8-ԱՄԵԱՅ ԱՂՋԿԱՆ ԲՌՆԱԲԱՐԵԼՈՒՑ ԱՌԱՋ ԾԵԾԵԼ ԵՆ


Անցեալ շաբաթավերջին հասարակութիւնը ցնցւեց 8-ամեայ աղջնակի բռնաբարութեան մասին լուրը լսելուց:
Պաշտօնական աղբիւրները յայտնեցին, որ դէպքը կատարւել է «Յաղթանակ» զբօսայգում: Աղջնակը դպրոցից տուն վերադառնալիս է եղել:
Երէկ մենք փորձեցինք մի քանի մանրամասներ պարզել դեռ չբացայայտւած գործի հանգամանքներից: Տուժած աղջնակը, ում անունը հասկանալի պատճառներով չի հրապարակւում, Բաբայեան փողոցով վերադառնալիս է եղել նկարչական դպրոցից: Նա եղել է իր երկու ընկերուհիների հետ, բայց քանի որ տիկնիկը մոռացած է եղել դպրոցում, վերադարձել է` այն վերցնելու:
Ընկերուհիները նրան չեն սպասել, եւ աղջնակը միայնակ է փորձել` անցել նոյն այդ ճանապարհը, սակայն նրան խաբել ու շեղել են ճանապարհից: Այս դրւագում երկու վարկած է շրջանառւում. ըստ որոշ լուրերի` եղել են մի քանի հոգի, ովքեր երեխային հաւաստիացրել են, որ զբօսայգում նւէրներ են բաժանում եւ շեղել են ճամփից` տանելով դէպի «Մայր Հայաստան» յուշարձանի ուղղութեամբ, որտեղ էլ եղել է դէպքը (Բաբայեան փողոցի կողմից դէպի յուշարձան տանող ուղիղ եւ ասֆալտապատ ճանապարհ կայ):
Ըստ երկրորդ եւ առաւել ճշմարտանման վարկածի` երեխային մօտեցել է մօտ 25 տարեկան մի երիտասարդ եւ խնդրել` ցոյց տալ այգի տանող ճանապարհը եւ նրան հանել անցորդների տեսադաշտից: Հասարակութեան աչքից քողարկւելուց յետոյ, յանցագործը նախ դաժան ծեծի է ենթարկել երեխային, ապա բռնաբարել: Երեխան հոգեկան յուզմունքից ու ֆիզիկական ցաւից ուշագնաց է եղել, եւ երբ ուշքի է եկել` յիշել եւ պատմել է իր հետ կատարւած ամէն ինչ:
Մեզ հասած տեղեկութիւններով` յանցագործի բռնաբարման գործողութիւնների մէջ տարօրինակութիւններ են եղել, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ երիտասարդը հոգեկան շեղումներ է ունեցել: Թերեւս նաեւ դա էր պատճառը, որ օրեր առաջ գլխաւոր դատախազը հրահանգ իջեցրեց` ուսումնասիրել եւ պարզել, թէ այս տարի արձանագրւած սեռական բռնութիւնների գործերով անցնող յանցագործները, կասկածեալները, մեղադրեալներն արդեօ՞ք տառապում են հոգեկան հիւանդութիւններով, թէ ոչ, եւ եթէ այո` ապա նրանց ո՞ր տոկոսն է ունեցել հոգեխանգարմունք:
Մեզ հասած լուրերի համաձայն` ծնողները միշտ ուշադիր են եղել աղջնակի նկատմամբ եւ դպրոցից տուն վերադառնալիս միշտ դիմաւորել են նրան: Իսկ ճակատագրական օրը, ըստ երեւոյթին, երեխային ճանապարհից շեղել են մինչեւ ծնողների հետ հանդիպելը: Այժմ, ծնողները եւ տուժած աղջնակը գտնւում են չափազանց ծանր սթրեսային վիճակում, եւ ժամանակ առ ժամանակ անհրաժեշտ է լինում բժիշկների օգնութիւնը:
Տուժած փոքրիկն արդէն մի քանի օր է` չի յաճախում հանրակրթական դպրոց (որի համարը չենք հրապարակում` երեխայի շահերից ելնելով), եւ ծնողները որոշել են նրան նոյնիսկ նկարչական դպրոցից հանել, բայց առայժմ ընտանիքի մտերիմների յորդորով` որոշումը չի իրականացւել:
Մի կարեւոր հանգամանք եւս. մեր տեղեկութիւններով` իրաւապահներին կարծես թէ յաջողւել է դուրս գալ յանցագործի հետքի վրայ. դա հնարաւոր է դարձել հայաստանեան քաղաքական եւ բիզնես դաշտում մեծ կշիռ ունեցող պաշտօնեաներից մէկի (ում անունը չենք հրապարակում` նրա իսկ անվտանգութիւնից ելնելով) տան մուտքի վրայ առկայ տեսանկարահանող սարքի տեսաձայնագրութեան միջոցով:
Նշենք, որ «Յաղթանակ» զբօսայգու` այդ հատւածում են գտնւում Հայաստանի քաղաքացիներին յայտնի եւ անյայտ մի շարք օլիգարխների, օլիգարխիկների եւ ինչպէս տեղի մանր-մունր առեւտրականներն են ասում` «հարուստների թաղամասը»: Մեր զրոյցների ընթացքում մեզ հաւաստիացնում էին, որ եթէ երեխան թէկուզ մի փոքր աղմուկ-աղաղակ բարձրացներ` հարեւանութեամբ գտնւող ուժային կառոյցի (անվտանգութեան ծառայութեան) ներկայացուցիչները կարող էին կանխել դէպքը, սակայն դէպքի ենթադրեալ վայրի մեր դիտարկումները հակառակի մասին էին վկայում. «Մայր Հայաստան» արձանին յարող տարածքը մէկուսի հատւած է, վերջնամասում օբյէկտներ չկան, նոյնիսկ մեր այցելութեան պահին թէկուզ` չափաւորութեան մէջ, բայց «սիլի-բիլի» անող զոյգեր կային:
Ընդհանուր առմամբ այն կարելի է համարել նպաստաւոր որջ` նմանօրինակ յանցագործութիւնների համար: Խօսակցութիւններ կան, որ մի ժամանակ այստեղ նոյնիսկ թմրամոլներն են շատ ակտիւ զբաղւել իրենց հետաքրքրող «թեմաներով»: Զբօսայգու տարածքում աշխատողներից եւ շրջակայքում ապրողներից հետաքրքրւեցինք, թէ արդեօ՞ք տարածքը հսկւում է իրաւապահների կողմից:
Պատասխանեցին, որ ցերէկային ժամերին հսկողութիւն կայ, սակայն երեկոյեան ժամերին զբօսայգին ոչ լուսաւորւում է, քանի որ մեծ ծախսերի հետ է կապւած, ոչ էլ պատշաճ հսկւում, որովհետեւ նոյնիսկ ոստիկանները չեն կարող այդ հսկայ եւ չլուսաւորւած տարածքում իրենց անվտանգ զգալ:
Իսկ մութն ընկնելուն պէս` ինչ տեսակի մարդ ասես, որ չի մտնում զբօսայգու տարածք` դա կարող է թմրամոլ լինել, կարող է հարբեցող կամ մոլագար լինել: Համենայնդէպս, կողոպուտների եւ գողութիւնների մասին խօսակցութիւններն այստեղ շատ են շրջանառւում: Ի դէպ, մենք առիթ ենք ունեցել լուսաբանելու տարիներ առաջ զբօսայգում կատարւած մի դաժան սպանութեան մասին: Այն ժամանակ տուժողը Վազգէն Սարգսեանի անւան ռազմական ինստիտուտի կուրսանտ էր, ում կախել էին ծառից` հէնց իր համածառայակիցները:

Էլմիրա Մարտիրոսեան
«ԺԱՄԱՆԱԿ»

0 Պատգամ: