ՆԱԽԻՋԵՒԱՆՆ ԱԼԻԷՒԻ «ՆԱԽՆԵԱՑ ԵՐԿԻՐՆ Է», ԲԱՆԱԿՑՈՒԹԻՒՆՆԵՐՆ ԷԼ
ԱՒԱՐՏԱԿԱՆ ՓՈՒԼՈ՞ՒՄ ԵՆ
(Լուսանկարներում, Արաքս գէտի միւս ափում՝ Նախիջեւանի տարածքն է։ Մինչեւ չորս տարի առաջ
այդ տարածքը լեցուն էր հայկական խաչքարերով, որոնք Ալիէւի «որդի» ները իբրեւ ազգային ժառանգութիւ՞ն..., ջարդեցին ու գէտը թափեցին... Այո, վանդալիզմում է թաքնւած նրանց ամբողջ տաղանդը...)


• «Նախիջեւանը հնագոյն ադրբեջանական տարածք է, որ ունի հին պատմութիւն ու մշակոյթ: Նախիջեւանի պատմական յուշարձաններն ադրբեջանական ժողովրդի մեծ տաղանդի վկայոււթիւնն են»:
Սրանք, ադրբեջանական լրատւամիջոցների տեղեկացմամբ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիէւի խօսքերն են, որ ասւել են հոկտեմբերի 3-ին Նախիջեւանում:

• «Ազգն» արդէն տեղեկացրել է, որ հոկտեմբերի 3-ին տեղի է ունեցել թուրքալեզու երկրների ղեկավարների 9-րդ գագաթաժողովը: Այնպիսի տպաւորութիւն կարելի է ստանալ, թէ Իլհամ Ալիէւը նման խօսքեր ասելիս իսկապէս հաւատացել է Նախիջեւանի «ադրբեջանական անցեալին», աւելին, ինչ-որ «տաղանդի» միջոցով ծնւած յուշարձանների առկայութեանն այն դէպքում, երբ նոյն Նախիջեւանում իսկապէս տաղանդաւոր ստեղծագործութիւնների հազարաւոր օրինակներ մի քանի օրում ջարդուփշուր արւեցին` հայ մշակոյթի վկայութիւն խաչքարերի ու շիրմաքարերի փշուրների վրայ զինւորական պոլիգոն կառուցելով:
Դա այնքան էլ հնագոյն ու վաղ անցեալ չէր, այլ 2005 թւականի դեկտեմբերը, որի առնչութեամբ սակայն, խուլ ու համր մնացին ինչպէս միջազգային հանրութիւնը, այնպէս էլ տարբեր հարցերում պաշտպանական գործունեութիւն ծաւալող կազմակերպութիւնները: Աւելին, հազարաւոր դիմումներն ու խնդրանքները՝ հետաքննելու Հին Ջուղայի խաչքարերի աւերումը, որեւէ արձագանք չգտան, եւրոպական խոստացւած փաստահաւաք առաքելութիւնն էլ չկազմւեց` գաղափարը թողնելով ճանապարհներին:
Ինչեւէ, որ Ադրբեջանի նախագահի համար «Նախիջեւանը պատմական ադրբեջանական հող» է, զարմանալի չէ, այլ՝ աշխարհին նման տեսակէտը մատուցելու հանգամանքը, այնպիսի բարձրագոչութեամբ, կարծես պետական մակարդակով վանդալիզմի հեղինակն ինքը չէր: Զարմանալի չէ նաեւ ամէն առիթով սեփական երկրի եղած-չեղած կարողութիւններից Ալիէւ կրտսերի խօսելու մեծագոյն ցանկութիւնը, որ արտայայտւում է ամէն մի ելոյթում ու խօսքում, թերեւս ինքնահաստատման իւրօրինակ ձեւ ծառայելով հարեւան երկրի իշխանական որդու համար:
Ադրբեջանի նախագահը թուրքալեզու մի քանի երկրների նախագահներին, ինչպէս միշտ որեւէ ելոյթում, ներկայացրել է Ադրբեջանի «հզօրութիւնը», նաւթն ու գազը այս ու այն կերպ տեղափոխելու դրական պահերը, գործարկւած Բաքու-Ջեյհանն ու դեռեւս կառուցելիք Բաքու-Էրզրումը, ադրբեջանա-ղազախական վառելիքային համաձայնագրերը, կառուցւող Բաքու-Թբիլիսի-Կարսն էլ վրադիր, որոնց հիմքով «կը վերստեղծւի Մետաքսի ճանապարհը»:
Այն, որ հայերը «օկուպացրել են ադրբեջանական հողերը, խախտել երկրի տարածքային ամբողջականութիւնը», այնքան է կրկնւել, որ որեւէ պարագայում կարելի է Ադրբեջանի նախագահի փոխարէն բառացիօրէն ասել նոյնն առանց Ալիեւ կրտսերին լսելու: Աւելին, Ալիէւի մտորումները նրան մինչեւ Թուրքիայի հետ միասնութիւնը ապահովելու հիմքը` «ադրբեջանական Զանգեզուրը» չունենալու ափսոսանքին է հասցրել:
Առաւել հետաքրքրական է այն, ինչ թուրքալեզու մի քանի երկրների նախագահներին, այդ թւում` Թուրքիայի, Ալիէւը ներկայացրել է ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման համատեքստում: «Երկար տարիներ տարւում են բանակցութիւնները: Բայց մենք դեռեւս, ցաւօք, որեւէ արդիւնքի չենք հասել: Ճիշտ է, բանակցութիւնների գորընթացում դրական դինամիկայ է նկատւում:
Կարող եմ ասել, որ բանակցութիւնների գործընթացը գտնւում է աւարտական փուլում: Քննարկւող հարցերը կարող են նպաստել հակամարտութեան կարգաւորմանը», նշել է Ադրբեջանի նախագահը, յաւելմամբ, իհարկէ, թէ այս ամէնը միայն տարածքային ամբողջականութեան հիմքով ու ֆոնին: Բաւականին հետաքրքրական կլիներ Ադրբեջանի նախագահից պարզաբանել, թէ յատկապէս ինչով եւ ինչն է նա համարում աւարտական փուլ բանակցային գործընթացում:
Ու թէեւ Ալիէւն, ինչն ակնյայտ է, որեւէ համագործակցութիւն Հայաստանի հետ չի պատկերացնում ներկայ վիճակում, դրա փոխարէն մշակութային յուշարձանների աւերումով յայտնի երկրում հնարաւոր է համարում «ազգային ինքնորոշումը»: Գագաթաժողովում Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գիւլն, իր հերթին, Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման առնչութեամբ յայտարարել է, թէ ժամանակն է եկել վերջնականապէս լուծելու Հարաւային Կովկասի տարածաշրջանային հակամարտութիւնները, այդ թւում` հայ-ադրբեջանականը՝ «տարածքային ամբողջականութեան շրջանակներում»:
Ըստ Գիւլի, Թուրքիան հաւատում է, որ եկել է «օկուպացւած տարածքներն» ազատելու ժամանակը, եւ որ ղարաբաղեան հարցը պիտի կարգաւորւի երկխօսութեան, բանակցութիւնների ու դիւանագիտութեան ճանապարհով: Այս գնահատականները առաւել հետաքրքրական են, քանի որ հոկտեմբերի 8-ին Քիշնեւում սպասւում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը, իսկ հոկտեմբերի 14-ին Հայաստանի նախագահը տւեալ ժամանակահատւածում աւարտին կը հասցնի «ֆուտբոլային դիւանագիտութեան» երկրորդ խաղը:

Ա.ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ
«ԱԶԳ»

0 Պատգամ: