաբանի, ցանկացած պատերազմ իրենից նաև պարտութիւն է ներկայացնում: Բոլորն իրենց տնտեսական շահերն ունեն, որոնք շրջանցելը ճիշտ չէ, ուստի, ըստ Գանապոլսկիի, իրատեսական չէ կարծիքը, որ Ադրբեջանը պատերազմական գործողութիւններ կսկսի՝ անտեսելով այս ամէնը:
«Մի´ խանգարէք Իլհամ Ալիևին՝ ներշնչել իր հասարակութեանը, որ ինքը յաջողւած ու վճռական քաղաքական գործիչ է: Ինչո՞ւ էք դուք՝ հայերդ, խառնւում Ադրբեջանի ներքին գործերին: Կայ հզօր քաղաքական գործիչ Իլհամ Ալիև, նա բացատրում է իր հասարակութեանը, որ եթէ որևէ մէկը խանգարի իրեն, կպատժւի... Ինչո՞ւ էք նրան խանգարում, մարդն իր ժողովրդի համար մշակած ռազմավարութիւն ունի…»:
Գանապոլսկին խորհուրդ է տւել հաշւի առնել նաև այն հանագամանքը, որ յարձակմանը կը յաջորդի նաև միջազգային հանրութեան խիստ արձագանքը, իսկ Ադրբեջանը դա անտեսել չի կարող: «Ռուսաստանը մտաւ Վրաստան, և դուք տեսաք՝ այդ ամէնն ինչով աւարտւեց»,- նշել է Գանապոլսկին՝ շեշտելով նաև այն հանգամանքը, որ Եւրոպան ու ԱՄՆ-ն Իրանի կողքին հակամարտութիւնների հրահրման կողմնակից չեն: Իսկ Ադրբեջանն, այս ամէնից բացի, ըստ Գանապոլսկիի, չի կարող հաշւի չնստել նաև տնտեսական կորուստների հետ, որոնք անխուսափելի կլինեն զինւած յարձակման դէպքում: «3 քառակուսի մետր վիճելի տարածքը չարժէ 3 տրիլիոն կորսւած գումարի, իսկ ես կարծում եմ, որ Իլհամ Հէյդարովիչը շատ խելացի քաղաքական գործիչ է, ու նրա հիանալի յատկանիշներից մէկն այն է, որ նա փող հաշւել գիտէ»,- ասել է քաղաքական վերլուծաբանը:


Tert.am

Թուրք

ազգայնականը

զառանցում է


«Անին երբէք հայկական չի եղել...»




Հոկտեմբեր 01, 2010 12:29
Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցութեան Կարսի նահանգային կառոյցի ղեկավար Օքթայ Աթքաշը թուրքական NTV-ի ուղիղ եթերում թուրքական հասարակութեանն է ներկայացել ծաղրածուի կարգավիճակով` յայտարարելով, թէ՝ Անիում երբէք հայկական թագաւորութիւն չի եղել:
Թուրքական «Ազգայնական շարժում» կուսակցութեան առաջնորդն իր կուսակիցներով պատրաստւում է այսօր` հոկտեմբերի 1-ին, ի հակադրութիւնում Աղթամարի Ս. Խաչ եկեղեցում իրականացւած պատարագի, Անիի Մայր տաճարում նամազ անել: Այդ կապակցութեամբ, թուրք ազգայնականները արդէն գնել են Անի մտնելու 500 տոմս եւ պատրաստել 2 հազար թուրքական դրօշ:
Թուրք ազգայնականները չեն դադարում թուրք հանրութեանը զարմացնել իրենց տեղեկացւածութեան ցածր աստիճանով: Թուրքական NTV-ի ուղիղ եթերում «Ազգայնական շարժում» կուսակցութեան Կարսի նահանգային կառոյցի ղեկավար Օքթայ Աթքաշը յայտարարել է, թէ Անին երբէք հայկական չի եղել: «Անիում երբէք հայկական թագաւորութիւն չի եղել: Սակայն, հայերը միշտ փորձում են տէր կանգնել ԱՆիին: Այստեղ սելջուկներից մնացած աւելի շատ յուշարձաններ կան»- ուղիղ եթերում իրեն յոյս է տւել Օքթայ Աքթաշը:
Նշենք, որ շատ մասնագէտների կողմից Կովկասի ճարտարապետութեան զարդը համարւող Անիի մայր տաճարի շինարարութիւնն սկսւել է Հայոց արքայ Սմբատ 2-րդի օրօք՝ 989 թւականին եւ աւարտւել Գագիկ 1-ինի օրօք՝ նրա կնոջ՝ Կատրամիդէ թագուհու օժանդակութեամբ 1001 թւականին։ Անիի մայր տաճարի ճարտարապետն էր Տրդատը, ով նաեւ վերակառուցել էր Կոստանդնուպոլսի Ս. Սոֆիա տաճարի գմբէթը:


Արթուր Յակոբեան
Լուրեր Հայաստանից - NEWS.am