Հայաստանի վարչապետը ծաղիկներ դրեց

Հայ մեծ դերասան Մհեր Մկրտչեանի

գերեզմանին


PanARMENIAN.Net - 2010 թւականի Դեկտեմբերի 29-ը Հայ նշանաւոր դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչեանի մահւան տարելիցն է: Այս կապակցութեամբ դեկտեմբերի 28-ին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսեանն այցելեց Կոմիտասի անւան պանթէոն և ծաղիկներ դրեց հայ կինոյի և թատրոնի անւանի գործիչ Մհեր Մկրտչեանի գերեզմանին, որտեղ կանգնեցւեց նրա բրոնզէ կիսանդրին: Այդ մասին PanARMENIAN.Net գործակալութեանը հաղորդել են ՀՀ կառավարութեան մամլո ծառայութիւնից:
Թատրոնի և կինոյի դերասան, Հայաստանի ԽՍՀ ժողովրդական արտիստ Ֆրունզէ (Մհեր) Մկրտչեանը ծնւել է 1930 թւականի հուլիսի 4-ին Լենինականում (այժմ` Գիւմրի): 1947 թւականից աշխատել է Լենինականի Մռաւեանի անւան թատրոնում: 1956 թւականին աւարտել է Երևանի գեղարւեստա-թատերական ինստիտուտը: Նոյն թւականից դարձել է Երևանի Գ.Սունդուկեանի անւան ակադեմիական թատրոնի դերասան: 1975թ. Ֆրունզիկ Մկրտչեանը Հայաստանի ԽՍՀ Պետական մրցանակի դափնեկիր է դարձել «Եռանկիւնի» ֆիլմում մասնակցութեան համար, 1978թ. ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր` «Միմինօ» ֆիլմում մասնակցութեան համար, նոյն տարում Համամիութենական կինօփառատօնի «Առաջին մրցանակ լաւագոյն դերասանական աշխատանքի համար» անւանակարգի յաղթող է ճանաչւել:
Հայ մեծ դերասանը մահացել է 1993 թւականի դեկտեմբերի 29-ին և թաղւել Երևանում` Կոմիտասի անւան պանթէոնում:


ديدار با لئون ميناسيان هم‌زمان با آغاز سال نو ميلادي


صداي ماشين تايپ قديمي فضاي دو اتاق کوچک از خانه پيرمرد را پر کرده است. معلوم نيست انگشتانش ادامه تاريخ جلفا را تايپ
مي‌کنند يا پاسخ پيام‌هاي تبريک آغاز سال 2011 ميلادي را؟

Դիտել՝ Պարսկերէն Բաժնում.–

http://vartandav.blogspot.com/2011/01/blog-post_7329.html

Տալլինում լոյս է տեսել «Հայերը» գրքոյկը



Տալլինում լոյս է տեսել էստոներէն «Armeenlased» («Հայերը») գրքոյկը:
Տալլինցիներ Արմենուհի Ղազարեանի եւ Իտա Սերմանի կազմած 55 էջանոց ժողովածուն ներառում է Հայաստանի մասին ճանաչողական համառօտ տեղեկութիւններ` Հայաստանի աշխարհագրական դիրքի, բնութեան, պատմութեան, գրականութեան, երաժշտութեան, Հայոց լեզւի եւ գրերի, ժողովրդական սովորոյթների մասին: Առանձին բաժնով յիշատակւում է նաեւ հայկական ազգային խոհանոցը` որոշ ճաշատեսակների պատրաստման բաղադրատոմսերով:
2500 օրինակ տպաքանակով լոյս ընծայւած գրքոյկը ֆինանսաւորւել է Էստոնիայի կրթութեան եւ գիտութեան նախարարութեան կողմից եւ նախատեսւած է երկրի դպրոցներում անվճար տարածելու, ինչպէս նաեւ գրադարանների համար:

«Նոյեան Տապան»

ՀՅԴ– Հայ Դատը քննադատում է

Բրայզային դեսպան նշանակելու

որոշումը


31.12.2010
Արմէն Քոլոեան
Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Վաշինգթոնի Հայ Դատի գրասենեակի ղեկավար Արամ Համբարեանը պատասխանել է «Ազատութիւն» ռադիոկայանի թղթակցի հարցերին։
Վաշիգտոնի ՀՅԴ Հայ Դատի գրասենեակի ղեկավար Արամ Համբարեանի համոզմամբ, սենատորներ Բարբարա Բոքսերը եւ Ռոբերտ Մենենդեսը նախագահին լաւ առիթ էին տւել` ձերբազատւելու այդ խնդրից եւ չնշանակելու այդչափ խնդրահարոյց եւ կողմնակալ դեսպան։
«Այն հանգամանքը, որ նախագահը Կոնգրէսը շրջանցելով է նշանակում արել, հարցականի տակ է դնում նորանշանակ դեսպանների լեգիտիմութիւնը։ Սա ամերիկեան կառավարութեան համար պահն է, երբ հարկ է փակել պատերազմով սպառնացող Ադրբեջանին եւ դաշնակիցներին անդադար խաղաղեցնելու, հանգստացնելու ձախողւած քաղաքականութեան էջը»,- ասել է Արամ Համբարեանը։
«Կառավարութեանը պէտք է տալ այդ երկրների ռազմատենչ կեցւածքի դէմն առնելու հնարաւորութիւն, մինչդեռ, դեսպան նշանակելով մէկին, ով լռելով, հանգստացնելով` հանդուրժել է Ադրբեջանի այդ կեցւածքը, մենք վտանգում ենք մեր արժէքները եւ մեր շահերը տարածաշրջանում», - ասել է Վաշինգթոնի Հայ Դատի գրասենեակի ղեկավարը։

«ԱԶԱՏՈՒԹԻՒՆ»

Հրանուշ Յակոբեան.-


«Հայ ժողովուրդը պէտք է համախմբւի իր յոյսի՝

Հայաստանի շուրջը»



13:01 • 31.12.10
«2011թ.-ը շատ հետաքրքիր ու հաճելի տարի է լինելու մեզ համար, որովհետև տօնելու ենք երկու անկախ հանրապետութիւնների՝ Հայաստանի և Արցախի 20-ամեակները։ Մենք շատ լրջօրէն ենք պատրաստւում այդ տօներին»,- Tert.am-ի հետ զրոյցում ասաց ՀՀ սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը։
Նախարարը նաև յիշեցրեց, որ յաջորդ տարի տօնելու ենք Անիի 1050-ամեակը։ Բացի այդ, 2011-ը Հայաստանում յայտարարւելու է երիտասարդութեան տարի։
«Մենք յաջորդ տարի յայտարարելու ենք Սփիւռքի և Հայաստանի երիտասարդների կապերի ամրապնդման տարի»,- նշեց նա։
Շնորհաւորելով Հայ ժողովրդի Նոր Տարին՝ նախարարը նշեց. «Մեր ազգը երրորդութեան է բաժանւած։ Ես ուզում եմ սէրը նւիրենք Արցախին, Արցախը մեր բոլորի հպարտութիւնն է։ Հաւատը թող լինի Սփիւռքը, որ հաւատայ՝ կայ հայրենիք, որը լաւն է լինելու։ Սփիւռքը հաւատալով թող այլ երկրներում շարունակի մնալ հայ։ Եւ վերջապէս, Հայաստանը դա յոյսն է, հայ ժողովուրդը պէտք է համախմբւի իր յոյսի շուրջը»։
Հրանուշ Յակոբեանը նշեց, որ Նոր Տարին դիմաւորում է տանը՝ մեծ ընտանիքի հետ։
Նա այդ օրերին սիրում է պատրաստել պասուց տոլմայ, քիւֆթայ և փախլաւայ։

Tert.am

Նախագահ Սերժ Սարգսեանի

Ամանորի ուղերձը


01.01.2011
Սիրելի´ հայրենակիցներ,Մօտենում է 2011 թւականը, երբ մենք արժանի շուքով նշելու ենք Հայաստանի Հանրապետութեան անկախութեան հռչակման քսաներորդ տարեդարձը: Ափսոսանքով, բայց նաեւ ներկայ անկախութիւնը կերտած սերունդների հպարտութեամբ պիտի արձանագրենք, որ նման յոբելեան Հայոց հողի վրայ վաղուց չի նշւել: Շա՛տ վաղուց:
Մենք 2011 թւական ենք մտնում վստահութեամբ եւ լաւ գիտենք, որ մեր խնդիրները մե´նք ենք լուծելու: 2011 թւականը լինելու է աշխատանքի տարի, նոր ու յամառ ջանքերի, կարծրացած արատների դէմ հետեւողական պայքարի ու պակասը լրացնելու տարի: Եւ պիտի խոստովանենք, որ իսկապէս պակաս շատ բան կայ: 2011 թւականը լինելու է նաեւ Հայաստան-Արցախ-Սփիւռք եռամիասնութեան հետագայ ամրապնդման եւ հայոց իղձերի իրականացման ուղղութեամբ նոր քայլերի տարի:
Չեմ կասկածում` այն, ինչ այսօր պակաս է, վաղն անկասկած լրացւելու է: Անցնող տարում հսկայական գործ են արել ե´ւ գիւղացին, ե´ւ դիւանագէտը, ե´ւ զինւորականը, ե´ւ պետական ծառայողը, ե´ւ գործարարը, ե´ւ ուսուցիչը ե՛ւ շատ-շատերը: Ինչ-որ բան չի յաջողւել գիւղացուն, ինչ-որ բան` գործարարին կամ կառավարութեանը, բայց շատ բան, երբեմն բազմապատիկ աւելի, յաջողւել է: Սա փաստ է: Մենք կատարելագործում ենք պետական համակարգը, եւ նոր տարում այն աշխատելու է առաւել արդիւնաւէտ: Փոփոխութիւնները շարունակւելու են, եւ դրանց արդիւնքերն աւելի տեսանելի են լինելու:
Սիրելի´ հայրենակիցներ,
Շնորհաւորում եմ ձեզ Նոր Տարւայ եւ գալիք Սուրբ Ծննդեան տօների առթիւ: Սրանք տօներ են, որոնք խորհրդանշում են նոր սկիզբ: Ամանորը դիմաւորենք նորացւած յոյսերով ու նորոգ հաւատով, քանի որ լաւ սկիզբը գործի կէսն է:
Ցանկանում եմ, որ մենք այսօր չխախտենք աւանդոյթը եւ բաժակ բարձրացնենք մեր զինւորների համար, ովքեր խրամատներում հսկում են մեր տօնական գիշերը: Առաջին հերթին նրանց շնորհիւ է, որ մենք այս տարի նշելու ենք վաղուց չնշւած, բայց ազգային արժանապատւութիւնը մարմնաւորող յոբելեանը: Թող գալիք տարում նրանց մատը փուշ չմտնի: Խոստովանեմ, որ ոչ մի լուր ինձ այնպէս չի խոցում, ինչպէս լուրերը բանակում արտակարգ պատահարների մասին:
Նոր Տարին առաջին հերթին երեխաների եւ ընտանեկան տօն է, որ առանձնայատուկ է յատկապէս այն օջախներում, որտեղ փոքրիկներ կան: Մաղթում եմ մեր երեխաներին, որ նրանք լինեն առողջ եւ ուրախ, վայելեն ընտանեկան ջերմութիւնն ու սէրը: Եթէ այդպէս լինի, վաղը մենք կունենանք բիւրեղացած նկարագրով նոր որակի հասարակութիւն, որտեղ կշիռ չեն ունենայ չարացած մարդիկ:
Մեր տարէցներին մաղթում եմ առողջութիւն եւ ջերմութիւն: Թող նրանք միշտ հնարաւորութիւն ունենան իմաստուն խորհուրդներ տալու իրենց զաւակներին ու թոռներին, ուրախանալու ու հպարտանալու նրանց յաջողութիւններով։
Սիրելի´ հայրենակիցներ, քոյրե´ր եւ եղբայրնե´ր,
Բոլորիդ յաջողութիւն, խաղաղութիւն եւ սեփական քրտինքով սեփական ընտանիքն ու երկիրը շէնացնելու հնարաւորութիւն եմ ցանկանում գալիք տարում: Մաղթում եմ, որ 2011 թւականը դառնայ նոր յաղթանակների եւ սեփական ուժերի հանդէպ վստահութեան աւելացման տարի, եւ բոլորս հզօր թիկունք, լաւ օրինակ լինենք միմեանց համար։ Այս դէպքում իւրաքանչիւր նոր տարի հաստատապէս մերը կլինի:
Շնորհաւոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ:

بافت چربی مهمترین فاکتور در چاقی مفرط


Դիտել Պարսկերէն Բաժնում.–

http://vartandav.blogspot.com/2011/01/blog-post.html

Մարդկութիւն և Անհատ



Մարդկութիւն: Փորձեցէ՜ք ազգային ոգին դատարկել այն բովանդակութիւնից, որ պատմութիւնը կուտակել է նրանում, եւ դուք ազգը կը վերածէք մի դիմազուրկ զանգուածի:Մարդ եւ մարդկութիւն հասկացողութիւններն, ընդհանրապէս, որոշ իմաստ են ստանում միայն այս կամ այն ազգի ոգու միջոցով: Ազգային հանճարն է որոշ բովանդակութիւն հաղորդում համամարդկայինին:
Ազգութեանց փլատակների վրայ ճշմարիտ մշակոյթ չի՜ կարող ծաղկել: Տւեալ ազգութիւնից դուրս` կեղծ են մարդն ու մարդկութիւնը:Մարդկայինը ազգայինին ներդաշնակելով` շահում է թէ՜ մէկը, թէ՜ միւսը: Եւ, ընդհակառակը, ազգայինը ՙհամամարդկայինին՚ զոհելով` կորցնում է թէ՜ ազգը, թէ՜ մարդկութիւնը: Ո՜չ թէ մարդն, ընդհանրապէս, որ անգոյ մի բան է, այլ` դիմագծօրէն ազգային մարդը, որ խորհում էր ազգութեան միջոցաւ. մարդը, որ բովանդակում է իր հայրենի բնութիւնն ու պատմութիւնը:
Օրւայ մարդը, աշխարհաքաղաքացիական խորթացուցիչ վարդապետութիւնների ազդեցութեան տակ, կորցնելու վրայ է իր իրական հոգեւոր կերպարանքը, իր բնացեղային էութիւնը: Անհրաժեշտ է մի արմա – տական յեղափոխութիւն, մի դարձ անարիւն վերացական մարդկայնու թիւնից` դէպի օրգանականը, դէպի ցեղամարդը իրակա՜ն մարդը, որն իր հողին եւ ցեղին կապւած է իր էութեան բոլո՜ր թելերով:
Եւրոպական մարդկութիւն՚ (ԺԸ. եւ ԺԹ. դարերի), ՙՀամաշխարհային մարդկութիւն՚ (Ի. դարի) – ես չեմ հաւատում ո՜չ մէկին, ո՜չ էլ միւսին: Եթէ գոյութիւն ունեցած լինէր եւրոպական մարդկութիւն` տեղի պիտի չունենային եւրոպականութեան համար դարերով ասիական խաւար ոյժերի դէմ ճակատած մեր ժողովրդի աննախընթաց ջարդերը:
Անհատ: Դասակարգային սոցիալիզմը, քարոզելով սէր դէպի հեռաւորը երբ համազգի մերձաւորների մեծագոյն մասը վատասերւում էր թշւառութեան մէջ հակամարտութեան մէջ դրեց անհատն ու հաւաքականութիւնը, եւ այսպիսով խախտեց ազգն իբրեւ հոգեւոր ամբողջութիւն: Անհա՜տ, դու ազատ ես երջանկութիւնդ կառուցելու անգա՜մ նմաններիդ դժբախտութեան վրայ եւ այս էր երէկ եւ է՜, մասամբ, եւ այսօր: Իրերի այդ անբնական ու անբարոյական դրութեան մէջ, մարդկային բարոյական միտքը որդեգրեց ընդհանրապաշտութիւնը (ունիվերսալիզմը) իբրեւ հակոտնեայ` անհատապաշտական լիբերալիզմի:
Անհա՜տ, ոյժերդ միացրո՜ւ արիւնակիցներիդ ոյժերին` յանուն մեծ ամբողջի երջանկութեան ա՜յս է օրւայ եւ վաղւայ ընկերային հրամայականը: Այլ խօսքով անհատն իր բարիքը պիտի փնտռէ հանրութեան բարօրութեան մէջ: Ո՜վ հակադրում է անհատն ընդհանրութեան` մեղանչում է թէ՜ մէկի, թէ՜ միւսի դէմ: Ազգի կեանքից, բովանդակութիւնից դուրս ոչինչ է անհատը: Ընդհանրականութիւնն է կամուրջ ձգում անհատների էութեանց միջեւ: Եւ ոգեխառնուելով միայն անհատը դառնում է հոգեւոր անձ նաւորութիւն արժէքաստեղծ ոյժ:
Դասակարգային վարդապետութիւն ները, պառակտելով ազգը, այն վերածում են դիմազուրկ զանգւածների: Զանգւածն սպանում է ցեղազգացումը, առանց որի անհատի մէջ մեռնում է նաեւ ազգականութեան զգացումը: Ահա՜ թէ ինչո՜ւ մենք ժխտում ենք լիբերալիստօրէն խորհող եւ գործող անհատն ու դասակարգը եւ դաւանում ազգն իբրեւ արժէքային ամբողջութիւն:

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ
ArmAr.am

Ա Յ Ց Ե Լ Ե Լ
Ե Ն
Դ Ի Ր Ք Ե Ր



Ամանորի և Սուրբ Ծննդեան տօների կապակցութեամբ Հայաստանի Հանրապետութեան Նախագահ, Հայաստանի Զինւած ուժերի Գերագոյն գլխաւոր հրամանատար Սերժ Սարգսեանն այսօր աւանդական այցով եղել է մեր երկրի պաշտպանական դիրքերում: Սերժ Սարգսեանը նախ այցելել է սահմանամերձ Խաչիկ գիւղ, զրուցել գիւղի բնակչութեան հետ, շնորհաւորել նրանց գալիք տօների կապակցութեամբ, հետաքրքրւել սահմանամերձ բնակավայրի խնդիրներով, որոնք, երկրի ղեկավարի հաւաստմամբ, շարունակելու են մնալ պետութեան առանձնակի ուշադրութեան կենտրոնում: Զինւած ուժերի Գերագոյն գլխաւոր հրամանատար Սերժ Սարգսեանն այնուհետև այցելել է պաշտպանական դիրքեր, պաշտպանական յենակէտերում հետևել մարտական հերթապահութեան կազմակերպմանը, զրուցել զինծառայողների հետ, ծանօթացել նրանց սոցիալ-կենցաղային պայմաններին: Սերժ Սարգսեանը յանձնել է նւէրներ ծառայութեան ընթացքում իրենց պարտաճանաչութեամբ, խիզախութեամբ և անձնւիրութեամբ աչքի ընկած զինւորներին: Հայաստանի Հանրապետութեան Նախագահը շնորհաւորել և բարեմաղթանքներ է յղել Հայոց Բանակի բոլոր զինծառայողներին` Ամանորի և Սուրբ Ծննդեան տօների կապակցութեամբ, շնորհակալութիւն յայտնել նրանց անձնւէր ծառայութեան համար: Հանրապետութեան ղեկավարը, մասնաւորապէս, ասել է. «Սրտանց շնորհաւորում եմ Ձեզ Նոր տարւայ կապակցութեամբ և 2011 թւականին բոլորիդ ցանկանում եմ ուժ, կորով, հաւատ, որպէսզի դուք կարողանաք պատւով կատարել այն սուրբ գործը, որ ձեզ է յանձնարարւած: Զինւոր լինելը ամենապատւաբեր գործն է: Հայրենիքի սահման պաշտպանող զինւորը մեր աչքի լոյսն է և որքան այդ զինւորը տոկուն լինի, հաստատակամ լինի, այնքան մենք լինելու ենք աւելի վստահ և աւելի կազմակերպւած»: Պաշտպանական դիրքեր այցելութեան ընթացքում Նախագահ Սերժ Սարգսեանին ուղեկցել են Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը, ՀՀ պաշտպանութեան նախարար Սէյրան Օհանեանը:


«Ա+1»

Հալեբում թողարկւել է ՀՀ Կենտրոնական

Բանկի յուշադրամների պատկերներով
պատի օրացոյց


Հայկական բարեգործական ընդհանուր միութեան Հալեպի մասնաճիւղի Հայ երիտասարդական ընկերակցութիւնը Նոր տարւայ նախօրեակին թողարկել է պատի օրացույց, որի վրայ պատկերւած են տարբեր տարիներին ՀՀ կենտրոնական բանկի կողմից թողարկւած ոսկէ և արծաթէ յուշադրամները: Դրամների պատկերները զարդարւած են թեման բացայայտող գեղեցիկ լուսանկարներով և պատկերազարդ նկարներով:
Ինչպէս յայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, ընկերակցութեանը նիւթերը տրամադրել է Հալեբում ՀՀ գլխաւոր հիւպատոսութիւնը, իսկ ձևաւորումը կատարել է գլխաւոր հիւպատոսի մշակոյթի հարցերով խորհրդական, Հայաստանի նկարիչների միութեան անդամ Հրազդան Թոքմաջեանը: Պատկերւած 12 դրամների հեղինակներն են նկարիչ-դիզայներներ Յարութիւն Սամուէլեանը և Էդւարդ Կուրղինեանը:

Tert.am