ՀՀ նախագահի հարցազրոյցը ռուսական Вести 24 հեռուստաընկերութեանը

12:31 • 09.05.10
-Շատ ուրախալի և հաճելի է տեսնել Ձեզ Ռուսաստանի և հետխորհրդային երկրների համար շատ կարևոր այս տօնի՝ Մեծ Յաղթանակի 65-ամեակի կապակցութեամբ իրականացւող տօնակատարութիւնների առիթով այստեղ՝ Մոսկւայում։ Ինչո՞ւ որոշեցիք այցելել Մոսկւոա և մասնակցել տօնակատարութիւններին, և ի՞նչ նշանակութիւն ունի Մայիսի 9-ը Ձեզ համար։
-Յաղթանակի օրը լուսաւոր տօն է։ Ես ինքս պատկանում եմ այն հետպատերազմեան սերնդին, որն անմիջականօրէն իր վրայ չի զգացել պատերազմի դառնութիւնը, սակայն իմ մանկութիւնն անցել է այն տարիներին, երբ դեռ շատ թարմ էին վէրքերը, երբ շատ էին սևազգեստ կանայք, երբ ողջ ու առողջ էին իսկական հերոսները։ Դրանք այն տարիներն էին, երբ իմ փոքր հայրենիքում` Լեռնային Ղարաբաղում արագ տեմպերով կառուցւում էին Մեծ հայրենականում զոհւածներին նւիրւած յուշակոթողներ: Մենք տարին մի քանի անգամ այցելում էինք զոհւած ղարաբաղցիների յուշարձաններին, հանդիպում էինք վետերանների հետ և այնտեղ առաջին անգամ ես հասկացայ, որ պէտք է պաշտպանել հայրենիքը, որ հայրենիքի պաշտպանութիւնը նշանակում է պաշտպանել ընտանիքդ, արժանապատւութիւնդ, երեխաներիդ ապագան, և որ, ցաւօք սրտի, այդ պաշտպանութիւնը զոհեր է պահանջում: Եւ հէնց այդտեղ առաջին անգամ, ինձ մօտ հարցեր առաջացան, թէ ինչո՞ւ են ժողովուրդները կռւում միմեանց դէմ, ինչո՞ւ են նոյն ժողովրդի զաւակները` նոյն ժողովրդին տրամադրում միւսների դէմ, ինչպէ՞ս է լինում, որ կատարւում են այնպիսի յանցագործութիւններ, ինչպիսիք են էթնիկ զտումները, ցեղասպանութիւնները: Այդ պատճառով մայիսի 9-նն ինձ համար և’ տօն է և’ անցեալի մասին մտորումների օր:
-Թերևս նաև այնպիսի մշտնջենական հարցի պատասխանի որոնման առիթ, թէ ինչպէս են մարդիկ դառնում թշնամիներ։
-Այո։
-Շա՞տ են այսօր Հայաստանում Մեծ հայրենականի հերոսների պատւին կառուցւած յուշակոթողները, և արդեօ՞ք մարդիկ այցելում են այդպիսի տեղեր։
-Այո իհարկէ։ Կոնկրէտ մայիսի 9-ին բոլոր վետերանները Երևանում այցելում են «Յաղթանակ» զբօսայգի, որտեղ գտնւում են Մայր Հայաստանի յուշարձանը, 2-րդ համաշխարհայինի թանգարանը և անմար կրակը` անյայտ զինւորի գերեզմանի վրայ: Այնտեղ են գալիս հազարաւոր երևանցիներ, գալիս են տօնելու, ուրախանալու և ցուցադրելու իրենց խորը յարգանքը առ այն մարդկանց, որոնք պաշտպանել են մեր պատիւն ու արժանապատւութիւնը։
-Մայիսի 9-ը նշելու ինչպիսի՞ առանձնայատուկ սովորոյթներ ունի Հայ ժողովուրդը։
-Ես կարծում եմ, ինչպէս ամենուր, դա ընդգծւած յարգանք է, այդ մարդկանց հանդէպ: Իրականում այդ մարդիկ մեծ ջանքերի գնով հնարաւոր դարձրեցին հայ ժողովրդի և ամբողջ Հայաստանի հետագայ զարգացումը:
-Հայերն աչքի են ընկնում իրենց երկարակեցութեամբ, հաւանաբար ձեզ մօտ վետերանները շատ են։
-Ցաւօք, նրանց թիւը տարեցտարի պակասում է, այժմ Հայաստանում պատերազմի 3625 մասնակից կայ:
-Արդեօ՞ք պետութիւնն անում է ամէն ինչ վետերանների բարեկեցիկ կեանքն ապահովելու համար։
-Դժւար է ասել ամէն ինչ, բայց մենք շատ բան ենք անում։ Վերջինն ինչ արել ենք, ընդունել ենք կառավարութեան որոշում` բոլոր վետերանների աւանդների վերադարձի մասին, որոնք նրանք կուտակել էին Խորհրդային տարիներին, շատերը ցաւօք սրտի, դեռ չեն ստացել: Սա նիւթական տեսանկիւնից։ Իսկ ընդհանուր առմամբ, իհարկէ այսօր, վաղը, գուցէ 7-10 օրւայ ընթացքում վետերանները մեզ մօտ կլինեն յատուկ ուշադրութեան կենտրոնում:
-Հայ զինւորականները մասնակցում են մոսկովեան շքերթին այս տարի։ Ի՞նչ նշանակութիւն ունի դա հայ ժողովրդի համար և անձամբ Ձեզ համար։
- Ինձ համար, իհարկէ, դա և՛ բարձր պատիւ է, և՛ պատասխանատւութիւն, և՛ երբեմնի միասնութեան խորհրդանիշ: Բացի այդ, մենք բոլորս գիտենք, որ հետպատերազմեան առաջին շքերթի ժամանակ Կարմիր հրապարակում մասնակցել են տարբեր ազգերի ներկայացուցիչներ: Ես հպարտանում եմ այն փաստով, որ Յատուկ գունդը ղեկավարել է բանակի գեներալ, հետագայում Մարշալ Բաղրամեանը, ինչը մեծ նշանակութիւն ունի ինձ համար:
-Խորհրդային միութեան փլուզումից յետոյ վերջին տարիներին, Հայաստանը այն ոչ շատ երկրներից մէկն էր, որտեղ չփորձեցին վերաշարադրել Մեծ հայրենական պատերազմի պատմութիւնը և վիճարկել այն միասնութիւնը, որի մասին Դուք նշեցիք։ Ինչո՞ւմն է ռուսների և հայերի այդպիսի միակամութեան պատճառը։ Ինչո՞ւ Հայաստանում, չնայած ծանր տարիներին, չասացին. «իսկ սա այսպէս չի եղել, այսպէս է եղել»։
-Հայաստանը ծանրակշիռ ներդրում է ունեցել յաղթանակի գործում, հայերի շատ սերունդներ են դաստիարակւել Խորհրդային Միութեան 119 հերոսների և փառքի 3 աստիճանների 27 ասպետների օրինակով: Պատահական չէ, որ իմ այցը Մոսկւա սկսել եմ հայ ժողովրդի հանրայայտ զօրավարներ մարշալներ Բաղրամեանի, Բաբաջանեանի, Խուդեակովի և ծովակալ Իսակովի շիրիմներին ծաղկեպսակ դնելով: Այդ մեծ պատերազմին մասնակցել է հայերի այն սերունդը, որն իր մաշկի վրայ էր զգացել 1915թ.-ի Հայոց Ցեղասպանութեան անմարդկային դաժանութիւնները: Եւ պատահական չէ, որ հայերը մարտնչել են ֆաշիզմի դէմ, ոչ միայն Խորհրդային բանակի շարքերում, այլ նաև հակահիտլերեան կոալիցիայի զօրքերում։ Մենք այն ժամանակ համարել ենք և ներկայում ել համարում ենք, որ ֆաշիզմը գաղափարախօսութիւն է, որը բերում է մարդկանց բաժանմանը էթնիկական խմբերի և կարող է բերել Ցեղասպանութեան, և որ, ընդհանրապէս, այդպիսի գաղափարախօսութեանը արդարացում չի կարող լինել և չի կարող արդարացում լինել դաւաճաններին։ Հիմա փորձում են արդարացնել այս կամ այն ղեկավարին, զօրավարին, կամ գաղափարաբանին։ Մենք դա չենք հասկանում։ Հնարաւոր է հէնց այդ յաղթանակը այնուամենայնիւ, թոյլ տւեց Հայաստանին զարգանալ, և դա հաւանաբար ոչ մէկին թոյլ չի տալիս կասկածել հայերի իրաւացիութեան մէջ։ Եւ ընդհանրապէս վրդդովւեցնում է, երբ ոմանք փորձում են բացասական երանգներ գտնել յաղթանակին տանող գործողութիւններում։ Իհարկէ, մենք բոլորս կուզէինք, որ նախ՝ չլինէր պատերազմ, երկրորդ հերթին, որ այն լիներ առանց զոհերի։ Իսկ ով գիտէ, գուցէ այդ պատերազմի հետևանքները աւելի ծանր լինէին։ Այդ պատճառով փառք Աստծուն, որ յաղթանակ եղաւ, և յաւերժ փառք նրանց, ովքեր իրենց գլուխը դրեցին այդ յաղթանակի համար։
-Իմ վերջին հարցը պարոն նախագահ. ի՞նչ պէտք է անեն այսօրւայ սերունդը և այսօրւայ առաջնորդները, որպէսզի արիւնայեղութիւները չկրկնւեն։
-Յիշել երկրորդ համաշխարհայինի դասերը, յիշել, որ մարդկանց էթնիկ կամ ռասսայական խմբերի բաժանումը միշտ յանգեցնում է վատ հետևանքների: Յիշել, որ սեփական բարեկեցութիւնը չի կարելի կառուցել ուրիշների վշտի վրայ, յիշել որ, իւրաքանչիւր ժողովուրդ իրաւունք ունի ապրել և զարգանալ այնտեղ, որտեղ ապրել է հազարամեակներով, իւրաքանչիւր ժողովուրդ ինքը պէտք է ընտրի այն ուղին, որով ցանկանում է առաջ ընթանալ։

Tert.am

0 Պատգամ: