ՀՀ ԱԳ նախարար. –
Նախորդ պատերազմի վէրքերից դեռ չապաքինւած,
Բաքուն նոր արկածախնդրութիւն է պատրաստում
«Զարհուրելի է, որ անգամ ելոյթ ունենալով երեխաների առջեւ` Ադրբեջանի
նախագահը սուր է ճոճում թմկահարելով Ադրբեջանի ռազմական ներուժը,
տարածքային պահանջներ ներկայացնելով` պնդելով, որ Հայաստանը եւ
Երեւանը ադրբեջանական հող է ու դրա մասին պէտք է մանուկները
իմանան»

«Ալիեւը մի քանի անգամ յիշատակեց մահապարտ «շահիդներին»՝ խաղալով
Ադրբեջանի բնակչութեան կրօնական զգացմունքների հետ»
Նոյեմբեր 12, 2010 11:59
Ադրբեջանի կողմից սանձազերւած նախորդ պատերազմի վէրքերը դեռ չեն ապաքինւել, մինչդեռ Բաքուն նոր արկածախնդրութիւն է պատրաստում: Եւ նաւթի եկամուտներից հոսող գումարներն ուղղւում են նոր ռազմական սադրանքների սնուցմանը: Նման յայտարարութիւն է արել Հայաստանի ԱԳ նախարար Էդւարդ Նալբանդեանը, նոյեմբերի 11-ին Հնդկաստանի մայրաքաղաքում` Միջազգային յարաբերութիւնների հնդկական Խորհրդում իր ելոյթից յետոյ կայացած հարցուպատասխանի ժամանակ:
Նա Միջազգային յարաբերութիւնների հնդկական Խորհրդում հանդէս է եկել ծաւալուն ելոյթով, որին ներկայ են եղել Նիւ-Դելիում հաւատարմագրւած դեսպաններ, ԱԳՆ բարձրաստիճան պաշտօնեաներ, քաղաքագէտներ, վերլուծաբաններ եւ լրագրողներ:
Անդրադառնալով ԼՂ խնդրի կարգաւորմանը, Նալբանդեանը, մասնաւորապէս, յիշեցրել է Աստրախանում ձեռք բերւած ռազմագերիների եւ զոհերի դիակների փոխանակման պայմանաւորւածութեան մասին եւ նշել. «Աստրախանի հանդիպումից յետոյ պայմանաւորւածութիւնները սկսեցին իրագործւել: Սակայն ցաւալի է, որ անգամ այս փոխանակումը Ադրբեջանի կողմից շահարկւեց հասարակական կարծիքը մոլորեցնելու նպատակով:
Նոյեմբերի 7-ին, այդ առթիւ կազմակերպւած յատուկ արարողութեան ընթացքում նախագահ Իլհամ Ալիեւը կրկին յայտարարեց հիմնախնդրի լուծման համար ռազմական ուժ կիրառելու Ադրբեջանի պատրաստակամութեան մասին: Նա ազգային հերոս հռչակեց ադրբեջանցի զինւորին, ով շփման գծում դիվերսիոն յարձակման ժամանակ սպանել էր հինգ եւ վիրաւորել երեք հայերի` նշելով, որ «կան տասնեակ հազարաւոր այդպիսի հերոսներ… որոնք սպասում են Գերագոյն Հրամանատարի հրահանգին»: Նա մի քանի անգամ յիշատակեց մահապարտ «շահիդներին»՝ խաղալով Ադրբեջանի բնակչութեան կրօնական զգացմունքների հետ եւ նշելով, որ դա կարող է օրինակ ծառայել երիտասարդ սերնդի համար: Նա թմբկահարեց, որ իր երկիրը «ունի ոչ միայն մեծ քանակութեամբ զէնք, զինամթերք, ռազմական հանդերձանք, ռազմական հնարաւորութիւններ, բանակը եւս մեծ վերելք է ապրում»:
Զարհուրելի է, որ անգամ ելոյթ ունենալով երեխաների առջեւ` դպրոցի բացման արարողութեան ժամանակ, Ադրբեջանի նախագահը սուր է ճոճում թմկահարելով Ադրբեջանի ռազմական ներուժը, տարածքային պահանջներ ներկայացնելով` պնդելով, որ Հայաստանը եւ Երեւանը ադրբեջանական հող է ու դրա մասին պէտք է մանուկները իմանան:
Սա 1939 թւականի Գերմանիան չէ, սա 2010 թւականի Ադրբեջանն է:
2004-2011թթ. ընկած ժամանակահատւածում, ընդամէնը 7 տարում, այդ երկրի ռազմական բիւջէն աճել է մօտ 18 անգամ: Եւ գրեթէ կրկնապատկւել է 2010-ից 2011-ին: Եթէ այն այս տարի կազմում է Ադրբեջանի ՀՆԱ-ի 10 տոկոսը, ապա 2011-ին ՀՆԱ-ի լինելու է մօտ 20 տոկոսը:
Եթէ Ադրբեջանը ցանկութիւն ունի գնալու Ղարաղեան հիմնախնդրի կարգաւորմանը, ապա պէտք է ուղղորդի նման անհիմն եւ սադրիչ գործողութիւնների վրայ վատնւող եռանդն ու ռեսուրսները Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցութիւններին, ոչ թէ ձեւական, այլ գործնական մասնակցութիւն ունենալուն»:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: