Ֆրանսիայի դեսպան.–
«Ֆրանսիան կողմ է, որ Թուրքիան լինի Եւրամիութեան հետ, բայց ոչ նրա կազմում»


09:52 / 16.09.2009
Պարոն դեսպան, տեսակէտ կայ, որ Կովկասեան տարածաշրջանում Հայաստանի դաշնակիցը կամ բարեկամը Ֆրանսիան է, Վրաստանինը` ԱՄՆ-ը, իսկ Ադրբեջանինը` Մեծ Բրիտանիան: Որքանո՞վ ճշմարտութեան հատիկ կայ այդ տեսակէտում եւ ինչո՞ւ է Ֆրանսիայի կապերն ամուր յատկապէս Հայաստանի հետ:
–Ձեր գործածած «դաշնակից» բառը զինւորական լրացուցիչ նշանակութիւն ունի: Ֆրանսիան տարածաշրջանի և ոչ մի երկրի դաշնակիցը չէ: Մինսկի խմբի համանախագահ Ֆրանսիան մտադիր է չեզոք և անկողմնակալ մնալ:
Դարեր շարունակ, Ֆրանսիան եղել է Արևելքի քրիստոնեաների պաշտպանը: Ֆրանսիան ապաստան է տւել եղեռնից մազապուրծներին, ովքեր լիովին ինտեգրւել են մեր երկրում և մարդկային ու մշակութային կապեր են ստեղծում Ֆրանսիայի և Հայաստանի միջև: Ֆրանսիան միշտ Հայաստանի կողքին է եղել օրհասական պահերին: Կարծում եմ Հայաստանը չի մօռացել, որ 1988-ի դեկտեմբերի սարսափելի երկրաշարժի ժամանակ ֆրանսիացի փրկարարներն առաջինը տեղ հասան: Մենք կը շարունակենք ուժեղացնել Հայաստանի հետ մեր բարեկամական յարաբերութիւնները, որն աշխարհագրական դիրքից անկախ, մեզ համար մերձաոր երկիր է:
Ֆրանսիայում շատերը Հայաստանը ճանաչում են Շառլ Ազնաւուրով եւ ցեղասպանութեամբ: Կարծում էք դա բաւարա՞ր է հայ-ֆրանսիական բարեկամութեան համար, թէ կան նաեւ այլ, աւելի լուրջ` քաղաքական պատճառներ:


–Իրերը ներկայացնելու Ձեր մօտեցումն ինձ փոքր ինչ սահմանափակող է թւում: Դա է ապացուցում Ֆրանսիայում Հայաստանի տարւայ ունեցած հսկայական յաջողութիւնը, որն իրաւամբ նպաստեց մեր երկրում Հայաստանի ազգային հարստութեան և պատմութեան հետ ծանօթանալուն: Արդէն իսկ յիշատակել եմ որոշ պատճառներ, որոնցով բացատրւում է մեր երկրների միջև գոյութիւն ունեցող բարեկամութիւնը, նորից դրան չեմ անդրադառնայ։ Պարզապէս կը յիշեցնեմ ռուսական մի արտայայտութիւն, որն ըստ իս շատ դիպուկ բնութագրում է արդի միջազգային իրողութիւնները. «աշխարհը նեղ է»: Կասէի անգամ, որ այն աւելի ու աւելի է նեղանում: Հայաստանի կողմից անկախութիւն ձեռք բերելու ժամանակ, ո՞վ կը մտածեր, որ մի օր վերջինս ընդգրկւած կը լինէր Կովկասի իր հարևանների համար մշակած եւրոպական հարևանութեան քաղաքականութեան մէջ: Յիշեցնեմ, որ Ֆրանսիան եղել է եւրոպական այն երկրներից մէկը, որոնք պայքարել են ի նպաստ կովկասեան երկրները հարևանութեան քաղաքականութեան մէջ ընդգրկելու համար:
Կայուն դրացիութեան մեր մտահոգութեանը համընթաց, Եւրամիութեան ընդարձակումը` նոյն մեր արժէքները դաւանելով, ուժեղացրել է մեր հետաքրքրութիւնը Հայաստանի և տարածաշրջանի նկատմամբ:
Հայ-թուրքական յարաբերութիւններում շարժ է նկատւում:

Ըստ Ձեզ, ի՞նչ պէտք է անել, որպէսզի սահմանը բացւի: Չէ՞ք պատրաստւում, որպէս ԵՄ անդամ երկիր որոշակի ճնշում գործադրել Թուրքիայի վրայ, որպէսզի խնդիրը տեղից շարժւի:
Թուրքիայի հետ ծաւալած գործընթացի վերջնական արդիւնքի նկատմամբ զգուշաւորութեամբ հանդէրձ, կարող եմ նշել՝ հիմա ընթացքի մէջ է կարևոր մի քայլ, որը մի քանի շաբաթ յետոյ արձանագրութիւնների ստորագրութիւնն է: Յանձնառած գործընթացն, ինձ թւում է, շահեկան է Հայաստանի, նաև Թուրքիայի համար:
Ֆրանսիան երկկողմ և եւրոպական յարաբերութիւնների շրջանակներում յիշեցնում է ընթացող գործընթացին իր օժանդակութեան մասին, որի աւարտը բոլորս ենք ցանկանում և որը բնականաբար ենթադրում է նաև Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի վերաբացում:


–Ֆրանսիան Եւրամիութեան այն երկրներից է որոնք դէմ են Թուրքիայի ԵՄ անդամութեանը: Ո՞րն է դրա պատճառը: Ի՞նչ պէտք է անի Թուրքիան ԵՄ անդամ դառնալու համար: Արդեօ՞ք այդ պայմանների մէջ պէտք է լինի ցեղասպանութիւնն ընդունելու եւ Հայաստանի հետ սահմանը բացելու խնդիրները:
–Ըստ էութեան, Ֆրանսիան կողմ է, որ Թուքիան լինի Եւրամիության հետ, բայց ոչ նրա կազմում: Մենք պատրաստ ենք այդ երկրի հետ հնարաւորինս սերտ գործընկերութեան բոլոր բնագաւառներում, որը կը բխեր Եւրամիութեան և Թուրքիայի շահերից:
Ելնելով վերոյիշյալից, Ֆրանսիան բնականաբար ցանկանում է, որ Թուրքիան ճանաչի Հայոց Ցեղասպանութիւնը և լիովին կարգաւորի իր յարաբերութիւնները Հայաստանի հետ:
Հայաստանն ընդգրկւած է Եւրոպական հարեւանութեան ծրագրում: Արդեօ՞ք դա կարելի է համարել եւս մէկ քայլ Հայաստանի ԵՄ անդամութեան ճամապարհին: Ընդհանրապէս հնարաւոր համարո՞ւմ էք, որ ՀՀ-ն երբեւէ դառնայ ԵՄ անդամ:
–Ես արդէն խօսեցի Հայաստանի հետ հարևանութեան քաղաքականութեան մասին, սակայն Ձեր հարցին ստոյգ պատասխանելու համար օգտակար եմ համարում ընդգծել, որ այն չի յաւակնում այդ քաղաքականութեան շահառու երկիրներին նախապատրաստել անդամակցութեան համար: Նպատակը խուսափել, որ անդունդ չգոյանայ Եւրոպայի երկու մասերի միջև ու գործակցութեան և օգնութեան միջոցով նպաստել Եւրամիութեանը սերտանալուն, որը կօժանդակի տարածաշրջանային կայունութեանը և տնտեսական զարգացմանը: Ինչ վերաբերում է հարցին, թէ Հայաստանը կը կարողանայ մի օր միանալ Եւրոպային, իմ կարծիքով այս փուլում այն վաղաժամ է:


NEWS.am

0 Պատգամ: