Թուրքիան լաւ կանի՝ քիթը չխոթի Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման հարցի մէջ

16:44 • 13.04.10
«Չեմ ուզում հաւատալ, որ ԱԳ բարձրաստիճան պաշտօնեան կարող է նման յայտարարութիւններ անել:
Բայց եթէ նման բան ասել է, ուրեմն կամ նա ուղեղի զեղում, կամ բաւականին վառ ու հիւանդ երևակայութիւն ունի»,- Tert.am-ին ասաց ՀՀԿ մամուլի քարտուղար Էդւարդ Շարմազանովը` մեկնաբանելով Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դաւութօղլուի` ԱՊԱ-ին տւած հարցազրոյցը:
Ըստ Շարմազանովի` արտգործնախարարը շատ լաւ պէտք է գիտակցի, որ որևէ երկրի ղեկավար չի կարող այլ երկրի ղեկավարին որևէ բան բացատրել կամ ուղղութիւն ցոյց տալ: Դա կոռեկտ չէ:
«Աւելին, այնպիսի տպաւորութիւն է, որ Դաւութօղլուն առաջին անգամ է ծանօթացել ցիւրիխեան արձանագրութիւններին, քանի որ նշում է, թէ դրանց գլխաւոր թիրախներից մէկը Ադրբեջանի հողերի ազատագրումն է։ Արձանագրութիւններում որևէ յիշատակում այդ մասին չկայ»,- նշեց Շարմազանովը:
ՀՀԿ մամուլի խօսնակը ևս մէկ անգամ խորհուրդ է տալիս. «Թուրքիան լաւ կանի՝ քիթը չխոթի Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման հարցի մէջ, քանի որ կայ ԵԱՀԿ Մինսկի խումբ: Թուրքիան շատ լաւ պէտք է հասկանայ, որ ոչ Հայաստանը, ոչ էլ Մինսկի խումբը թոյլ չեն տայ, որ ինքը մասնակցի գործընթացին»:
Ինչ վերաբերում է Հայոց Ցեղասպանութեանը, ապա Շարմազանովը Դաւութօղլուին յիշեցնում է, որ ԱՄՆ 50 նահանգներից 42-ը ճանաչել են այն, ԱՄՆ նախկին նախագահներից Ռոնալդ Ռէյգանը արտասանել է Ցեղասպանութիւն բառը:
«Մեր նախագահը յստակ ասել է, որ ոչ ոք չի կարող Հայաստանի հետ նախապայմանների լեզւով խօսել»,- ընդգծեց Շարմազանովը` թրքական կողմին խորհուրդ տալով անպտուղ խօսելու փոխարէն վաւերացնել արձանագրութիւնները:

Tert.am

0 Պատգամ: