Referans.–
Վաշինգտոնում «փրկւեց» Հայ-թրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացը

«Թուրքիան ստացաւ Հայաստանից իր ուզածը, Էրդողանն էլ կարողացաւ հմտօրէն մանեւրելով մէկ տարի էլ շահել:»

«Պատմութիւնը պէտք է թողնել պատմաբաններին, եւ Թուրքիան շարունակում է հրաժարւել ամէն տեսակ մեղադրանքներից` ասելով. „Մեր նախնինները լաւն են“:

«Նրանք (Հայաստանի իշխանութիւնները) 2008-ից այս կողմ քաղաքական ռիսկի են գնացել, եւ իրենց երկրի ընդդիմութեանը հակառակ, աշխատում են Թուրքիայի հետ յարաբերութիւնները կարգաւորել։ Եւ... ապրիլի 24-ից առաջ թուրքական կողմի հետ արձանագրութիւնների ապագայից խօսեցին...»



17:24 / 14.04.2010
Թրքական Referans թերթի թղթակից վերլուծաբան Մենսուր Աքգիւնը իր հրապարակման մէջ անդրադարձել է Հայ-թրքական յարաբերութիւնների կարգաւորման մէջ վաշինգտոնեան հանդիպումների նշանակութեանը:
«Այո, Վաշինգտոնում Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների կարգաւորման գործընթացը փրկւեց: Միջուկային համաժողովի ընթացքում իրար հետ հանդիպում անցկացրած կողմերը աշխարհին յայտնեցին, որ 2009-ի հոկտեմբերի 10-ին ստորագրւած Հայ-թրքական արձանագրութիւնները չեն մահացել, այլ երկու երկրների ԱԳ ղեկավարները աշխատում են դրա ժամանակացոյցի վրայ: Այդ համաժողովի շրջանակներում Թուրքիան էլ ստացաւ Հայաստանից իր ուզածը: Երեւանն էլ քաղաքական տեսանկիւնից հանդարտւեց` ստանալով համապատասխան երաշխիքներ: Էրդողանն էլ կարողացավ հմտօրէն մանեւրելով մէկ տարի էլ շահել:
Սակայն գործընթացը դեռ չի հասել վերջնական նպատակակէտին: Թրքական խորհրդարանը դեռ չի քննարկել եւ վաւերացրել արձանագրութիւնները: Դեռ սահմանները փակ են եւ ամենակարեւորը` Թուրքիան դեռ անդրդւելի է այն հարցում, որ պատմութիւնը պէտք է թողնել պատմաբաններին, եւ շարունակում է հրաժարւել ամէն տեսակ մեղադրանքներից` ասելով. „Մեր նախնինները լաւն են“: Սակայն ոչ մեր նախնիների հրաշալի լինելը, ոչ էլ 1915-ի ողբերգութիւնը նկարագրելը` այսօր այս հողերում ապրող մարդկանց համար որեւէ արդիւնք չեն ապահովում: Տարբերութիւն չկայ, թէ ապրիլի 24 –ի ողբերգութիւնը նկարագրենք որպէս ցեղասպանութիւն, թէ տեղահանում: Արդիւնքում մի ողբերգութիւն կայ, եւ անհրաժեշտ է յաղթահարել այդ ողբերգութեան վրայ հիմնւած իրողութիւնները եւ կարգաւորել յարաբերութիւնները: Նախագահ Սարգսեանը եւ իր շրջապատը այդ ամէնը յաղթահարելու համար Թուրքիային պատմական մի հնարաւութիւն են տւել: Նրանք 2008-ից այս կողմ քաղաքական ռիսկի են գնացել, եւ իրենց երկրի ընդդիմութեանը հակառակ աշխատում են Թուրքիայի հետ յարաբերութիւնները կարգաւորել: Հայկական կողմը Վաշինգտոնում եւս ռիսկի գնաց եւ ապրիլի 24-ից առաջ թուրքական կողմի հետ արձանագրութիւնների ապագայից խօսեց: Եթէ թուրքական կողմը հայերին կրկին հիասթափեցնի, այսինքն՝ Էրդողանը Հայ-թրքական յարաբերութիւններում հասած համաձայնութեանը հակառակ որեւէ յայտարարութիւն անի, գործընթացը կրկին կը կանգնի եւ Թուրքիան կը կորցնի հայաստանեան գործընկերներին, ովքեր փորձում էին կարգաւորել յարաբերութիւնները Թուրքիայի հետ:
Արդէն ժամանակն է ազատւել ադրբեջանական թէզերից եւ այս գործը աւելի շատ ձգձգելուց եւ անցնել արձանագրութիւնների վաւերացման գործընթացին: Մենք չենք կարող անվերջ սպասել Ղարաբաղի խնդրի լուծմանը կամ էլ Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից մադրիդեան սկզբունքների համաձայնեցմանը:
Բացի այդ, պարտադիր չէ, որ Թուրքիայի արտաքին քաղաքականութեան յաջողութեանը օգնի օգտագործւող ամէն մի գործիք: Մենք չպէտք է մեր վրայ վերցնենք այն հարցի բեռը, որ Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը չեն կարողանում կամ չեն ուզում լուծել: Իհարկէ լաւ կլինէր, որ զուգահեռ ընթացող գործընթացները յաջողութեան հասնէին: Սակայն չեղաւ: Համաձայնութեան չկարողացան հասնել, եւ երեւում է դեռեւս հասնելուն էլ նման չէ: Բացի այդ, համաձայնութեան հասնելու դէպքում էլ ոչ-ոք չի յիշելու Թուրքիայի ջանքերը, արածները: Իսկ մենք գուցէ բաց թողած կլինենք պատմական պահը եւ պատճառ դարձած կլինենք դարակում յայտնւած երկու արձանագրութիւնների համար:
Յոյսով ենք, որ իրօք վարչապետ Էրդողանի եւ արտգործնախարար Դաւութօղլուի Վաշինգտոնում հայկական կողմի հետ հանդիպմանը քննարկումների ժամանակ արած յայտարարութիւնները, որ աշխատում են արձանագրութիւնների ժամանակացոյցի վրայ, որպէս գործիք չեն օգտագործի եւս մէկ ապրիլի 24 յաղթահարելու համար»,-նշել է Մենսուր Աքգիւնը:
Նշենք, որ Մենսուր Աքգիւնը 2009-ի դեկտեմբերին եղել է Երեւանում, այցելել Ծիծեռնակաբերդ, Էջմիածնի մայր տաճարում ներկայ եղել կիրակնօրեայ Պատարագին:

NEWS.am

0 Պատգամ: