Հայկական կողմը շնորհակալ է Իրանին՝ ԼՂ կարգաւորման հարցում հաւասարակշռւած մօտեցման համար


15:32 / 27.01.2010
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը Յունւարի 27-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետութեան արտաքին գործերի նախարար Մանուչեհր Մոթթաքիին, ով Հայաստանում է հայ-իրանական միջկառավարական յանձնաժողովի 9-րդ նիստին մասնակցելու նպատակով:
Հայաստանի նախագահի մամուլի գրասենեակից NEWS.am-ին յայտնում են, որ նախագահ Սարգսեանը ողջունել է արտգործնախարար Մոթթաքիի այցը եւ ասել, որ մեծապէս կարեւորում է հայ-իրանական միջկառավարական յանձնաժողովի աշխատանքը:
ՀՀ նախագահն ընդգծել է Հայաստանի եւ Իրանի միջեւ առկայ բարձր մակարդակի երկխօսութեան եւ անցկացւող խորհրդատւութիւնների կարեւորութիւնը:
Իրանի արտգործնախարարը շնորհակալութիւն է յայտնել ջերմ ընդունելութեան համար եւ նախագահ Սարգսեանին փոխանցել ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադի ողջոյնները: Մանուչեհր Մոթթաքին գոհունակութիւն է յայտնել միջկառավարական յանձնաժողովի երեւանեան նիստում քննարկւած խնդիրների ու կայացւած որոշումների կապակցութեամբ, որոնք ուղղւած են երկու երկրների ղեկավարների միջեւ նախկինում ձեռք բերւած քաղաքական համաձայնութիւնների իրագործմանը:
Հանդիպման ընթացքում շեշտւել է երկու երկրների միջեւ առկայ բարեկամական բազմաբովանդակ յարաբերութիւնները խորացնելու առկայ քաղաքական կամքը եւ նշւել, որ երկու ժողովուրդների բարեկամութիւնը հազարամեակների հարուստ պատմութիւն եւ զարգացման մեծ հեռանկարներ ունի: Մեր երկրի ղեկավարն ու Իրանի արտգործնախարարը համակարծիք են եղել, որ «դժւար օրերի բարեկամը նաեւ հեշտ օրերի լաւ բարեկամ է»:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների կարգաւորման հայկական նախաձեռնութեանը, տարածաշրջանային անվտանգութեան եւ կայունութեան հրատապ խնդիրներին, ինչպէս նաեւ արցախեան հակամարտութեան կարգաւորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներին ու հեռանկարներին: Սերժ Սարգսեանը շնորհակալութիւն է յայտնել իրանական կողմին` Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման հարցում ցուցաբերւող հաւասարակշռւած մօտեցման համար:

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: