ԱԺ նախագահ.–
Հայ ժողովուրդը պատերազմ չի ցանկանում, բայց միշտ պատրաստ է պաշտպանել իր արժանապատւութիւնը



12:05 / 12.04.2010
Հայ ժողովուրդը պատերազմ չի ցանկանում, բայց եթէ այն պարտադրւի, մենք միշտ պատրաստ ենք պաշտպանել մեր ժողովրդի արժանապատւութիւնը:
Այդ մասին Բէյրութում յայտարարել է Հայաստանի խորհրդարանի նախագահ Յովիկ Աբրահամեանը՝ ի պատիւ ՀՀ Ազգային ժողովի նախագահի` Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրրիի անունից տրւած պաշտօնական ճաշին:
Հայաստանի խորհրդարանի մամուլի ծառայութիւնից NEWS.am-ին յայտնում են, որ Յովիկ Աբրահամեանն իր խօսքը սկսել է Լիբանանի եւ արաբական աշխարհի ականաւոր փիլիսոփայ, գրող ու բանաստեղծ Ջբրան Խալիլ Ջբրանի հետեւեալ խօսքերով. «Կարելի է մոռանալ նրան, ում հետ ծիծաղել ես, բայց երբէք չի մոռացւի նա, ում հետ լաց ես եղել»:
Ըստ Աժ նախագահի՝ այս խօսքերը լիովին համահունչ են հայ-լիբանանեան բարեկամական յարաբերութիւններին, որոնք ոչ միայն երկու ժողովուրդների հոգեւոր կապի ու անդավաճան զգացմունքների մասին են վկայում, այլեւ մշակոյթների ու կրօնների միջեւ երկխօսութեան, համերաշխութեան ու հանդուրժողականութեան փայլուն օրինակ են:
«Անցեալ դարասկզբին Օսմանեան Թուրքիայում հայերի նկատմամբ իրականացւած եղեռնից մազապուրծ մեր շատ հայրենակիցների համար այս հիւրընկալ հողը դարձաւ ոչ միայն փրկութեան հանգրւան, այլեւ հարազատ օջախ, որտեղ նրանք կարողացան ոչ թէ գոյատեւել, այլ` աճել ու սերունդ տալ: Սա ցոյց է տալիս Լիբանանի պետութեան ու ժողովրդի քաղաքակիրթ եւ արժանապատիւ կեցւածքը, արդարամիտ դիրքորոշումը: Եւ հէնց դրանց արտայայտութիւնն է այն, որ 2000 թւականի մայիսի 12-ին Ձեր նախագահութեամբ Լիբանանի խորհրդարանը ճանաչել եւ դատապարտել է Օսմանեան Թուրքիայի կողմից իրականացւած Հայոց Ցեղասպանութիւնը»,- նկատել է Աբրահամեանը:
Խորհրդարանի նախագահը նշել է նաեւ, որ «Հայկական արմատներ ունեցող Լիբանանի քաղաքացիների ներգրաււածութիւնը կեանքի բոլոր ոլորտներում, մասնակցութիւնը պետական կառավարմանը` ի դէմս հայազգի նախարարների ու պատգամաւորների, վկայում է ոչ միայն նրանց գնահատւած լինելու, այլեւ երկրում տիրող հաւասարութեան ու արդարութեան մթնոլորտի մասին»: «Լիբանանն արաբական աշխարհի այն պետութիւնն է, որի հետ Հայաստանն ունի Բարեկամութեան պայմանագիր: Հայաստանում յատուկ բարեկամական վերաբերմունք ունեն Լիբանանի ու նրա ժողովրդի հանդէպ:
Շնորհակալ եմ Լիբանանի իշխանութիւններից ու ժողովրդից` համամարդկային արժէքներին մեծ նւիրւածութեան համար, ինչը պիտի ընդօրինակելի լինի շատ երկրների համար՝ աշխարհում ընդհանրապէս եւ մեր տարածաշրջանում մասնաւորապէս»,- ասել է Աբրահամեանը:
Խօսելով տարածաշրջանային խնդիրներից՝ Յովիկ Աբրահամեանը նշել է. «Մենք ունենք հարեւան, որի նախագահն ու իշխանութիւնները պարբերաբար հանդէս են գալիս ռազմատենչ յայտարարութիւններով: Հայ ժողովուրդը պատերազմ չի ցանկանում, բայց եթէ այն պարտադրւի, մենք միշտ պատրաստ ենք պաշտպանել մեր ժողովրդի արժանապատւութիւնը»,- ասել է Հայաստանի խորհրդարանի նախագահը:


Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: