
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ.- Ադրբեջանական լրատու գործակալութիւնները երէկ հրապարակեցին մի լուր , ըստ որի Աղդամ ճակատի վրայ Ադրբեջանական բանակը յետ է մղել հայկական ուժերի կողմից մի յարձակում, եւ այս գործողութեան ընթացքին հայկական բանակից զոհւել են հինգ զինւորներ ու վիրաւորւած երեք ուրիշներ: Նոյն աղբիւրների համաձայն, Ադրբեջանական բանակից մի քանի զինւորներ վիրաւորւել են:
Թրքական մամուլը եւս արձագանգել է այս լուրերին: Թուրքիայի արտաքին գործոց նախարարութեան բանբեր Պուրաք Օզուկերկին յայտարարել է, թէ յարձակման լուրը եթէ հաստատուի, ապա խորապէս մտահոգիչ պիտի լինի Թուրքիայի համար:
«Մենք մտահոգութեամբ ենք հետեւում նման իրադարձութիւնները, մանաւանդ այս օրերին, երբ մենք փորձում ենք Կովկասի մէջ խաղաղութեան, կայունութեան ու բարօրութեան նպաստող քայլեր են առնւել», յայտարարել է Օզուկերկին: Միւս կողմից, Լեռնային Ղարաբաղի պաշտպանութեան բանակը (ՊԲ) այս լուրը հերքող հաղորդագրութեամբ հանդէս է եկել երէկ՝ Հինգշաբթի օր:
Ստորեւ՝ սոյն հաղորդագրութիւնը. «Ադրբեջանական լրատուամիջոցների կողմից այսօր տարածւած այն լուրը, թէ՝ իբր Սեպտեմբերի 10ի առաւօտեան ժամը 9ի սահմաններում հայկական ուժերը Աղդամի ուղղութեամբ անցել են գրոհի, եւ որի արդիւնքում ղարաբաղեան ստորաբաժանումները տուել են 5 զոհ եւ 3 վիրաւոր, Բաքուի պաշտօնական քարոզչամեքենայի կողմից մոգոնած հերթական ապատեղեկատւութիւնն է:
Համաձայն ԼՂՀ Պաշտպանութեան նախարարութեան մամուլի ծառայութեան պաշտօնական հաղորդագրութեան, Պաշտպանութեան Բանակի առաջապահ ստորաբաժանումները վստահօրէն տիրապետում են ինչպէս Աղդամի, այնպէս էլ շփման գծի ողջ երկարութեամբ տիրող իրավիճակին եւ ադրբեջանական ուժերին ստիպում պահպանել շուրջ 15 տարի առաջ հակամարտ կողմերի միջեւ հաստատուած հրադադարի ռեժիմը:
Ինչ վերաբերում է, այսպէս կոչւած գրոհի ընթացքում, ղարաբաղեան կողմի տւած 5 զոհի եւ 3 վիրաւորի փաստին, ապա դա ոչ այլ ինչ է, քան Բաքուի պաշտօնական քարոզչամեքենայի «վառ» երեւակայութեան հերթական արգասիք»:
«ԱՍՊԱՐԷԶ»
0 Պատգամ:
Post a Comment