Ո՞ՐՆ Է ԱՌԱՋՆԱՅԻՆ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹԵԱՆ ՍԿԶԲՈ՞ՒՆՔԸ, ԹԷ՞ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՒՈՒՆՔԸ


Մինսկի խումբը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգաւորման նպատակով ստեղծւել է 17 տարի առաջ:
Ունի 13 անդամներ, որոնք են՝ ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Ռուսաստանը, Գերմանիան, Թուրքիան, Բելառուսը, Ֆինլանդիան, Իտալիան, Հոլանդիան, Պորտուգալիան, Շվեդիան, ինչպէս նաեւ Հայաստանն ու Ադրբեջանը:
Խմբի համանախագահող երկրների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի ներկայացուցիչները, հանդիպելով ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի 17-րդ նստաշրջանի շրջանակում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ, հանդէս էին եկել համատեղ յայտարարութեամբ, որը տանտիրոջ իրաւունքով հրապարակել էր Յունաստանը:
Յայտարարութեանը հէնց Աթէնքում հրապարակման օրը՝ դեկտեմբերի 1-ին արձագանքել էր ՀՀ արտգործնախարար Էդւարդ Նալբանդեանը, իսկ հայաստանեան մամուլը հրապարակել էր դրա ամբողջական տեքստը: Այս տեքստում շարադրւած են դեռեւս 2007-ի հոկտեմբերի 29-ին Մադրիդում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների մասնակցութեամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի ընդունած 4 հիմնարար սկզբունքները:
Կրկնութիւնից խուսափելու համար նպատակայարմար ենք գտնում Մինսկի խմբի յայտարարութեան տեքստին անդրադառնալու փոխարէն անդրադառնալ ինչպէս այդ յայտարարութեան, այնպէս էլ մադրիդեան սկզբունքների թուրքական մեկնաբանութեանը: Տւեալ դէպքում խօսքը «Սաբահ» թերթի հեղինակ Էրդալ Շաֆաքի դեկտեմբերի 4-ի հրապարակման մասին է: Յօդւածագիրը նախ նշում է մադրիդեան սկզբունքների մասին, ապա կատարում հետեւեալ հարցադրումը.
«Դէ լաւ, Ադրբեջանն ու Հայաստանը ինչո՞ւ ուրախացան, երբ Մինսկի խումբը յայտարարութեան մէջ շեշտը դրեց մադրիդեան սկզբունքների վրայ: Ուրախացան, որովհետեւ, ըստ Բաքւի, այդ սկզբունքները հիմնաւորում են Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնը, իսկ Երեւանը համոզւած է, որ դրանք ինքնորոշման իրաւունք են տալիս Լեռնային Ղարաբաղին:
Այլ կերպ, «Մադրիդի սկզբունքները», Ադրբեջանի պնդմամբ, հիմնահարցի կարգաւորման համար նախատեսում են Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղին ինքնավարութեան իրաւունքի շնորհումը, իսկ Հայաստանն առաջ է քաշում այն տեսակէտը, թէ այդ սկզբունքները հաստատում են Լեռնային Ղարաբաղի Ադրբեջանից լիարժէք անջատւելու եւ անկախութիւնը հռչակելու իրաւունքը:
Հիմա անդրադառնանք յաջորդ հարցին. «Ո՞րն է ճիշտ, կամ ո՞վ է իրաւացի»: Պատասխանը մէկն է՝ երկուսն էլ, քանի որ ՄԱԿ-ի կոնվենցիան հաւասարապէս երաշխաւորում է ե՛ւ պետութիւնների տարածքային ամբողջականութիւնը, ե՛ւ ժողովուրդների ինքնորոշման իրաւունքը: Աւելին, Գլխաւոր ասամբլեայի 12 դեկտեմբերի 1960 թւակիր որոշմամբ ՄԱԿ-ը հաստատել էր. «Որեւէ պատճառաբանութեամբ չի կարելի յետաձգել անկախութեան ձգտող ժողովուրդների պահանջը»:
Սակայն նոյն ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեան 1970 թ. հոկտեմբերի 24-ին ընդունեց մէկ այլ որոշում, որտեղ էլ յայտարարեց. «Ինքնորոշման իրաւունքը չի կարող դառնալ ինքնիշխան եւ անկախ պետութեան տարածքային ամբողջականութեան վտանգման կամ նրա մասնատման ձեռնարկումների միջոց»:
Դէ արի ու հասկացի: Ահա թէ ինչու կարեւոր նշանակութիւն է ձեռք բերում Հաագայի միջազգային դատարանի առաջիկայ որոշումը, որը նա ընդունելու է յաջորդ տարի: Սերբիայի պահանջով եւ ՄԱԿ-ի հաւանութեամբ դատարանը քննութեան է առնելու Կոսովոյի անկախութեան օրինականութիւնը:
Թէեւ դատարանի որոշումը չի կարող փոխել իրերի դրութիւնը, որովհետեւ ո՛չ չեղեալ կը յայտարարւի Կոսովոյի անկախութիւնը, ո՛չ էլ այդ բանը հնարաւոր է, սակայն դա «սառեցւած հակամարտութիւնների» կագաւորման համար կարող է ուղեցոյցի դեր կատարել: Մնում է սպասել, թէ Հաագայի դատարանն ինչպէ՞ս է համադրելու «տարածքային ամբողջականութեան սկզբունքը» «ինքնորոշման իրաւունքի հետ» կամ հաշտեցման ի՞նչ եզրեր է գտնելու»:


Յ. ՉԱՔՐԵԱՆ
«ԱԶԳ»

0 Պատգամ: