Էրդողանի կուսակցութիւնն առաջիկայ

ընտրութիւններում Հայ թեկնածուներ է

առաջադրելու



Յունւար 24, 2011 00:02
Թուրքիայում 2011-ի յունիսի խորհրդարանական ընտրութիւններում 50 տարի անց կրկին պայքարի մէջ կմտնեն պատգամաւորի Հայ թեկնածուներ: Այս մասին, NEWS.am-ի թղթակցի հետ զրոյցում յայտնեց Ստամբուլի հայկական «Ակօս» թերթի գլխաւոր խմբագիր Ռոբեր Քոփթաշը:
«Ակօս»-ի գլխաւոր խմբագիրն անդրադառնալով Թուրքիայում առաջիկայ խորհրդարանական ընտրութիւններին, նշեց, թէ խօսակցութիւններ կան, թէ այդ ընտրութիւններում Հայ թեկնածուներ են առաջադրւելու: «Ստամբուլի երեք ընտրատարածքներից մէկում, որտեղ ապրող հայերը մեծ թիւ են կազմում, հնարաւոր է մեծամասնական կարգով անկախ պատգամաւորի Հայ թեկնածու առաջադրւի: Անունները դեռ յստակ չեն, եւ ամէն ինչ յստակ դառնալու դէպքում այդ մասին կյայտարարւի»,-նշեց Ռոբեր Քոփթաշը:
Ըստ «Ակօս»-ի գլխաւոր խմբագրի՝ Էրդողանը պատրաստւում է իր կուսակցութեան կողմից եւս պատգամաւորի Հայ թեկնածուներ առաջադրել՝ փորձելով ցոյց տալ իր ուշադրութիւնը ազգային փոքրամասնութիւնների նկատմամբ եւ աւել քւէներ ստանալ:
Անդրադառնալով Հայ-թրքական յարաբերութիւնների կարգաւորման ձախողւած փորձին, Ռոբեր Քոփթաշը յոյս յայտնեց, որ այն 2011-ի յունիսի խորհրդարանական ընտրութիւններից յետոյ կվերսկսւի: «Թուրքական իշխանութիւնները չէին սպասում, որ Հայ-թրքական արձանագրութիւնների ստորագրումը նման բուռն հակազդեցութիւն առաջ կբերի Ադրբեջանի եւ թուրք ազգայնականների մօտ: Սա տեսնելով, Էրդողանն ընթացք չտւեց Հայ-թրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացին, քանի որ նրա համար շատ կարեւոր է ներքին քաղաքական իրավիճակը եւ իր կուսակցութեան վարկանիշը»,-շեշտեց «Ակօս»-ի խմբագիրը:
Ռոբեր Քոփթաշն անտեղի համարեց միտքը, թէ Էրդողանը Թուրքիան տանում է իսլամացման ճանապարհով: «Ոչ, նման բան հնարաւոր չէ: Ալկոհոլի օգտագործման սահմանափակման մասին նրա վերջին յայտարարութիւնների պէս յայտարարութիւններ ամբողջ աշխարհում էլ հնչում են: Դուք Ստամբուլի փողոցներում շրջել եւ տեսել էք, թէ ինչպէս են հագնւում եւ ապրում այսօրւայ թուրքերը, այնպէս որ վերադարձը իսլամին՝ հաւանական չէ: Էրդողանը քաջ գիտակցում է դա եւ չի դիմի նման քայլի»,-ընգծեց Ռոբեր Քոփթաշը:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

خروج ايران‌چك‌هاي 100 هزار توماني از پنجم بهمن



Դիտել Պարսկերէն Բաժնում.–

Wikileaks:

Ադրբեջանը հերօինի տարանցման երկիր է


Յունւար 23, 2011 02:03
Ադրբեջանն Իրանից Եւրոպա հերօինի առաքման տարանցիկ երկիր է: Թմրանիւթերի տարանցումն ապշեցնող աճ է ունեցել, գրում է իրանալեզու Parsdailynews կայքը` յղում անելով Wikileaks-ի հրապարակումներին:
2009թ. յունիսի 12-ին այդ տեղեկութիւնները ՄԱԿ-ի Թմրանիւթերի դէմ պայքարի բաժին է փոխանցել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը, գրում է Analitika.at.ua-ն:
Դեսպատան հաղորդագրութեան մէջ ասւել է.
«Ադրբեջանի մաքսային ծառայութիւնը թմրանիւթերի ապօրինի շրջանառութեան դէմ պայքարի համար չի ձեռնարկում բաւարար քայլեր: Ադրբեջանցի մաքսայինները կամ ի վիճակի չեն դա անել, կամ չեն ցանկանում ստուգել երկիր մտնող աւտո–տրանսպորտը: 2006-ին Ադրբեջանի մաքսայիններն առգրաւել են ընդամէնը 20 կիլոգրամ հերօին: Նախկինում Եւրոպա առաքւող թմրանիւթի տարանցման երկիրը Թուրքիան էր, սակայն քուրդ ապստամբների եւ թուրքական բանակի բախումների պատճառով մաքսանենգները տարանցման երկիր են դարձրել Ադրբեջանը»:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Գիւլը ԵԽԽՎ-ի ամբիոնից կխօսի

Հայ-թրքական գործընթացի մասին



13:19 • 23.01.11
Յունւարի 24-26-ը տեղի է ունենալու Եւրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) այս տարւայ առաջին լիագումար նիստը, որին հրաւիրւած է նաև Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գիւլը:
Թուրքական Sabah օրաթերթի փոխանցմամբ` ԵԽԽՎ լիագումար նիստի շրջանակում Աբդուլլահ Գիւլը հանդէս է գալու ելոյթով, որից յետոյ պատասխանելու է եւրախորհրդարանականների` Հայկական և քրդական հարցերին, կիպրական հիմնախնդրին, թուրքական արտաքին քաղաքականութեանն ու Թուրքիային առնչւող մի շարք խնդիրների վերաբերեալ հարցերին:
Բացի այդ, զեկոյցով հանդէս կգայ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դաւութօղլուն, ով կներկայացնի Թուրքիայի կողմից Եւրոպայի խորհրդի Նախարարների կոմիտէի նախագահութիւնը ստանձնելուց ի վեր իրականացւած միջոցառումները:
ԵԽԽՎ նստաշրջանին յատուկ հրաւիրեալի կարգավիճակով ներկայ են գտնւելու նաև Ռումինիայի ու Սերբիայի նախագահները և Ալբանիայի վարչապետը:
Յիշեցնենք, որ 2007թ. Աբդուլլահ Գիւլը ելոյթով հանդէս էր եկել ԵԽԽՎ լիագումար նիստում, որի ընթացքում խօսել էր քրդական հարցի, Թուրքիայում կանանց իրաւունքների և «Ակօս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանութեան մասին:


Tert.am

Ուրմիայի հայոց ազգ. «Նայիրի»

մանկապարտէզի ամանորեայ հանդէսը

ՀՕՄ-ի հովանաւորութեան տակ գտնւող Ուրմիայի հայոց ազգ. «Նայիրի» մանկապարտէզի սաները, 2010 թ. չորեքշաբթի, դեկտ. 29-ի երեկոյեան ժամը 4։30-ին, Ուրմիայի հայոց ազգ. «Արամ Մանուկեան» սրահում, շրջանում ուրախ մթնոլորտի բացումը կատարեցին ամանորեայ հանդէսով եւ Ձմեռ պապիկի դիմաւորման ծրագրով՝ նախագահութեամբ Ուրմիայի հոգեւոր հովիւ Տ. Ստեփանոս վրդ. Փաշայեանի, ներկայութեամբ Ուրմիայի Պատգամաւորական կազմի, Գործակալական խորհրդի, ինչպէս նաեւ Հայ օգնութեան միութեան վարչութեան անդամ-անդամուհիների, ծնողների, սաների եւ հոծ բազմութեան։
Ելոյթը, որ պատրաստւել էր մանկապարտէզի ուսուցչուհի Օֆելիա Սայեադեանի ջանքերով, պաշտօնապէս սկսւեց բացման խօսքի փոխանցմամբ՝ յիշեալի միջոցով։ Ծրագրի անդրանիկ բաժնում նորածաղիկների միջոցով տեղի ունեցաւ աղօթք։ Ծրագիրը բաղկացած էր արջի ու եղեւնիների մասին բեմադրութիւնից, մեներգից, խմբերգերից ու պարերից։
Ծրագրի շարունակութեամբ հանդէսին ներկայ գտնւելով՝ Ձմեռ պապիկը առաւել ճոխացրեց ու զարդարեց բեմը։ Ծրագրի աւարտին բեմ հրաւիրւեց ՀՕՄ-ի նախագահուհի Սեդա Մեջլումեանը, որը ներկաներին ուղղեց օրւայ խօսքը եւ ջերմ շնորհաւորանքները, ապա իր հերթին բեմ հրաւիրւեց Ուրմիայի հոգեւոր հովիւ Տ. Ստեփանոս վրդ. Փաշայեանը։
Հայր Սուրբը շնորհաւորելով ու բարձր գնահատելով սաների կատարած իւրաքանչիւր արարքը՝ բոլորին նախապէս շնորհաւորեց եւ մաղթեց, որ առաջիկայ տարին լինի առաւել բարգաւաճ տարի, յատկապէս՝ շրջանում, եւ իր հետ աշխարհին բերի խաղաղութիւն, արեւշատ ու բախտաւոր օրեր եւ բոլորին իղձերի իրականացում պարգեւի։ Հայր Սուրբը ծնողներին յիշեցրեց, որ առաջիկայ տարին իւրաքանչիւր ծնող պարտականութիւն ու պարտաւորութիւն ունի իր զաւակին առաւել եւս ուշադրութիւն դարձնել՝ հայկական օջախներում դաստիարակելով, մանաւանդ երբ յիշեցրեց Կիլիկիոյ Ս. Աթոռի գահակալ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի հայրապետական պատգամը՝ 2011 տարին հռչակելով որպէս ՀԱՅ ՄԱՆՈՒԿԻ ՏԱՐԻ։
Աւարտին «Պահպանիչ»-ով փակւեց միջոցառումը։Վերջում երեխաները Ձմեռ պապիկից ստացան իրենց նւէրները եւ բոլոր հիւրերը շատ ուրախ ու բարձր տրամադրութեամբ թողեցին սրահը։
«ԱԼԻՔ»

Սփիւռքահայերին կոչ կարւի`

«Ներդրումներ չկատարել Հայաստանում

օտարալեզու դպրոցների բացման գործում»



12:04 • 21.01.11
«Մենք դէմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնութիւնը պատրաստւում է շարունակել իր գործունէութիւնը երեք ուղղութիւններով այն բանից յետոյ, երբ Սերժ Սարգսեանը ստորագրեց Ազգային ժողովի ընդունած «Լեզւի մասին» ՀՀ օրէնքում լրացում կատարելու մասին և «Հանրակրթութեան մասին» օրէնքները, որոնք նախատեսում են Հայաստանում օտարալեզու դպրոցների բացում։
Ինչպէս Tert.am–ի հետ զրոյցում ասաց նախաձեռնութեան անդամ Արամ Ապատեանը, նախաձեռնութեան պայքարի առաջին ուղղութիւնն այն է, որ իրենք պատրաստւում են բողոքարկել յիշեալ օրէնքների օրինականութեան ու համապատասխանութեան հարցը թէ՛ Հայաստանի, թէ՛ միջազգային օրէնքներին։ Արամ Ապատյանի խօսքով՝ յիշեալ օրէնքները չեն համապատասխանում Հայաստանի Անկախութեան հռչակագրին, որտեղ շեշտւում է կրթութիւնը հայերէնով կազմակերպելու սահմանումը։ Նրա խօսքով՝ տւեալ օրէնքները հակասում են նաև ՄԱԿ–ի կոնվենցիային։
«Երկրորդ ուղղութիւնը, որի հետ կապւած մենք կշարունակենք մեր աշխատանքները կապւած են այլ պետութիւնների հետ։ Մենք նախատեսում ենք դիմել այլ պետութիւնների կառավարութիւններին՝ կոչ անելով օտարալեզու դպրոցների բացման փոխարէն քայլեր ձեռնարկել մեր երկրում իրենց լեզուների դասաւանդման մակարդակն ու որակը բարձրացնելու ուղղութեամբ»,– նշեց Արամ Ապատեանը։
Երրորդ տարբերակը, ինչի մասին մտածում է «Մենք դէմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնութիւնը, կապւած է Սփիւռքի հետ։ Նրանք պատրաստւում են դիմել սփիւռքահայերին՝ կոչ անելով ներդրումներ չկատարել մեր երկրում մասնաւոր օտարալեզու դպրոցների բացման գործում։
Ինչ վերաբերում է հրապարակային ակցիաներին և գործողութիւններին, նախաձեռնութիւնը մօտ ժամանակներս նման բան չի նախատեսում, բայցև չի բացառում։ «Հրապարակային միջոցառումներ մենք անում ենք ըստ անհրաժեշտութեան և եթէ հարկ լինի, նաև նման միջոցառումներ կկազմակերպենք»,– ասաց նա։

Tert.am

Սաակաշվիլին հայերին խորհուրդ է

տալիս խօսել անգլերէն !!!



16:48 • 22.01.11
Այսօր «Սինոփսիս Արմենիա» ընկերութիւնում հայ-վրացական առաջին աշակերտական առարկայական օլիմպիադայի յաղթողներին պարգևատրելուց յետոյ աշխատանքային այցով Երևանում գտնւող Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին սկսեց խօսել վրացերէն։
Նա շտապեց տեղեկացնել՝ Վրաստանում առաջին օտար լեզուն արդէն անգլերէնն է։ «Նման պոտենցիալ կա նաև Հայաստանում։ Ես համոզւած եմ, որ անպայման պէտք է խօսենք մեր մայրենի լեզւով, բայց պէտք է սովորենք նաև օտար լեզու»,- նշեց նա։
Սաակաշվիլին խորհուրդ տւեց կարևորել անգլերէնը՝ նշելով, որ տեղեկատւական տեխնոլոգիաների լեզուն հէնց անգլերէնն է։
Սաակաշվիլիի ելոյթը յաջորդել էր ՀՀ կրթութեան և գիտութեան նախարար Արմէն Աշօտեանի ելոյթին, ով խօսել էր ռուսերէն։ Սաակաշվիլիի ելոյթից յետոյ Սերժ Սարգսեանը խօսեց հայերէն։

