Ադրբեջանը Չորս Անգամ Աւելացրել Է Ռազմական Տեխնիկայի Արտադրութիւնը




12:41 / 03.12.2009
Ընթացիկ տարւայ սկզբից Ադրբեջանի պաշտպանական (պատերազմական) արդիւնաբերութեան նախարարութեան ձեռնարկութիւններում արտադրւել է զինամթերք եւ ռազմական տեխնիկայ 4 անգամ աւելի շատ, քան անցած տարի:
Նման տւեալներ է հրապարակել դեկտեմբերի 2-ին Ադրբեջանի պաշտպանական արդիւնաբերութեան նախարար Եավար Ջամալովը, հաղորդում է ադրբեջանական պետական «Ազարթաջ» գործակալութիւնը:
Նրա խօսքով, երկրում պաշտպանական արդիւնաբերութեան նախարարութեան հիմնումից յետոյ այդ գերատեսչութեան ենթակայութեան տակ գտնւող եւ 133 հազար 600 քմ տարածք զբաղեցնող 21 ձեռնարկութիւններում արտադրւում է աւելի քան 350 անուն պատերազմական տեխնիկայ: Վերջերս հրապարակւել է նաեւ պաշտպանական ծախսերին տրամադրւող միջոցների ծաւալը: Ադրբեջանի պետբիւջէում 2010թ. պաշտպանական ծախսերը կազմել են 1 միլիարդ 205 մլն 827 հազար 744 մանաթ, որից 1 մլրդ 120 մլն 991 հազար 187 մանաթը նախատեսւած է պաշտպանական ուժերի, 2 մլն 384 հազար 763 մանաթը՝ պաշտպանական արդիւնաբերութեան նախարարութեանը:
Առաջին անգամ 2010թ. Ադրբեջանը միջոցներ չի տրամադրելու ՆԱՏՕ-ի «Գործընկերութիւն յանուն խաղաղութեան» եւ Անհատական համագործակցութեան ծրագրի շրջանակներում անցկացւող միջոցառումներին, այն դէպքում, երբ 2009թ. այդ նպատակով նախատեսւած էր 1 մլն 378 հազար 490 մանաթ:
Բացի այդ, ինչպէս գրում է «Էխո» թերթը, Ադրբեջանը, Թուրքիան եւ Իսրայէլը մտադիր են զրահամեքենաների համատեղ արտադրութիւն սկսել: Կառավարութեան տարածած հաղորդագրութեան մէջ այդ կապակցութեամբ գրւած է, թէ ներկայումս Ադրբեջանը բանակցութիւններ է վարում երկու թուրքական եւ մէկ իսրայէլական ընկերութիւնների հետ, եւ առաջիկայում նախատեսւած է համաձայնագիր ստորագրել:
Նախատեսւում է զինանոցից հանւած T-54 եւ T-55 թրթուրաւոր զրահատեխնիկայի բազայի վրայ ինքնագնաց կամուրջների եւ զրահապատ ռազմական բեռնատար տեխնիկայի արտադրութիւն:
Ջամալովը նաեւ յայտարարել է, թէ նախարարութիւնը մտադիր է սկսել սեփական անօդաչու թռչող սարքերի, ՀԱՀ-ի հետ համատեղ՝ զրահամեքենաների, հրազէնի, էլեկտրոնիկայի եւ գիշերային դիտման սարքերի, տանկերի զինամթերքի եւ հրէտանու արտադրոթիւն: Պակիստանեան տեխնոլոգիաները թոյլ կը տան Ադրբեջանին աւիացիոն ռումբերի արտադրութիւն սկսել:
Պարբերականի տւեալներով, 2009թ. մարտին թուրքական Roketsan եւ Ադրբեջանի ՊՆ Iqlim ձեռնարկութեան միջեւ համաձայնութիւն է ձեռք բերւել 107 եւ 122 մմ տրամաչափի հրթիռային համակարգերի համատեղ արտադրութեան մասին: Դետալները արտադրւում են Ադրբեջանում, իսկ համակարգերը՝ Թուրքիայում: Բացի այդ, բանակցութիւններ են վարւում թուրքական Аselsan ընկերութեան հետ հրազէնի, գիշերային դիտման սարքերի, էլեկտրոնային տեխնիկայի արտադրութիւն սկսելու համար:

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: