Ազատագրւած տարածքների յանձնման-չյանձնման վերաբերեալ կարծիքներ Գիւմրիից

«Միանշանակ ո՛չ, քանի որ դրանք մենք ձեռք ենք բերել արեամբ և իրաւունք չունենք գրչով յանձնելու: Սերունդները մեզ չեն ների»
Ազատագրւած տարածքների յանձնման-չյանձնման վերաբերեալ ինչպէս ամբողջ Հայաստանում, այնպէս էլ Գիւմրիում բազմաթիւ կարծիքներ կան: Սակայն վերջին շրջանում հասարակական ընկալման մէջ փոխւել է վերաբերմունքն ազատագրւած տարածքները զիջելու առումով:

Եթէ մի քանի ամիս առաջ պատեհ-անպատեհ ամէն առիթով իւրաքանչիւրն իր պարտքն էր համարում յայտարարել, որ Արցախի խնդիրը պէտք է կարգաւորւի «փոխզիջումային» տարբերակով («Ազատագրւած տարածքները յանձնենք, որ Արցախը պահենք, ու պատերազմ չլինի» կարգախօսով), այժմ, սակայն, յաճախակի է հնչում այն կարծիքը, որ այդ հողերը պատմական Հայաստանի մի մասն են, և ոչ մի դէպքում չպէտք է լինեն Ադրբեջանի կազմում:
«Ինչպէ՞ս էք վերաբերւում Ա
րցախը շրջապատող ազատագրւած տարածքներն Ադրբեջանին յանձնելու գաղափարին, և այն ընդունելի՞ է Ձեզ համար» հարցին Գիւմրու հասարակական-քաղաքական ուժերը տարբեր կերպ են արձագանքել:
«Միանշանակ ոչ, դա գաղափար չէ. դրանք Հայաստանի անբաժանելի մասն են»,- հարցի վերաբերեալ յստակ արտայայտւել է ՀՅԴ Շիրակի մարզային կոմիտէի ներկայացուցիչ Արտակ Աւետիսեանը:
«Ես՝ որպէս ազատամարտիկ, միանշանակ դէմ եմ արիւնով նւաճւած հողերը մէկ ստորագրութեամբ յանձնելուն: Դրանք սոսկ հողեր չեն, այլ մեր պատմական հայրենիքի մի մասնիկը, աւելին՝ այսօր ՀՀ-ի և ԼՂՀ-ի անվտանգութեան կարևորագոյն երաշխիքը: Սա իմ մասնաւոր կարծիքն է»,- ասել է ՀԱԿ Գիւմրու տարածքային կազմակերպութեան ղեկավար Աշոտ Զաքարեանը:

«Ես դէմ եմ յանձնելուն, առանց մեկնաբանութիւնների»,- շատ կարճ արձագանքել է իրաւապաշտպան Սէյրան Մարտիրոսեանը:
Նոյն հարցի կապակցութեամբ պատմաբան Արշաւիր Գասպարեանն ասել է. «Միանշանակ ոչ, քանի որ դրանք մենք ձեռք ենք բերել արեամբ և իրաւունք չունենք գրչով յանձնելու: Սերունդները մեզ չեն ների»:
Իսկ Գիւմրու հանրապետականների մամլոյ խօսնակ Սամւէլ Աղանյեանը պատասխանել է. «Մեր կուսակցութիւնը նման խնդիր չի դրել, և այդպիսի բան չկայ ու չի կարող լինել:
Կայ ընդամէնը փոխզիջման տարբերակ, որը ենթադրում է զիջումներ երկու կողմերից: Այդ փոխզիջումները նոյնիսկ հնարաւոր է, որ տարածքներ չլինեն»,- ասել է Սամւէլ Աղանյեանը:
Այն դիտարկմանը, թէ իրենց կուսակցութեան ղեկավար Սերժ Սարգսեանը սիրիական «Ալ վաթան» թերթին տւած հարցազրոյցում ասել է, որ Արցախի ինքնորոշման դիմաց հնարաւոր է համարում քննարկել ազատագրւած տարածքներն Ադրբեջանին վերադրաձնելու խնդիրը, Սամւէլ Աղանյեանն արձագանքել է. «Սերժ Սարգսեանը նման բան չի ասել, լրագրողներն են խեղաթիւրել....՞՞՞»:
Դերենիկ Մալխասեան
Գիւմրի

0 Պատգամ: