Բաքւի փորձերը՝ վերադարձնել

տարածքները, վտանգաւոր փորձ է
Յուլիս 16, 2010 18:22
NEWS.am-ի բլից-հարցազրոյցը Արցախի արտաքին քաղաքականութեան եւ անվտանգութեան հարցերով Հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլեանի հետ։
* Ի՞նչ սպասելիքներ ունէք Ալմաթայում կայանալիք հնգակողմ հանդիպումից։
** Դա սովորական, հերթական հանդիպում կլինի։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որպէս կանոն, ջանում են օգտագործել բոլոր հնարաւորութիւնները, որպէսզի հանդիպեցնեն Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին կամ արտգործնախարարներին։ Ես առանձնայատուկ սպասելիքներ Ղազախստանում կայանալիք հանդիպումից չունեմ։
* Ինչպէ՞ս կմեկնաբանէք Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդեարովի՝ վերջերս արած յայտարարութիւնը
** Ադրբեջանի՝ կորցրած տարածքներն աստիճանաբար վերադարձնելու ցանկութիւնն ակնյայտ է։ Դա դուր կը գար Բաքւին։ Մանաւանդ, որ պատերազմը սկսւեց Ադրբեջանի նախաձեռնութեամբ, եւ պատերազմի առաջին փուլում Ղարաբաղեան տարածքներն օկուպացւեցին Ադրբեջանի կողմից, իսկ այդ շրջանների հայ բնակչութիւնը ենթարկւեց ցեղային զտումների։ Այսինքն, պատժի փոխարէն Ադրբեջանը ցանկանում է կորցրած շրջանների տեսքով բոնուս ստանալ։
Իմ կարծիքով, ո՛չ Հայաստանը, ո՛չ ԼՂՀ-ն չպէտք է քննարկեն տարածքների հարցը։ Ղարաբաղցի պաշտօնատար անձանց մասնակցութեամբ հետագայ բանակցութիւնների ժամանակ խօսքը կարող է գնալ միայն միջպետական սահմանների ճշգրտման մասին։
Բացի այդ, Բաքւի իշխանութիւնների եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների փորձերը՝ հասնել ԼՂՀ-ից միակողմանի զիջումների, վտանգաւոր փորձ է։
* Ձեր կարծիքով, Ղարաբաղեան հակամարտութեան հարցում ո՞րը պէտք է լինի Հայաստանի յաջորդ քայլը։
** Հակամարտութեան կարգաւորման համար պէտք է համապատասխան պայմաններ ստեղծւեն։ Այդ պատճառով էլ Հայաստանը մի կողմից պէտք է հասնի ուժի չկիրառման մասին եռակողմ համաձայնութեան ստորագրմանը, միւս կողմից՝ Ստեփանակերտն ու Երեւանը, օգտագործելով Սփիւռքի ներուժը, պէտք է ակտիւօրէն աշխատեն ԼՂՀ միջազգային ճանաչման ուղղութեամբ։
Այսպիսով, ռազմական ճանապարհի բացառումը եւ Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան միջազգային կարգավիճակների հաւասարեցումը պայմաններ կստեղծեն տարածաշրջանային երկարատեւ կայունութեան համար։

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: