11 կուսակցութիւն Հայ-թուրքական արձանագրութիւնների դէմ համատեղ յայտարարութիւն են տարածել


16:19 / 06.10.2009
Այսօր 11 կուսակցութիւններ միասնական յայտարարութիւն են ստորագրել՝ ընդդէմ Հայ-թուրքական նախաստորագրւած արձանագրութիւնների: Այն ստորագրել են մասնաւորապէս՝ ՀՅԴ, ՀՌԱԿ, «Նոր ժամանակներ», «Ժառանգութիւն», Ժողովրդական կուսակցութիւն (Տիգրան Կարապետեան), «Գոյամարտ» համազգային կուսակցութիւն, «Մայր հայրենիք», Հայաստանի աշխատաւորական սոցիալիստական կուսակցութիւն, «Միաւորւած Հայեր», «Ազգային միասնութեան ուխտ», ՀԴԿ կուսակցութիւնների ղեկավարները: Յայտարարութեան տակ չկայ ՀԱԿ-ին անդամակցող ուժերից որեւէ մէկի անունը:
Յայտարարութեան մէջ մասնաւորապէս ասւած է. «Առանց նախապայմանների Թուրքիայի հետ յարաբերութիւնների կարգաւորման Հայաստանի նախաձեռնութիւնը լրջագոյն քայլ էր եւ պէտք է դառնար միակ զիջումը, որ կատարում է ցեղասպանութիւն վերապրած, շրջափակման ենթարկւած կողմը:

Հրապարակւած արձանագրութիւնների բովանդակութեանը չեն համապատասխանում այն պնդումները, թէ իբր դիւանագիտական յարաբերութիւնների հաստատման, Թուրքիայի կողմից ցամաքային շրջափակման վերացման գործընթացն իրականացւում է առանց թուրքական նախապայմանների բաւարարման: Ակնյայտ իրողութիւն է, որ.
- Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ առկայ սահմաններն ամրագրող այլ պայմանագիր, բացի Մոսկւա-Կարս փոխկապակցւած եւ ապօրինի պայմանագրերից գոյութիւն չունի: Ուստի, ճանաչելով այդ սահմանները, մենք առաջին անգամ, որպէս անկախ պետութիւն, վաւերացնում ենք պայմանագրի Թուրքիայի համար ամենաանհրաժեշտ հատւածը: Այսպիսով բաւարարւում է նրա գլխաւոր նախապայմաններից մէկը` այսօրւայ սահմանների ճանաչումը:
— Հնարաւորութիւն տալով ձեւաւորել պատմական հարթութիւնների վրայ քննարկումներ իրականացնող ենթայանձնաժողով, չստեղծելով որեւէ նախադրեալ Թուրքիայի կողմից հայերի ցեղասպանութեան միջազգային ճանաչման համար, կասեցւում է հայերի ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործընթացը, նոր հնարաւորութիւններ են առաջանում Թուրքիայի կողմից իրականացւող ուրացման քաղաքականութեան ակտիւացման համար: Այսպիսով բաւարարւում է Թուրքիայի յաջորդ պահանջը` կասեցնել ցեղասպանութեան ճանաչման վերջին ժամանակներում թափ առած միջազգային գործընթացը:
- Հայ-թուրքական յարաբերութւնների եւ ԼՂ խնդրի կարգաւորման գործընթացների ժամանակային առումով փաստացի փոխպայմանաւորումը, տարածքային ամբողջականութեան սկզբունքի ամրագրմանը զուգահեռ ազգերի ինքնորոշման իրաւունքի յարգման պարտաւորութեան բացակայութիւնը լայն ճանապարհ են հարթում վերոնշեալ գործընթացների փոխկապակցման եւ դրանց հանգուցալուծման գործում Թուրքիայի դերակատարութեան մեծացման համար: Այսպիսով, Թուրքիան հնարաւորութիւն է ձեռք բերում հասնել իր նախորդ նախապայմանի բաւարարմանը` պահանջելով Հայաստանից եւ միջնորդներից իրեն ձեռնտու զարգացումներ ապահովել ԼՂ խնդրի կարգաւորման գործընթացում:
- Վերջապես, միակողմանիօրէն փակելով սահմանները եւ այն երկկողմ բացելու որոշում արձանագրելով` Թուրքիան սահմանների մինչ օրս փակ լինելու պատասխանատւութիւնը փաստօրէն կիսում է Հայաստանի հետ:
Մենք պահանջում ենք չստորագրել հրապարակւած արձանագրութիւններն այս տեսքով եւ իրականացնել վերոնշեալ վտանգները չեզոքացնող փոփոխութիւններ
»:


NEWS.am

0 Պատգամ: