Ադրբեջանը գործընթացից բացառելու մասին խօսք լինել չի կարող


«Մենք բոլորս էլ ցանկանում ենք մոռանալ անցեալի վերքերը... Մենք պէտք է համատեղ ջանքեր գործադրենք Հարաւային Կովկասում պայծառ ապագայ ստեղծելու ուղղութեամբ։ Առաջին քայլը հոկտեմբերի 10-ին Ցիւրիխում»...




14:28 • 13.04.10
Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դաւութօղլուն ԱՊԱ-ին տւած հարցազրոյցում անդրադարձել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երէկւայ հանդիպմանը։
- Պրն նախարար, Դուք մասնակցել եք Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի հանդիպմանը։ Ի՞նչ ուշադրութիւն է յատկացւել Ադրբեջանին, յատկապես՝ ԼՂ հակամարտութեանը, այդ հանդիպման ընթացքում։
– Ինչպէս միշտ, այդ հարցը գլխաւորն էր։ Մեր վարչապետը խիստ շահագրգռւած է, որպէսզի բացատրի Հայաստանի առաջնորդին ԼՂ հակամարտութեան նրբութիւնները։ Մենք կարծում ենք, որ Ադրբեջանը կովկասեան խնդիրների լուծման անքակտելի մասն է, և խօսք անգամ լինել չի կարող Ադրբեջանը գործընթացից բացառելու մասին։ Թուրքիայի համար դա անթոյլատրելի է։ Նախքան ԱՄՆ այցելելը ես հանդիպել և խօսել եմ ադրբեջանցի դիւանագէտների հետ։ Մեր ներկայացուցիչն այցելել է Բաքու և Երևան։ Մենք յաճախ ենք նրանց հետ կապւում։
Թուրքիայի համար շատ կարևոր է Օբամայի վարչակազմի ուշադրութիւնը կենտրոնացնել այդ հարցի վրայ։ Ուզում եմ կրկնել, որ Հայ-թրքական յարաբերությունների բարելաւման հետ մէկտեղ՝ Ցիւրիխեան արձանագրութիւնների գլխաւոր թիրախներից մէկը Ադրբեջանի հողերի ազատագրումն է։
Մենք կը պահպանենք խաղաղութեան հեռանկարը, սակայն ոչ մէկին թոյլ չենք տայ ճնշում գործադրել Թուրքիայի վրայ այն հարցերում, որտեղ մենք չենք կարող զիջումների գնալ։ Յոյս ունենք, որ գործընկերները ստացել են մեր մէսիջն այդ հարցի շուրջ։ Միջազգային հանրութիւնը պէտք է հասկանայ, որ Հարաւային Կովկասում չի կարող լինել միակողմանի խաղաղութիւն։
- Ո՞րն է լինելու հերթական քայլը Հայ-թրքական յարաբերութիւնների բարելաւման ուղղութեամբ։
– Մենք միշտ քաջ գիտակցել ենք, որ Հարաւային Կովկասում խաղաղութեան և կայունութեան ստեղծման համար Հայաստանի և Թուրքիայի հաշտեցումը բաւարար չէ։ Միայն հարցի բազմակողմանի լուծումը կստեղծի տարածաշրջանում հաշտութեան, համագործակցութեան մթնոլորտ, միայն այդ դէպքում հնարաւոր կլինի վերացնել խաղաղութեան հաստատման ճանապարհին առկայ խոչընդոտները։ Դրա համար անհրաժեշտ է քաղաքական կամք ու խիզախութիւն։
Մենք բոլորս էլ ցանկանում ենք մոռանալ անցեալի վերքերը... Մենք պէտք է համատեղ ջանքեր գործադրենք Հարաւային Կովկասում պայծառ ապագայ ստեղծելու ուղղութեամբ։ Առաջին քայլը հոկտեմբերի 10-ին Ցիւրիխում Հայաստանի և Թուրքիայի միջև արձանագրութիւնների ստորագրումն էր։ Սակայն ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը արձանագրութիւններում փոփոխութիւններ մտցնելու մասին խոչընդոտել է դրանց վաւերացումը։
Եթէ բոլոր կողմերը, ստանձնելով պատասխանատւութիւն, ջանքեր գործադրեն Հարաւային Կովկասում համընդգրկուն համերաշխութեան ձեռքբերման ուղղութեամբ, Թուրքիայի խորհրդարանը կը վաւերացնի արձանագրութիւնները մօտ ապագայում։ Դա ոչ միայն կնպաստի երկու երկրների մերձեցմանը, այլև ճանապարհ կը հարթի դէպի նոր ապագայ, խաղաղութիւն, բարգաւաճում և համագործակցութիւն։
Այդ տեսակէտից չպէտք է ստեղծւեն քողարկւած իրաւաբանական խնդիրներ, որոնք խոչընդոտում են համերաշխութիւնն ու կայունութիւնը։
Ինչպէս նշել է մեր վարչապետը, մենք փորձում ենք բացատրել ԱՄՆ վարչակազմին, որ առանց ԼՂ հակամարտութեան կարգաւորման անհնար է համերաշխութեան հասնել տարածաշրջանում։
– Ի դէպ, կարո՞ղ է արդեօք նախագահ Բարաք Օբաման փչացնել Թուրքիայի հետ ռազմավարական յարաբերութիւնները՝ ճանաչելով Հայոց Ցեղասպանութիւնը։ Եթէ դա ռեղի ունենայ, ինչպէս դա կանդրադառնայ Հայաստանի և Թուրքիայի միջև բանակցութիւնների ընթացքի վրայ։
–Ամէն գարուն մենք ահաբեկւած սպասում ենք Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև յարաբերութիւնների ճգնաժամին։ ԱՄՆ-ը երկու տարբերակ ունի. նւազագոյնի հասցնել Թուրքիայի և Հայաստանի միջև բոլոր ձեռքբերումները, յատկապէս Հարաւային Կովկասի գծով, կամ նպաստել տարածաշրջանում խաղաղութեան զարգացմանը։ Կարծում եմ, որ նրանք կընտրեն երկրորդ ճանապարհը։

Tert.am

0 Պատգամ: