Ընկերվար միջազգայնականի
ԱՊՀ-ի,
Կովկասի եւ Սեւ ծովի
յանձնախմբի ժողովը
կայանալու է Բաքւում
2010 թ. հոկտեմբերի 11-12-ը
«Ալիք»– Հոկտեմբերի 11-12-ը Բաքւում կայանալու է Ընկերվար միջազգայնականի (Սոցինտերն) ԱՊՀ-ի, Կովկասի եւ Սեւ ծովի յանձնախմբի ժողովը (նախորդ ժողովը գումարւեց Երեւանում, ս. թ. յունիսի 11-12-ը): Յանձնախմբի ժողովին մասնակցելու են տարածաշրջանից եւ Եւրոպայից սոցիալիստական եւ սոցիալ-դեմոկրատական կուսակցութիւնների ներկայացուցիչներ:
Յանձնախմբի ժողովի օրակարգում են՝ տարածաշրջանի հակամարտութիւնները, տարածաշրջանի երկրներում զարգացումները եւ տարածաշրջանում սոցիալ դեմոկրատիայի զարգացման հնարաւորութիւնները:Յանձնախմբի ժողովին մասնակցելու է Հայ Յեղափոխական Դաշնակցութեան պատւիրակութիւնը:
Պատւիրակութեան կազմում են՝ ՀՅԴ Բիւրոյի անդամ, յանձնախմբի համանախագահ Մարիօ Նալբանդեանը եւ ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանը: ՀՅԴ պատւիրակութեան մասնակցութիւնը առայժմ երաշխաւորւած չէ, որովհետեւ Թբիլիսիից Բաքու թռիչքի համար անհրաժեշտ աւիատոմսերը ենթականերին վաճառելու համար՝ ԱԶԱԼ ադրբեջանական աւիաուղիների Թբիլիսիի գրասենեակը պահանջում է նրանց այցի մասին համաձայնութիւն՝ ադրբեջանական դեսպանատնից կամ Ադրբեջանի ներքին գործերի նախարարութիւնից:
Այս խնդիրների կարգաւորմամբ զբաղւում է Սոցինտերնը:Սոցինտերնը սոցիալ դեմոկրատական, սոցիալիստական եւ աշխատաւորական կուսակցութիւնների համաշխարհային կառոյց է, որը համախմբում է 170 կուսակցութիւններ եւ կազմակերպութիւններ՝ բոլոր մայրցամաքներից: Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը 1996 թ. սեպտեմբերին նորից դարձաւ Սոցինտերնի անդամ, որին կուսակցութիւնը առաջին անգամ անդամագրւել էր 1907 թ.: 2003 թ. ՀՅԴ-ն դարձաւ Սոցինտերնի լիիրաւ անդամ՝ դառնալով ԱՊՀ-ի երկրներում միակ կուսակցութիւնը, որն ունի այդպիսի կարգավիճակը:
Սոցինտերնի 13-րդ համագումարում, որը կայացել է 2008 թ. յունիսին՝ Աթենքում, դաշնակցական Մարիա Թիթիզեանն ընտրւեց կազմակերպութեան փոխնախագահ: Սոցինտերնի խորհուրդը 2008 թ. նոյեմբերին Մեքսիկոյում ընտրեց ՀՅԴ Բիւրոյի անդամ Մարիօ Նալբանդեանին Սոցինտերնի ԱՊՀ-ի, Կովկասի եւ Սեւ ծովի յանձնախմբի համանախագահ:
ՀՅԴ Կանանց խումբը Սոցինտերնի կանանց կազմակերպութեան անդամ է: ՀՅԴ երիտասարդական կազմակերպութիւնը՝ ՀԵԴ-ն, Երիտասարդ սոցիալիստների միջազգային միութեան անդամ է, եւ Սոցիալիստ երիտասարդների եւրոպական համայնքի դիտորդ անդամ:
ՀՅԴ ՄԱՄԼՈՅ ԴԻՒԱՆ (ԵՐԵՒԱՆ)
0 Պատգամ:
Post a Comment