ԱՐԾՒԱԲԵՐԻ Ս. ԱՍՏՒԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻՆ
Թւականիս նոյեմբերի 29–ին, սոյն կայքէջի «Մշակոյթ» բաժնի գլխի տակ մի նիւթ էր տեղադրւել Վերա Սահակեանի գրչին պատկանող՝ «Կը մնան արդեօք Արծւաբէր Վանքի գոնէ փլատակները» (http://vartandavtian.blogspot.com/2009/11/blog-post_2967.html)խորագրով։
Նկատի ունենալով որ նիւթը հարցականի տակ էր տանում նման Վանքի գոյութիւնը ներկայումս, Հայկական յուշակոթողների ճարտարապետութեամբ ու դրանց ծանօթացման ուղղութեամբ բազմաշխատ պրն. Շահէն Յովսէփեանը, որի ուսումնասիրական յօդւածներին յաճախ ենք հանդիպում պատւական «Ալիք» օրաթերթում, բարեհաճել ու յղել է նոյն վանքի մասին տեղեկութիւններ, պլանը եւ լուսանկարներ։Շնորհակալութիւն յայտնելով պրն. Յովսէփեանին այսու ներկայացնում ենք նիւթը՝ լուսանկարներով։
ԱՐԾՒԱԲԵՐԻ Ս. ԱՍՏՒԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻՆ

Արծւաբերի Ս.Աստւածածին եկեղեցին գտնւում է պատմական Տուրուբերան նահանգի Աղիովիտ գաւառում, Վանա լճից 6km հիւսիս եւ Արճեշ քաղաքից հիւսիս արեւելք, համանուն գիւղի մօտ, այժմ Թուրքիայի տարածքի Սալմանաղա գիւղի հարեւանութեամբ:
Կառուցւել է 630-635 թ., հաւանաբար նախաքրիստոնէական մեհեանի տեղում: Այն պատկանում է Աւանատիպ (Հռիփսիմէատիպ) տաճարների ճարտարապետական ոճին:Եկեղեցու արտաքին չափսերն են 17.8 x 23.5m, որի կառուցման համար օգտւել են սեւ եւ կարմիր սրբատաշ տուֆ քարերից:
Եկեղեցին արտաքինից ուղղանկիւն է իսկ ներսից խաչաձեւ, որի չորս անկիւններում գտնւում են ուղղանկիւն յատակագծով աւանդատներ, որոնցից արեւմտեան աւանդատները ոչ մի մուտք չունեն եկեղեցու ներսը եւ նրանց մուտքերը բացւում են եկեղեցու արտաքին կողմը, իսկ արեւելեան աւանդատների մուտքերը բացւում են աղօթասրահի մէջ։
Հռիփսիմէատիպ տաճարների օրինակով՝ աւանդատներից անցումը դէպի աղօթասրահ կատարւում է Է խորշերով, որոնց վերեւի մասը եւ գմբեթակիր կամարի անմիջապէս տակը՝ սոյն խորշերը աւարտւում են հովտարաձեւ տրոմպներով, որոնք զարդարւած են երկու գոյնի քարերով։
Ուրարատական սեպագիր արձանագրութիւններով երկու սալաքարեր տեղադրւել են աւանդատների մուտքերի վերեւի մասը, իսկ եկեղեցու հիւսիս արեւելեան բարւորի քարը՝ Արգիշտ Ագի սեպագիր արձանագրութիւնով սալաքար է, որոնք վկայում են թէ նախ եկեղեցու կառուցելը, տեղում՝ Ուրարատական շրջանից ինչ, որ շինութիւն է եղել։
Եկեղեցու միակ մուտքը արեւմտեան կողմից է եւ բացի արեւմտեան ճակատից, նրա միւս արտաքին ճակատների վրայ կան զոյգ Հռիփսիմէատիպ խորշեր:Ճարտարապետական իմաստով Արծւաբերի Ս.Աստւածածին եկեղեցին, Էջմիածինի Ս.Հռիփսիմէ եկեղեցու (618 թ.) եւ Արամուսի Ծիրանաւոր Ս.Նշան եկեղեցու (690 թ.) իրար կապող օղակն է։Այժմ եկեղեցու ծածկը ամբողջովին աւերւած վիճակում է եւ արտաքին սրբատաշ քարերի մեծ մասը պոկած։







0 Պատգամ: