Ամօ՜թ թուրք երկերեսանիներին
Գիւլն ու Էրդողանը մոռացել են իրենց պատմութիւնն ու ժողովրդավարութիւն են սովորեցնում

15:32 / 02.12.2009
Անհնար է առանց հիացմունքի նայել այդ երկու թուրք «հումանիստների», ժողովրդավարական շարժման, հայերի, քրդերի ու յոյների հետ հաշտեցման «առաջամարտիկների»՝ Թուրքիայի նախագահ եւ վարչապետ Աբդուլահ Գիւլի եւ Ռեջեփ Էրդողանի «պարզամիտ եւ անկեղծ» դէմքերին:
Ինչպէս են նրանք վրդովւում, որ երկրներից մէկի քաղաքացիները հանրաքւէի արդիւնքում որոշել են դադարեցնել մի շարք կառոյցների կառուցումն իրենց երկրում: «Ամօ՜թ»,- բացականչում է Գիւլը, «Ֆաշի՜զմ» յաւելում է Էրդողանը: Իհարկէ, «արիւնարբու, մարդատեաց» եւրոպացիները նեղում են խեղճ ժողովրդին, որոնց ուզածն ընդամենը մի քանի կառոյց է: Ինչպէ՞ս չվրդովւել:
Միւս կողմից Գիւլն ու Էրդողանը, որ արդէն տասը տարի է կառավարում են Թուրքիան, միայն պատահաբար է, որ չեն տեսել, թէ իրենց երկրում՝ Թուրքիայում, հանւած են հնագոյն հայկական եկեղեցիների խաչերը: Աւելին, հանւել են եկեղեցիներից, որոնք պատկանել են այդ երկրում դարերով ապրած ժողովրդին։
Վանայ լճի Աղթամար կղզու եկեղեցու վրայ խաչ դնելն այսօր մեզ ներկայացնում են որպէս մեծագոյն բարեգործութիւն: Հետն էլ մտածում են՝ թոյլ տա՞լ, թէ՞ ոչ եկեղեցական արարողութիւններ: Գիւլն ու Էրդողանը, հաւանաբար, չգիտէին, որ Աղթամարի խաչը հանել են ոչ թէ հանրաքւէի, այլ այդ տեղերում ապրած եւ եկեղեցի այցելած մարդկանց ֆիզիկական ոչնչացման ու տեղահանման արդիւնքում: Նրանք տաս տարի անց են միայն յիշել, որ խաչը կարելի էր եւ թողնել:
Չէ որ այդտեղ ապրող բնիկ ժողովուրդն այլեւս չկայ, իսկ զբօսաշրջութիւնը զարգացնելու համար խաչով եկեղեցին աւելի գրաւիչ կը լինի։ Էրդողանն ու Գիւլը դեռ չեն հասցրել տեսնել Անիի աւերակները, հարիւրաւոր ոչնչացւած եկեղեցիներն ու վանքերը: Նրանք չեն նկատել, որ իրենց նախորդները՝ ժողովրդավարութեան նոյնպիսի «առաջամարտիկներ», մարդկութեան առջեւ յանցանքներ են կատարել, որից մաքրւել չեն կարողանում անգամ իրենց թոռները:
Եւ այդ մարդիկ իրենց իրաւունք են վերապահում խօսել եւրոպական ժողովրդավարութեան մասին, որի ճնշման տակ է, որ այսօր ստիպւած են վերանայել իրենց քաղաքակրթութեան արարմունքները, նորանոր դիւանագիտական խորամանկութիւններ մտմտալ՝ իրենց բարբարոսական պատմութիւնը թաքցնելու համար, վերադարձնել խաչերն ու փոխել օրէնքները: «Ամօ՜թ»,- կասենք մենք եւ հարիւր անգամ աւելի ճիշտ կլինենք:


Արմէն Գէորգեան

0 Պատգամ: