ԷՄՄԻՆ ՄԵԿՆՈՒՄ Է ԱՄԵՐԻԿԱ


Երգչուհի Էմմին վաղւանից Երեւանում չի լինի: Նա ԱՄՆ է մեկնում երգիչ Միհրանի հետ, ում հետ նա ելոյթ ունեցաւ «Եւրատեսիլ-2010»-ի երգի մրցոյթի հայաստանեան նախընտրական փուլում: Սակայն. «Էմմին Հայաստանում դեռ աշխատելու է եւ կաշխատի»,-«Ա1+»-ին ասաց երգչուհու մայրը` Նադեժդա Սարգսեանը:
Ըստ նրա` Էմմին ԱՄՆ-ում պատրաստւում է Միհրանի հետ տեսահոլովակ նկարահանել: Չնայած Էմմին մեկնում է, բայց սա չի նշանակում, թէ նրա մայրը չի շարունակելու է բողոքել «Եւրատեսիլ-2010»-ի երգի հայաստանեան մրցոյթի արդիւնքների դէմ, ըստ որի Եւա Ռիվասի օգտին հանդիսատեսն աւելի շատ է քւէարկել, քան Էմմի եւ Միհրան զոյգի: Վաղը, ժամը 13-ին «Գիլզա» ակումբում( նախկին` «Աստրալ») Նադեժդա Սարգսեանը մամլոյ ասուլիս է հրաւիրել: Նա պատրաստւում է ոչ միայն պատասխանել լրագրողների հարցերին, այլեւ հերքել այն հրապարակումները, թէ իրեն կաշառել են, որ այլեւս չբարձրաձայնի արդիւնքների կեղծման մասին: «Ոչ մէկը ինձ չի կաշառել»,- «Ա1+»-ին վստահեցրեց Նադեժդա Սարգսեանը:



«Ա+1»

Սումգայիթեան ողբերգութեան արձագանքները արտասահմանեան ԶԼՄ-ներում և միջազգային փաստաթղթերում


18:47 26/02/2010
Մօտենում է ադրբեջանական Սումգայիթ քաղաքում հայերի ցեղասպանութեան հերթական տարելիցը: Ջարդերը տևեցին երեք օր՝ 1988 թ. փետրւարի 27-29-ը: Վերջին տարիներին արտասահմանեան մամուլը լռում է այդ արիւնալի իրադարձութիւնների մասին, դրա անպատժելիութիւնը բերեց ցեղասպան գործողութիւնների Բաքւում, Մարաղայում, հայերով բնակեցւած տասնեակ խաղաղ գիւղերում և քաղաքներում: 80-ականների վերջին 90-ականների սկզբին արտասահմանեան լրատւամիջոցները, ինչպէս նաև` միջազգային կազմակերպութիւնները կանոնաւոր կերպով «յիշում» էին Սումգայիթը, աւելին` յստակ գնահատական էին տալիս կատարւածին: Ահա դրանցից մի քանիսը:
Այսպէս, Եւրոխորհրդարանը 1988-ի Յուլիսին «Իրավիճակը Խորհրդային Հայաստանում» վերնագրով բանաձև ընդունեց, որտեղ խօսւում էր «Լեռնային Ղարաբաղի պատմական կարգավիճակի մասին՝ որպէս Հայաստանի մաս, որը բռնի միացւել է Ադրբեջանին և ադրբեջանական Սումգայիթ քաղաքում հայերի կոտորածի մասին» (Official journal of the European Comminities, No. C 94/117, July, 1988):
1989 թւականի նոյեմբերի 6-ին ԱՄՆ Կոնգրէսն իր երկրորդ նստաշրջանում ընդունեց 178 համատեղ բանաձևը, որը կոչ էր անում ԱՄՆ-ին աջակցութիւն յայտնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազնիւ ձգտմանը՝ հարցը խաղաղ կարգաւորելու գործում, որում նշւած է, որ «խորհրդային կառավարութիւնը 1988 թ. փետրւարի 28-29-ը որակել է որպէս հայերի սպանութիւն, Ադրբեջանը՝ որպէս ջարդարար»:
1990 թ. փետրւարի 19-ին Եւրոխորհրդարանը Յանձնաժողովին և Խորհրդին կոչ արեց դիմել Խորհրդային կառավարութեանը` Ադրբեջանում ապրող հայերի իրաւունքներն իրապէս ապահովելու խնդրանքով և դրա համար այնտեղ զօրք ուղարկել: Բացի այդ, Բանաձևում ընդգծւում է Սումգայիթում, Կիրովաբադում հայերի ջարդերի վերաբերեալ հանգամանքերի ամբողջութեամբ վերհանման անհրաժեշտութիւնը: (Official Journal of the European Communities, No.C 12/146, February 19, 1990).
New York Times պարբերականը 1990-ի յուլիսի 27-ին հրապարակել է «Բաց նամակ միջազգային հանրութեանը՝ Խորհրդային միութիւնում հակահայկական ջարդերի վերաբերեալ», որի ներքոյ ստորագրել են 150 յայտնի գիտնականներ, իրաւապաշտպաններ և հասարակական գործիչներ:
Փարիզում լոյս տեսնող «Ռուսական միտք» թերթը 1988-ի Յունիսին մի ամբողջական սիւնակ է յատկացրել սումգայիթեան կոտորածներին: «Մի՞թէ այդ յանցագործութիւնը մնալու է անպատիժ»,- հարց է հնչեցրել պարբերականը:
Հետաքրքիր է, որ ամերիկեան մամուլն արդէն այն ժամանակ հեգնանքով էր վերաբերում Կրեմլի այն որակումներին, որ տրւում էին սումգայիթեան դէպքերին: Իսկ Կրեմլը դրանք ներկայցնում էր որպէս աւազակային տարրեր: «Աւազակներ» խորագրի ներքոյ The Washington Times-ը գրում է, որ դրանք Խորհրդային Ադրբեջանում էթնիկ (ցեղային) բախումների պատճառ են դարձել: Թերթը աւազակներ բառը չակերտների մէջ էր վերցրել: Յաջորդ օրն արդէն այս թերթը գրում է, որ Սումգայիթում բաշիբոզուկները մօտեցել են մարդկանց ու հարցրել` նրանք հայե՞ր են, թէ ոչ: «Այն մարդիկ, ովքեր ասել են, որ Հայ են, նրանց սկսել են ծեծել, նրանցից շատերը դանակի վնասւածքներ են ստացել»,- գրել է թերթը:
The Guardian-ը 1988-ի Յուլիսին «Լեռնային Ղարաբաղ. Սա փորձութիւն է, որին վերակառուցումը կարող է չդիմանալ» վերնագրի ներքոյ գրել է. «Փետրւարին Սումգայիթում` այն բանից յետոյ, երբ Լեռնային Ղարաբաղի նստաշրջանն առաջին անգամ յայտնեց իր որոշումը, ամբողջ երկիրը ցնցած այս սարսափելի ազգայնական օրգիաների ընթացքում ադրբեջանցիների գազազած ամբոխը սպանել է 26 հայի: Ադրբեջանի ոստիկանութիւնը ոչինչ չի ձեռնարկել դա կանխելու համար»:

Panorama.am

Բողոքի ցոյց` Աթէնքում գտնւող Ադրբեջանի դիւանագիտական ներկայացուցչութեան մօտ


Վաղը Հ.Յ.Դ. Յունաստանի Երիտասարդական Միութեան նախաձեռնութեամբ` Աթէնքում գտնւող Ադրբեջանի դիւանագիտական ներկայացուցչութեան շէնքի առջև տեղի է ունելալու բողոքի ցույց:
1988-ից սկսած, ամէն տարւայ փետրւարի 28-ին ամբողջ հայութիւնը յիշում է Սումգայիթ քաղաքի խաղաղ Հայ բնակչութեան դէմ Ադրբեջանի իշխանութիւնների իրականացրած արիւնալի դէպքերը:


Աղբիւր` Panorama.am

Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Առաջինը Հնդկաստանում է

14:29 / 26.02.2010
Էկումենիկ շարժումը շատ բանով պարտական է Հնդկաստանի եկեղեցիներին։ Դրանք զգալի դեր են խաղացել էկումենիկ շարժման ձեւաւորման եւ տարածման գործում։
Այս մասին Հնդկաստան կատարած այցի ժամանակ յայտարարել է Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Առաջինը։
Ինչպէս յայտնում է Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսարանի մամուլի ծառայութիւնը, Արամ Առաջինը Հնդկաստանում է հնդկական Ուղղափառ եկեղեցու առաջնորդ, կաթողիկոս Մորանմոր Բեսելիոս Կլէեմիսի հրաւէրով։ Չնայած սրան՝ Արամ Առաջինն իր այցը էկումենիկ է համարում։
«Էկումենիզմը ամէնից առաջ պէտք է հասկանալ որպէս տարածաշրջանային իրականութիւն։ Ուրիշ ի՞նչ կերպ եկեղեցիները կարող են արտայայտւել, խօսել իրենց խնդիրների մասին»,- յայտարարել է Արամ Առաջինը։
Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսը նշել է նաեւ, որ «Հնդկաստան չի եկել հնդկական Ուղղափառ եկեղեցում առկայ ներքին խնդիրները կարգաւորելու համար»։
Այցի ընթացքում Արամ Առաջինը կը հանդիպի հնդկական Ուղղափառ եկեղեցու առաջնորդների հետ եւ հրապարակային ելույթներ կունենայ էկումենիկ թեմաներով։

Լուրեր Հայաստանից

Շւէդիայի խորհրդարանը մարտի 17-ին, այնուամէնայնիւ, քւէարկութեան կը դնի Հայոց Ցեղասպանութեան ճանաչման բանաձեւը


16:51 / 26.02.2010
Շւէդիայի խորհրդարանը մարտի 17-ին քւէարկութեան է դնելու Հայոց Ցեղասպանութեան ճանաչման բանաձեւը։
Թուրքական Beyazgazete-ի փոխանցմամբ՝ այդ օրը քւէարկւելու է նաեւ ասորիների եւ կելտերի ցեղասպանութեան ճանաչումը։
Շւէդիայի ադրբեջանա-թուրքական կազմակերպութիւնները հաւաքել են 5 հազար ստորագրութեամբ նամակ եւ փոխանցել են գլխաւոր ընդդիմադիր Սոցիալ Դեմոկրատական կուսակցութեան նախագահ Մօնա Սահինին։
NEWS.am-ը աւելի վաղ տեղեկացրել էր, որ փետրւարի սկզբներին Շւէդիա մեկնած թուրք խորհրդարանականները իրենց անհանգստութիւնն են յայտնել շւէդական խորհրդարանում կրկին յայտնւած Հայոց ցեղասպանութիւնը ճանաչող բանաձեւի կապակցութեամբ։
Թուրքիայի խորհրդարանի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի նախագահ Մուրադ Մերջանի ղեկավարած պատւիրակութիւնը շւէդական կողմին զգուշացրել է, որ յիշեալ բանաձեւի ընդունւելու պարագայում դժւարութիւններ կառաջանան թուրք-շւէդական յարաբերութիւններում եւ կը վնասեն ստորագրւած Հայ-թրքական արձանագրութիւնների վաւերացման գործընթացին Թուրքիայի խորհրդարանում։
Zaman-ին տեղեկութիւններ յայտնած աղբիւրները նշում են, թէ շւէդական իշխանութիւնները ցանկանում են, որ տւեալ օրինագիծը քննարկւի ոչ թէ խորհրդարանում, այլ պատմական յանձնաժողովում, սակայն օրինագծի խորհրդարան անցկացումը կասեցնելու նրանց գործողութիւնները դժւար թէ արդիւնք տան։

Լուրեր Հայաստանից

Հայկական ֆիլմերը` Պինամարում

14:25 Փետրւար 25, 2010 Երկու օր է` Բուէնոս Այրէսի Լատինամերիկեան արւեստի թանգարանի դահլիճում մեկնարկել է «Պինամարի էկրան 2010. արգենտինեան եւ եւրոպական կինոյի 6-րդ հանդիպում» միջազգային կինօփառատօնը:
Վեցերորդ անգամ անցկացւող Պինամարի այս տարւայ կինոփառատօնը, որը կայանալու է մարտի 6-13-ը, յատկանշական է այն առումով, որ առաջին անգամ դրան յատուկ հրաւիրեալի կարգավիճակով մասնակցելու է Հայաստանը:
Ժամանակակից հայկական կինո–արւեստը ներկայացւած է լինելու Յարութիւն Խաչատրեանի «Սահման» վաւերագրական ֆիլմով եւ Յովհաննէս Գալստեանի «Խճճւած զուգահեռներ» գեղարւեստական կինոնկարով: Ի դէպ, կինոռեժիսոր Գալստեանը ժամանելու է Պինամար եւ անձամբ է իր ֆիլմը ներկայացնելու արգենտինացի կինօքննադատների ու կինօհանդիսատեսի դատին:
Մարտի 7-ին կինօփառատօնի շրջանակներում նշւելու է Հայաստանի օրը, որը սկսւելու է հայկական ֆիլմերի ցուցադրմամբ եւ ամփոփւելու է Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարմիրշալեանի անունից կազմակերպւած ընդունելութեամբ:
Միւս եւրոպական երկիրը, որ յատուկ հրաւիրեալի կարգավիճակով մասնակցում է Պինամարի 6-րդ կինօփառատօնին` Յունաստանն է:

«Ա+1»

Աշխարհում մօտ կէս միլիոն ադրբեջահայ կայ

14:13 • 26.02.10
Եթէ Ադրբեջանը պատրաստ է միջազգային անվտանգութեան երաշխիքներ տրամադրել Հայ փախստականներին, այդ պարագայում ադրբեջանահայ համայնքը պատրաստ է վերադարձի։
Այսօրւայ ասուլիսին այս մասին ասաց ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այւազեանը` յաւելելով. «Իսկ եթէ ադրբեջանական կողմը դա բացառում է, ապա մենք նոյնպես չենք հանդուրժի ադրբեջանցի թուրքերի վերադարձը առանց մեր հիմնախնդիրների լուծման»:
Ադրբեջանահայերի ասամբլեան փախստականների հարցով գրաւոր դիմել է Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանատներին, քննարկել այն ՀՀ արտգործնախարարի տեղակալ Շաւարշ Քոչարեանի հետ։
Այւազեանը նաև նշեց, որ այսօր ՀՀ ԱԺ–ում շրջանառութեան մէջ է Սումգայիթի ջարդերին վերաբերող երկու օրինագիծ։ Օրինագծերը ներկայացւել են «Հ. Յ.Դաշնակցութիւն» և «Ժառանգութիւն» խմբակցութիւնների կողմից։
«Միջազգային հանրութիւնը պէտք է ճանաչի այդ իրադարձութիւնները որպէս Ցեղասպանութիւն, բայց մինչ այդ մենք ինքներս պէտք է ճանաչենք այն», – նշեց նա։Այւազեանը նաև յաւելեց, որ այսօր ամբողջ աշխարհում ապրում են մօտ կէս միլիոն ադրբեջահայեր, այդ թւում 360 հազարը` Հայաստանում: Նրանցից 82 հազարը ընդունել է Հայաստանի քաղաքացիութիւն։


Tert.am

Թուրքիայի դատարանը եւս 11 զինւորականի կալանելու թոյլտւութիւն է տւել

11:59 / 26.02.2010
Թուրքիայի Գերագոյն դատարանը փետրւարի 26-ին թոյլտւութիւն է տւել կալանել 11 զինւորականների, որոնցից երկուսը պաշտօնաթող են:
Նրանք մեղադրւում են ռազմական յեղաշրջում նախապատրաստելու մէջ: Ներկայ դրութեամբ, կալանման թոյլտւութիւն է տրւել 49 զինւորականներից 31-ի համար, որոնք բերման էին ենթարկւել փետրւարի 22-ին:
Երէկ երեկոյեան դատարանը ազատ է արձակել թուրքական բանակի երեք նախկին բարձրաստիճան պաշտօնեաների, այդ թւում՝ ռազմածովային ուժերի եւ ռազմաօդային ուժերի նախկին գլխաւոր հրամանատարներ Իբրահիմ Ֆըրթընին եւ Օզդեն Օրնեկին, ինչպէս նաեւ Առաջին դաշտային բանակի նախկին հրամանատար Էրգին Սայգունին:
Յիշեցնենք, որ փետրւարի 22-ին Թուրքիայում ձերբակալւել էին 49 ներկայ ու նախկին զինւորականներ, որոնցից 21-ը` գեներալներ:
Նշենք, որ 2003 թւականին ռազմական յեղաշրջում նախապատրաստելու գործով քննութիւնը սկսւել է Taraf թերթում այս Յունւարին սենսացիոն հրապարակումներից յետոյ: Մասնաւորապէս՝ թերթը հրապարակել է յեղաշրջման ծրագիրը, որը կրել է «Մեծ մուրճ» անւանումը: Այդ ծրագրով նախատեսւել է Ստամբուլում աղօթքի ժամանակ պայթեցնել մզկիթ, Էգէեան ծովում (دریای اژه) ոչնչացնել իրենց իսկ կործանիչը, դրանով ի ցոյց դնել գործող իշխանութեան թուլութիւնը եւ յեղաշրջում իրականացնել:

Լուրեր Հայաստանից

ԱՄՆ-ում կայացած խորհրդաժողովում հայերի ու ադրբեջանցիների տեսակէտները կրկին բախւել են

22:44 / 25.02.
Կենտրոնում (CSIS) տեղի է ունեցել «Հարաւային Կովկաս. բաժանարար գծեր. անվտանգութիւն, էներգետիկա և ԱՄՆ շահերը» խորագրով խորհրդաժողովը, որը վարել է վերլուծաբան Եանուշ Բուգայսկին:
Կոնֆերանսին մասնակցել են բազմաթիւ հեղինակաւոր փորձագէտներ ու գիտնականներ: Հայաստանի տեսակէտները ներկայացնելու համար, որպէս փորձագէտ, հրաւիրւած էր Ժիրայր Լիպարիտեանը, որը սակայն, «եղանակի պատճառով», չի կարողացել ներկայ գտնւել: Բոլոր հրաւիրեալները Ադրբեջանի դիւանագիտական ակադեմիայի դասախօսներ են եղել եւ այս առիթը եւս օգտագործւել է կրկին անգամ հնչեցնելու Ադրբեջանի տեսակէտները Հայ-թրքական եւ ԼՂ խնդիրների վերաբերեալ:
ՀՀ դեսպանութիւնը հանդէս է եկել պատասխանով, որտեղ նշւել է, որ Հայ-թրքական յարաբերութիւնների կարգաւորումը ԼՂ խնդրի հետ կապելը անարդիւնաւէտ է, քանի որ դրանք զուգահեռ գործընթացներ են, և մէկը միւսի պատանդը դարձնելը կարող է տապալել երկուսն էլ:
Թուրքիայի դեսպանութեան ներկայացուցիչը կարծիք է յայտնել, որ Թուրքիայի բարիդրացիական յարաբերութիւնները Ռուսաստանի հետ կարող են դրականօրէն ազդել տարածաշրջանի կայունութեան վրայ, եւ յաւելել, որ Հայ-թրքական արձանագրութիւնների վաւերացման գործընթացը վտանգւել է ՀՀ ՍԴ որոշման պատճառով: Ի պատասխան ՀՀ դեսպանութեան ներկայացուցիչը յիշեցրել է, որ ՀՀ ՍԴ որոշումը դրւատանքով է ընդունւել թէ ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամ երկրների, թէ ԵՄ կողմից և Թուրքիան չպէտք է այն օգտագործի որպէս մտացածին պատրւակ՝ արձանագրութիւնների վաւերացումից խուսափելու համար:
ԱՄՆ ռազմական քոլէջի հետազոտող Սթիվեն Բլանկն իր ելոյթում մի քանի անգամ ասել է, որ Թուրքիան պէտք է խիզախութիւն ունենայ իր պատմութիւնը վերագնահատելու և ընդունի 1915 թւականի Հայոց Ցեղասպանութիւնը, ինչպէս դա արել են գերմանացիները՝ հրէաների նկատմամբ իրենց գործած յանցանքը ընդունելով:
Լոս Անջէլեսում Ադրբեջանի գլխաւոր հիւպատոս Էլին Սուլեյմանովը, դուրս գալով քննարկումների համատեքստից, առիթն օգտագործել է, որպէսզի յիշեցնի Խոջալուի «ողբերգութեան» մասին, ինչին անդրադառնալով ՀՀ դեսպանութեան ներկայացուցիչն արձագանքել է, որ Ադրբեջանն է, որ աւելի վաղ, դեռ Խորհրդային Ադրբեջանում,1988-ին հեղինակել է Սումգայիթեան ողբերգութիւնը, որին յաջորդեցին 1991-ի Բաքւի, Կիրովաբադի և հայաբնակ այլ վայրերի հայկական բնակչութեան ջարդերը: Իսկ Խոջաուլի սպանդի մեղաւորներին պէտք է փնտրել հէնց Ադրբեջանում, ինչն ապացուցող հարիւրաւոր փաստեր կան, բացի դրանից՝ ադրբեջանցիների կողմից ներկայացւող բոլոր փաստագրական ապացոյցները կեղծւած են: Միաժամանակ, ՀՀ դեսպանութեան ներկայացուցիչն աւելացրեց, որ Ադրբեջանը պէտք է դադարեցնի հայատեացութեան քարոզչութիւնը, իսկ Ղարաբաղեան հիմնախնդրի խաղաղ կարգաւորման համար որդեգրի կառուցողական քաղաքականութիւն:


Լուրեր Հայաստանից

ՀՅԴ պատգամաւոր.–
Սակագնային քաղաքականութիւնն ուղղւած է առանձին մարդկանց ձեռքում ֆինանսական միջոցների կենտրոնացմանը

13:37 / 26.02.2010
Էներգակիրների ու ջրի գները Հայաստանում բարձրանում են ոչ առաջին, ոչ էլ վերջին անգամ, դա ՀՀ իշխանութիւնների հետեւողական քաղաքականութեան արդիւնքն է, որն ուղղւած է առանձին մարդկանց ձեռքում ֆինանսական միջոցների կենտրոնացմանը: ԱԺ-ում ճեպազրոյցների ժամանակ նման կարծիք է յայտնել ՀՅԴ խմբակցութեան պատգամաւոր Արա Նռանեանը: Նա վստահութիւն է յայտնել, որ էներգակիրների ու ջրի սակագները դեռ էլի են բարձրանալու:
«Այս ամէնը շղթայական ռէակցիայով բերելու է մնացած ապրանքների գների աճ: Այդ գործընթացից ամէնից շատ տուժում են Հայաստանի սովորական քաղաքացիները, իսկ առանձին մարդկանց ֆինանսական բարեկեցութիւնը, հակառակը` բարձրանում է»,- յայտարարել է Նռանեանը:
Իր հերթին, ՀՀԿ խմբակցութեան ղեկավար Գալուստ Սահակեանը վստահութիւն է յայտնել, որ կառավարութիւնը միջոցներ կը գտնի, որպէսզի սոցիալապէս անապահով խաւի համար փոխհատուցի սակագների բարձրացումը: Ինչ վերաբերում է միջին խաւին, Գ. Սահակեանը նրանց խորհուրդ տւեց սպասել ճգնաժամի աւարտին, որից յետոյ հնարաւոր է աշխատավարձերը բարձրանան: «Եւ ընդհանրապէս, պէտք չէ մոռանալ, որ Հայաստանը գազ է ներմուծում այլ երկրներից, հետեւաբար, մենք կախւած ենք այդ երկրների սակագնային քաղաքականութիւնից»,- ասել է նա:
«Ժառանգութիւն» խմբակցութեան ղեկավար Ստեոպա Սաֆարեանն իր վրդովմունքն է յայտնել գազի գնի թանկացման առնչութեամբ, այն համարելով անթոյլատրելի, որն ուղղւած է բնակչութիւնը ունեւորների եւ չունեւորների բաժանելուն:
Յիշեցնենք, որ այսօր հանրային ծառայութիւնները կարգաւորող յանձնաժողովը որոշել է, որ ապրիլի 1-ից 1 խորանարդ մետր (متر مکعب) գազի դիմաց բնակչութիւնը պէտք է վճարի ոչ թէ 96, այլ 132 դրամ, ինչը նշանակում է, որ գազը թանկանում է միանգամից 37,5 տոկոսով:

Լուրեր Հայաստանից