Tert.am

نظرات فقهي درباره حجاب، كروات و رنگ لباس بانوان



وظيفه حکومت إسلامي دربارة حجاب غير مسلمانان

(ذمّي و غيرذمّي و مهمان به کشور) چيست؟

Դիտել Պարսկերէն Բաժնում.–

«Անի» միութեան 30-ամեակի

տօնակատարութիւն

Հինգշաբթի, յունւա րի 13-ի երեկոյեան, Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան «Յ. Թումանեան» սրահում, նշւեց «Հայ կին» միութեան կից Թեհրանի Սարդարապատ (Հեշմաթիէ) քաղաքամասում գործող «Անի» միութեան հիմնադրութեան եւ գործունէութեան 30-ամեայ յոբելեանը:
Յոբելեանական միջոցառմանը ներկայ էին՝ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, Իրանում Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Գրիգոր Առաքելեանը, դեսպանութեան խորհրդական Սուրէն Գասպարեանը, Իրանի Հայ Կաթողիկէ Եկեղեցու առաջնորդ Տ. Նշան արք. Գարաքեհէեանը, Իրանի Հայ Աւետարանական Եկեղեցու հոգեւոր հովիւ Վեր. Սերգէյ Շահվերդեանը, Սարդարապատ քաղաքամասի ծխատէր Տ. Մաշտոց քհնյ. Խաչատրեանը, Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի ու Թեմական խորհրդի եւ միութիւնների ներկայացուցիչներ, վերջերս կայացած հոգեւոր եւ կոմիտասեան երգերի համերգի կատարողներ՝ Գէորգ աւ. սրկ. Հաճեանն ու Տաթեւիկ Արթինեանը եւ այլ հրաւիրեալներ:
Ծրագրի սկզբում ցուցադրւեց «Անի» միութեան 30-ամեայ գործունէութիւնը ներկայացնող տեսաժապաւէն, որից յետոյ միութեան նախագահուհի Նազիկ Մանասեանը հակիրճ կերպով ներկայացրեց միութեան նպատակներն ու 30-ամեայ անցած ուղին: Ձեռնարկի գեղարւեստական բաժնում նախ «Էլեգիա», «Ալագեազ», «Ախ Նարօ» եւ «Արցախ» պարերով ելոյթ ունեցան Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան յարկի տակ գործող «Ակունք» պարախմբի սաները՝ Կարինէ Մանուչերեանի գեղարւեստական ղեկավարութեամբ, այնուհետեւ Հ. Մ. «Սիփան» միութեան «Նոր դար» ասմունքի խումբը, Անժէլ Մինասեանի ղեկավարութեամբ, երաժշտութեան համադրութեամբ, հանդէս եկաւ հայոց լեզւին վերաբերող ասմունքների շարանով, «Կռունկ, բարով դառնաս», «Արցախեան ղօղանջներ», «Հայաստան» ու «Հայուհի» խմբերգերով ելոյթ ունեցաւ «Հայ կին» միութեան կից «Անահիտ» միութեան «Զւարթնոց» երգչախումբը՝ Էդիկ Թամրազեանի ղեկավարութեամբ. վերջին երգը՝ ղեկավարի մեներգութեամբ:
«Իմ Անի» երգը կատարեցին երգչախմբի մեներգիչներ՝ Էմինէ Մելքոմը, Էլենա Շահնազարեանը, Անիտա Մանուկեանը եւ Անի Նարթինեանը:Գեղարւեստական բաժինը եզրափակւեց Անիա Շիրւանեանի դաշնամուրային կատարումով, որը նւագեց Շոպէնի համար երկու վալսը եւ Մոցարտի ռէ մինոր ֆանտազիան: Գեղարւեստական կատարումներին մէջընդմէջ իրանահայ բանաստեղծներ՝ Ալմինի եւ Էլսօ Գարեանի «Անի» միութեան 30-ամեայ յոբելեանին ձօնած բանաստեղծութիւններն ասմունքեցին հերթաբար՝ Մինէ Նազարեանը եւ Աննա Զարգարեանը:
Միջոցառման ընթացքում հաղորդավարներ՝ Արգին Արիստակէսեանի եւ Աննա Զարգարեանի միջոցով ընթերցւեցին օրւայ թեմային համապատասխան գեղարւեստական տեքստեր, որոնք պատկանում էին բանաստեղծ Ալմինի գրչին: Ընթերցւեցին նաեւ միութեան 30-ամեայ յոբելեանի առթիւ յղւած ուղերձներին մի քանիսը:
Միջոցառման վերջում իր օրհնութեան ու շնորհաւորական խօսքն ասաց Սրբազան Հայրը՝ բարձր գնահատելով «Անի» միութեան 30 տարիների օրհնաբեր գործունէութիւնը՝ իրանահայ համայնքում, ի մասնաւորի՝ Սարդարապատ քաղաքամասում:Ծրագրի աւարտին տեղի ունեցաւ ընդունելութիւն, որի ընթացքում հատւեց միութեան 30-ամեակի տորթը:

ԹՂԹԱԿԻՑ՝ Ա. Դ.
«ԱԼԻՔ»

Ամենայն Հայոց Կաթողիկոսը

վիրահատւել է.

Հեռացւել է նրա լեղապարկը



Յունւար 22, 2011 11:20
Օրերս ԱՄՆ Նիւ Եորք քաղաքում վիրահատութեան է ենթարկւել Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդը։ Լապարոսկոպիկ մեթոդով հեռացւել է նրա լեղապարկը։ Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրոյցում ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատական համակարգի ղեկավար Տէր Վահրամ քահանայ Մելիքեանը։
Նա նաեւ յայտնեց, որ վիրահատութիւնից մի քանի ժամ անց Վեհափառը եղել է աշխատունակ վիճակում։ Երէկ Գարեգին Բ-ն նախագահել է Հայ Առաքելական Եկեղեցու ԱՄՆ Արեւելեան թեմի թեմական խորհրդի նիստը։

Լուրեր Հայաստանից - NEWS.am