Համահայկական խաղերը անց են կացւելու 2011 թ. օգոստոսի 13-21-ին
Մայիսի 15-ին ՀՀ սպորտի և երիտասարդութեան հարցերի նախարար Արթուր Պետրոսեանը մասնակցել է 2010 թ. Համահայկական խաղերի միջազգային կոմիտէի գործկոմի առաջին նիստին, որին ներկայ էին նաև կոմիտէի նախագահ Արմէն Գրիգորեանը և Սփիւռքի հայկական համայնքների ներկայացուցիչներ:
Ողջունելով ներկաներին` նախարար Արթուր Պետրոսեանը մասնաւորապէս նշեց. «Այսօր Համահայկական խաղերը ոչ միայն մեր երկրի կարևորագոյն մարզական միջոցառումներից մէկն են, այլ նաև իւրայատուկ կամուրջ են Հայաստան-Սփիւռք յարաբերութիւններում: Արդէն 5-րդ անգամ աշխարհասփիւռ Հայ երիտասարդութիւնը միաւորւելու է հայրենի յարկի տակ: Նախորդ խաղերի փորձը ցոյց է տւել, որ Համահայկական խաղերը նպաստում են տարբեր երկրներում բնակւող մեր հայրենակիցների միաւորմանը: Միջոցառումը կարևորւում է ոչ միայն երկրի ղեկավարութեան, այլ նաև իւրաքանչիւր հայի կողմից: Վստահօրէն կարող եմ ասել, որ Համահայկական խաղերը նշանակալի ներդրում են ունեցել Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնների զարգացման գործում: Յայտնում եմ նաև իմ պատրաստակամութիւնը` աջակցելու ձեզ միջոցառման հետ կապւած ցանկացած հարցում»:Ինչպէս յայտնում են ՀՀ սպորտի և երիտասարդութեան հարցերի նախարարութեան տեղեկատւութեան և հասարակայնութեան հետ կապերի բաժնից, նիստի մասնակիցներն ամփոփել են նաև 2009 թ. բասկետբոլի և ֆուտբոլի Համահայկական խաղերի արդիւնքները և քննարկել 2011 թ. Համահայկական խաղերի կազմակերպմանն առնչւող հարցերը: Կոմիտէի նախագահ Արմէն Գրիգորեանը նշել է, որ երկրների աշխարհագրութիւնն ու մասնակիցների քանակը զգալիօրէն աճել են այն ժամանակւանից ի վեր, երբ 1998 թ. առաջին անգամ տեղի ունեցան Համահայկական խաղերը:
«Առաջին խաղերին մասնակցում էին մարզիկներ 23 երկրների 64 քաղաքներից, իսկ 4-րդ խաղերին` 27 երկրների 94 քաղաքներից: Զարգանում են ոչ միայն յարաբերութիւնները զանազան համայնքների, այլև մասնակիցների միջև, զգացւում է նաև յաղթելու ցանկութիւնը»,- նշել է Արմէն Գրիգորեանը:
17.05.2010, 17:41
Aysor.am
0 Պատգամ:
Post a Comment