ԹՈՒՐՔԻ ՀԵՏ ՀԱՇՏՒԵԼՈՒՑ ԱՌԱՋ՝
ՀԱՅԻ ՀԵՏ ՀԱՇՏՒԵ՞Լ ԵՍ
ՄԱԳԴԱԼԵՆԱ ՍԱՐԳՍԵԱՆ
Գերմանիա
06/10/2009
Այդպէս էր գրւած Փարիզում ցուցարարներից մէկի պաստառի վրայ: Իսկ ցուցարարները կանչում էին. «Դաւաճան, ամօթ», «Ոչ արձանագրութիւններին»: Ցուցարարները նստել էին Կոմիտասի արձանի մօտ, որպէսզի Սերժ Սարգսեանին չթոյլատրեն մօտենալ Կոմիտասի արձանին:Այս բողոքի ակցիայից խիստ անակնկալի եկած` Հայաստանի նախագահը փոխել էր ծրագիրը:
Կոմիտասի արձանի մօտ ծաղկեպսակը դրւել է առանց նրա մասնակցութեան, իսկ Սերժ Սարգսեանն ընդամէնը աւտոմեքենայով մօտեցել, երկու րոպէով իջել, ուղղել է ժապաւէնը և արագ հեռացել: Ոստիկանների թիւն աւելի մեծ էր, քան ցուցարարներինը: Կան բազմաթիւ ծեծւածներ, ձեռբակալւածներ, անգամ` վիրաւորւածներ:

Իսկ ցուցարարները ինչո՞ւ էին շրջափակել Կոմիտասի արձանը, կարելի է ենթադրել, որ նրանք չէին ցանկանում ազգի «Դաւաճանը», և այն «Ձեռքը», որը պէտք է ստորագրի ազգակօրծան և դաւաճանական պայմանագրեր, նոյն ձեռքով ծաղկեպսակ դնի Հայոց Սուրբի՝ Կոմիտասի արձանի մօտ: Այո, կեղտոտ ձեռքերը պէտք է հեռու մնան մեր Հայոց սրբութիւններից:
Իսկ Նիւ Եորքում ցուցարարների պաստառներից մէկում գրւած էր «Սարգսյան + Նալբանդեան= Աղէտ Հայութեան», «ՏՈՒՆ ԳՆԱ», «Ազգդ մի դաւաճանիր» և այլ լոզունգներ:Սերժ Սարգսեանը, ինչպէս Փարիզում, նոյնպես էլ Նիւ Եորքում հաւաքել էր միայն իրեն հարազատ կամ մեղմ ընդդիմադիրներին ու համոզում էր նրանց, որ այդ ազգակօրծան արձանագրութիւնները հայ ազգի «ամենահրաշալի ձեռքբերումներն ու յաջողութիւններն են»:
Սերժ Սարգսեանը Ֆրանսահայ համայնքի իր հաւաքածուներին ասաց. «լաւ կը լինէր 500 կամ 1000 մարդ ներկայանար Կոմիտասի արձանի մօտ ու լուռ ցոյց անէր, դա աւելի ազդեցիկ կը լինէր, քան այդպէս գոռալն և վիրաւորական ձևով արտայայտւելը». հնարաւոր է բառացիօրէն նոյնութեամբ շարադրւած չլինի, բայց իմաստը նոյնն է: Փաստօրէն Սերժ Սարգսեանը Սփիւռքին ասում է, թէ նա ինչպէս իր դէմ բողոք ներկայացնի: Ինչ լաւ դեմոկրատ նախագահ է: Բայց Սարգսեանը ստում է, այն էլ բացայայտ, ասելով, թէ ինքը լսել է, որ ինչ-որ մէկը ասում էր «գոռա-գոռա նկարում եմ»:
Նախ պէտք է ասել, որ պարոն Սարգսեան, դուք այդ աղմուկի մէջ, այդ գոռգոռոցի մէջ, երբ 500-ից աւելի մարդ կանչում էր «Դաւաճան», ու այդ ժամանակ դուք մի քանի տասնեակ ձեր թիկնապահներով ու Ֆրանսիական ոստիկանութեան կողմից շրջափակւած ու համարեա 20-30 մետր ցուցարարներից հեռու պայմաններում, ինչպէ՞ս կարողացաք այդ «մէկ հոգու» խօսքն այդպէս բառացիօրէն լսել, թէ նա ինչ է ասում:
Երկրորդ, պարոն Սարգսեան, ժողովուրդը բարձրաձայն գոռում է՝ դուք չէք ուզում լսել, իսկ ինչպէս էք լսելու, եթէ նրանք լուռ բողոքեն:
Երրորդ, դուք որպէս Հայաստանի նախագահ վիրաւորում էք ամբողջ ազգին, ամբողջ Սփիւռքին ու նրա մտաւոր ունակութիւնն ու կարողութիւնը, յետոյ սպասում էք ձեզ յարգե՞ն, ծափերո՞վ դիմաւորեն:Մի քանի հաւաքածուների հետ ձեր հանդիպումը դեռ չի նշանակում, որ դուք հանդիպել էք ամբողջ Սփիւռքի ղեկավարների հետ կամ Սփիւռքահայութեան հետ:
Դրանց կարծիքը բոլորովին էլ Սփիւռքի կարծիքը չէ: Սփիւռքը իր կարծիքը յայտնեց հէնց Փարիզում Կոմիտասի արձանի մօտ, Նյիւ Եորքում և Լոս Անջէլեսում հաւաքւած բողոքի ցոյցերի միջոցով: Նոյնպէս կարտայայտւի նաև Լիբանանի Հայ Համայնքը:
Պարոն Սարգսեան, ամենալաւ քայլը ձեր կողմից կը լիներ այն, որ դուք հէնց Փարիզում այդ արտայայտութիւնները լսելուց յետոյ անմիջապէս ընդհատէիք ձեր այցելութիւնն ու վերադառնայիք Հայաստան և ստորագրէիք ձեր հրաժարականը: Այդ դէպքում դուք կդառնայիք ազգի հերոս: Բայց դուք դրա փոխարէն ժողովրդին հասկացնել տւեցիք, որ ոչ մի գնով հրաժարւելու մտադրութիւն չունէք:
Ու քանի որ դուք Փարիզում գտնւում էիք ձեր կողմից հաւաքածուների շրջանակում, համարձակօրէն այդ անողնաշարների մօտ յայտարարեցիք. «…եթէ որևէ մէկն իր գործողութիւններով փորձում է ինձ սպառնալ, ապա նա, հաւանաբար, շատ միամիտ է»:Դուք, պարոն Սարգսեան, վիրաւորում էք մեր մտաւոր կարողութիւնն ու ունակութիւնը, դուք ձեզ վէր էք գնահատում բոլորից, դուք անամօթաբար ասում եք, որ ամբոջ հայութեան նախագահն էք, բայց զրկել էք արտասահամանում բնակւող Հայաստանի քաղաքացուն իր ընտրական իրաւունքից:
Ձեզ ոչ թէ միայն Սփիւռքահայերը չեն ընտրել, այլ Հայաստանում բնակւող ժողովուրդն էլ անգամ չի ընտրել: Դուք բռնի ուժով էք տիրացել Հայաստանի իշխանութեանը: Ձեր աթօռը գրաւել էք 10 զոհի, հարիւրաւոր վիրաւորների ու բանտարկեալների գնով: Դուք մէկ տարուց աւելի է ինչ չեք կարողացել մարտիմէկեան սպանութիւնները լուսաբանել ու յանցաւորին համապատասխան պատժի ենթարկել, դուք ինչպէ՞ս էք ուզում Թուրքիայում 1,5 մլն զոհի հարց քննարկել ու դրա «հետևանքները» վերացնել:
Ինչպէս մարտիմէկեան դէպքերի ժամանակ, նոյնպէս էլ հիմայ ոչ թէ մտածում էք ազգի մասին ու նրա լուրջ խնդիրների լուծման մասին, այլ ձեր և ձեր շուրջ հաւաքւած մի քանի մարդկանց շահերի մասին, որոնք իրենց ամբողջ ունեցւածքը Հայաստանի անկախութիւնից յետոյ ձեռք են բերել բռնութիւնների միջոցով, քանի որ արդար ճանապարհով ոչ ոք 18 տարիների ընթացքում մէկ միլիարդ կապիտալ չէր կարող դիզել:

Եւ ելնելով այդ հանգամանքից ու այդ մէնտալիտետի հոգեբանութիւնից է, որ դուք Փարիզում յայտարարեցիք. Ձեզ սպառնացողները միամիտ են:Նախ, պարո՛ն Սարգսեան, ոչ ոք ձեզ չի սպառնացել: Ամիսներ շարունակ ձեզ ասում են, հրաժարւիր այդ ազգակօրծան քայլից, դուք չէք լսում: Ձեզ բացատրում են այդ «արձանագրութիւններում» նշւած վտանգաւոր դրոյթների մասին, դուք չէք լսում: Դուք արհամարում էք բոլորին, բոլոր մտաւորականներին ու բանիմացներին, դուք ձեր պահւացքով վիրաւորում էք նրանց արժանապատւութիւնը, ասելով թէ նրանք «միամիտ են»:
Ես չեմ կարծում, որ դուք չէք հասկանում ինչ էք անում, կամ ձեր «ֆուտբոլային դիւանագիտութեան» արդիւնքները ինչի են յանգեցնելու, դուք դա լաւ գիտէք, բայց դրա հետեվանքներ չեն, որ ձեզ անհանգստացնում են, այլ այն, որ յանկարծ դուք ձեր նպատակին չհասնէք, այսինքն մի քանի ընտանիքի բիզնեսը յանկարծ այդ «միամիտները» չխափանեն:
Դուք շատ կցանկանայիք, որ բոլորը «միամիտ» լինէին ու աչքները փակ հաւատային ձեզ, բայց ի դժբախտութիւն ձեզ, դա այդպէս չէ: Ժողովուրդը գիտակցում է, հասկանում է: Դուք կարող էք կազինոյում կարտախաղի ժամանակ ձեր դիմացինին խաբել, բայց մեզ երբէք չէք կարող խաբել, քանի որ ձեր մտաւոր կարողութիւնը շատ թոյլ է մեզ խաբելու համար:
Բռնի ուժով ինչ-որ բան անելը դեռ չի նշանակում, որ դուք ձեր մտաւոր կարողութիւններով էք դրան հասել:Պարո՛ն Սարգսեան, փաստօրէն դուք ասում էք՝ ովքեր, որ փորձում են ձեզ համոզել ազգակօրծան ճանապարհից վերադռնալ, չարաչար սխալւում են ու շատ «միամիտ» են, որ դուք չէք հրաժարւելու ոչ մի դէպքում, անգամ եթէ դա ազգի ապագան վտանգելու գնով լինի: Իսկ համայնքի հաւաքածու անողնաշար և տգէտ անհատները պարզ է, որ չէին համարձակւելու ձեզ հակաճառել, քանի որ նրանց ու նրանց նմանների հովանու շնորհիւ է, որ դուք դեռ Հայաստանի նախագահ էք, աւելին անամօթաբար ձեզ համարում էք «Համայն Հայութեան Նախագահ»: 

Պարոն Սարգսեան, դուք ձեր խորհրդականների կողմից պատրաստւած գրութիւնը, որը նոյնութեամբ կարդացիք Հայաստանի կուսակցապետերի (նոյն փարիզեան անողնաշարների շարքին տգէտների մի շարան), և հանրային խորհրդի ներկայացուցիչների (մի այլ տգէտների շարան) հետ հանդիպման ժամանակ, նոյնութեամբ կարդում էիք նաև փարիզեան ձեր հաւաքածուների հետ հանդիպման ժամանակ:
Դուք այնքան գիտելիք ու մտաւոր կարուղութիւն չունէք, որ կարողանաք առանց նախապէս ձևակերպւած, սրբագրւած գրութեամբ ձեր մտքերը արտայայտել:Պարոն Սարգսեան, մի հետ նայէք ու տեսէք թէ մինչև հիմա ինչ էք արել, եթէ անկեղծ Հայ լինէիք պէտք է հարակիրի անէիք, կամ էլանմիջապէս հրաժարական տայիք. Ստորեւ կը ներկայացնեմ ձեր միամտութեան մի շարան, որոնք ամէնակարևորներն են, էլ չեմ խօսում ներքին քաղաքականութեան մասին:
Եւ այսպէս.Դուք, Թուրքիայի հետ յարաբերութիւններ հաստատելու, Գիւլին ֆուտբոլի հրաւիրելու մասին յայտարարութիւնը, Հայաստանի ԱԺ-ում (գոնէ ձևականօրէն) անելու փոխարէն, և դա նախապէս ժողովրդի ու մտաւորականութեան քննարկմանը դնելու փոխարէն, յայտարարել էք Մոսկւայում,Թուրքիայի հետ բանակցութիւններում՝ սահմանի բացման հարցում ընդունել էք Թուրքիայի կողմից պարտադրւած հայավնաս նախապայմաններ,Համաձայնւել էք ապրիլի 24-ից առաջ հանդէս գալ համատեղ յայտարարութեամբ, ինչը բարձրացրեց Թուրքիայի հեղինակութիւնը և ձախողեց Միացեալ Նահանգների և այլոց կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչմանը հասնելու ջանքերը,Համաձայնւել էք Թուրքիայի հետ ունացած ներկայ սահամանները «Վերահաստատել» և դրանով վերջ դնել Հայաստանի տարածքային պահանջներին,Համաձայնւել էք Հայոց Ցեղասպանութեան փաստերն ուսումնասիրող համատեղ պատմական յանձնաժողով ստեղծելու Թուրքիայի պահանջի հետ, որպէսզի Ցեղասպանութեան իրողութիւնը կասկածի տակ դնէք ու ազատւէք դրանից:
Թոյլ եք տւել Թուրքիային քիթը խոթել Արցախի հարցով հայ-ադրբեջանական բանակցութիւնների մէջ,Դուք միամտօրէն հաւատացել էք Թուրքիային և ձեր միամտութեան ջանքերի շնորհիւ բարձրացնում էք Թուրքիայի հեղինակութիւնն ու ազդեցութիւնը ամբողջ տարածաշրջանում:
Դուք այնքան միամիտ էք, որ հաւատում էք Թուրքիայի կեղծ պնդումներին, թէ նա վարում է Հայաստանի հետ լուրջ բանակցութիւններ,Եւրոպացիները դէմ են Թուրքիայի Եւրոմիութեան անդամակցելուն, իսկ դուք միամտօրէն պնդում էք, որ նա պէտք է մտնի Եւրամիութիւն:
Նոյնիսկ դրանով չէք բաւարարւում ու ձեր արտգործնախարարը յայտարարում է, որ ինքը բացում է Եւրոպայի վերջին փակ սահամանը,Դուք մի քանի անգրագէտ, բռնի ուժով կապիտալ կուտակած «գործարարների հետ զրուցել էք» ու հաւատում էք, որ Թուրքիայի հետ սահամանը բացելով Հայաստանի տնտեսութիւնը կը զարգացնէք, բայց այնքան միամիտ էք, որ չէք էլ կարող պատկերացնել, թէ դա միայն Թուրքիայի տնտեսութեան զարգացմանն է ծառայելու,ԼՂՀ բանակցութիւնների սեղան չվերադարձնելը, մադրիդեան սկզբունքների ընդունումը, որը նախատեսում է՝ ազատագրւած տարացքները Ադրբեջանին յանձնել, ԼՂ ինքնորոշման հարցը անորոշ ապագային թողնել, Ադրբեջանցի փախստականների վերադարձ, Հայ փախստականների մասին խօսք չլինել և այլն և այլն:
Իսկ դուք այդ բոլորը միամտաբար կուլ էք տալիս ու այդքան միամտութիւնից յետոյ, ձեզ քննադատողներին է՞ք «միամիտ» անւանում:Ով գիտէ, հնարաւոր է, որ դուք միամիտ չէք, այլ ընդհակառակը, դուք շատ ճարպիկ էք ու ճարպկօրէն փորձում էք, քանի դեռ ուժն ձեր ձեռքն է՝ ձեր ու ձեր շրջապատի շահերին ծառայեցնել համայն հայութեան ողջ շահերը…
0 Պատգամ:
Post a Comment