ԱՄՆ պետդեպարտամենտ.–
Հայաստանը եւ Թուրքիան պէտք է առաջ շարժւեն արձանագրութիւնների վաւերացման ուղղութեամբ
12:51 / 30.03.2010
ԱՄՆ-ը շարունակում է պնդել, որ Հայաստանը եւ Թուրքիան պէտք է առաջ շարժւեն եւ վաւերացնեն յարաբերութիւնների կարգաւորման արձանագրութիւնները:
Այդ մասին մարտի 29-ին կայացած ճեպազրոյցում յայտարարել է ԱՄՆ պետքարտուղարութեան պաշտօնական ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին: Պատասխանելով Հայոց Ցեղասպանութեան բանաձեւի ընդունումից յետոյ ստեղծւած իրավիճակի մասին հարցին՝ Քրոուլին նկատել է, որ Անկարան ինքը պէտք է որոշի դեսպանին Վաշինգտոն վերադարձնելու հարցը:
«ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ու Թուրքիայի արտգործնախարար Դաւութօղլուն պարբերաբար զրուցում են: Եթէ դուք նայէք այն հարցերին, որոնցում ներգրաււած է Թուրքիան, կը տեսնէք, որ նրանք սեփական երկխօսութիւնն են վարում Իրանի հետ, Սիրիայի հետ: Ոչ վաղ անցեալում նրանք կառուցողական յարաբերութիւն ունէին նաեւ Իսրայէլի հետ: Նրանք նաեւ կապւած են այն գործընթացի հետ, որին մենք այդքան ջանք ու եռանդ ենք տրամադրել: Ձեզանից շատերը պետքարտուղարի հետ էին, երբ ստորագրւում էին արձանագրութիւնները: Մենք շարունակում ենք պնդել, որ Հայաստանը եւ Թուրքիան պէտք է առաջ շարժւեն եւ վաւերացնեն յարաբերութիւնների կարգաւորման արձանագրութիւնները»,- ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:
Նրա խօսքով, նոյն կերպ ԱՄՆ-ը մասնակցում է «Լեռնային Ղարաբաղի բարդ հարցի լուծմանը»: «Այնպէս որ, դա մեր յարաբերութիւնների ռազմավարական բաղադրիչի միայն մի մասն է»,- յաւելել է Քրոուլին:


Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: