«ՄԻ ԱՄԲՈՂՋ ԺՈՂՈՎՐԴԻ ԲՆԱՋՆՋԵԼԻՍ ԽԼԵՑԻՆ ՆԱԵՒ ՆՐԱ ԿԱՆԱՆՑ ԵՒ ԱՂՋԻԿՆԵՐԻՆ»


Հայերի ջարդերում կողոպուտի ենթարկւեց ոչ միայն այս ժողովրդի ունեցւածքը, այլեւ՝ նրա երեխաները: Դա արւեց ոչ թէ պատահականօրէն կամ սահմանափակւեց մի քանի երեխաներով, այլ համակարգւած ձեւով եւ ուղղորդւեց վերեւից: Հայ երեխաների համակարգւած այս կողոպուտը հասկանալու համար բաւական են նոյնիսկ պետութեան հրապարակած հատուկենտ վաւերագրերը:
Հայկական հարցին առնչւող եւ հասարակութեանը մատչելի բաց վաւերագրերում ամենամեծ կապոցը Հայ որբերին վերաբերողներն են կազմում: Տեղահանութեան եւ կոտորածի ողջ ընթացքն ուղղորդող Թալէաթ փաշան ուղղորդեց նաեւ երեխաների կողոպուտը:
Մեր երկրում Հայ երեխաների դաժան ճակատագրի առումով, ըստ ամենայնի, վճռորոշ եղաւ Թալէաթ փաշայի 1915-ի յուլիսի 12-ին վարչական 16 կենտրոններ յղած հետեւեալ հեռագիրը. «Հայերի տեղահանման եւ փոխադրման ընթացքում ծնողներից զրկւող երեխաների խնամքն ու դաստիարակութիւնն ապահովելու նպատակով հրամայում եմ նրանց բաժանել այն գաւառների եւ գիւղերի երեւելի եւ պատւարժան անձանց, որոնք բնակեցւած չեն հայերով կամ օտարերկրացիներով» (վարչապետարանին առընթեր օսմանեան արխիւ, թիւ 54/41):
Հեռագրի ոճից ակնյայտ է դառնում, որ Թալէաթ փաշան հայերի ունեցւածքի պէս նրանց երեխաներին եւս դիտարկում է որպէս առգրաւման ենթակայ օբյէկտ: Թէեւ այս յօդւածում Ցեղասպանութեան հարց չենք քննարկում, սակայն նշեմ, որ ՄԱԿ-ի Ցեղասպանութեան կոնւենցիան միայն այս փաստն անգամ դիտարկում է որպէս ցեղասպանութեան դրսեւորում: Կոնւենցիայի երկրորդ յօդւածի 5-րդ դրոյթը (ցեղասպան արարքների թւում) մատնանշում է. «Տւեալ էթնիկ խմբի երեխաներին բռնի կերպով մէկ այլ խմբին յանձնելը»: 17 երեխայ, բոլորն էլ՝ աղջիկ
Աշխարհամարտի աւարտին Պոլսոյ Հայոց Պատրիարքարանը ձեռնամուխ եղաւ ճարել այս երեխաներին: Յայտնաբերւած եւ պատրիարքարանի խնամքի տակ առնւած երեխաների թւաքանակի մասին յստակ տեղեկութիւններ չկան: Սակայն 8-ը յունւարի, 1919 թւակիր փաստաթուղթը կարեւոր է երեխաների կողոպուտի սեռական ուղղւածութիւնը բացայայտելու առումով:
Այս փաստաթուղթը ներառում է ներքին գործերի նախարարութեան արտգործնախարարութիւն յղած երկու պատասխան նամակն ու երկու լրացուցիչ ցանկ (վարչապետարանին առընթեր օսմանեան արխիւ, HR. MU, 43/2-17): Դիմումներին համապատասխան Մաքրի Քեոյում (ներկայումս՝ Բաքըրքոյ՝ Ստամբուլի թաղամաս) բնակւող ոչ – հայ «երեւելիների եւ պատւարժան անձանց» տներում յայտնաբերւել է 17 երեխայ: Յայտնաբերւածները բացառապէս աղջիկներ են: Յատկանշական է, որ այս երեւելի մեծամասնութիւնը, որոնց տներում երեխայ է յայտնաբերւել, պետական պաշտօնեայ է, կամ՝ զինւորական:
Անատոլիայի տարբեր բնակավայրերից առեւանգւած այս աղջիկների մեծ մասը յանձնւել է եկեղեցիներին կամ պատրիարքարան: Իսկ միւս մասին՝ մահմեդական լինելու պատրւակով կամ փախուստի դիմելու պատճառաբանութեամբ պատրիարքարան չեն յանձնում, այլ պահում են տներում, որտեղ նրանք յայտնւել էին: Հէնց այս աղջիկներին է վերաբերում յաւելւածի առաջին ցանկը:
Վաւերագրերում աղջիկներին առնչւող տւեալները ցուցակագրւած են: «Ընտանիքում աղախնի կամ հոգեւոր զաւակի կարգավիճակով աղջիկներ պահող անձանց» ցանկում նշւած են Դիարբեքիրի փոխկուսակալ Հալիդ Բէյի, Մաքրի Քեոյի պարենի տեսուչ Նասուհի Բէյի, հեռագրատան պետի տեղակալ Ալի Ռիզա Բէյի, Էրզրումի հեռագրատան գլխաւոր տնօրէն Իհսան Բէյի, Օմար Ռուշթիւ փաշայի, սուլթանական քրէական դատարանի անդամ Իհսան Բէյի, 510-րդ դիվիզիայի 7-րդ վաշտի հրամանատար Մահմեդ Նուրիի, հացի մատակարարման պատասխանատու Աբդուլլահի, պաշտօնաթող կառավարիչ Իբրահիմ Բէյի նման պետական պաշտօնեաների եւ զինւորականների անունները: Բանդըրմացի Վերժինն ու գլխաւոր խմբագիրը
Վելիդ Էբուզիյան Իթթիհատ վե Թերաքիի առաջնակարգ դէմքերից էր: Համալսարանն աւարտել էր Ֆրանսիայում, վերադառնալով Ստամբուլ հրատարակել է «Թասվիր-ի Էֆքյար», ապա եւ՝ «Թավհիդ-ի Էֆքյար» թերթերը: Այս «պատւարժան» անձնաւորութեան տանը յայտնաբերւել էր Բանդըրմա քաղաքից բերւած 18 տարեկան մի աղջիկ: Ահա թէ Վելիդ Ղբուզիյայի մասին ինչ է գրւած «Ընտանիքում աղախնի կամ հոգեւոր զաւակի կարգավիճակով աղջիկներ պահող անձանց» ցուցակում. «Էբուլ Զիազադե Վելիդ Բէյը բնակւում է Մաքրի Քեոյում, ֆրանսիական դպրոցի հարեւանութեամբ, արտօնատէրն է «Թասվիր-ի Էֆքյար» թերթի»:
Ինչ վերաբերում է աղջկան, ապա նրա մասին էլ «Աղջիկների անունները» ցանկում Վելիդ Էբուզիյայի տանը գտնւող աղջկայ մասին գրւած է. «Վերժին բանդըրմացի է, 18 տարեկան, 8 մեջիդիէ (օսմանեան դրամական միաւոր) աշխատավարձի դիմաց քաղաքում որպէս սպասաւորուհի աշխատելիս պահանջարկի հիման վրայ 1932-ի դեկտեմբերին նրան յանձնել են ոստիկանութեան առաջին բաժին» (որտեղից էլ, իհարկէ, Վելիդին): Կոտորածի սեռական ուղղւածութիւնը
Յաւելւածի երկրորդ ցանկում եւս 21 Հայ երեխաների անուններ են, մեծամասնութիւնը՝ աղջիկ: Նոյնպէս հայկական եկեղեցիներին կամ պատրիարքարանին յանձնւած այս աղջիկները եղել են զինւորականների ու պետական պաշտօնեաների ընտանիքներում: Նրանց բնակութեան նախկին վայրերի մասին տւեալները ցոյց են տալիս, որ այս աղջիկներին «պատւարժան անձանց» համար բերել են Անատոլիայի տարբեր բնակավայրերից, նոյնիսկ Հալէպից, հազիւ թէ խնամքը հոգալու մղումով:
«Թոռներ» գրքի հերոսներից Արիֆը երեւան է հանում իրենց տներում այս աղջիկներին ընդունելու բուն պատճառը՝ ասելով. «Մեծ մօրս մի հոգեւորական էր վերցրել՝ պատսպարելու, թէ՞ գեղեցկութեան համար, չգիտեմ: Ոմանք ասում են՝ պատսպարելու համար: Սակայն տեսնում եմ, որ միմիայն գեղեցիկ աղջիկներին են վերցրել... »: Իսկ Դենիզն աւելացնում է. «Եթէ ազատ կամքով լինէր, ապա մեծ մայրս կը նախընտրէր ճանապարհին մեռնել, քան... »:
Փաստաթղթերն ու այս կարգի պատմութիւնները ցոյց են տալիս կոտորածների սեռական ուղղւածութիւնը: Մի ամբողջ ժողովրդի կոտորելիս, նրա կանանց եւ երեխաներին էլ խլել են: Թերեւս դա է պատճառը, որ հարցին եւ կատարւածի հետ առերեսւելու հանգամանքին այդքան հիւանդագին են մօտենում:

Հ. Չ.
«ԱԶԳ»

0 Պատգամ: