Արևմտեան Հայաստանի խնդիրը քաղաքական
օրակարգում է, իսկ մենք պահանջատէ՛ր ենք

«Արևմտեան Հայաստանի Ազգային Խորհուրդը մեր հայրենիքը` Արևմտեան Հայաստանը ներկայացնող միակ քաղաքական ներկայացուցչական մարմինն է: Ակտիւ գործում է միջազգային կազմակերպութիւններում, մասնաւորապէս, ՄԱԿ-ում»

«Թուրքիայի ցանկութիւնը` մտնել Եւրոմիութիւն, չի կարող իրականանալ, քանի դեռ լուծւած չէ օկուպացւած հայկական տարածքների հարցը»

«Արևմուտքի մտավախութիւնը լիովին հասկանալի է. աշխարհն այսօր կարևորում է իրաւունքի ուժը, իսկ Արևմտեան Հայաստանի գոյութիւնը հաստատւած է իրաւական փաստաթղթերով»
Նոյեմբեր 8, 2010թ. 10:00
ArmAr.am լրատւական-վերլուծական էլեկտրոնային օրաթերթի հարցազրոյցը Արևմտեան Հայաստանի Հայերի Ազգային Խորհրդի նախագահ Արմենակ Աբրահամեանի հետ

* Օրերս մի միջոցառման ժամանակ յայտարարեցիք, թէ Արևմտեան Հայաստանի հարցը վերադարձել է մեծ քաղաքականութիւն: Քաղաքական հարթութեան մէջ ի՞նչ տեղաշարժեր են կատարւել, որով կարելի է վստահաբար ասել, թէ Արևմտեան Հայաստանի հարցը կրկին քաղաքական օրակարգում է:
* Արևմտեան Հայաստանի հարցը մեծ քաղաքականութիւն վերադառնալն իրողութիւն է. այն տեղի ունեցաւ անցած տարի, երբ մէջտեղ եկան Հայ-թրքական արձանագրութիւնները: Այդ արձանագրութիւններն ու դրա շուրջ ստեղծւած Հայ-թրքական համագործակցութեան յայտնի սցենարը յատուկ սարքւեց, որպէսզի Արևմտեան Հայաստանի խնդիրը վերջնականապէս փակւի: Իսկ Արևմտեան Հայաստանի հարցի մինչ օրս չլուծւած լինելը, անհանգստացնում է Արևմուտքին: Արևմուտքի նպատակն է Հայ-թրքական յարաբերութիւնների միջոցով վերջնականապէս լուծել Թուրքիայի կողմից բռնազաւթւած հայկական տարածքների հարցը, որը դամոկլեան սրի պէս կախւած է Թուրքիայի գլխին:
Թուրքիայի ցանկութիւնը` մտնել Եւրոմիութիւն, չի կարող իրականանալ, քանի դեռ լուծւած չէ օկուպացւած հայկական տարածքների հարցը: Եւ ահա շրջանցելով Արևմտեան Հայաստանի բնիկ ժողովրդի միակ քաղաքական ներկայացուցչական մարմնին` Արևմտեան Հայաստանի Հայերի Ազգային Խորհրդին, Արևմուտքի ցուցումով Թուրքիան յարաբերութիւնների կարգաւորման գործընթաց սկսեց Հայաստանի Հանրապետութեան հետ: Իսկ ինչո՞ւ Հայաստանի Հանրապետութեան հետ. դա իր պարզ բացատրութիւնն ունի. ՀՀ-ի ղեկավարութիւնը Թուրքիային պահանջներ չի ներկայացնում Արևմտեան Հայաստանի հետ կապւած, դրա համար էլ Թուրքիայի համար շատ աւելի շահեկան ու դիւրին է ՀՀ ղեկավարութեան հետ համաձայնութեան գալը:
* Իսկ Ազգային Խորհրդի կողմից Թուրքիային պահանջ ներկայացւե՞լ է, որ Արևմտեան Հայաստանին վերաբերող հարցերում հարկ է հաշւի նստել Արևմտեան Հայաստանի բնիկ ժողովրդի շահերը ներկայացնող քաղաքական ներկայացուցչական մարմնի հետ:
* Լինելով ՄԱԿ-ում գրանցւած կառոյց, ամէն անգամ Ազգային Խորհուրդը Թուրքիային յիշեցնում է, որ Արևմտեան Հայաստանին առնչւող խնդիրները պէտք է լուծել ոչ թէ Երևանի հետ, կամ այլ տեղերում, այլ անմիջականօրէն Արևմտեան Հայաստանի Հայերի Ազգային Խորհրդի հետ: Սակայն` ձայն բարբարոյ յանապատի:
* Ասացիք, թէ Արևմտեան Հայաստանի հարցի մինչ օրս լուծւած չլինելն անհանգստացնում է Արևմուտքին: Այսինքն, Արևմուտքն ընդունում է, որ Արևմտեան Հայաստանի հարց գոյութիւն ունի:
* Անշուշ, և Արևմուտքի մտավախութիւնը լիովին հասկանալի է. աշխարհն այսօր կարևորում է իրաւունքի ուժը, իսկ Արևմտեան Հայաստանի գոյութիւնը հաստատւած է իրաւական փաստաթղթերով: Ինչն էլ անհանգստացնում է իրաւունքի պաշտպանութւան դիրքերից հանդէս եկող Արևմուտքին: Չմոռանանք, որ Սևրի դաշնագիրը լուրջ փաստաթուղթ է:
ԱՄՆ իշխանութււնները չեն կարող հրապարակաւ մերժել իրենց նախագահի ստորագրութիւնը, կնիքը կրող իրաւական փաստաթուղթը: Դրա համար էլ շտապում են ամէն ինչ անել հարցը, այսպէս կոչւած, Հայ-թրքական համագործակցութեամբ վերջնականապէս փակելու: Իսկ ի՞նչ դիրք բռնեց Թուրքիան. որոշեց օգտւել յարմար առիթից, և ոչ միայն փակել Արևմտեան Հայաստանի հարցը, այլև ադրբեջանանպաստ լուծում տալ նաև Արցախի խնդրին:
* Դուք յայտարարում էք, որ Արևմտեան Հայաստանի նկատմամբ մեր իրաւունքներն իրականացնելու համար կան բոլոր իրաւաբանական հիմքերն ու մեխանիզմները, և դրանք պէտք է գործի դնենք ոչ միայն մեր մշակութային ժառանգութիւնը պահպանելու համար, այլև իրաւական հարթութեան մէջ համարձակօրէն գործենք բոլոր ուղղութիւններով: Իրաւական ի՞նչ փաստաթղթեր նկատի ունէք:
* Ցաւօք քչերին է յայտնի, որ 2007 թ. սեպտեմբերի 13-ին ՄԱԿ-ի Գլխաւոր Ասամբլեայի կողմից ընդունւել է «Բնիկ ժողովուրդների իրաւունքների մասին» Հռչակագիրը: ՄԱԿ-ի անդամ պետութիւնների մեծամասնութիւնը` 192 երկրներից 144-ը, միացել են Հռչակագրին: Այդ իրաւական փաստաթուղթը մեզ համար շատ կարևոր կէտեր է պարունակում: Այդ իրաւունքի ուժով բնիկ ժողովուրդները կարող են հաստատել իրենց քաղաքական կարգավիճակը, տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացումը:
Միջազգային իրաւունքի տեսանկիւնից առաջնութիւնը տրւում է բնիկ ժողովուրդներին: Ասել է, թէ տւեալ հողի տէրը բնիկ ժողովուրդն է, ու եթէ պետութիւնը տւեալ հողատարածքի հետ խնդիրներ ունի, ապա պարտաւոր է դիմել բնիկ ժողովրդի ներկայացուցչական մարմնին, ստանալ նրա համաձայնութիւնը, ապա միայն իրականացնել իր ծրագրերը: Նկատենք, որ ասւածս ամրագրւած է ՄԱԿ-ի Հռչակագրում: Սակայն կայ մէկ հանգամանք. ՄԱԿ-ի յիշեալ Հռչակագիրը անդամ պետութիւնների կողմից պարտադիր կատարման ենթակայ չէ:
Սակայն Հռչակագրի հիման վրայ ընդունւում են տարբեր բանաձևեր, որոնք էլ ՄԱԿ-ի անդամ պետութիւնները պարտաւոր են յարգել: Հակառակ դէպքում բնիկ ժողովուրդներն իրաւունք ունեն դիմել միջազգային դատարան` սեփական իրաւունքները պաշտպանելու համար: Սա է մեխանիզմը: Եւ մենք պէտք է օգտւենք այս ամէնից: Արևմտեան Հայաստանի հայերն այդ հողերի բնիկ ժողովուրդն են, իրական տէրը, այսօր մենք պայքարում ենք հէնց ա’յդ իրաւունքների շրջանակներում:
Արևմտեան Հայաստանի Հայերի Ազգային Խորհուրդը որպէս բնիկ Հայ ժողովուրդի ներկայացուցչական մարմին, ՄԱԿ-ի անդամ պետութիւնների առաջ բարձրացնում է մեր իրաւուքներն ու պահանջները, և Թուրքիայի հետ խօսում հէնց ա’յդ իրաւունքի լեզւով: Օրինակ, Ազգային Խորհուրդը ՄԱԿ-ում աշխատում է որպէսզի վերոնշեալ Հռչակագրում մշակոյթին առնչւող յօդւածների հիման վրայ ընդունւեն բանաձևեր, որոնք էլ կդառնան օրէնք` ենթակայ պարտադիր կատարման ՄԱԿ- անդամ երկրների կողմից:
Թուրքիան այսօր փորձում է Արևմտեան Հայաստանի հայերին ներկայացնել իբրև թուրքահայութիւն, սա իր խնդիրն է, իսկ մեր խնդիրը աշխարհին ճշմարտութիւնը հասցնելն է: Ի դէպ, կայ մի նրբութիւն. մենք չենք ասում, թէ մենք Արևմտեան Հայաստանի քաղաքացի ենք, այլ նշում ենք, որ մենք Արևմտեան Հայաստանի Հայ ենք: Սա արդէն փաստում է ոչ թէ քաղաքացիութեան, այլ ազգութեան մասին: Դրա համար էլ Արևմտեան Հայաստանի Ազգային Խորհուրդն իր անդամներին տրամադրւող անձնագրերում նշում է` Արևմտեան Հայաստանի հայ: Միւս իրաւական փաստաթուղթը «Գաղութային երկրներին և ժողովուրդներին անկախութիւն տալու մասին» Հռչակագիրն է, որը ՄԱԿ-ն ընդունել է 1960-ին:
Եւ վերջապէս` Սևրի պայմանագիրը: Միաժամանակ, չպէտք է մոռանանք, որ 1918-ի յունւարի 13-ին Ռուսաստանի կողմից արդէն իսկ ճանաչւած է Արևմտեան Հայաստանի անկախութիւնը: Այնպէս որ, մենք մեր ձեռքի տակ ունենք կարևոր իրաւական հիմքեր և կարող ենք համարձակօրէն պաշտպանել մեր իրաւունքները: Եւ Արևմուտքը դա լաւ է հասկանում…
* Հետաքրքիր է, որ Թուրքիան ընդունել է «Բնիկ ժողովուրդների իրաւունքների մասին» հռչակագիրը, իր համար խոցելի մի փաստաթուղթ, որը յստակ արձանագրում է, որ բնիկ ժողովուրդներն ունեն, ընդհուպ մինչև, տարածքային պահանջ ներկայացնելու իրաւունք: Ինչո՞ւ է Թուրքիան, ըստ ձեզ, գնացել նման քայլի:
* Թուրքիան ընդունեց Հռչակագիրն այն համոզմամբ, որ այլևս գոյութիւն չունի իր ձեռքով ցեղասպանութեան ենթարկւած այդ տարածքի բնիկ Հայ ժողովուրդը:
* Թուրքիայի իշխանութիւնները թերևս կարծում էին, թէ Արևմտեան Հայաստանի հայերը սփռւած լինելով աշխարհով մէկ, այնքան են հեռացել ազգային գիտակցութիւնից, որ այլևս չեն կարող հայրենիքը վերագտնելու յոյսեր ունենալ, հետևապէս, անկարող կլինեն բարձրացնել իրաւական, քաղաքական խնդիրներ:
* Ճիշտ էք, մանաւանդ որ Թուրքիան տասնամեակներ շարունակ աշխատել ու այսօր էլ ակտիւ գործում է տարբեր երկրների Հայ համայնքներում, փորձելով հայութեան ներսում սերմանել պառակտում, որպէսզի հայերս հեռանանք մեր ինքնութիւնից: -Եւ այդ մասին չի էլ թաքցնում, որ դիւանագիտական տարբեր խմբեր է ուղարկում հայութեան «մէջ աշխատելու»:
* Այո, բացայայտ ասում են այդ մասին: Բայց Թուրքիան նաև համոզւել է, որ ցեղասպանութեան ժառանգներս ապրում ենք ու շարունակում պայքարել մեր իրաւունքների համար, որ մենք պահանջատէր ենք: -Յայտնի է, որ Թուրքիան նաև փորձում է «Բնիկ ժողովուրդների իրաւունքների մասին» Հռչակագիրը սեփական շահերին ծառայեցնել:
* Այո, ապացոյցը Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու միջոցառումն էր: Թուրքիայի ղեկավարութիւնը փորձում է աշխարհին ցոյց տալ, թէ պաշտպանում է միջազգային իրաւունքները և վերականգնում մշակութային կոթողները: Սակայն, եթէ մէկ տեղում վերականգնում է, ապա մէկ այլ տեղում քանդում ու ջարդում է Հայոց եկեղեցիները: Ազգային Խորհուրդն ունի բազմաթիւ փաստեր ասւածս ապացուցելու և Թուրքիայի խարդախ դէմքը ցոյց տալու համար, այդ ուղղութեամբ մենք լուրջ աշխատանքներ ենք տանում:
Արևմտեան Հայաստանի վանքերը, գերեզմանները, խաչքարերը, յուշարձանները պատկանում են Արևմտեան Հայաստանի Հայ ժողովրդին, ու եթէ մէկ այլ պետութիւն կփորձի վերցնել մեր ժառանգութիւնը, դա կհամարւի ապօրինի սեփականացում: Մենք պատրաստւում ենք ոչ միայն խնդիրը ներկայացնել ՄԱԿ-ում, այլև հարցը տանել միջազգային դատարան: Թրքական իշխանութիւնները պէտք է հասկանան, որ այդ գործելակերպը երկար շարունակւել չի կարող:
* Հնչում են առաջարկներ, թէ Արևմտեան Հայաստանի եկեղեցիները պէտք է անցնեն Պոլսոյ պատրիարքարանի ենթակայութեան տակ: Ինչպէս էք վերաբերւում նման առաջարկին:
* Տեսէք, նրանք ովքեր դէմ էին Հայ-թրքական արձանագութիւնների վաւերացմանը գիտակցում էին, որ դա վտանգաւոր կլինի Արևմտեան Հայաստանի համար: Իսկ նման անհանգստութիւնը փաստում է այն մասին, որ ընդունում են մեր երկրի գոյութիւնը: Եւ ուրեմն, եթէ ընդունում են, ապա ինչպէս կարող ենք մեր հայրենիքի մշակութային ժառանգութիւնը թոյլ տալ, որ փոխանցւի այլ պետութեան:
Իսկ պատճառը շատ պարզ է. Պոլսոյ պատրիարքարանը գրանցւած է և գործում է այլ պետութեան` Թուրքիայի տարածքում, հետևաբար, ծառայում է այդ պետութեան ղեկավարութեանը: Ուրեմն, ինչպէ՞ս կարելի է թոյլ տալ, որ Արևմտեան Հայաստանի ժառանգութիւնն անցնի Պոլսոյ պատրիարքարանին: Նոյն կերպ կարող ենք ասել` իսկ ինչու Պոլսին և ոչ, ասենք Ֆրանսիային, Երուսաղեմին:
Այս մօտեցման կողմնակիցները, փաստօրէն, բացայայտ յայտարարում են, որ Արևտեան Հայաստան գոյութիւն չունի ու ցոյց են տալիս, որ պատրաստ են զիջել մեր հազարամեայ ժառանգութիւնը: Շատերը կամ չեն հասկանում այդ վտանգը, կամ ձևացնում են, թէ չեն հասկանում: Չէ՞ որ սա ևս մի միջոց է Արևմտեան Հայաստանի հարցը փակելու: Մենք մերժում ենք այս վտանգաւոր մօտեցումը: Արևմտեան Հայաստանը մեր հայրենիքի սիրտն է: Մենք այն կարծիքին ենք, որ Արևմտեան Հայաստանը կամ պէտք է առանձին պատրիարքարան ունենայ, կամ կարող է Ազգային Խորհրդի վերահսկողութեան տակ անցնեն մեր ժառանգութիւնները, որից յետոյ Ազգային Խորհուրդը կորոշի` ինչպէս տանել վերականգնման, պահպանութեան աշխատանքները:
* Պարոն Աբրահամեան, Արևմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը մեր հայրենիքը` Արևմտեան Հայաստանը ներկայացնող միակ քաղաքական ներկայացուցչական մարմինն է: Ակտիւ գործում էք միջազգային կազմակերպութիւններում, մասնաւորապէս, ՄԱԿ-ում: Ինչու շփումներ, հանդիպումներ չէք ունենում նաև Հայաստանի Հանրապետութեան ղեկավարութեան հետ:
* Աշուշտ, նման նպատակ ունենք: Մենք բոլոր պետութիւների հետ էլ պատրաստ ենք աշխատանք տանել: Ինչու չպէտք է յարաբերութիւններ հաստատենք Հայաստանի Հանրապետութեան հետ: Սակայն առայժմ սպասում ենք, որ ՀՀ ղեկավարութիւնը ճիշտ հասկանայ Ազգային Խորհրդի նպատակները, աւելի խորութեամբ ընկալի մեր դիրքորոշումները, որոնք մենք ներկայացնում ենք լրատւամիջոցների , ՄԱԿ-ի յայտարարությունների միջոցով:
Երբ ՀՀ ղեկավարութիւնը լաւ կուսումնասիրի մեր դիրքորոշումները, անշուշտ, կգայ և մեր շփումների ժամանակը: Ցաւօք, այսօր դեռ ՀՀ ղեկավարութիւնը պատրաստ չէ դրան, և դա են ապացուցում Արևմտեան Հայաստանի հանդէպ առկայ տրամադրութիւնները:
Բայց նաև նկատում ենք, որ ուսումնասիրւում է մեր գործունէութիւնը, հետաքրքրւած են մեզանով. և դա շատ լաւ է: Այնպէս որ, կգայ և այդ համագործակցութեան ժամանակը:
Հարցազրոյցը վարեց Արմինէ ՍԻՄՈՆԵԱՆԸ
ArmAr.am

0 Պատգամ: